HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աննա Մուրադյան

Ջրե՞լ, թե՞ չջրել. Երզնկյան փողոցի ծառներն` անջուր, բնակիչներն՝ անհույս

Նախորդ տարվա սեպտեմբերից սկսած` Երևանի Երզնկյան փողոցի երկու բնակիչներ՝ Հրաչ Հակոբյանն ու Դավիթ Խաչատրյանը, շարունակաբար նամակներ են գրում Արաբկիրի թաղապետարանին՝ բարձրացնելով Բաղրամյան-Երզնկյան հատվածում գտնվող իրենց տնամերձ հողամասերի ոռոգման հարցն ու ստանում միևնույն պատասխանը. «Այս տարվա ընթացքում Երզնկյան փողոցի ոռոգման ջրագծերը մի քանի անգամ վերանորոգվել են, իսկ հարցը վերջնականապես կարգավորելու համար անհրաժեշտ է կառուցել նոր (մոտ 700 մ) ոռոգման ջրագիծ»:

Խոսքը վերաբեվում է Բաղրամյան-Երզնկյան խաչմերուկից սկսած հատվածին, որտեղ գտնվում են մոտ 80 սեփական տներ, ինչպես նաև բազմաբնակարան շենքեր, որոնց բակում գտնվող հողամասերը ևս օգտվում են այս ջրագծից:

Դավիթ Խաչատրյանը «Հետքին» պատմում է, որ այդ ջրագիծը դեռևս խորհրդային ժամանակներից էլ վթարային է եղել, սակայն նույնիսկ «մութ ու լույս» տարիներին, ամառվա շոգ՝ հուլիս-օգոստոս ամիսներին, ջուր տրվել է, իսկ այս տարի ընդհանրապես չեն տվել:

«Հուլիսի սկզբին միշտ փորձնական միացնում էին ու տեսնելով, թե որտեղից է արտահոսքը, անջատում, այդ մասը վերանորոգում էին, ու մինչև աշուն ջուր լինում էր,- ասում է Խաչատրյանը,- մինչև անցած տարի այդ վիճակով էլ ջուր եղել է, բայց էս տարի ընդհանրապես չտվեցին»:

Խաչատրյանի խոսքով, բնակիչները հողամասերը ոռոգում են խմելու ջրով, քանի որ այլ լուծում չեն տեսնում, իսկ իրենց հողամասում բազմաթիվ պտղատու ծառներ կան:

«Միայն Հրաչի հայաթում 50-60 տարեկան հսկայական թթի ծառներ կան, ու էդ մասում եթե մի կտոր մաքուր օդ կա՝ էդ մեր բակերի ծառների շնորհիվ է,- ասում է նա,- իսկ թաղապետարանն էդ մասերում գարշոկներով ծաղիկներ է դրել ու օրը մեջ էլ ջրի մեքենյաով ցուցադրաբար ջրում են»:

Ոռոգման ջրի համար, Խաչատրյանի խոսքով, նրանք երբեք չեն վճարել ու ջրաչափ չկա, սակայն իրենց նամակներում նրանք թաղապետարանին առաջարկում են մտցնել ոռոգման ջրի վճարովի համակարգ, ինչին թաղապետարանը չի արձագանքում: Մոտավորապես մեկ տարի ձգվող նամակ-պատասխաններում փոխվել է միայն մեկ բան. եթե նախորդ տարվա նամակներում գրված էր, թե 700 մ ջրագծի կառուցման հարցով առաջարկություն կներկայացվի Երևանի քաղաքապետարան, ապա այս տարվա նամակներում արդեն տեղեկացվում է, որ այդ հարցի լուծումն ընդգրկված չէ 2014 թ. աշխատանքային ծրագրերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter