HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարածաշրջանի անորոշությունների եւ փակուղիների պուտինյան տրանսֆորմացիան-1

Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

Օգոստոսի 10-ից հետո տարածաշրջանում ու դրանից դուրս քննարկվող գլխավոր հարցն է՝ ի՞նչ ազդեցություն կունենա Սոչիում կայացած Պուտին-Սարգսյան-Ալիեւ հանդիպումը Կովկասում ու ղարաբաղյան հակամարտության հետագա զարգացումների դինամիկայի վրա, եւ ի՞նչ շարունակություն ու ձեւեր կընդունի ռուսական հերթական նախաձեռնությունը:

Այդ համատեքստում առանցքային հարցերից է, թե արդյո՞ք հիշյալ հանդիպումը հանգուցալուծեց այն անորոշություններն ու փակուղիները, որոնք բոլոր կողմերի մոտ խորացան օգոստոսի առաջին տասնօրյակում՝ Հայաստան-Ադրբեջան, Արցախ-Ադրբեջան ողջ սահմանագծի երկայնքով Ալիեւի վարչախմբի սանձազերծած աննախադեպ ռազմա-քաղաքական արկածախնդրությունից ու լարվածությունից հետո:

Մինչեւ եռակողմ հանդիպումն առկա մեծ անորոշությանը, այն է՝ արդյո՞ք լայնամասշտաբ պատերազմի դիպաշարն անխուսափելի է, գրեթե չի զիջում հետսոչիյան անորոշությունը, սակայն` արդեն այլ տեսքով: Որքան էլ հայ-ադրբեջանական սահմանին ու հակամարտ զորքերի շփման գծում լարվածությունը դրանից հետո էապես նվազեց, այդուհանդերձ, այսօր էլ միանշանակ չէ՝ Սոչիի հանդիպումն իսպառ կանխե՞ց լայնամասշտաբ ռազմական բախումը, թե՞ ընդամենը միառժամանակ հետաձգեց այն, եւ, որքա՞ն ժամանակով:

Իրավիճակն ավելի քան խրթին է այն պարզ պատճառով, որ հանդիպման արդյունքում չընդունվեց համատեղ հայտարարություն, ինչպես նախկինում էր պատահում, որը թեկուզեւ թույլ արտահայտված, բայց հանձնառություններ ու պարտավորություններ կսահմաներ կողմերի համար եւ թույլ կտար դատողություններ կատարել դրանց կատարման կամ չկատարման ռիսկերի կապակցությամբ:

ՌԴ նախագահի հովանու ներքո կայացած հանդիպմանը հաջորդած հայտարարությունները, դրա առնչությամբ տարածված մամլո հաղորդագրությունները, հայկական ու ադրբեջանական կողմերից որոշ մանրամասների բարձրաձայնումները, ինչպես նաեւ՝ հետսոչիյան զարգացումները թույլ են տալիս առայժմ նախնապես ամփոփել տեղի ունեցածը:

Իսկ հանդիպման նշանակությունն ու արդյունքները համակողմանի վերլուծելու համար, թերեւս, անհրաժեշտ է ոչ միայն քննարկված հարցերի, այլ նաեւ մինչեւ այդ ծավալված զարգացումների ամփոփ վերլուծություն: Դա թույլ է տալիս նոր լույսի ներքո դիտարկել անցած ամիսների անցուդարձը կամ վերհանել դրանց այնպիսի շերտեր, որոնք նախկինում նկատելի չէին կամ այլ կերպ էին երեւում:

Ի վերջո, ոչ պակաս կարեւոր է հենց այս վերջին զարգացումների հիման վրա հասկանալ, թե ի՞նչ գործոնների համակցության դեպքում կարող են վերսկսվել ռազմական գործողությունները, կամ ո՞ր գործոնները կանխեցին այն, ինչպիսի՞ն է դրանցից յուրաքանչյուրի կշիռը գործոնային ողջ համախմբում, եւ դեռեւս ի՞նչ կարող ենք սպասել Ադրբեջանից:

Արեւմուտքի ու Ռուսաստանի «ղարաբաղյան մարաթոնը»

Այն, որ Սոչիի հանդիպումն անակնկալ «հրավիրվեց» ՌԴ նախագահ Պուտինի կողմից, իսկ պաշտոնական Երեւանն ու Բաքուն էլ արագ համաձայնեցին առաջարկին, ինքնին խոսուն է:

Արեւմուտք-Ռուսաստան խոր դիմակայության խորապատկերին այն ոչ անհիմն կերպով դիտարկվեց իբրեւ հակամարտության, դրա կողմերի վրա մենիշխան ազդեցություն հաստատելու, դա ընդգծելու եւ կրեմլյան շահերը բավարարելու քայլ: Իսկ Ռուսաստանն այդպիսի անհրաժեշտություն ուներ առկա իրավիճակի օբյեկտիվ ու սուբյեկտիվ ընկալումների պատճառով, որոնք նրա համար ստեղծել էին անորոշություններ՝ հարուցելով տարատեսակ վախեր ու մտահոգություններ: Կրեմլի կարծիքով, ծավալվող զարգացումներն անուղղակիորեն վտանգում էին Կովկասում իր նոր քաղաքականությունը:  

Երկու տարի դադարեցված բանակցային գործընթացը վերսկսելու իր մտադրության մասին Վաշինգտոնը բարձրաձայնեց անցած տարվա օգոստոսին. ԵԱՀԿ Մինսկի խմբում Ջեյմս Ուորլիքին նշանակելու մասին պաշտոնական Երեւանին ու Բաքվին հանձնված ԱՄՆ պետքարտուղարի նամակում Բարաք Օբամայի անունից հստակ նշվել էր այդ մասին: Սեպտեմբերի սկզբին տարածաշրջան իր առաջին այցը կատարած Ուորլիքը թե՛ պաշտոնական հանդիպումներում, թե՛ հրապարակային հարցազրույցներում վերահաստատեց նախագահների հանդիպում կազմակերպելու իր առաջադրանքը:

Նախորդ բանակցային շրջափուլը (2009-2011) գերազանցապես ընթացել էր ՌԴ նախագահի ակտիվ միջնորդությամբ ու հովանու ներքո (Մայենդորֆ, Կազան, Սանկտ-Պետերբուրգ, Սոչի) եւ պսակվել անհաջողությամբ. 2011թ. գարնանից Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման շուրջ Երեւանի, Ստեփանակերտի ու Բաքվի միջեւ ծավալված օդային թեժ կրքերը, ապա 2012-ի ամռան վերջին Հունգարիայի կառավարության կողմից բուդապեշտյան ոճրագործ Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն ու Ադրբեջանում նրա հերոսացումը իսպառ փակեցին կողմերի միջեւ քաղաքական երկխոսության բոլոր պատուհանները: Այդ ժամանակ էլ կողմերը չափազանց մոտ էին ռազմական բախման, սակայն միջազգային հանրության հորդորով Երեւանն ու Ստեփանակերտը տեղի տվեցին՝ ետ կանգնելով Երեւան-Ստեփանակերտ ուղիղ թռիչքի իրականացման մտքից, որին Բաքուն սպառնում էր օդային պատերազմով:

Բանակցային գործընթացի երկամյա դադարը հաջորդաբար երկարեց 2013-ին գարնանը Հայաստանում, իսկ աշնանը՝ Ադրբեջանում նախագահական ընտրությունների պատճառով: Եւ ահա, 2013-ի ամռանից ամերիկյան կողմն այն վերսկսելու նախաձեռնություն ցուցաբերեց: Մոսկվայում դա ընկալվեց որպես հակամարտության կարգավորումն իր գերակա ազդեցությունից դուրս բերելու քայլ՝ դրանից բխող մտահոգությամբ:

Գործնականում, Վաշինգտոնի կողմից այդպիսի նպատակադրումը քաղաքական մի այնպիսի շրջանում, երբ Ռուսաստանի քաղաքականությունը Արեւելյան գործընկերության տարածքում Արեւմուտքի համար մտահոգիչ դրսեւորումներ էր ստանում, իր հիմնավորումն ուներ: Գարնանից մեկնարկած ու ամռանը թեժացած ռուս-ուկրաինական տարատեսակ առեւտրային պատերազմները վկայելու էին գալիս, որ Կրեմլը նպատակ է դրել տապալել ԵՄ Արեւելյան գործընկերության քաղաքականության հաջորդ էտապը՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի ու Հայաստանի եվրաասոցացումն ու նրանց հետ ազատ առեւտրի գոտու ստեղծումը:

Բոլորին էլ հասկանալի էր, որ զարգացումները չեն սահմանափակվելու միայն Ուկրաինայի համար Արեւմուտք/Ռուսաստան պայքարով: Մոսկվայի կողմից թիրախի տակ էին վերցվել ԱլԳ մասնակից բոլոր երկրների աքիլլեսյան գարշապարերը՝ ռուսական շուկայից նրանց տնտեսությունների կախվածությունը, Ռուսաստանում ունեցած էթնիկ համայնքները, էներգետիկ-գազային կախվածությունը, անջատողական դրսեւորումներն ու չլուծված հակամարտությունները:

Հայաստանի պարագայում այդ բոլոր գործոնների շարքում ամենաէականը ղարաբաղյան հակամարտությունն էր: 2013-ի հունիսին Մոսկվան ու Բաքուն «հրապարակային» դարձրին ռուս-ադրբեջանական 4 մլրդ դոլարանոց ռազմատեխնիկական գործարքի շրջանակներում Ադրբեջանին հարձակողական սպառազինությունների հերթական խմբաքանակի (1 մլրդ դոլար) մատակարարման փաստը: Դա եւ բնական գազի խնդրով Երեւանի համար ստեղծված փակուղիները արդեն բավարար էին Հայաստանի վախերը մեծացնելու ու նրան եվրասիական նախագիծ մտցնելու համար, ինչի մասին էլ Մոսկվայում հայտարարվեց սեպտեմբերի 3-ին:

Միաժամանակ, Բաքվի գերկենտորանոցումը սպառազինման հարցերի վրա նույնպես ընկալվում էր իբրեւ Արցախի համար Հայաստանի հետ նոր պատերազմին լրջորեն նախապատրաստություն, ինչը չէր կարող չմտահոգել Արեւմուտքին: Ուստի, վերջինս, իբրեւ այդ ամենին հակակշիռ, պետք է ակտիվացներ այնպիսի գործիքներ, որոնք առնվազն թույլ կտային կառավարելի պահել իրավիճակը: Իսկ կովկասյան տարածաշրջանի դինամիկայի վրա ազդելու ամենագործուն միջոցը մնում էր անվտանգության խնդիրների խողովակը՝ ղարաբաղյան բանակցային գործընթացն ու դրա վերսկսումը:

2014-ի տարեսկզբից Արեւմուտքի նկատելի շտապողականության վրա ազդեց ոչ միայն դեպի Եվրասիական/Մաքսային միություն Հայաստանի հայտարարված արտաքին քաղաքական վեկտորի կյանքի կոչումը՝ ի դեմս հունվարից իրականացվող «Ճանապարհային քարտեզի», այլեւ փետրվարից սկսյալ ղրիմյան ճգնաժամն ու Ռուսաստանի քաղաքականության փոփոխությունը հակամարտությունների հարցում:

Վերջին զարգացումների լույսի ներքո այժմ ավելի լավ է տեսանելի, թե որքան հիմնավոր էին Արեւմուտքի մտահոգությունները, քանի որ պատկերացող հիմնական դիպաշարերը պատերազմի մասին էին:

Երկու անցանկալի դիպաշար, կամ՝ պատերազմի եւ պատերազմի միջեւ

Ղրիմի հանրաքվեն ու նրա միացումը Ռուսաստանին մի շարք անորոշություններ ստեղծեցին Արեւմուտքի համար: Իրավիճակը կարող էր զարգանալ մի քանի ուղղություններով, որը դասական բիֆուրկացիայի վիճակ էր:

Ամենահավանական դիպաշարի դեպքում Հայաստանը կարող էր Ռուսաստանի հանգույն ճանաչել Արցախը, որի թույլ նշաններ նկատել էին. Երեւանը ցույց էր տալիս, թե դեմ չի լինի, եթե նման գործընթաց սկսվի Արցախի դեպքում, իսկ Ստեփանակերտն էլ ոգեւորված էր տեղի ունեցածով ու անգամ պաշտոնական հանդիսություններ կազմակերպեց: Այս դիպաշարի առավել բարդ տարբերակի դեպքում Ռուսաստանն ինքն էլ իբրեւ Հայաստանի դաշնակից ու ղրիմյան նախադեպի կնքահայր կարող էր միանալ ճանաչման գործընթացին՝ Հայաստանին ավելի ամուր աքցանելով ռուսական քաղաքականությունը սատարող երկրների ակումբում, որում Հայաստանը հայտնվեց մարտին ՄԱԿ գլխավոր վեհաժողովում Ուկրաինային վերաբերող բանաձեւի քվեարկության ժամանակ:

Ռուսաստանի նման վարքագծի ռիսկ էին ստեղծում ոչ միայն Ղրիմի, այլեւ անջատողական այլ տարածաշրջանների ժողովուրդների ինքնորոշման իրավունքն ու կամաարտահայտությունը հարգելու մասին ՌԴ ղեկավարների ընդգծված հայտարարություններն ու թափանցիկ ակնարկները: Դեպքերի այսպիսի զարգացման դեպքում հավանական էր դառում, որ Ադրբեջանը կպատասխանի պատերազմով:

Երկրորդ դիպաշարի դեպքում Արեւմուտքից, միջազգային հանրությունից, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբից հիասթափությունների խորապատկերին Ադրբեջանն ինքը կարող էր Ռուսաստանի հանգույն ներխուժել Արցախ, հատկապես երբ հարձակողական սպառազինությունների ձեռքբերման նպատակը հենց դա էր: 2008թ. վրաց-ռուսական պատերազմից, այժմ էլ 2014թ. ղրիմյան դեպերից հետո Ադրբեջանում կարելի էր լսել նաեւ այնպիսի եզրահանգումներ. «եթե ուժեղ ես, ապա կարող ես վերցնել այն, ինչ կարող ես/ուզում ես» եւ «ուժեղին ու հաղթողին չեն դատում»:  Որքան էլ սխալական, այդուհանդերձ Բաքվի քաղած դասերը Կերմլի քաղաքականությունից նաեւ այդպիսին էր, որը չափազանց հոգեհարազատ էր Ալիեւի արցախյան ռազմավարությանը:  

Թերեւս, օգոստոսին կանխվածը հենց այս դիպաշարն էր: Այս մի դեպքում բարդ էր կանխատեսել Ռուսաստանի հնարավոր վարքագիծը. Մոսկվան բացահայտ կպաշտպանե՞ր հայկական կողմերին իբրեւ ՀԱՊԿ դաշնակից ու ռազմավարական գործընկեր, թե՞ կթողներ, որպեսզի իրավիճակն այն աստիճան բարդանար, որ միակ լուծումը մնար ռուսական ռազմական կոնտինգենտի տեղաբաշխումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ եւ առաջին հերթին Արցախի հետ սահմանագծին, այդ կերպ փաստացի ներկայություն ստանալով նաեւ Ադրբեջանում: Այսպիսի ելքը այնքան էլ հիպոթետիկ եւ անիրական չէր, քանի որ մինչեւ օգոստոսյան իրադարձությունները ԶԼՄ-ներում տեղեկատվություն եղավ, որ նման ակնարկներ ռուսական կողմից արվել են թե Ստեփանակերտին, թե Բաքվին:   

Ղրիմյան դիպաշարի պատճառով Արեւմուտքի համար կար նաեւ մեկ այլ լուրջ մտահոգություն, որի մասին չի խոսվել այնպես, ինչպես որ դա նկատելի է այժմ: Ուկրաինայի շուրջ Արեւմուտք-Ռուսաստան դիմակայությունից հետո շատերը կանխատեսեցին, որ այդ հակադրությունը կպրոյեկտվի նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա: Իսկ եթե միջնորդ երկրները լուրջ հակասության մեջ են, ապա ոչ միայն լուծման վերաբերյալ միասնական դիրքորոշումն իրատեսական չէ, այլեւ հավանական է սպասել կա՛մ սաբոտաժ, կա՛մ բացահայտ/անբացահայտ դեստրուկտիվ գործունեություն մրցակցի կողմից: Այս համատեքստում միանգամայն տեսանելի վտանգ էր պատկերանում Ռուսաստանի կողմից նախկին պայմանավորվածություններից հրաժարումը:

Խնդիրն այն է, որ Ուկրաինայում կատարվածի պատճառով G8-ից Ռուսաստանի վտարումը (ամիսներ առաջ դեռեւս դրա սպառնալիքն էր) կարող էր հանգեցնել նրան, որ վերջինս էլ որպես հակաքայլ կարող էր հրաժարվել բոլոր այն հայտարարություններից, որոնք նա G8-ի շրջանակներում արել է ԱՄՆ, Ֆրանսիայի նախագահների հետ: Ի վերջո, ղարաբաղյան բանակցային գործընթացի համար չափազանց կարեւոր քաղաքական շրջանակ են մնում լ’Աքվիլայի, Մուսկոկայի, Դովիլի, Լոս Կաբոսի և Էնիսկիլենի հայտարարությունները:

Եթե Ռուսաստանը Ուկրաինայի պարագայում իրեն դուրս դրեց 1994թ. Բուդապեշտյան մեմորանդումից ու դրա շրջանակներում ստանձնած պարտավորություններից, ապա շտ ավելի հեշտությամբ կարող էր հրաժարվել վերոնշյալ հայտարարություններից, հատկապես, երբ ինքը չէր դուրս եկել G8-ի ձեւաչափից, այլ իրեն էին դուրս դրել: Հետեւաբար, եթե աշխարհաքաղաքական զարգացումների բերումով ու հակամարտությունների խնդրով իր նոր քաղաականության արդյունքում Ռուսաստանը հրաժարվեր դրանցից, ապա անցած տարիների բանակցային գործընթացն իր արդյունքներով վստահաբար կարելի էր պատմության գրիկն ուղարկել:  

Ահա թե ինչն էր անհանգստացնում Արեւմուտքին գարնանը եւ ինչու էր շտապում հրավիրել նախագահների գագաթաժողով ղարաբաղյան խնդրով: Արդեն մարտի վերջին Հաագայում միջուկային անվտանգության միջազգային համաժողովի շրջանակներում նախագահներ Ալիեւն ու Սարգսյանը վերջապես դեմ առ դեմ հանդիպելու սկզբունքային համաձայնություն տվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին եւ խոստացան ժամկետները համաձանեցնել մոտ ապագայում:

Վաշինգտոնի զոնդաժը (հետախուզումը)

Ապրիլին ոչ միայն համանախագահների կողմից հայտարարություններ արվեցին հակամարտության կարգավորման գործում առաջընթաց արձանագրելու անհրաժեշտության մասին, այլեւ կողմերի ու շահագրգիռ դերակատարների դիրքորոշումների լուրջ հետախուզում իրականացվեց:

Այդ նպատակով մայիսի 7-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում ունեցած իր ելույթով հասկացնել տվեց, որ քանի դեռ կողմերից որեւէ մեկը չի մերժել սեղանին դրված Մադրիդյան առաջարկները, ապա սպասվող հանդիպմանը օրակարգում կլինեն հենց դրանք: Երեք տարվա դադարը մեծ անորոշություն էր ստեղծել նաեւ այն առումով՝ արդյո՞ք հակամարտության կողմերից՝ Ադրբեջանից, Արցախից ու Հայաստանից մինչեւ դրա մեջ շահեր ունեցող դերակատարները՝ Ռուսաստանը եւ Թուրքիան հետաքրքրված են ոչ միայն բակացությունների վերսկսմամբ, այլ նաեւ սառեցված օրակարգով: 

Քայլը ճշգրիտ էր հաշվարկված. նախկինում թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերն այն հիմք էին ընդունել բանակցությունների համար եւ երկար ժամանակ քննարկել դրա տարբեր մոդիֆիկացիաները: Ասել է, թե ԱՄՆ համանախագահը փորձում էր ոչ միայն ակտիվացնել սառեցված բանակցություններն ու Մինսկի խմբի ձեւաչափը, այլ նաեւ դա որպես օրակարգ էր պարտադրում բանակցային նոր փուլի համար, միաժամանակ՝ յուրօրինակ եղանակով հետախուզում իր համար ցանկալի դիրորոշումները:

Վաշինգտոնը նաեւ մեկ ուշագրավ հնարքի դիմեց. Ուորլիքն իր զեկույցում հանրահայտ վեց կետերը ներկայացրեց որպես ԱՄՆ պաշտոնական քաղաքականություն ղարաբաղյան խնդրով, թեպետ այն նույն տրամաբանությամբ կարող էր համարվել նաեւ Ռուսաստանի ու Ֆրանսիայի պաշտոնական դիրքորոշում, քանի որ երեք երկրների նախագահները դրանց ներքո քանիցս ստորագրել էին տարբեր քաղաքներում: Վաշինգթոնն այդ կերպ ցանկանում էր ստուգել նաեւ, թե որքանո՞վ են մյուսները, մասնավորապես՝ Մոսկվան տեր կանգնում իր ստորագրությանը, ինչպես նաեւ կողմերին հստակորեն հասկացվում էր, թե նրանցից յուրաքանչյուրը առավելագույնը ի՞նչ կարող է սպասել Վաշինգթոնից: Իսկ դա անհրաժեշտություն էր ԱՄՆ-ի համար, քանի որ ոչ միայն տարիների ընթացքում, այլեւ նույն ղրիմյան զարգացումների պատճառով հակամարտության կողմերի, նաեւ Ռուսաստանի ախորժակը բավական փոխվել էր:   

Մինչ պաշտոնական Բաքուն եւ Երեւանը կողմնորոշվում էին, թե ինչպես արձագանքել ամերիկյան կողմի միջնորդական «գրոհին», ի շարունակություն այդ ամենի, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջոցով մայիսի 12-13-ին Երեւան ու Բաքու բերվեց Փարիզում Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով երկու նախագահների հանդիպման առաջարկը: Հայաստանի նախագահն անհամեմատ ավելի ընդգծված պատրաստակամությամբ, իսկ Ադրբեջանի նախագահը՝ սառը, բայց պարտադրված ընդունեցին այն:

Բանակցային ձեւաչափին ու հիմքին Մոսկվան պաշտոնապես համախոհություն հայտնեց Մինսկի խմբի եռանախագահների ձեւաչափում, թեպետ մերձկրեմլյան փորձագետները այլեւս Մադրիդյան առաջարկները դիտում էին որպես Կոսովոյի մոդելի կրկնություն Արցախի դեպում, անգամ Երեւանին մեղադրելով նրանում, որ նա իր համաձայնությունն է տվել Արեւմուտքին այդ հարցում: Մինչդեռ, ռուս փորձագետները պնդում էին, որ դրա արդյունքում տուժում են Մոսկվայի շահերը, իսկ Երեւանն էլ միամիտ հույսեր է փայփայում, թե Արցախը կհայտնվի Կոսովոյի դերում, այլ ոչ թե ինքը՝ Սերբիայի:  

Ինչեւէ, հակամարտության կողմերի սկզբունային համաձայնությունը նախագահական գագաթաժողովի համար առկա էր, տեղը՝ Փարիզը հայտնի, մադրիդյան օրակարգը՝ հուշված ու պարտադրված, մնում էր սոսկ ժամկետները համաձայնեցնել: Սակայն, փաստ էր, որ ոչ բոլորն են շտապում դեպի Փարիզ եւ ամեն մեկը դրա համար իր պատճառներն ուներ...

Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter