HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շարունակաբար առաջադիմող աշխարհի առաջնությունները

Հայկ Դավթյան

Այս տարվա հունիսի 12-ից մինչեւ հուլիսի 13-ը ֆուտբոլի երկրում` Բրազիլիայում, ուր նորածնին առաջինը գնդակ են նվիրում, կայացավ թվով 20-րդ ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: 2010-ի Հարավաֆրիկյան առաջնությունից հետո մասնագետներն ու երկրպագուները միանգամից սկսեցին պնդել, որ գալիք` 2014-ի մունդիալը շատ ավելի լավը, ավելի դիտարժան ու թեժ է լինելու, քան նախորդ` 2010-ի առաջնությունը: Նրանց կանխատեսումներն իրականացան, որովհետեւ այս տարվա Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հաջողվեց զերծ պահել նախորդի թերություններից. նախորդ մունդիալի խաղերի ժամանակ հնչող վուվուզելների խլացնող ձայնը լռեցնել չհաջողվեց անգամ ֆուտբոլի հեղինակավոր դեմքերի միջամտությամբ: Երկրորդ պատճառը կապված էր կլիմայական պայմանների հետ: Ինչպես հայտնի է, մունդիալներն անցկացվում են ամռանը, խաղերն էլ տեղի են ունենում երեկոյան ժամերին, որպեսզի թե եղանակը զով լինի եւ թե մարդիկ ողջ աշխարհում հնարավորություն ունենան հեռուստացույցի առջեւ նստած հետեւել իրենց սիրելի հավաքականների խաղին:

Իհարկե, եղանակը չլինելով մարդկային գործոն, չար կատակ խաղաց ֆուտբոլիստների հետ: Հեռուստադիտողների տեսանկյունից ամեն բան հաջող էր, խաղերը տեղի էին ունենում երեկոյան եւ գիշերային ժամերին, սակայն նույն այդ ժամերին, երբ ընթանում էին խաղերը, ջերմաստիճանը շատ հաճախ մոտ էր լինում բացասականին (նշեմ, որ ֆուտբոլային ջերմաստիճանը տատանվում է 14-20 աստիճանի սահմաններում, ըստ Ցելսիուսի սանդղակի): Հետեւանքը լինում էր այն, որ խաղացողները դաշտում ինչքան էլ ջանային ցուցադրել իրենց լավագույն խաղը, միեւնույնն է, դա անել նրանց այդպես էլ չէր հաջողվում:

Երրորդ հիմնական պատճառը Ջաբուլանի կոչվող գնդակն էր: Դեռ այն ժամանակ, երբ ՖԻՖԱ-ն Ջաբուլանի գնդակներ հանձնեց հավաքականներին` մարզումների ժամանակ սպասվող հանդիպումներին պատրաստվելու համար, հավաքականների մարզիչներն ու մեծ թվով խաղացողներ բարձրաձայն իրենց դժգոհությունն արտահայտեցին այդ գնդակի վերաբերյալ: Պատճառը Ջաբուլանիի անտրամաբանական հետագիծն էր, որը մեծապես դժվարացնում էր դարպասապահների գործը: Ասվածի լավագույն օրինակը G խմբի Բրազիլիա-Հյուսիսային Կորեա հանդիպման ընթացքում բրազիլացիների աջ եզրային պաշտպան Մայկոնի  հեղինակած գոլն է:

Այժմ խոսենք 2014 թ.-ին տեղի ունեցած առաջնության մասին. ավելորդ անգամ չարժե նշել, որ մասնագետների ու երկրպագուների սպասելիքները լիովին արդարացան: Մեկամսյա մունդիալի ընթացքը թեժ էր ու գրավիչ նույնիսկ այն երկրպագուների համար, ովքեր չէին գտնվում բրազիլական քաղաքներում: Դիտարժան խաղի մասին պատկերացում կազմելիս օգնության են հասնում նույնիսկ թվերը` մունդիալ 2014-ի ընթացքում խփված 171 գնդակներն ընդդեմ 2010-ին խփված 145-ի:

Հիմնական ֆավորիտներն ի սկզբանե պարզ էին, սակայն, իհարկե կասկածից վեր էր, որ լինելու է հավաքական կամ հավաքականներ, որոնք անելու են ավելին, քան այն, ինչ նրանցից սպասում են, եւ անկասկած մունդիալը մունդիալ չէր լինի, եթե չլիներ անսպասելիորեն սայթաքած ֆավորիտ: Անհաջողակի դերն այս առաջնությունում ստանձնեց գործող չեմպիոն Իսպանիայի ազգային հավաքականը:

Այս առաջնությունը նախորդներից տարբերվեց նրանով, որ հավաքականներին առաջ շարժվելու համար բավարար չէր միայն մեծ ցանկությունն ու որոշ խաղացողների անհատական բարձր վարպետությունը: Կարեւորագույն գործոնն այս անգամ հանդիսացավ թիմային միասնությունը: Սա էլ փաստվեց Կոստա Ռիկայի ազգային ընտրանու օրինակով, որն իր կազմում չունենալով ֆուտբոլային հանրությանը քաջածանոթ եւ ոչ մի գերաստղ, եւ մեկ խմբում ընդգրկված  լինելով այնպիսի հավաքականների հետ, ինչպիսիք են Իտալիան, Անգլիան եւ Ուրուգվայը` գրավեց ոչ ավել, ոչ պակաս առաջին հորիզոնականը: Չբավարարվելով դրանով կոստառիկացիները շրջանցելով հույներին` հասան ¼-րդ եզրափակիչ, որտեղ նրանց անհավանական առաջխաղացումը կանխել հաջողվեց հոլանդացիներին, այն էլ միան հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի միջոցով:

Մունդիալի մյուս առանձնահատկությունը դարպասապահների չափազանց մեծ դերակատարումն էր թիմային խաղում: Հաճախ միայն հենց այդ օղակի խաղացողների միջոցով էին հավաքականները կարողանում հաղթանակների հասնել: Անունները շատ են` Մանուել Նոյեր, Կեյլոր Նավաս, Թիմ Կռուլ: Առաջնությունն իր ավարտին հասավ հուլիսի 13-ին տեղի ունեցած եզրափակիչով, որտեղ մրցեցին գերհզոր գերմանցիներն ու Լեո Մեսսիի հետեւից «քարշ եկող» արգենտինացիները: Ինչպես սպասում էր մասնագետների ու երկրպագուների մեծամասնությունը` հաղթանակեց գերմանական կարգապահությունը:

Առջեւում 2018 թ. ռուսական մունդիալն է. հավաքականներն իրենց տրամադրության տակ 4 տարի ունեն վերակազմավորվելու եւ ֆուտբոլային Օլիմպոսը նվաճելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter