HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռոլֆ Հոսֆելդ. Պոտսդամ-Երևան

Արմեն Քեշիշյան

«Հայ ժողովուրդը իր պատմութեան ընթացքին նուաճած է չորս գագաթներ. – «Ս. Մեսրոպ, Կոմիտաս, Կաթողիկէ եւ Անդրանիկ: Ատոնցմէ դուրս ոչինչ չունինք որ ըլլայ ճշմարիտ յաղթանակ եւ անվիճելի նուաճում: Այս չորսերն են միայն որոնց մօտ կարելի է ապաստանիլ յուսալքման եւ ուրացումի դաժան գիշերներուն, ինչպէս մարդ պիտի ընէր դէպի լոյսը: Մեր չորս ջահերէն իւրաքանչիւրը տուած է նոր խոյանք մը, լաւագոյն շողարձակում մը իր համեստ նախատիպերուն, որոնց բոլորախումբ համաստեղութիւնը կ’ընդլայնի դարէ դար, ցոլքէ ցոլք եւ կ’երթայ Ս. Մեսպորէն Ղեւոնդ Երէցին եւ յաջորդաբար, Կաթողիկէէն` գրչածաղկումին եւ յաջորդաբար` Կոմիտասէն` իր հինգ սաներուն եւ յաջորդաբար, Անդրանիկէն` անուանի եւ անանուն բոլոր Մարտիկներուն»: Շահան Շահնուր

Գերմանիայում, Բեռլինից շուրջ 31 կիլոմետր հեռու, Պոտսդամի արվարձանում մի տուն է կանգնած` իր բակով և օժանդակ կառույցներով:

Այստեղ 1908-1926 թվականներին ապրել է Յոհաննես Լեփսիուսը` գերմանացի հումանիստ, փիլիսոփա ու պատմաբան: Գերմանիայում և աշխարհում այն հայտնի է «Lepsiushaus» անվամբ` «Լեփսիուսի տուն»: 2011-ի մայիսի 2-ին այս գեղեցիկ, խաղաղություն ներշնչող շրջակայքում տեղակայված կոկիկ ու հյուրընկալ շենքը բացեց իր դռները առաջին այցելուների ու հյուրերի առջև, այսպիսով վերահաստատելով այս պետության հավատարմությունը վաղուց ի վեր հռչակած արժեքներին, իր մեծերի նկատմամբ հարգանքն ու նրանց հիշատակը գործնականապես վառ պահելու ու դրանց համար գործուն ու արդյունավետ միջոցներ ձեռնարկելու պատրաստակամությունը: Եվ այսպես, Լեփսիուսի տունը` 2011-ի մայիսից ի վեր հայտնի է նաև իբրև «Ցեղասպանությունների գիտահետազոտական կենտրոն»:

«Լեփսիուսի տան» վերանորոգված շենքը


Մշակութային և պատմական արժեքի նկատմամբ եվրոպական, իսկ գիտահետազոտական թեմային` գերմանական երկյուղով որևէ տուն-թանգարանը գիտահետազոտական կառույց դարձնելու նախանձելի տրամադրվածության, ապագան կերտելու նպատակով անցյալն ու ներկան շաղկապելու դրվատարժան կարողության շնորհիվ, այս տունը ոգի ու շունչ է ստացել, դառնալով ցեղասպանությունների հետազոտական գիտական կենտրոն` հայտնի – համարձակորեն կարելի է պնդել - ողջ աշխարհում: Ոգին ու շունչն այս տանը տվել է Լեփսիուսը: Այն այժմ վառ է պահում և զարգացնում Ռոլֆ Հոսֆելդը: Ավելի քան հարուրամյակի ընթացքում չի փոխվել այս տան ոգին, որի անբաժանելի տարրերից են արդարության համար պայքարելու անսակարկ վճռականությունը, նվիրականությունը, մասնագիտական արժանապատվությունը և բարոյականությունը:

«Սառը պատերազմի» շրջանում Արևելյան Գերմանիայում այս տունը բոլորովին լքված էր, արդեն ֆիզիկապես քանդվելու եզրին կանգնած: Վերամիավորված Գերմանիայի կառավարությունը, ի դեմս Մշակույթի նախարարության, վերականգնել է այս շենքը` ներգրավելով նաև մասնավոր հանգանակություններ: Առանձնատան վերաբացման օրհնությունը կատարել է Գերմանիայի Հայոց Առաջնորդ Գարեգին Արքեպս. Պեքճեանը:

Ժառանգականությունը, այնուամենայնիվ, մսի և արյան խնդիր է. 1922-ին Սողոմոն Թեհլերյանին գերմանական դատարանը ազատ արձակեց: Գերմանահպատակ Լեփսիուսի ճառը այդ դատավարությանը եկավ համալրելու հայոց ցեղասպանության վկաների ահասարսուռ վկայությունները և վերահաստատելու մարդասիրության գերակայությունը ուժեղ, կիրթ և ապագային իր ուժի բերումով վստահ նայող պետության մեջ:

Ձախից` Յոհաննես Լեփսիուսի լուսանկարն է:

«Հանց փյունիկ մենք վեր հառնեցինք» վերաբացված Լեփսիուսի տան բնաբանը

Ռոլֆ Հոսֆելդն է եղել այն մարդը, որն առանցքային դերակատարություն է ունեցել շենքի վերակառուցման ու նորոգման (Հերման Գոլթցի մասնակցությամբ) և հատկապես իբրև գիտահետազոտական կենտրոն դրա կայացման գործում: Այժմ Ռոլֆ Հոսֆելդը «Լեփսիուսի տան» գիտական ղեկավարն է:

Գրականագետ, փիլիսոփա, ավելի քան քսան գրքերի և բազում գիտական հոդվածների և մենագրությունների հեղինակ Ռոլֆ Հոսֆելդը զարմացնում է հանդիպման առաջին իսկ վայրկյանից: Բնածին, հավանաբար` գենետիկ մտավորականությունը մեղմ սփռվում է մի փոքր ուշանալու պատճառով «ներողություն եմ խնդրում»-ի մեջ այնպես, որ քեզ թվում է, թե դո´ւ ես մեղավոր, որ ավելի շուտ ես ժամանել հանդիպման վայր, քանը ինքը:

Այստեղ յուրովի ես հասկանում մեր ֆիդայիներին. Ինչպես «Ռանչպարների կանչի» նախաբանում ասում է Կարո Վարդանյանը` «Հայդուկը պիտի քաջ գիտակցի ում դեմ և ինչի համար է զենք վերցրել: Սոսկ կույր ատելությունն ու այրող վրեժխնդրությունը երկար չեն կարող առաջնորդել նրան: Հայդուկը ցանկացած իրադրության մեջ պիտի կարողանա պահպանել սառնասրտությունն ու ասպետական վեհանձնությունը և չպիտի դաժանանա թշնամու բարբարոսություններից: Նա պիտի հավատա այն գաղափարի արդարությանը, որին զինվորագրվել է»:

Եվ պիտի հիմա մենք էլ ասենք, որ Հոսֆելդը` գուցեև չիմանալով Ռուբեն Տեր-Մինասյանի «Հայ յեղափոխականի մը յիշատակների», Արամի «Յուշերի», Չելեպյանի «Զորավար Անդրանիկի», Դաշտենցի «Ռանչպարների կանչի» մասին, իր խոսքում, գործում, ունկնդրի և ընդդիմախոսի հետ հարաբերվելիս` ղեկավարվում է արվեստագետին և գիտնականին պատիվ բերող ներթափանցման իր շնորհով, որի բերումով որսացել է առաջնայինը. Հավատում է գաղափարին, որին զինվորագրվել է, բաց ու հավասարը հավասարի է իր թեմայով հետաքրքրվող մարդկանց համար, սիրում է իր գործը, «Լեփսիուսի տունը» և այսքանով արդեն արդարություն և լույս սփռում շուրջբոլորը: Գրքեր է գրում և հրատարակում, կապ է պահպանում հայ ու ոչ հայ, բայց հայի ցավով ապրողների հետ` այս անտակ ցավին տալով համամարդկային նշանակություն:

Խոնարհվում եմ Ձեր առջև` հերր Հոսֆելդ, դուք չունեք ատելություն, բայց ունեք ճշմարտությունը իմանալու, դրան հավատալու, դրա համար կիրթ, հիմնավորված ու մարդասեր կերպով պայքարելու և չիմացողի աչքերը բացելու անձնվեր առաքելությունն իր արդար հանգրվանին հասցնելու վճռականություն:

Կիրթ մարդն անբռնազբոս է ուրույն միջավայր ու մթնոլորտ ստեղծելու գործում, և դրա ստեղծման պահից ի վեր նրա հյուրն ու զրուցակիցը այլևս ընկղմվում է դրա դյութիչ, մաքրազերծող տիրույթ, փորձում համապատասխանել... Հստակ, մատչելի, գիտելիքով ու փորձով սրբագրված խոսքն է վրա հասնում հաջորդ պահին:

Հոսֆելդը այնպիսի՜ մեծ արժանապատվությամբ է պատմում «Լեփսիուսի տան» գործունեության և դրա ուսումնասիրության առարկայի մասին, որ, վստահաբար կարելի է ասել` հուշում է ունկնդրին խելագարության հասցնելու ունակ հարցերի` ցեղասպանության, պետությունների, մարդկանց ու նրանց քաղաքական շահի անբարոյական կեցվածքի, ծրագրված բնաջնջման, աքսորի, բռնաբարության, երեխաների խեղդված ճիչի, ավազի մեջ կորչող ոսկորների, վայրենացած, մարդկային կերպարն ու մարդ կոչվելու իրավունքն այլևս կորցրած վայրենու, եղեռնը իրականացնելու համար անհրաժեշտ կառույցների ու գաղափարաբանության մասին խոսելու և խնդիրները ներկայացնելու եղանակը, որը ունկնդիրը կարծես երկար է որոնել: Նրա խոսքի մեջ կա ցավ, խնդրի նշանակության ազատ գիտակցում, դրա լուծման ճանապարհին թաքնված դժվարությունների և սեփական անելիքների համապարփակ պատկերացում:

Ռոլֆ Հոսֆելդը ներկայացնում է «Լեփսիուսի տան» նյութերը:


Եվ ունկնդիրը, որ ահագին ճանապրհ է կտրել-անցել` հայտնվելու համար այստեղ, լցվում է շնորհակալությամբ այս գիտնականին լսելով` կարևոր բան իմանալու և սովորելու, և հետո` փորձելու համար այլևս առաջնորդվել այն մոտեցումներով, որոնք բնական, իմաստուն և ազդեցիկ կերպով հաղորդվեցին իրեն այցելության ընթացքում:

Այսպես է լինում, երբ վաղուց քեզ տանջող հարցի շուրջ մտածելով, կարծես, ընկալում ես դրա իմաստը, մանրամասները, նրբերանգները` ամեն ինչը, բայց չես գտնում այն ճիշտ ձևակերպումը, որ կարտահայտեր քո վերաբերմունքը, ընկալումը և գնահատականը: Ու հանկարծ հանդիպում ես մի մարդու, որը հանգիստ, կարծես շատ վաղուց է հասկացել քո դժվարությունը, քեզ ծանոթացնում է քո իսկ մտքերի, մտատանջանքների, սրտմտանքների լուծմանը` ընդհանրացված, բոլոր նրբությունները հաշվի առնող, կարևորագույն միտքը պարզ արտահայտող հակիրճ, բայց տարողունակ ձևակերպմամբ:

Այստեղ կարելի է փոքր-ինչ նախանձել Բեռլինի ազատ համալսարանի ուսանողներին, որոնց վիճակվել է լսել Հոսֆելդի դասախոսությունները, ափսոսալ նրա «Հայնրիխ Հայնե» ատենախոսությունը ընթերցելու հնարավորություն չունենալու համար, որով նա նոր` ետմոդերնական մի բովանդակ նոր աշխարհ բաց արեց Հայնեի կերտվածքներն ընկալելու համար: Նա դեռ շարունակում է հետազոտական աշխատանքներ պատրաստել և հրապարակել իր մեծ հայրենակցի մասին: Իրա´վ, դարձյալ համոզվում ես մարդու կյանքում մասնագիտությունն ընտրելու որոշիչ դերի և այս ընտրության մեջ չսխալվելու` իսկական երջանկություն լինելու անվիճելիության մեջ:

Ակամա պատկերացնում ես քեզ այն ընթերցողների մեջ, որոնց ձեռքն են անցել նրա հրապարակումները «Մերիան» ամսագրում, «Ֆայնշմեքեր» («Էպիկուր») երկամսյա պարբերականում, համբուրգյան «Woche» («Շաբաթ») թերթում և «Kulturverführer» («Մշակույթով գայթակղվողը») և բազմաթիվ այլ թերթերում ու ամսագրերում, որոնց խմբագիրը կամ որևէ բաժին վարողն է եղել այս հիմնավոր պատրաստված, փայլուն կրթված մարդը:

Նույնիսկ չսիրելով ժամանակակից հեռուստատեսությունը` դժվար թե կորսված ժամանակ համարեիր նրա ռեժիսորությամբ ու հովանավորությամբ նկարահանված հեռուստատեսային ծրագրերը դիտելը, օրինակ քառամաս նյութը ֆաշիզմի` իբրև համաեվրոպական երևույթի, կամ եռամաս ֆիլմը Արևելյան Եվրոպայում 1945-ից հետո տեղի ունեցած քաղաքացիական պատերազմների մասին:

Ինչպես կարելի է դիմադրել գերմաներեն սովորելու գայթակղությանը, երբ իմանում ես, որ ի լրումն լրագրողական գործունեության, ճանապարհային նոթերի, գիտական հոդվածների` Ռոլֆ Հոսֆելդը հեղինակել է շուրջ քսան գիրք ժամանակակից արվեստի ու պատմության թեմայով:

Հասկացողի համար Ռոլֆ Հոլսֆելդի անձը և գործունեությունը է´լ ավելի մեծ հարգանք է ներշնչում, երբ իմանում ես, որ բարձունքներ նվաճելով, մի շարք պատվաբեր մրցանակների դափնեկիր դառնալով, նա նախընտրում է դուրս գալ այս բոլոր կառույցներից և գործել, ստեղծել, աշխատել իբրև ազատ հեղինակ: Հասկանում ես, որ ազատության ընկալումը բացարձակ անհատական է. ի՞նչ աստիճանի անազատության մասին կարելի է մտածել, երբ խոսքը գերմանական ազատ մամուլում ու հեռուստատեսությունում աշխատելու մասին է: Կիրթ, պատրաստված, փորձառու և բարոյական մարդը հակված է հեռու լինել համակարգի, կազմակերպության, մեկ այլ մարդու կողմից սահմանված խաղի կանոններից, դրանք հարգելով հանդերձ` դրանց մասնակից լինել միայն իր սեփական խղճով, մտքով, գիտելիքով ու արժեհամակարգով զգեստավորված: Այս իրավունքը վաստակել է պետք, իսկ Ռոլֆ Հոսֆելդը ավելի քան վաստակել է այն, որովհետև այս քայլից նրան հետ չի պահել ո´չ անդամակցությունը Գերմանիայի գրողների միությունում, ո´չ խմբագրի պաշտոնը գերմանական ականավոր հեռուստատեսային և հրատարակչական կառույցներում:

2012-ի հունիսի 6-ին Բրանդենբուրգ երկրամասի Պոտսդամի համալսարանը և «Լեփսիուսի տունը» պայմանագիր են ստորագրել: Պայմանագրի առարկան «ցեղասպանությունների հետազոտությունն» է, նպատակը` այս հետազոտությունների է´լ ավելի ակտիվացումը կենտրոնի ներգրավմամբ և համալսարանի հետ համագործակցությամբ: Այս համագործակցության ներքո տեղ է հատկացված նաև Հայոց ցեղասպանությանն առընչվող հետազոտություններին` հոդվածներ, վերլուծություններ, փաստագրական նյութերի հավաքագրում և աշխատասիրություն, թարգմանություններ, գրահրատարակչություն:

Պոտսդամի համալսարանի գլխավոր մասնաշենքը

Այս պայմանագիրը ստորագրվել է ի հեճուկս Պոտսդամում, Բեռլինում և առհասարակ` Բրանդենբուրգ երկրամասում բնակվող որոշ թուրքական կազմակերպությունների և անհատների տևական, սովորականի պես ակտիվ ընդդիմությանը և Թուրքիայի ներկայիս իշխանությունների արդեն ազոխի պես բոլորի ատամներին կպած վայնասունի: Կարևոր է իմանալ նաև, որ Բրանդենբուրգը Գերմանիայի Դաշնության 16 երկրամասերից միակն է, որի դպրոցների պատմության կրթածրագրերում և դասագրքերում` պատմության ընթացքում պետությունների կողմից կազմակերպված զանգվածային բնաջնջման ու եղեռնագործությունների բաժնում արժանավոր տեղ է հատկացված Հայոց ցեղասպանությանը (ի դեպ Հոլոքոստին նվիրված դասընթացներ անցնում են բոլոր 16 երկրամասերում):

Հոսֆելդը Բրանդենբուրգի վարչապետ Մաթիաս Պլաչեկին է ներկայացնում Լեփսիուսի տանը ցուցադրված նյութերը (լուսանկար` Մ. Թոմասի)

Մեզ համար սա կարևոր է բոլոր իմաստներով, այդ թվում և մասնավորապես` համագործակցության ներքո հնարավոր պետք է լինի մասնակից դառնալ հետազոտական աշխատանքներին, համահեղինակել կամ նյութեր ու վկայություններ տրամադրել հետազոտողներին, մասնակցել աշխատությունների շնորհանդեսներին ու դրանց տարածման, առաջնորդել թարգմանության ու Հայաստանում դրանք հայտնի դարձնելու աշխատնաքները: Այս հնարավորությունը ծնունդ է առել հատկապես Ռոլֆ Հոսֆելդի ջանքերով` իր գործունեության, իր կերպարի և կեցվածքի, իր գրքերի, մշտական ու պատահական ունկնդրի և ընթերցողի հետ շփման եղանակի շնորհիվ:

 

Լեփսիուսի տան նմուշներից: Մեջտեղի նկարում Թալեաթի և Էնվերի նկարներն են:



Նման համագործակցության առանձին օրինակներ արդեն իսկ կան: Նույնիսկ մեկի գոյությունը քիչ չհամարելով` հիշատակենք մի աշխատություն, որ միս ու արյուն է առել Հոսֆելդի հերթական` գերմանացի աստվածաբան, գիտնական Հերման Գոլցի հիշատակին նվիրված «Յոհաննես Լեփսիուս. բացառիկ գերմանացին` հայոց ցեղասպանության, մարդասիրության ու մարդու իրավունքների մասին» աշխատության մեջ: Այստեղ Հոսֆելդը հավաքել է իրենց բնագավառներում հարգանք վայելող գիտնականների 13 փայլուն հոդված (այդ թվում` Արմին Վենգերի, Հենրի Մորգենթաուի, Յոհաննես Լեփսիուսի, իսլամիզմի, բողոքականության, հայ-գերմանական համագործակցության մասին): Հեղինակների թվում են ինքը Հոսֆելդը, Ռայներ Լեփսիուսը, Հանս-Լուկաս Քիզերը, Մանֆրեդ Գալիուսը, Մարգարեթ Անդերսոնը, Աքսել Մեսները, Քրիստիան Շնեբեքը, Աշոտ Հայրունին, Գաբրիել Գոլցը, Մանֆրեդ Աշքեն:

Հայ Դատի փառահեղ էջերին է նվիրված Հոսֆելդի «Նեմեսիզ գործողությունը» ծավալուն աշխատությունը, որը գալիս է համալրելու Հայաստանում մինչև վերջերս (եթե ոչ նույնիսկ` այսօր) ոչ շատ հայտնի, այս թեմային նվիրված գրականությունը:

Այս մարդը պատրաստել և հրատարակել է «Գերմանացիների պատմությունը 1875-2000թթ.», Գերմանիայի դեմոկրատիկ հանրապետության պատմությունը և հրեա-գերմանացի գրող երգիծաբան Կուրտ Տուչովսկիի կենսագրականը: Իսկ նրա «Կարլ Մարքս. մտավորականի կենսագրությունը» աշխատությանը կարելի է ծանոթանալ մի քանի լեզուներով: Այն արժանացել է «Քաղաքական գիրք»` սոցիալ-ժողովրդավարական «Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի» մրցանակին:

Հոսֆելդի «Յոհաննես Լեփսիուս. բացառիկ գերմանացին` հայոց ցեղասպանության, մարդասիրության ու մարդու իրավունքների մասին» գիրքը

Հոսֆելդի «Նեմեսիզ գործողությունը» գիրքը

Հոսֆելդի այլ գրվածքներից, որոնց մասին հայ ոչ միայն մասնագետ, այլ ընթերցող առհասարակ պետք է իմանա` Հայոց ցեղասպանությանը նվիրված լինելու բերումով, և մինչև օրս հանրային քննարկումների առիթ տվողներից պետք է հիշատակել «Վրեժխնդրության բարդույթը», «Օտար մարմինների վերացումը», «Նեմեզիս գործողությունը», «Այդ իրադարձությունները Արևելքում» հիմնավոր, փաստաթղթերի վրա խարսխված աշխատությունները, որոնցում տեղ գտած և վերլուծված վկայությունները Հայոց Ցեղասպանության փաստարկան իմաստով անառարկելի են:

Եվ հարցը ախր ոչ Հայաստանի կողմից, կարծես այնքան բնական ու շնորհակալ` ֆինանսական կամ այլ օգնությանն է վերաբերում միայն: Ընկճված ու լքված ես քեզ զգում, երբ «Հայաստանից ինչպիսի՞ օգնություն եք ստանում» հարցիդ ի պատասխան ոչ թե փաստերի թվարկում ես լսում, այլ տեսնում ուսերի թոթվանք և գլխի շարժում. «Ո´չ մի»: Հպարտության ու արդարության ողջ մնացած լինելու փաստին հայրենիքիդ քաղաքականությամբ գործուն ու արդյունավետ մասնակիցը լինելուց գոտեպնդվելու փոխարեն Հայաստանի քաղաքացին ամոթ է զգում: Մի´ ստիպեք ամաչել Հայաստանի քաղաքացուն: Դեսպանություն ունենք Գերմանիայում, Արտաքին գործոց և մշակույթի նախարարություններ վերջ ի վերջո, որոնց մասին հարյուրավոր տարիներ երազել են մեր հայրերը...

«Լեփսիուսի տունն» ապրում է ակտիվ գիտահետազոտական, պատմաբանական, մշակութաբանական կյանքով և հանդես գալիս իբրև պատվաբեր հարթակ անվանի ցեղասպանագետների համար: Այս աշխատանքների շարժիչ ուժն ու ոգևորողը Ռոլֆ Հոսֆելդն է, որը կապեր է հաստատում տարբեր գիտական հաստատությունների պրոֆեսորական և ուսանողական կազմերի, անկախ գիտնականների հետ` Լեփսիուսի տանը կազմակերպելով գիտաժողովներ, հանդիպումներ և քննարկումներ Գերմանիայում կրթություն ստացող ուսանողների հետ:

Օրինակ, հյուսիսային Գերմանիայի տարբեր համալսարանների ուսանողներին երկու դասընթացների էր հրավիրել: Ներկա գտնվողները հնարավորություն ունեցան լսելու Մասաչուսեթսի Քլարք համալսարանի պրոֆեսոր Թաներ Ակչամին: Սա այն Ակչամն էր, որը Թուրքիայի իշխանություններից հետապնդվելով քուրդերի մասին հոդվածների համար` իննամյա բանտարկության դատապարտվելով` հաջողում է փախուստի դիմել խցակիցների հետ և քաղաքական ապաստան ստանալ Գերմանիայում: Իսկ Հայոց ցեղասպանության մասին առաջին անգամ լսում է Համբուրգում` «Նյուրնբերգի համամարդկայնացում» ծրագրում աշխատելիս, ևս մեկ անգամ վկայելով, որ Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցը ոչ միայն խստագույնս թաքցվում է հասարակությունից, այլ նաև ոչնչացվում են հայ մշակույթի կոթողները` հարցի պատմամշակութային հիմնավորումները վերացնելու նպատակով:

«Էրգենիկոնի» գործով Ակչամի անունը` Օրհան Փամուկի և Հրանտ Դինքի հետ միասին, արձանագրված է եղել «ազգային անվտանգությանը սպառնացողների» ցանկում: 1996-ին նա ատենախոսականն է պաշտպանում Հայոց ցեղասպանության թեմայով Հանովերի համալսարանում, աշխատում է Համբուրգում և ապա` տեղափոխվում ԱՄՆ:

Եվ ահա, Հոսֆելդի հրավերով Ակչամն այցելում է Գերմանիա` դասախոսություններ կարդալու Հայոց ցեղասպանության թեմայով Բեռլինի ազատ համալսարանում, բաց հանդիպում-քննարկումներ անցկացնելու բանիմաց և շահագռգիր հանրության հետ և ելույթներ ունենում «Լեփսիուսի տանը»:

Փոտսդամի և Բեռլինի համալսարաններում Աչկամը խոսում է իր վերջին գրքերում հետազոտված թեմաներից, այդ թվում` «Հայոց ցեղասպանությունը օսման փաստաթղթերում` որոշումների կայացման աստիճանական ծայրահեղացում»:

Ռոլֆ Հոսֆելդը Լեփիսուի տանը ներկայացնում է Թաներ Ակչամին


Այս թեմային առընչվող հարցերը թուրք մասնագետը խորը ուսումնասիրել է իր «Երիտթուրքերի հանցագործությունը մարդկության դեմ. Հայոց ցեղասպանությունը և եթնիկ զտումները Օսմանյան կայսրությունում» գրքում: Լեփսիուսի տանը բանախոսը անդրադառնում է «Ցեղասպանությունը իբրև քաղաքական անվտանգության հայեցակարգ» թեմային (ի դեպ, այս գիրքը արժանացել է Ալբերտ Հուրանիի մրցանակին` իբրև տարվա լավագույն գիրք):

Այս քննարկման ընթացքում Հոսֆելդը կարևոր համեմատություն է անում Հոլոքոստի ու Հայոց ցեղասպանության միջև: Հոծ բազմության ուշադրությունը նա հրավիրում է խնդրի ռազմա-քաղաքական ասպեկտին, նշելով, որ եթե Երկրորդ Համաշխարհային պատերազմն ավարտվեր նացիստների հաղթանակով, Հոլոքոստի հարցը այլ ընթացք կստանար: Մինչդեռ Թուրքիան, թեև պատերազմում պարտված` «էժան պրծավ». նրանից Անգլիան ու Ռուսաստանը «պահանջեցին» ազգային և կրոնական փոքրամասնությունների բնագավառում լղոզված բովանդակությամբ և նպատակներով բարենորոգումներ` «ռազմական հանցագործներին դատապարտելու» միջոցով: Ավելին, երկուսն էլ սահմանափակվեցին «պահանջը» ներկայացնելու փաստով, առանց դրա կատարումն իրականացված տեսնելու: Ոչ էլ ցանկու՜թյուն ունեին, պետք է ավելցնենք մեր կողմից:

Բացի այդ, այս «պահանջներին» հաջորդեցին Աթաթուրքի ռազմական հաղթանակները, ինչը էապես փոխեց իրավիճակը, լլկեցրեց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությունը և ճնշեց աշխարհասփյուռ մեր հայրենակիցների բողոքի ձայները` եվրոպական հաղթանակած երկրներին թույլ տալով մոռանալ հայերի հանդեպ Բեռլինի, Կիպրոսի և հազար ու մի այլ պայմանագրերով ու դաշինքներով ստանձնած պարտավորությունները: Ի դեպ, ինչպես Լեփսիուսի, այնպես էլ Թեհլերյանի պաշտպանների կարծիքով, հայերի կոտորածների ամենաազդու հանգամաքն եղավ Բեռլինի դաշնագիրը` իր տխրահռչակ 61-րդ Հոդվածով:

Տեղին է այստեղ Ա. Չելեպյանի գրքից որոշ կրճատումներով մի մեջբերում, որն ընդհանրացնում է թուրքերի դիրքորոշումը և տարբեր եվրոպական պետությունների վերաբերմունքը հայոց ողբերգությանը: Երբ 1894-ի դեկտեմբերին Մաթեոս Իզմիրլյան Սրբազանը հայտարարում է, որ «Հպատակաց հավատարմությունը կախում ունի վայելված բարեկարգության և անդորության չափից», նա հենվում է Անգլիայի դեսպան Սըր Քըրիի «կեղակարծ աջակցության վրա», որը, հրաժարվելով Միճիտիեի Առաջին Կարգի պատվանշանն ընդունել` ի լուր աշխարհի հայտարարել էր, թե իրեն հայտնի անողոք ու անկաշառ բոլոր մեթոդներով պիտի հետամուտ լինի հայկական հարցի լուծմանը: Կարմիր Սուլթանն ի պատասխան գոռացել էր նրա երեսին. «Հայկական հա՞րց կը յուզէք. ես ձեզմէ աւելի աղէկ գիտեմ զայն լուծելու կերպը»: Սա թուրքական դիրքորոշումն էր, որը հովտ անգամ չի փոխվել մինչև այս տողերը գրելու օրերը և չպիտի փոխվի տեսանելի ապագայում:

Իսկ այժմ խոստացված` տարբեր եվրոպական պետությունների արձագանքները, որոնք պաշտոնական դիրքորոշումներ էին կամ դրանց հիմնավորումներ` արտահայտված կամ թաքնված.

«Կարմիր Սուլթանը, մեծ պետութիւններու երկդիմի քաղաքականութենէն եւ հայ դատին շուրջ անոնց խաղացած շնական եղերազաւէշտէն խրախուսուած, գործադրութեան պիտի դնէր դժոխային ծրագիրը, տապարներով ու սուրերով զինուած թուրք խուժանը արձակելով պետութեան հաւատարիմ ու անմեղ ժողովուրդին վրայ:

Ի տես համիտեան ջարդերուն, Կիպրոսի դաշնագրով Թուրքիոյ հողային ամբողջութիւնը երաշխաւորող նենգամիտ Անգլիան կը յայտարարէր`թէ անկարող է իր նաւերը Տաւրոսն ու Արարատն ի վեր բարձրացնել, եւ կը հրաւիրէր Ռուսիան գրաւել արիւնաթաթախ հայկական նահանգները: Վիեննայի նախկին երկարամեայ ռուս դեսպան եւ 1895-ին Ռուսիոյ արտաքին գործոց նախարար նշանակուած Լոպանօֆ կը յայտարարեր. «Մենք Հայաստանը կ’ուզենք առանց հայի»:

Շատ չանցած, Լոպանօֆ յանկարծամայ կ’ըլլար Վիեննայէն դարձին` Ֆրանց Ժօզեֆ կայսեր մէկ հայանպաստ առաջարկը մերժելէ ետք` մարտ 1896-ին: Այս առթիւ ֆրանսացի Լէոն Պուրժուա իրաւամբ պիտի գոչէր. «Հայոց արիւնն է որ խեղդեց Լոպանօֆը»:

1898-ի ամրան, Աւստրօ-Հունգարիոյ արտաքին գործոց նախարար Կոմս Կոլուխովսկի պիտի յայտարարէր. «Եթէ չորս միլիոննոց հայ ժողովուրդը նոյնիսկ սպառսպուռ ջնջուելու վտանգին ենթարկուի, մենք չենք կրնար զինւոր մը իսկ զոհել անոր պաշտպանութեան համար»:

Գերմանիոյ վարչապետ` Պիզմարք իր կարգին ըսած էր. - «Ամբողջ հայ ազգը ինձ համար Բոմերանացի զինուորի մը ոսկորն իսկ չ’արժեր»: Իսկ Քայզերը, որ արգիլած էր գերման մամուլին` բառ մը իսկ չգրել հայկական համատարած ջարդերուն մասին, երկու տարի վերջ Պոլիս պիտի երթար, եղբայրական ողջագուրումներով համբուրելու արիւնաշաղախ թաթը Եըլտըզի հայակեր գազանին:

1896-ի նոյեմբերին, Ակնայ կոտորածով հայկական ջարդի տրամին վերջին վարագոյրը իջնալէն յետոյ, ֆրանսացի արտաքին գործոց նախարար Հանոթօ շնականօրէն կը յայտարարէր խորհրդարանի բեմէն. «Հայերը վեցեակ նահանգներէն ոչ մէկին մէջ մեծամասնութիւն մը չեն ներկայացներ ինքնօրէն իշխանութեան մը կորիզը կազմել կարենալու համար»: Անգլիոյ վարչապետն ալ յայտարարած էր, որ մէկ անգլիացի զինուորին կեանքը աւելի կ’արժէ քան ամբողջ հայութիւնը:

Այս էր քրիստոնեայ Եւրոպան, որուն վրայ հայոց քաջ բայց բարեմիտ յեղափոխանները այնքա՜ն յոյսեր կապած էին...»:


[1] Տ` Խ. Դաշտենց «Ռանչպարների կանչը», Եր., «Նաիրի», 2010:

[2] Գերմանացի գիտնական, աստվածաբան: Համակարգել, մշակել և տպագրել է Լեփսիուսի փաստաթղթերը և արխիվային նյութերը: Նրա արխիվը գտնվում է Մարտին Լյուտերի համալսարանում (Հալլե-Վիտենբեր­գում): Հայտնի է խանդոտ վերաբերմունքով այս նյութերի հանդեպ, թեև որոշները (տպագրված) նվիրաբե­րել է Հայաստանի գիտությունների ակադե­միա­յին:

[3] Հեղինակը իր խորհին երախտագիտությունն է հայտնում Աշոտ Հայրունուն` արժեքավոր դիտողություն­ների, մեկնաբանությունների և փաստագրական նյութերի, ինչպես նաև նյութը քննելուն և ստուգելուն ժամանակ հատկացնելու համար, ինչի արդյունքում ճշտվել են կարևոր տեղեկություններ:

[4] Այստեղ կարելի է հիշել Շահան Նաթալիի «Պանթուրքիզմ Անկարայից Բաքու» (Եր. 2013) և Լևոն Միքայելյան (Ղազարյանի) «Операция “Немезис”» (Ер., Авторское издание) աշխատությունները:

[5] Գերմաներեն անվանումը կարելի է թարգմանել «Մերժված ոգի. Կարլ Մարքսի նոր կենսագրությունը» 

[6] Հետաքրքիր է, որ Գերմանիայում նա դարձյալ ձեռբակալ­վում է` կեղծ անձ­նա­գիր կրե­լու համար, սակայն ազատ արձակվում «Ամնեսթի ինթերնեշընլի» ջանքերով:

[7] Որքա՜ն մարդիկ տվել ու արժեքներ ստեղծել, որ միայն թուրքերը` Բեռլինի համաժողովից սկսած սա բնաջնջում ու ոչնչացնում են, և դեռ կան` մարդկային քաղաքաքակրթության որքան բան տված մարդիկ, և պատմամշակութային արժեքներ:

[8] «Հյուսիսային Ամերիկայի Միջին Արևելքի հետազոտությունների ընկերակցության» տարեկան մրցանակ` բրիտանա-լիբա­նա­նյան պատմաբան, արևելագետ Ալբերտ Հուրանիի անունով:

[9] «Բարձր Դուռը հանձն է առնում հայաբնակ վայրերում անհապաղ իրագործել տեղական պահանջներից բխող բարեփոխումներ և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից։ Այդ նպատակով ձեռնարկված միջոցառումների մասին նա պարտավոր է պարբերաբար հաղորդել պետություններին, որոնք պետք է հսկեն դրանց գործադրությունը»։

[10] Ա. Չելեպեան, «Զորավար Անդրանիկ», Եր., «Արևիկ», 1990, էջ 112-113

[11] Համբարձում Երանյան, «Յուշարձան Վան-Վասպուրականի», Հատոր Ա, էջ 293:

շարունակությունը

Մեկնաբանություններ (1)

Աշոտ Հայրունի
Արմեն Քեշիշյանի այս արժեքավոր հրապարակումը, ընթերցողին ներկայացնելով հայ ժողովրդի մեծ երախտավոր դր. Ռոլֆ Հոսֆելդին և նրա գործունեությունը, միաժամանակ ուղերձ է առ այն, որ մենք չպետք է թերանանք տեսնելու և ըստ արժանվույն գնահատելու մեր օտարազգի անշահախնդիր բարեկամներին, ովքեր, մեր պատմությունը, խնդիրները և ձայնը հասանելի դարձնելով միջազգային հասարակական գիտակցությանը, հանդես են գալիս որպես հայ ժողովրդի և բնականաբար նաև արդարության ու ճշմարտության դեսպաններ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter