HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանիել Իոաննիսյան

Եթե Հայաստանը չաջակցի Իրաքի եզդիներին, երբեք ազդեցիկ պետություն չի դառնա

Արդեն օրեր շարունակ բոլորս ականատես ենք լինում, թե ինչպ ես են Իրաքի և Լևանտի Իսլամական պետություն կոչվող խմբավորման ներկայացուցիչները ցեղասպանություն իրականացնում Իրաքի հյուսիսում ապրող եզդիների նկատմամբ: Տեսարաններն ու լուսանկարները շատ նման են Ցեղասպանության թանգարանում առկա՝ 1915թ. Հայոց ցեղասպանությունը ցուցադրող լուսանկարներին: Հարյուր հազարավոր մարդիկ թողել են իրենց տները և ապաստանել Սինջար սարի մոտակայքում: Համաձայն պաշտոնական աղբյուրների՝ արդեն 500 խաղաղ եզդի սպանվել է, իսկ 400 եզդի կանայք գերի են ընկել և սեռական ստրուկներ դարձել:

Միացյալ Ազգերի Կազմակերպությունը հայտարարել է, որ տարածաշրջանում եզդիների համար ստեղծվել է 3-րդ (ամենաբարձր) մակարդակի հումանիտար աղետալիության վիճակ: Թուրքիան արդեն կահավորել է ճամբար` 6000 փախստականների ընդունելու համար: Ամերիկայի Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Թուրքիան և Ֆրանսիան արդեն մեկ շաբաթ է, ինչ օդից հումանիտար օգնություն են գցում բաց երկնքի տակ մնացած եզդիներին:

Իսկ Հայաստա՞նը

Հայաստանը եզդի բնակչության քանակով աշխարհում 5-րդ տեղում է` զիջելով Իրաքին, Գերմանիային և Սիրիային: Մեր երկրի բնակչության շուրջ 1,5 տոկոսը եզդի է, և, անշուշտ, այդ եզդիները բողոքի ցույցերով փորձում են սատարել Իրաքի իրենց ազգակիցներին: Մեր կառավարությունը, սակայն, այս հարցում անգործություն է ցուցաբերում:

Հասկանալի է, Հայաստանը չափազանց հեռու է Իրաքից` եզդի փախստականների համար ճամբարներ կառուցելու համար: Եզդի փախստականները այստեղ հազիվ թե հասնեն (հասնողներին, անշուշտ, պետք է աջակցել): Բայց մենք ունենք բոլոր հնարավորությունները՝ աջակցելու այդ մարդկանց տեղում:

Մեր երկիրն ունի սննդամթերքի ռազմավարական պահեստներ, որտեղ, ըստ պաշտոնական աղբյուրների, առկա է այնքան սննունդ, որ բավարար է 3 միլիոն մարդու մի քանի ամիս կերակրելու համար: Մեր ուժայիններն ունեն նաև ԻԼ76 ինքնաթիռներ, որոնք կարող են հասցնել օգնությունը Իրաք:

Եթե հաշվի առնենք, որ ըստ ՄԱԿ-ի՝ ծայրագույն վիճակում է միայն 30 հազար եզդի, ապա այդ անձանց մի ամիս «կերակրելու» համար մեր ռազմավարական պահեստների մեկ տոկոսն էլ չի ծախսվի: Մյուս կողմից՝ նման օպերացիա անելու համար միշտ էլ կարելի է գումար խնդրել եվրոպական երկրներից, որոնք ուրախ կլինեն այդ գումարը տալ, որ մենք «կիսենք» եզդիներին աջակցելու իրենց «գլխացավը»:

Հաստատում ենք մեր տեղը երրորդ աշխարհու՞մ

Երբ Հայաստանում ողբերգություն էր (1988-ի երկրաշարժը), ամբողջ աշխարհն աջակցում էր մեզ: Առավել մեծ աջակցույթուն էին ցուցաբերում այն երկրները, որտեղ կար հայկական սփյուռք, քանի որ այդ երկրների իշխանությունները հաշվի էին նստում տեղի հայերի կարծիքի հետ: Այդ տեսանկյունից Հայաստանը պետք է առաջինը օգնության ձեռք մեկներ եզդիներին, սակայն դեմոկրատական այս մեխանիզմը, կարծես, չի գործում մեր երկրում:

Իրականում խնդիրն ավելի խորն է: Մեր իշխանությունները համարում են, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում ՀՀ սահմաններից դուրս, իրենց գործը չէ: Չկա ընկալումն այն մասին, որ մենք էլ ենք աշխարհի մի մասը և հզոր պետություն դառնալու ճանապարհին պետք է (դրական իմաստով) խառնվենք մեր սահմաններից դուրս տեղի ունեցող գործընթացներին:

Անշուշտ, եթե մենք ուզում ենք հավերժ մնալ 3-րդ աշխարհի երկիր, ապա մեր իշխանությունները շատ ճիշտ ճանապարհին են: Սակայն, ,եթե մենք ի հեճուկս մեր չափերի, ուզում ենք դառնալ Իսրայելի կամ Շվեյցարիայի պես ազդեցիկ, ապա չենք կարող չմասնակցել տարածաշրջանի կյանքին:

Իշխանությունների աշխարհընկալման մեջ խորը նստած է այն, որ աշխարհի գերտերությունները լուծում են բոլոր հարցերը, իսկ մենք իրենց հլու հնազանդ ենք և չենք կարող խառնվել այդ հարցերին: Դա այնքան խորն է արմատավորված, որ անգամ երբ մեր ու գերտերությունների շահերը համընկնում են, մենք միևնույնն է չենք խառնվում, քանի որ մեր գործը «տեղում սսկվելն է»:

Անգամ այնքան պարզ, ծախս չպահանջող և ակնհայտ գործողություն, ինչպիսին է ՄԱԿ-ում և մյուս կառույցներում հարցը բարձրացնելը և տարբեր ատյաններում խնդրի քննարկումներին մասնակցելը, պարզվում է, մեր երկրի համար չէ…

Ակամայից հարց է առաջանում՝ Հայաստանը պետություն է, թե գուբերնիա, որը, սովորաբար, չի ունենում արտաքին քաղաքականություն:

Մեկնաբանություններ (1)

Լիլիթ Հարությունյան
Հոդվածը մասամբ պետական մտածողության պակասի հետևանք է, մասամբ էլ, եզդիների խնդրի շահարկմամբ` իշխանության հետ կապված 5 կոպեկը մեկ անգամ էլ մանրելու. ազնիվ չէ: Յուրաքանչյուր պետության ռազմավարական պահեստները մի նպատակի են ծառայում` պատերազմական կամ այլ ծայրահեղ իրավիճակներում տվյալ պետությունը լուծում է իր ազգաբնակչության սննդի խնդիրը. դրանք այլ նպատակի ծառայեցնելն այլ որակում ունի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter