HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Գոմեշի մսի գործը մտել է դատարան. պետությանն ավելի քան 120 մլն դրամի վնաս է հասցվել

Գոմեշի մսի հայտնի գործի նախաքննությունը, որն ընթանում էր 2012-ի ամռանից, վերջապես ավարտվել է, եւ գործը մտել է դատարան: Հիշեցնենք, որ ՊԲ Մարտունի-2 զորամասում հենց զինվորներն էին նկատել, որ տավարի մսի կտորների մի մասի վրա առկա է գոմեշի մսի պիտակ: Մատակարարը պարտավորվել էր տավարի ոսկրոտ միս վաճառել բանակին, սակայն դրա փոխարեն տրամադրել է գոմեշի մսի բրիկետներ:

ՊՆ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով քննչական բաժնում գտնվող գործով մեղադրանք է առաջադրվել 5 հոգու. Կապանի «Ա. Օհանջանյան» ՍՊԸ-ի տնօրեն Ալբերտ Օհանջանյանին, ԼՂՀ ՊԲ կենտրոնական ենթակայության պահեստի (վերջինս զորամասի կարգավիճակ ունի) պետին (փոխգնդապետ, որը, փաստորեն, զորամասի հրամանատար է), նյութատեխնիկական գծով նրա տեղակալ մայորին, նույն զորամասի պահեստարանի պետ ենթասպային, ինչպես նաեւ ՊԲ պարենային ծառայության պետին (փոխգնդապետ): Եթե Օհանջանյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով («Խարդախությունը (խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը), որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»), ապա զինվորականներին մեղսագրվում է ՔՕ 376-րդ հոդվածի 2-րդ մասում նկարագրված արարքը («Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով»):

Չնայած գործարարն ու 4 սպաները նախկինում գտնվում էին կալանքի մեջ, նախաքննության ավարտական փուլում բոլորն ազատ արձակվեցին ստորագրությամբ, որն ի սկզբանե կիրառվել էր մեղադրյալ ենթասպայի հանդեպ: Բացի ՊԲ պարենային ծառայության պետից՝ մյուս զինվորականները ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանի հրամանով ազատվել են ծառայությունից:

«Հետքը» գրել էր, որ հիմնական մեղադրյալ Ալբերտ Օհանջանյանը նախաքննության ընթացքում, որպես պետությանը պատճառված վնասի հատուցում, իր միջոցներով ՀՀ ՊՆ կարիքների համար կառուցել է 150 տոննա տարողությամբ, 73.362.390 դրամ արժողությամբ սառնարանային համալիր:

Ինչպես տեղականում ենք «Datalex» տեղեկատվական համակարգից, Օհանջանյանի դեմ գործն այժմ գտնվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Այն վարույթ է ընդունվել ամսի 12-ին, դատավորը Նապոլեոն Օհանյանն է: 

Մեղադրական եզրակացության համառոտ նկարագրության մեջ նշված է, որ կապանցի գործարարը մեղադրվում է այն բանի մեջ, որ ընդհանուր առմամբ 82 տոննա տավարի ոսկրոտ քառատված մսի փոխարեն մատակարարել է նույն քանակությամբ բրիկետ տեսակի հնդկական արտադրության գոմեշի միս, իսկ ՊՆ-ից տավարի մսի դիմաց ստացված գումարը հափշտակել է` ՊՆ-ին պատճառելով առանձնապես խոշոր չափերի` 126.936.000 դրամի գույքային վնաս: 

Մեկնաբանություններ (1)

Հովսեփ
Բա գեներալ Փայտյանն ինչ էղավ? Այս սենց եք անում էլի, որ խիարը թարս ա աճում: Ու սենց էլ ապրում ենք մեր` մինչև ուղն ու ծուծը կոռումպացված երկրում: Նույնիսկ էրեխուն ա պարզ, որ գործն ուղակի ծածկում են, պատժում են շարքային ձկներին, իսկ մեծ շնաձուկը ջրից չորս դուրս էկած նույնիսկ իրա պաշտոնից չի զրկվում: Էտ կոռումպացված գեներալների հախից արի, պարոն Սեյրան Օհանյան: Նրանք են մեր սուրբ բանակի համար մեկ թշնամին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter