HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռոլֆ Հոսֆելդ. Պոտսդամ-Երևան. մաս 2

Արմեն Քեշիշյան

Սկիզբը

Ոչ մի դեպքում չի կարելի հույս անգամ ունենալ, որ որևէ բան փոխվել է նրանց այսօրվա պաշտոնական դիրքորոշման մեջ, սակայն ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր նրանց մեջ կան մարդիկ, որ նվիրական ու արդյունավետ գործ են անում դրա համար` կենդանի պահելու օրերից մի օր արդարության արթնացման հույսը, որը խարսխված է մարդու` լավին հավատալու, լավը հուսալու անբուժելի հատկության վրա:

Որպես հայ ժողովրդի արձագանք այս «մոռացությանը»` տեղին ենք համարում մեջբերել Ավետիս Ահարոնյանի «Անդրանիկ» պատումից մի հատված, ուր ազատագրական պայքարի ամենասիրված մեր զորավարը խոսում է անգլիացի պատվիրակների հետ: Երբ 1916-ին, Թիֆլիսում, Ս. Հարությունյանի տանը հայասեր անգլիացիներ Բրքստըն եղբայրների և ուրիշների պատվին կազմակերպված ճաշկերույթին հնչեցին բաժակաճառեր, և անգլիացիները խնդրեցին Անդրանիկին (զորավարին նրանք դիմում էին «Lord General») մի ճառ ասել, Անդրանիկը ասաց հետևյալը. «Ըսե´, թարգմանե´ խոսքերս այս մարդկանց բառ առ բառ, ըսե´, բարի են եկած, շնորհակալ ենք իրենց արած և անելիք օգնությանը հայ ժողովրդին, գուցե սրանք չգիտեն, որ այսօր Հայաստանում այլևս մեկ հայ մնացած չէ, շնորհիվ քրիստոնյա քաղաքակիրթ Եվրոպայի, թուրքերը ամենքին ջարդեցին: Եվ այժմ, - շարունակեց Անդրանիկ ավելի և ավելի ջղայնոտ հուզմունքով, - այժմ քեզի կասեմ թարգմանի´ր ճիշտ ասածներս, ասա´, որ մի հատիկ ցանկություն ունիմ, կուզեմ, որ այս պատերազմը այսուհետև էլի տասն-տասնհինգ տարի շարունակվի, որպեսզի եվրոպական քրիստոնյա ազգերը ջարդոտին, ոչնչացնեն իրար, և նրանց երկիրներն էլ այնպես ավերակ դառնան, ինչպես Հայաստանն է»:

Սա ինչո՞ւ հիշվեց:

Որպես իսկական գիտնական, իր մասնագիտությանը հարգանքով վերաբերող և հարցին ամենայն ստուգությամբ մոտենալ և հիմնավորված ու փաստարկված կարծիք կազմել և այն ի լուր աշխարհի հայտնել չվախեցող արդարամիտ մասնագետ ու մարդ, Հոսֆելդը հեռու է իր իսկ հայրենի պետության պատմությունը, ինչպես նաև հայերի բնաջնջման հրեշավոր ծրագրի նկատմամբ ժամանակի իշխանությունների դիրքորոշումը սպիտակեցնելուց: Նա ըմբռնել է հարցի կարևորագույն հիմնաքարերից մեկը, որը մինչև օրս բուծվում է Թուրքիայի իշխանությունների կողմից: Այն է` այլ երկրների մեղսակցությունը հայոց ցեղասպանության ծրագրում, որովհետև այլ, պատերազմում հաղթած պետությունների խաղաքարտ դարձած հայոց ցեղասպանությունը, կարելի է բարդել դաշնակից Գերմանիայի վրա ևս, ինչը և սա 100 տարի է անում է թուրք վարչակազմը:

Տեսնե´նք, թե ի՞նչ է ասում Հոսֆելդը իր հոդվածներից մեկում. «Այսօր արդեն Հայոց ցեղասպանության փաստը ապացուցված է: Այն այլևս պատմաբանների նոր փաստաթղթերի և ոչ մի կարիք չունի` ի հեճուկս թուրքական կառավարության և դեսպան Իրթեմչելիկի հայտարարությունների: Բեռլինը` Առաջին Համաշխարհային պատերազմում Թուրքիայի հովանավորն ու ամենամտերիմ դաշնակիցը, գիտի այս մասին ավելի, քան որևէ մեկը: «Այն բանից հետո, ինչ տեղի է ունեցել, կարելի է առանց որևէ տարակուսանքի պնդել, - 1915-ի օգոստոսի 13-ի Գերմանիայի ռազմական առաքելությանն ուղղված իր զեկուցագրում արձանագրում է ավագ լեյտենանտ Շտանգեն, որը քաջ ծանոթ էր տարառազմական դահիճների և հանձնաժողովի քաղաքական կոմիսարների մեջ թուրքերի դաշնակիցների դերին, - որ հայերի տեղահանությունն ու բնաջնջումը որոշված է եղել երիտթուրքերի կոմիտեում` Կոստանդնուպոլսում. այն լավ կազմակերպված էր և իրականացվեց բանակի և կամավոր ընկերակցությունների օգնությամբ, մասնավորապես` «Հատուկ կոմիտեի»: Գերմանական Ռայխի կառավարությունը ուրեմն ամենայն մանրամասնությամբ գիտեր իրականության ինչ լինելը»: «Մեր միակ նպատակը Թուրքիան իբրև դաշնակից պահելն է մինչև պատերազմի ավարտը, - հայտարարում է Կանցլեր Բեթման-Հոլվեգը 1915-ի վերջին, - անկախ նրանից, կբնաջնջվեն հայերը, թե` ոչ»: 1970-ականներին Քրիստոֆ Դինքելը գրում է. «Առանց Գերմանիայի կայսրության պաշտպանության, թուրքերը չէին կարող իրականացնել հայերի զանգվածային բնաջնջումը: Առանձին գերմանացի սպաներ նույնիսկ ուղղակիորեն էին ներգրավված տեղահանման գործողություններում: Գերմանիան կարող էր` ինչպես պահանջում էր դեսպան Մետերնիխը 1915-ի նոյեմբերին, ազդել Գերմանիայից անօրինակ կախում ունեցող Թուրքիայի վրա, երևան հանելով «հետևանքների համար պատասխանատվության սարսափը» և կարող էր «մեր մամուլում բարձրաձայնել հայերի բնաջնջման կապակցությամբ մեր դժգոհությունը»:

Հոսֆելդը ավելացնում է. «Սակայն չկար մեկը, որ աներ սա»: Փոխարենը` «Ինչպես նշում է Արտաքին գործոց նախարարությունը, «Հայկական հարցի պատճառով Թուրքիայի հետ կապերի խզումը հրահրելը» մի բան է, որ մենք ոչ դիտարկել ենք, ոչ էլ դիտարկում ենք»:»

Հոսֆելդը ոչ միայն գիտի այս մասին, Հոսֆելդը գրում է, հիմնավորում փաստաթղթերով, գրքեր հրատարակում, մասնակցում գիտաժողովների, համագործակցում աշխարհում և Գերմանիայում արդար ու մարդասեր հասարակության հետ, նա գտել է ճշմարտությունը և փորձում է այն հասնցել աշխարհին առհասարակ և Գերմանիային` մասնավորապես:

Հոսֆելդը գիտի ու ասում է այն մասին, որ Ռաֆայել Լեմկինի համար «ցեղասպանություն» եզրույթը ծնունդ է առել հենց Հայոց ցեղասպանության անառարկելի փորձի ու փաստի հիման վրա, որը պետք է իր ջանքերով միջազգային իրավունքի տերմին դառնար 1948-ին` ամրագրվելով 1948-ի դեկտեմբերի 9-ին ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայում»: Լեմկինը մասամբ միայն տեսավ իր ջանքերի արգասիքը, երբ 1951-ին քսան երկրներ վավերացրեցին այս կոնվենցիան:

Նա շարունակում է. «Ետ նայելով, Ռաֆայել Լեմկինը անհանգստանում է, որ «Թեհլերյանը ինքն իրեն նշանակել է մարդկության խիղճը գործադրող»: Անձնական գրություններում նա մտորում է. «Արդյո՞ք որևէ մեկը կարող է ինքնհռչակվել արդարություն գործադրող: Արդյո՞ք այսպիսի արդարադատությունը հակված չէ ղեկավարվել զգացմունքներով և չի արժեզրկվի մինչև ծաղրանկարի աստիճան: Այս պահին, անմեղ մարդկանց գիտակցության մեջ մխրճված սպանության գաղափարը շատ ավելի նշանակալից է ինձ համար: Անկողմնակալ լինելու համար պետք է ասեմ, որ դեռևս չունեմ հաստատ պատասխաններ, սակայն զգում եմ, որ աշխարհը պետք է օրենք ընդունի ազգային կամ կրոնական նկատառումներով դրդված սպանության դեմ... Ինքնիշխանությունը, հավատացած եմ, չի կարող թյուրընկալվել որպես անմեղ միլիոնավոր մարդկանց սպանելու իրավունք»:

Յիվո Բլեթերը` 1948-ի «Եբրայական գիտական ինստիտուտի ամսագրի» 2-րդ համարում անդրադառնում է Լեմկինի այս տարակուսանքներին. «․․․նկատի ունեմ երեսուն տարի առաջ թուրքերի կողմից իրականացված գազանությունները հայերի նկատմամբ: Սակայն ոմանք կասեն, որ այդպես չեն մտածել: Ահա սա է մեր ժամանակների ողբերգությունը: Մենք չափազանց շուտ ենք մոռանում: Երեկ զոհերը «միայն» հայերն էին, այսօր «միայն» հրեաներն են, բայց նաև լեհերն ու այլ եվրոպական ժողովուրդներ: Իսկ ո՞վ կլինի վաղը…»:

Չեն ընդունում, չեն ճանաչում: Հայերից հետո եկան հրեաները, հետո` Սուդանը, հիմա էլ եզդիները` Հյուսիսային Իրաքում: Այն, որ չեն ընդունում` խիղճ ու կնոջածին լինելը ոտնահարած միլիտարիստներին հատուկ է և հիվանդ ու մարդատյաց հոգեբանության վերապահումով` հասկանալի: Այն, որ այս հարցերով այսքան մասնագիտորեն, այսքան բանիմաց, քաղաքական, տեղեկատվական ու հաղորդակցման եվրոպական ելումուտը այդքան լավ պատկերացնող Ռոլֆ Հոսֆելդը օժանդակություն չի ստանում ցեղասպանության հարցով ընդհանրապես և հայոց ցեղասպանության ճանաչման ու պահանջատիրությամբ մասնավորապես առավել շահագռգրված հայոց պետության կողմից` անընդունելի է ու անհասկանալի: Այս մարդուն Աստված է տվել մեզ, և Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ` մենք պարտավոր ենք ուշադրության կենտրոնում պահել նրան, աջակցել ինչով որ հնարավոր է:

Նա իսկական մտավորական է, անբիծ ու անկողմնակալ, կրում է մեր ցավը և տիրապետում է ցեղասպանությունը վկայող ահռելի փաստաթղթային և վերլուծական բազայի. վստահ եմ, որ նրան շատ բան պետք չէ` ուշադրություն միայն, աշխատանքի գնահատում, մինչդեռ մեր պարտավորությունն է գոնե իմանալ նրա մասին: Ողջունելի է այս առումով գերմանացի մեկ այլ մտավորականի` դոկտոր Թեսա Հոֆմանին պարգևատրելը` նվազագույնը, որ կարելի էր անել:

Մեկ այլ գերմանուհի-գրող Հայդե Ռիքը նույնպես հետաքրքրված է Հայաստանով, նրա պատմությամբ ու մշակույթով, Սևակի թարգմանություններ է անում, մեր երկիր այցելում ավելի խոր ուսումնասիրություններ անելու նպատակով: Կարելի՞ է նրան այս գործում սատարել: Հասկանալի է, որ ամեն ինչ իր ժամանակն ունի, որ կգա նրանց մեծարելու ժամանակը ևս, բայց մենք արդեն իսկ շատ ենք չարաշահում մեծերի համբերությունը: Իսկ Հոսֆելդը մեծ է, մեծ է իր մարդկային կերպարով, նվիրական գիտնականի իր կեցվածքով, իր համեստությամբ ու գործի նկատմամբ անհատնում սիրով:

Լավ, եթե Լեռ Կամսարն ու Կոստան Զարյանը, Քրիստոֆոր Զաքիյանն ու Գևորդ Մշեցի-Ջավրուշյանը, տասնյակ այլ` անցավոր ու դեռ, փա՜ռք Աստծու, կենդանի, թեև մոռացված, բայց «մերոնք» են, ու, ըստ որոշում ընդունողների` կարող են սպասել, ելնելով հայի ծով համբերությունից, միթե մենք իրավունք ու ժամանակ ունենք շռայլելու արյունով օտար, բայց մեր նկատմամբ սիրով, հարգանքով լցված, մեր պատմության և մշակույթի նկատմամբ հետաքրքրությամբ ապրող և մեզ անշահախնդիր ծառայելու` կյանքով և գործունեությամբ ապացուցված բարեկամությունը: Մայթերը փոխելը և լյուկերը արագ ցնդող ներկով ներկելը, իհարկե, ազգանվեր գործ է, այսօր, Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ Միկոյանի արձանը կանգնեցնելը շրջադարձային է, բայց գուցե արժե՜ր մի փոքր գումար նախատեսել մեր նահատակների անարդարությունից մինչև օրս աղաղակող ոսկորների համար պայքարող, մտավորական, համեստ ու մասնագետ հայերի (այս առումով Հոսֆելդն էլ է հայ) համար:

Ինչպես արդեն նշվել է, Հայնրիխ Հայնեին է նվիրված Ռոլֆ Հոսֆելդի ատենախոսականը: Այս աշխատությունն ըստ էության սկիզբ դրեց մեծ գերմանացու ստեղծագործական կյանքին նոր հայացքի ձևավորմանը: Ինքնին բոլոր իմաստներով հետաքրքիր` մեզ համար կարևոր ձայնակցություն կարելի է նշմարել: Սողոմոն Թեհլերյանի դատավարության երկրորդ օրվա ավարտական, որոշիչ հատվածում ճառերով էին հանդես գալիս դատախազը և Թեհլերյանի երեք պաշտպանները:  Երկու կողմն էլ բացառել էին այլևս վկաների ու իրազեկների հարցաքննության կարիքը: Հասել էր իրավաբանների ճարտարախոսության, տնային աշխատանքը դատասրահում տեղի ունեցող մրցության ընթացքում լավագույնս ներկայացնելու և, հետևապես` արդարության և մասնագիտական գոհության համար մղվող պայքարում հաղթելու կամ պարտվելու պահը: Եվ ահա այս ընթացքում երկու անգամ հիշատակվել է Հայնրիխ Հայնեի անունը:

Առաջին հիշատակումը ավագ դատախազ Գոլնիկինն էր: Անդրադառնալով երկրորդ պաշտպան Յոհաննես Վերթաուերի հայտնած դիրքորոշմանը, դատախազը մեղադրում է նրան «արմատական» կեցվածք բռնելու համար, համեմատելով Հայնեի հետ: Վերջինս անընդհատ ըմբոստանում էր «կյանքի թշնամի որոշ սկզբունքերի դեմ, որոնք վերագրում էր քրիստոնեական վարդապետությանը և փառավորում դասական Հունաստանի ծիծաղկոտ կենսուրախությունը»: Այլ կերպ ասած, դատասրահում իր հակառակորդ Վերթաուերին նա մեղադրում էր հարցերին միայն սև կամ սպիտակ նայելու համար, համեմատելով նրան Մեծ պոետի հետ, որը «տարիքն առավ ու արմատական դարձավ, աշխարհում այլևս ուրիշ բան չէր տեսնում, քան վտիտ նազովրեցիներ և պարարտ հույներ»:

Այսպիսի հարձակումը դատախազը թույլ է տալիս հակադրվելու համար Վերթաուերին, որն իր ճառում հիմնավորելով Թուրքիայի իշխանության ու Գերմանիայի ժողովրդի երբևիցե դաշնակից չլինելը, նշում էր, թե «միլիտարիստը» հակադրված է «արդարության մարդուն»` թափանցիկ ակնարկելով, որ միլիտարիստը նստում է «թանաքամանի առաջ, հոդվածներ գրում և զանազանորեն պաշտպանում բռնի ուժի դրոշը»: Ավելին, այս մարդկանց «ուղեղում պակասում է այն օրգանը, որն արդարություն է ներկայացնում»: Նրան` իբրև բռնի ուժի մարդու, հակադրված է արդարության մարդը, որն աշխարհում ամեն բանից վեր արդարությունն է դասում:

Հայերին Վերթաուերը դասում է արդարության մարդկանց շարքին` իր նորովիությամբ ու վերլուծության խորությամբ հիանալի բնութագիր տալիս ինչպես հային, այնպես էլ նրա պատմահոգեբանական ընթացքին, որի հիմքում դնում է արդարության մասին բարձրաձայնելու տեսանկյունից` թե իր, և թե ցանկացած ժամանակի համար համարձակ մի դիրքորոշում. «Երիտթուրք ասելով պետք է հասկանալ հին թուրքին, իսկ թուրքը բռնի ուժի մարդ է, միլիտարիստ»:

Այս փողոցում Սողոմոն Թեհլերյանը լուծեց հայ ժողովրդի մի քանի սերունդների վրեժը: Այս փողոցը գտնվում է մի քաղաքում, որի դատարանը արդարացրեց Սողոմոն Թեհլերյանին` շնորհիվ մարդասեր, արդար, անշահախնդիր, կիրթ, իրենց գործում բարոյականը ամեն բանից վեր դասող և իրենց մասնագիտությունը և դրանում իրենք իրենց հարգող գերմանացիների: Այսպիսի մարդ է նաև Ռոլֆ Հոսֆելդը, որը ապրում է մեր օրերում և շարունակում է իր լավագույն հայրենակիցների գործը:

Այս դիրքորոշմանը սատարելու է գալիս մյուս փաստաբանի` Նիմայերի պաշտպանական ճառում հնչած արձագանքը` իրեն հանցավոր ճանաչելու մասին Թեհլերյանին ուղղված դատավորի հարցին և ամբաստանյալի ժխտական պատասխանին, որը մասնավորեցնելու համար Սողոմոնն ավելացնում է «Խիղճս հանգիստ է»: Վերհիշելով այս դրվագը, Նիմայերը պնդում է. «Նրա համար բարոյական և իրավական ճշտությունը նույնանշան են: Նա չի կարող մտածել անգամ, թե այն, ինչ բարոյապես ճիշտ է, չի կարող իրավականորեն սխալ լինել, նա չի կարող մտածել անգամ, թե այն, ինչ բարոյապես լավ է, կարող է իրեն մահապարտ դարձնել»:

Արդարության կողմը բռնելու` Թեհլերյանի պաշտպանների վճռականությունը խարըսխված է մի ելակետային դրույթի վրա, ըստ որի, Վերթաուերի խոսքերով «հայտնի է, որ որտեղ որ ոտք էին դնում թուրքերը, իրենց առջևից արյունոտ դրոշ էին տանում: Թուրքերին 1863-ին տեսնում ենք նույնիսկ Վիեննայի առաջ, եթե դրանից հետո այստեղ էլ գային, Գերմանիայում էլ, անշուշտ, շատ բան չէր մնա»: Նրանք մարգարեաբար զգուշացնում են թուրքերի` միլիտարիստ լինելու մասին, և` զուգահեռներ տանում իրենց հայրենիքի հետ. «մենք ինքներս այս պահին էլ սոսկալիորեն տուժում ենք միլիտարիստներից, որոնք պիտի որոշ ազդեցություն ունեցած լինեն Հռենոսի մյուս կողմում: Ո՞վ գիտի, թե դեռ մենք ինչեր ենք քաշելու բռնության մարդկանց ձեռքին»:

Բայց այսքանով չեն սահմանափակվում պաշտպանները: Նրանք միլիտարիստին` մշակույթի, պատմության, կրթության թշնամիներին ու խավարի ծառաներին են հակադրում Թեհլերյանին, որը տեսնելով ընտանիքի, հարևանի, ազգի ոչնչացումը, դիակների մեջ քանի օր պառկած մնալով ու պատահաբար փրկվելով` իր հետ ամբողջ կյանքում տանելով ու զգալով դիակների հոտը, «վայր է իջնում` արդարության ոգին ներկայացնելու ընդդեմ բռնի ուժի սկզբունքի: Նա իջնում է, նա` մարդկայնության ներկայացուցիչը, ընդդեմ հակամարդկայնության, արևային իրավունքի ներկայացուցիչը` ընդդեմ խավար անիրավության... Հայ ազգը, հազար տարիներից ի վեր մինչև ամենից փոքր երեխան, կանգնած է նրա ետևում»:

Վերջապես, ավարտական խոսքում Թեհլերյանի երեք պաշտպաններից Վերթաուերը նշեց, որ Հայնեի օրինակը, որը բերեց դատախազը, իր վրա չի ազդում, «որովհետև ես ավելի քիչ բանաստեղծ եմ, քան պարոն դատախազը», ինչը շարժում առաջացրեց սրահում, վերջնականապես սասանելով մարդասպանին ոչնչացնելը անարդարություն սահմանելու պատրաստ սրահի հատվածին:

Փաստորեն, գոնե եղած տեսակների մեջ մարդկային պատմության ընթացքում ամենաարդար` երդվյալ ատենակալների դատարանի առջև փայլուն մասնագետ-իրավաբանները, որոնց բախտ ենք ունեցել տեսնելու հայ ժողովրդի վրիժառու Սողոմոն Թեհլերյանի պաշտպանների դերում, հակադրում են միլիտարիստին ու արդարության մարդուն, առանց որևէ մեկից, այդ թվում` հայրենի Գերմանիայի իշխանությունների որոշ քաղաքական ազդեցիկ շրջանակներից վախենալու, դուրս են գալիս արդարության համար պայքարի միևնույն ժամանակ, սիրելով իրենց հայրենիքը` ուղիղ ասելով, որ այս դատավարության արդյունքը կարող է նույն գերմանացիների համար իրավաբարոյական չափանիշ լինել նաև ապագայում` ինչը և մենք տեսանք Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հրեաների նկատմամբ Գերմանիայի բռնած դիրքորոշման մեջ մարմնավորված: Եվ կրկին գործում է մասնագիտության մեջ բարոյականությամբ առաջնորդվելու հրամայականը` գոնե բարոյական մարդու համար. չէ՞ որ այս դեպքում դատախազի ետևում կանգնած է սառը, անհաղորդ ու լուռ օրենքը, իսկ պաշտպանի` կենդանի մարդը:

Իսկ Ռոլֆ Հոսֆելդն էլ այսօր ապացուցում է, որ Գերմանիայում երբեք չեն չքանա արդարության կողմնակիցները, առաքինի, սթափ, այլևայլ քաղաքական նախապաշարուներով ու շահերով չառաջնորդվող մարդիկ, որոնց համար «արևային իրավունքի ներկայացուցիչները»` հայ, գերմանացի կամ որևէ այլ ազգի` բարձրագույն արժեք են իրենց ցավերով, կորուստներով, տառապանքներով, բայց նաև կենարարը հաստատելու, բարոյականը ամեն բանից վեր դասելու և իրավականը բարոյականի վրա խարսխելու գերակայությունը սահմանադրելու անհաղթելի վճռականությամբ օժտված:

Շա՜տ կցանկանամ իմանալ այն ապրումները, որոնք անկասկած համակել են Ռոլֆ Հոսֆելդին այն ժամանակ, երբ ուսումնասիրելով Լեփսիուսի կյանքն ու գործունեությունը, նա` կարծես ամենաանսպասելի միջավայրում` Սողոմոն Թեհլերյանի դատավարության ընթացքում, «հանդիպել» է Հայնրիխ Հայնեին:

Փա՜ռք Աստծու, աշխարհում բազմաթիվ են մեծանուն, բազմավաստակ և շնորհալի հայերը: Նրանցից մեկը Վարուժան Ոսկանյանն է` Ռումինիայի գրողների միության փոխնախագահ, էկոնոմիկայի նախկին նախարար, առաջին հերթին` «Շշուկների մատյանը» գրքի հեղինակ: Եվ այս փառահեղ գրքի գերմաներեն թարգմանությունը կատարած` Բեռլինի «Գրականության տան» տնօրեն Էռնեստ Վիխները գրականագետների ու ընթերցասերների ստվար բազմություն էր հավաքել` Ոսկանյանի խնդրանքով «Լեփսիուսի տանը», ուր ներկայացվեց գրքի թարգմանությունը, գերմաներեն և ռումիներեն հատվածներ ընթերցվեցին, հարցերին պատասխաններ տրվեցին, և մեկնարկե՜ց հայ հեղինակի գրքի հաղթարշավը Գերմանիայով մեկ:

Այս քարը «Լեփսիուսի տան» բակում տեղադրվել է նրա բացումից ոչ շատ անց: Հարց լեռնային շրջանում մի բնակավայր կա, որ կոչվում է Ֆրիզդորֆ` բողոքականներով բնակեցված փոքր մի գյուղ: Այստեղ եկավ երիտասարդ Լեփսիուսը իբրև հովիվ` օսմանների տիրապետության տակ գտնվող Երուսաղեմից վերադառնալուց հետո, որտեղ հանդիպել էր իր կնոջը Մարգարեթին, կամ, ինչպես ինքն էր ասում` Մագիին: Երուսաղեմում, 1884-86-ին Լեփսիուսը Սիրիական որբանոցի խորհրդի անդամ էր: Աշխատանքի և հայացքների բերումով, նա բազմաթիվ պրոբլեմների հանդիպեց Երուսաղեմում, որոնց պատճառը 1860-ին քրիստոնյա բնակչության դեմ հրահրված ու իրականացված կոտորածներն էին:

Եվ ահա, իմանալով «Լեփսիուսի տան» բացման մասին` Ֆրիզդորֆի հանրությունը այս քարն է նվիրաբերում` վրան պատկերելով հայկական խաչը մի կողմից, և գերմաներեն և հայերեն գրություններ` մյուս: Ինչպես նշում է դոկտոր Հոսֆելդը, Ֆրիզդորֆի բնակիչները մինչև օրս ոգեկոչում են Լեփսիուսին, նշում նրա հետ կապված այս կամ տոնը, ծննդյան կամ մահվան տարեդարձը, մասնակցում Լեփսիուսի տանն անցկացվող միջոցառումներին, հավաքույթներին և այլն:

Ֆրիզդորֆ գալուց շուրջ տասը տարի հետո` 1986-ին Լեփսիուսը հրատարակում է իր «Հայաստանն ու Եվրոպան» աշխատությունը համիդյան կոտորածների մասին: Հետո արդեն, 1916-ին լույս կտեսնի Մեծ հումանիստի «Թուրքիայում հայ ժողովրդի վիճակի մասին տեղեկագիր» աշխատությունը, որի առաջին 20000 օրինակները հույժ գաղտնի առաքվեցին բողոքական ծխական համայնքներին ` նախքան կսահմանվեր խստագույն գրաքննություն և արգելք: 1919-ին լույս տեսավ «Էնվեր փաշայի հետ հարցազրույցը»` ինչպես նաև որոշ լրացումներով վերահրատարակվեց ավելի վաղ հիշատակված «Տեղեկագիրը»:

Այժմ Ռոլֆ Հոսֆելդը աշխատում է անգլերեն լեզվով հերթական մի հոդվածի վրա, որը նվիրված է Լեփսիուսին` իբրև ցեղասպանության պատմաբանի: Այն հրատարակվելու է Երևանի պետական համալսարանի հանդեսներից մեկում: Մեկ այլ հոդված, դարձյալ անգլերեն լեզվով, որի մասին պետք է նշել այստեղ, կոչվում է «Հայոց ցեղասպանությունը և վրիժառուները. Բեռլինում Թալեաթի սպանության արձագանքները», հրապարակվել է «Deustche Gesellschaft fur Auswärtige Politik e.V, IP Jouranl»-ում:

Լուրջ գիտնական և առաքինի մարդ` Հոսֆելդը անդադար որոնում է հայ-գերմանական կապերը ցեղասպանության համատեքստում: Ահա թե ինչ է նա ասում հիշատակված հոդվածում. «Կոմիտեի գլխավոր գաղափարաբան Զիահ Գյոքալփը, որը նաև Թալեաթի մտերիմ ընկերն էր, նշում է. «Իրականում, չի կարող տարբեր ժողովուրդների համար լինել ընդհանուր տուն ու հայրենիք... Նոր քաղաքակրթությունը արարվելու է թուրքական ցեղատեսակի կողմից»: Իսկ Շուքրու բեյը` տեղահանման Հալեպի կոմիտեի նախագահը, որի տեսակետը կյանքի ու մահվան հանդեպ տեղավորվում է «քաղաքական դարվինիզմ» հասկացության սահմաններում, 1915-ի վերջում ասում էր Գերմանիայի հյուպատոս Ռոսլերին. «Թույլը պետք է չքվի»: Առանց տարակուսանքի նշույլի անգամ նա պնդում էր. «Այս ամենի վերջնական արդյունք պետք է լինի հայ տեսակի բնաջնջումը»:»

Իրականացան Մեծն Անդրանիկի բոլոր` մարգարեությունների հասնող նախազգացումները, որոնցից մեկը նա արտահայտեց Դաշնակցության Արևմտային Բյուրոյին: Վերջինս եղբայրության, ազատության և հավասարության մասին ազատարար ընկերներ Թալեաթ և Էնվեր փաշաների Պոլսում արած հայտարարություններից խանդավառ, Անդրանիկին կանչում էր Պոլիս` թուրքերի հետ «եղբայրանալու». «Դուք գացէ´ք եւ վայելեցէ´ք անոնց հետ. ես թուրքը լաւ կը ճանչնամ. զգո´յշ ձեր այդ նորագոյն ընկերներէն. շատ չանցած անոնք ձե´ր գլուխն ալ պիտի ուտեն, ձեր ժողովուրդի´ն ալ», և որ «ուշ կամ կանուխ փորձանք պիտի դառնային հայոց գլխուն»:

Մեկ այս հոդվածում հնարավոր չէր անդրադառնալ Ռոլֆ Հոսֆելդի ամբողջ գործունեությանը: Դա համարում եմ մեր բոլորի պարտականությունը` համապատասխան մարմինների ու կառույցների գլխավորությամբ: Սակայն նույնիսկ այստեղ ներկայացվածը բավարար է, որ այս մեծ մարդասերի, գիտնականի, առաքինի մարդու գործը, խոսքը և անունը ամուր կապված մնա հայ ժողովրդի, դարերի և հավերժության հետ: Մենք իրավունք չունենք Ռոլֆ Հոսֆելդի անունը պահեստավորել «անանուն Մարտիկների» մեջ, որոնց մասին ասում էր Շահան Շահնուրը:

«Օրհնեա´լք եղերուք», հերր Հոսֆելդ, և քեզ նման անվանի և անանուն, հայ և օտարերկրյա Մարտիկներ:


[1] Բազմակողմանի և խորը վերլուծություն այս հարցի շուրջ կարելի է գտնել Աշոտ Հայրունու «Յոհաննես Լեփսիուսի առաքելությունը» աշխատությունում, ինչպես նաև նույն հեղինակի «1915-1916թթ. Գերմանա-թուրքական դաշինքի շուրջ» հոդվածում:

[2] Տես` https://ip-journal.dgap.org/en/ip-journal/topics/armenian-massacre-and-its-avengers: Լույս է տեսել 2005-ի նոյեմբերի 1-ին: (Անգլերենից թարգմ.` Արմեն Քեշիշյանի)

[3] Թուրքերեն` «Teskilati Mahsusa»:

[4] Սողոմոն Թեհլերյանի երեք պաշտպաններն էին Ադոլֆ ֆոն Գոր­դո­նը, Յոհաննես Վերթաուերը և Թեոդոր Նիմայերը:

[5] Տ` «Սողոմոն Թեհլերյան. Վերհիշումներ. Դատավարությունը», «Հայագիտակ», Երևան 2006թ. էջ 474

[6] Այս քաղաքում նաև վրեժ լուծվեց «Հատուկ կոմիտեի» խորհրդական, հայոց ջարդերի ու տեղահանության առա­վել կատաղի գաղափարախոսներից Շաքյուր բեյից` Արամ Երկանյանի, և Տրապիզոնում կոտորածնե­րի կազմակերպիչ Ջեմալ Ազմինից` Արշավիր Շիրակյանի կողմից: Արդարության մասնակի վերական­գնման և արդարության վերականգնման հանդեպ ժողովրդի հույսը վերարթնացնելուն ուղղված այս երկու ակտերն էլ ի կատար ածվեցին 1922-ի ապրիլի 17-ին:

[7] Այս հաստատությունը կոչվում էր «Շնելերի որբանոց» (կամ «Սիրիական որբանոց»): Գերմանական բողո­քա­կան կրթա­­կան հաստատություն էր, որ գործել է Երուսաղեմում 1860-1940թթ: Առաջին շինություններից էր, որ, Հին Երուսաղեմի պատերից դուրս կառուցված` նպաստել էր քաղաքի ընդարձակմանը 19-րդ դա­րում: Ըստ էության, սա միջին մասնագիտական կրթական հաստատություն էր, որ արհեստագոր­ծա­կան մասնագիտություններ էր սովորեցնում արաբ, պաղեստիանցի, եթովպացի, հայ, թուրք, ռուս, պար­սիկ ու գերմանացի որբ աղջիկների և տղաների: Դասավանդվող մասնագիտություններից էին դերձակու­թյու­­նը, կոշ­­կա­­կա­րու­թյունը, փորագրությունը, մետաղի մշակումը, ատաղձագործությունը, նկարչությունը, այգե­գոր­­ծու­­թյու­նը և այլն: Հետաքրքիր է նշել, որ այժմ այս շինությունը վերակառուցվում է` ելիտար բնա­կա­րաններ տեղավորելու համար` պահպանելով, սակայն, դպրոցի ութ պատմական շենքերի տեսքը:

[8] Տես` https://ip-journal.dgap.org/en/ip-journal/topics/armenian-massacre-and-its-avengers:

[9] Խոսքը «Teskilati Mahsusa»` «Հատուկ կոմիտեի» մասին է:

Մեկնաբանություններ (1)

Արտավազդ Վարոսյան
Բոլորովին վերջերս պատիվ եմ ունեցել հոդվածի հեղինակի հետ ծանոթանալու ,,Լեփսիուսի տան,, գիտահետազոտական գործունեությանը,լսել Ռոլֆ Հոսֆելդին:Առանձնահատուկ հպարտությամբ քայլել ենք Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգշտրասսե փողոցով`ապրելով անկրկնելի և անբացատրելի զգացմունքներ:Շնորհակալ եմ հարգարժան Արմեն Քեշիշյանին ընթերցողներին հանգամանալից տեղեկատվություն ներկայացնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter