HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հաջողությունն ինքն իրեն չի ստացվում` աշխատանքով է»,- ասում է Կարմիր Աղեկ գյուղի ամենահաջողակ ֆերմերը

Լոռու մարզի Օձունի շրջանի Կարմիր Աղեկ գյուղը, համայնքապետի տվյալներով, 200 բնակիչ ունի: Գյուղի 140 հա վարելահողն ամբողջությամբ մշակվում է: «Մեր հարևան համայնքներում էլ մեր գյուղացիները մի 60-70 հա վարձակալած հողեր ունեն: Մենք 200 հա հող ենք մշակում»,- հայտնեց գյուղապետ Վաչիկ Հովհաննիսյանը: Օձունում և ենթաշրջանի Ծաթեր, Մղարթ, Այգեհատ և մյուս գյուղերում տարիներ շարունակ հողն անմշակ էր: «էն ժամանակ, երբ մենք վարձակալությամբ հողի մեծ քանակ էինք վերցնում, մյուսները դեռ չէին պատկերացնում, թե դա ինչ է: Հիմա, մեզ նայելով, արդեն մյուս հողատերերն էլ են ակտիվացել, հիմա հողի համար պայքար է գնում: Ծաթերի հողատարածքը, որ մեծածավալ անմշակ տարածք էր, արդեն մրցակցություն է սկսվել, նույնիսկ գալիս են մեր ձեռքից էլ են փորձում հող խլել»,- պատմեց ֆերմեր Վասիլ Դավթյանը:

Երիտասարդ Վրեժ Երեմյանը 2004 թ. զինվորական ծառայությունն ավարտելուց հետո մեկնել է Ռուսաստան` աշխատելու: Վրեժը 4 տարի հետո է հասկացել, որ փողն ու հարստությունը հողի մեջ է և վերադարձել է հայրենի Կարմիր Աղեկ: Վրեժին հանդիպեցինք իր կարտոֆիլի դաշտում`կանգնած էր կարտոֆիլը հավաքող բանվորների մեջ, կեսօրի այրող արևի տակ` քրտնքի մեջ կորած: «Բերքս որ ասեմ՝ շատ վատ է, վատ չի, բայց լավ էլ չի: Մի 2 տոննա կարտոֆիլ եմ ցանել, ստացել եմ 10 տոննա: Նախորդ տարիներին այստեղից մինչև 32 տոննա կարտոֆիլ եմ ստացել: Այս տարի սերմացուն անորակ է դուրս եկել: Էս հողը նորմալ դեպքում գոնե 15 տոննա կարտոֆիլ պետք է տար»,- ասաց նա: 1,5 հա վրա նա նաև ցորեն է ցանել: «Անցյալ տարի այդ հողում կարտոֆիլ էի ցանել, այս տարի ցորեն ցանեցի, հա-ից 60 ցենտներ ցորեն եմ ստացել»,- ասաց ցորենի բերքից գոհ երիտասարդ հողատերը:

Վրեժը զբաղվում է նաև անասնապահությամբ` 50 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունի: Անասնապահության հարցով տղային հայրն է օգնում՝ գյուղի նախկին հաշվապահ Ռուբեն Երեմյանը: Վրեժն արդեն 3 հազար հակ խոտ է կուտակել, բացի այդ՝ ցորենի դաշտում առվույտ է ցանել: Կարմիր Աղեկի մուտքի` ծերացած այգիների մոտ կանգնած Արթուր Խաթյանն ասաց, որ 2 հա հող է մշակել` կարտոֆիլ և ցորեն է ցանել. «Ոչինչ, ցորենը նորմալ է, կարտոֆիլը դեռ չենք հանել, պիտի որ նորմալ լինի»: Արթուրը նաև 6 կով և 6 հորթ ունի. «Իմ ընտանիքը պահում եմ: Դե մեր գյուղում հողերը լրիվ մշակում են: Աշխատասեր են աղեկցիները»,- ասաց Արթուրը:

Կարմիր Աղեկի ամենահայտնի ֆերմեր Վասիլ Դավթյանն ասում է, որ հաջողությունն ինքն իրեն չի ստացվում` աշխատանքով է: «Գեղի ապրող մարդը էլ ուրիշ ելք չունի` պետք է գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվի, որ կարողանա համ իրեն պահի, համ՝ իր ընտանիքը»,- ասաց Վասիլը: Հողի նկստմամբ սերը նա հորից ու պապից է ժառանգել: «Ոսկան պապս հողի մեծ մշակ է եղել: Հայրս էլ խորհրդային տարիներին գյուղի դաշտավարական բրիգադի բրիգադիրն է եղել, միշտ բարձր ցուցանիշներ է ապահովել, որովհետև բերքի վրայից երբեք չի գողացել: Ես նրա սկզբունքները յուրացրել եմ, իմ տղաներն էլ ինձ են ընդօրինակում և այդպես փոխանցվում է»,- ասաց Վասիլը: Այս տարի Վասիլ Դավթյանը 40 տոննա ցորեն, 150 տոննա կարտոֆիլ է ստացել: Սրա մի մասը բաժանելու է հողատերերին, սերմացու է վերցնելու, մնացածը վաճառելու է: Ֆերմերն ասաց, որ մոտ 30 հա վարձակալությամբ հող է վերցրել Օձունի, Ծաթերի, Այգեհատի, Մղարթի գյուղացիներից: «Մի կողմից տալիս են հողը, մի կողմից էլ, ժողովուրդ են, էլի, հողը հետ են ուզում»,- ասաց նա: Իր 120 գլուխ խոշոր եղջերավոր անսուններին կերակրելու համար Վասիլը 6 հա խոտհարք է հնձել, արդեն մոտ 100 տոննա խոտ է կուտակել: Սրա հետ միասին նա 100 տոննա սիլոս է արտադրում. «Օձունի ենթաշրջանում մենք ենք սիլոս արտադրում, մեկ էլ, որքան գիտեմ, օձնեցի Սամվել Ապրեսյանը: Սիլոսը լավ զանգված է, անասպահության ոլորտում հուսալի կեր է»,- ասաց նա:

Վասիլն անասնապահությունը ավագ որդուն` Ռոմանին է վստահել: Վերջինս ինտերնետի միջոցով ծանոթացել է Ամերիկայի ֆերմերների անասնապահական փորձին և որոշել է նրանց օրինակը ներդնել իրեն վստահված գործում: «Այս տարի չգիտեմ՝ սխալ թույլ տվեց, թե չէ, Ամերիկայի ֆերմերների օրինակով որդիս հորթն ու կովը իրար է խառնել: Մի 50-60 կով ենք կթում, կաթը տալիս ենք հորթերին: Մոր կաթից հորթը մեկ տարում ավելի մսատու է դառնում: Հորթերի աճը նորմալ է: Աշնանը էդ մսի մթերման պահը որ գա, կարող է և օգուտ էլ անենք»,- ասաց Վասիլը: Անցած տարիների իր եկամուտով Վասիլ Դավթյանը տեխիկապես վերազինել է իր տնտեսությունը, գնել է իր տնտեսությանն անհրաժեշտ նոր գյուղմեխանիզացիա, կառուցել է ցորենի զտարան, որտեղ տեղադրել է զտիչ մեքենա, վերանորոգել է դեռ 10 տարի առաջ գնած իր անասնագոմի ողջ տանիքը, կառուցել նաև 100 տոննա խոտի կտուր:

Լոռու մարզպետարանը 120 գլուխ խոշոր եղջերավոր անասունի ամռային արոտի համար մի քանի տարի առաջ Վասիլ Դավթյանին Տաշիրի Պրիվոլնոյե գյուղի սահմանամերձ պետական նշանակության հողերից պայմանագրով 50 հա ամառային արոտավայր է տրամադրել, որի համար Վասիլ Դավթյանը տարեկան 250 հազար դրամ հարկ է վճարել Պրիվոլնոյե համայնքի բյուջե: Կառավարության որոշմամբ այդ արոտավայրերն ընդգրկվել են Պրիվոլնոյե համայնքի վարչական տարածքում: Վերջինիս համայնքապետ Վազգեն Սարուխանյանը այս տարի արգելել է Վասիլ Դավթյանին իր անասուններն արածեցնել Պրիվոլնոյե համայնքի վարչական տարածքի արոտավայրում: «Այդ արոտավայում առանց հարկ վճարելու ներկայումս արածում են Վազգեն Սարուխանյանի անասունները»,- պարզել է Վասիլ Դավթյանը: Մարզպետարանի պատասխանատուները Վասիլ Դավթյանին խորհուրդ են տվել նախկին արոտավայրից օգտվելու համար դիմել դատարան, իսկ մինչ այդ նրան ամառային նոր արոտավայր են տրամադրել Կյուբիշև գյուղի մոտ: «Կարմիր Աղեկում մեկ հողաբաժինը 1,8 հա է, 1991 թ. գյուղում 63 ծուխ ենք եղել: Այդքան հողը բաժանվել է բոլորի մեջ: Գյուղացիներից ով չի կարողանում իր հողը մշակել, տալիս է վարձակալությամբ: Կարելի է ասել՝ հիմնական մշակողը Վասիլ Դավթյանն է»,- հայտնեց գյուղապետ Վաչիկ Հովհաննիսյանը, ով նույնպես վարձակալությամբ 50 հա հող է մշակում:

Կարմիր Աղեկը դեռ խորհրդային տարիներից մանկապարտեզ չունի, լուծված չէ խմելու ջրի խնդիրը, անանցանելի են գյուղամիջյան ճանապարհները, թեև արտագաղթը մեծ չէ, սակայն Կարմիր Աղեկում ցածր է նաև ծնելիությունը: Վասիլ Դավթյանն ասում է, որ իր տնտեսությունը վերազինելուց հետո կաջակցի նաև գյուղի զարգացմանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter