HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՓՀԷԿ-երի «շնորհիվ» Տավուշի մարզի գետերն էլ են կանգնած վերացման եզրին

Համահայկական բնապահպանական ճակատը տեղազննում է իրականացրել Տավուշի մարզի փոքր ՀԷԿ-երի ջրընդունիչ կայաններում։ Ըստ բնապահպանական ճակատի տարածած հաղորդագրության՝ արդյունքները նույն են, ինչ որ նախորդ բոլոր դեպքերում։ Էկոլոգիական թողքը հիմնականում բացակայում է, տեղադրված չեն ջրաչափական սարքեր, որ հնարավոր լինի պարզել, թե որքան ջուր է անցնում գետով։ Բացակայում են ջրի հոսքն ավտոմատ կառավարող համակարգերը, ձկնուղիներն անիմաստ բետոնյա կառույցներ են, որոնց միջով ձկները չեն կարող անցնել, իսկ հաճախ էլ դրանք ամբողջովին չոր են:

Բնապահպանական ճակատն իր հաղորդագրությունում նշում է, որ արձանագրված բոլոր խախտումներն ու դրանք փաստող լուսանկարները ներկայացրել են ՀՀ բնապահպանության նախարարություն՝ խնդրելով համապատասխան միջոցներ ձեռնարկել և տեղեկացնել հանրությանը դրանց արդյունքների վերաբերյալ.

  1. Աղստև գետի Պաղջուր վտակի վրա «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից շահագործվող «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի ջրընդունիչ կայանի ձկնուղին ընդհանրապես չոր էր, իսկ էկոլոգիական թողքն այնքան փոքր, որ գետը գրեթե չորացել էր:

  2. Նույն գետի վրա «Քարեվարդ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող «Խաչաղբյուր-1» ՓՀԷԿ-ի ջրընդունիչ կայանի ձկնուղին նույնպես ընդհանրապես չոր էր: Ահնհար էր պարզել էկոլոգիական թողքի քանակի համապատասխանությունը ջրօգտագործման թույլտվության պայմաններին:

  3. Աղստև գետի Գետիկ վտակի վրա «Էյէնդիջի Սթայլ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող «Գետիկ ՓՀԷԿ-4»-ի ջրընդունիչ կայանի ձկնուղով չնայած ջուր անցնում էր, սակայն այն վերևի մասում փակված էր փայտի մեծ կտորով՝ ինչն անհնար էր դարձնում ձկների տեղաշարժը երկու ուղղություններով էլ: Այստեղ նույնպես հնարավոր չէր պարզել էկոլոգիական թողքի քանակի համապատասխանությունը ջրօգտագործման պայմաններին:

Բնապահպանական ճակատը գտնում է, որ նախարարությունը պետք է շատ ավելի նախաձեռնող գտնվի և առաջարկի կառավարությանը միառժամանակ ձեռնպահ մնալ նոր ՓՀԷԿ-երի նախագծերի քննարկումից, քանի դեռ չեն գտնվել լուծումներ արդեն իսկ առաջ եկած խնդիրներին և չեն ընդունվել իսկապես էկոհամակարգային մոտեցումներ ապահովող օրենսդրական ակտեր, որոշումներ և չափորոշիչներ: Ինչպես նաեւ պետք է անհապաղ մշակել և ընդունել մասնագիտորեն հիմնավորված բնապահպանական նորմեր ու ինժեներա-տեխնիկական չափորոշիչներ, որից հետո նոր միայն մտածել նոր ՓՀԷԿ-երի կառուցման մասին: Իսկ բոլոր շահագործվող ՓՀԷԿ-երը պետք է իրենց գործունեությունը համապատասխանեցնեն այդ նոր նորմերին և չափորոշիչներին:



Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter