HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիրիահայ վարսավիր. «Կյանքը Հայաստանում հեշտ չէ»

Երևանյան վարսավիրանոցներից մեկում է աշխատում սիրիահայ վարսավիր Րաֆֆի Էլյասը: Արմատներով Այնթապից է, 1915 թ. ջարդերի ժամանակ մեծ հայրը ստիպված է եղել «յան» վերջածանցից հրաժարվել:

Րաֆֆիի հետ պատահաբար ծանոթացա ընկերներիցս մեկի միջոցով: Մինչ Րաֆֆին նրա սանրվածքն էր շտկում, հետևում էի նրա աշխատանքին: Նախ, հաճախորդներին տեսնելով մուտքի մոտ, անմիջապես ոտքի է կանգնում, ժպիտով բարևում, բայց ոչ այնպիսի ժպիտով, որից հետո միանգամից անփույթ վերաբերմունք է հաջորդում: Սանրվածքը կարող է քննարկել հաճախորդի հետ: Ասում է՝ շատ դեպքերում նրանք առաջարկում են մազերի այնպիսի կտրվածքներ, որոնք չեն սազի իրենց, դրա համար իր տեսակետը միշտ հայտնում է: Աշխատանքի ընթացքում նրբանկատորեն է վերաբերվում տրվող հարցերին, եթե նույնիսկ մազը վատորակ է, զգուշությամբ է ասում, այնպես, որ հաճախորդին չվիրավորի:

16 տարի է՝ վարսավիրությամբ է զբաղվում: Հարդարում է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց մազեր, բայց ավելի շատ նախընտրում է կանանց վարսերի հետ աշխատանքը: «Այն ավելի բազմաճյուղ է,- ասում է,- և՛ կտրվածքներ կան, և՛ գույներ»:

«Մազի հետ աշխատանքը սիրում եմ, հաճույքով եմ անում գործս»,- ասում է Րաֆֆին: Հայաստանի և Սիրիայի վարսահարդարման ոճերը տարբեր են, բայց երկու տեղում էլ կարևորը մասնագետ լինելն է:

Հայաստան է եկել 5 ամիս առաջ՝ կնոջ ու 6-ամսական դստեր հետ: Այս մասին պատմելիս միանգամից սակավախոս է դառնում: Ասում է՝ սիրիական պատերազմը հոգեբանական խնդիրներ էր առաջացնում: «Ահավոր է, երբ ամեն պահ սպասում ես ռումբի պայթյունի»,- նշում է նա: Ապրում էին Հալեպում, այնտեղ նույնպես վարսավիրություն էր անում: Րաֆֆիի խոսքով՝ Սիրիայում ամեն ինչով ապահովված էին՝ տուն-տեղ ունեին, աշխատանք, բայց իրավիճակն այնպես սրվեց, որ ստիպված էր հեռանալ: «Մեր երկրի պես երկիր չկար աշխարհում: Մեր նախագահն ընտիր մարդ էր, ինքը հայերին շատ էր սիրում, մենք այդ մարդուց վատ բան չենք տեսել: Շատերն ասում են՝ լավը չէ, բայց այդպես չէ, արաբներն իր դեմ խոսեցին, շատ գեշ բաներ արեցին, և արժանի չէր Սիրիան, մանավանդ` Հալեպը, որ օրհնված է, այս կրակոցներին, այս պայթյուններին, այս վատ-վատ բաներին»,- ասում է սիրիահայ վարսավիրը:

Նրա խոսքով՝ Հայաստան դժվարությամբ եկան, վատ օրերի միջով անցնելով` եկել են, գոհ են, որ առողջ են: Դժվարությունների մասին եմ հարցնում, ժպտում է, կրկնում է քիչ առաջվա խոսքերը, որ «կարևորը ողջ-առողջ են»: Հետո լռում ենք: Հարևան սրահում լսվում է վարսավիրների մկրատների ձայնը, ֆեների՝ ինքնաթիռի նմանվող աղմուկը: Մեր զրույցի համար տեղափոխվել էինք հարևան սրահ: «Հարմարվե՞լ եք հայաստանյան կյանքին»,- հարցնում եմ նրան: Նորից ժպտում է: «Կամաց-կամաց հարմարվում ենք, կյանքն այստեղ հեշտ չէ, մենք այնտեղ ամեն ինչով ապահովված էինք՝ լինի գործով, տուն-տեղով, բայց հիմա ահավոր վատ ենք, չունենք այդ պայմանները: Մի խոսքով... Բայց այն, որ կյանքի մեջ ենք, ապահոված ենք, արդեն ամեն ինչ է»,- ասում է նա:

Րաֆֆին ամենամեծ դժվարությունը համարում է տուն չունենալը: Ընտանիքի հետ վարձով է բնակվում: «Շատ-շատ եմ տանջվում, օրուգիշեր աշխատում եմ, որ տանս վարձը կարողանամ փակել»,- նշում է նա, հետո ավելացնում, որ հնարավոր է` Հայաստանից տեղափոխվի կա՛մ Ֆրանսիա, կա՛մ Անգլիա: Դեռ մտածում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter