HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Առաջին դասարանցիների թիվն ավելանում է

Մարզպետարանների կրթության վարչություններում արդեն նախապատրաստվում են նոր ուսումնական տարվան: Պատրաստ են նախնական տեղեկությունները դպրոցի աշակերտների վերաբերյալ: Մարզպետարանի մասնագետներն արձանագրում են, որ այս տարի աշակերտների թվի աճ է նկատվում, ինչը պայմանավորում են ծնունդների աճով:

Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ նախնական տվյալներով այս տարի մարզում ունենալու են 27.343 աշակերտ, նախորդ տարվա 27.129-ի փոխարեն: Գեղարքունիքում ավելացել է նաեւ առաջինդասարանցիների թիվը՝ 3.100: Նախորդ տարի առաջին անգամ դպրոց հաճախողները եղել են 2.743-ը:

«Աճի միտումը նկատվում է, նախորդ տարի էլ աճ ենք ունեցել: Սա պայմանավորված է ծնելիության մակարդակի բարձրացմամբ»,- ասում է Գ. Բադալյանը:

Վայոց ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը եւս լավատեսական կանխատեսումներ է անում, սակայն աճը քիչ է: Այս տարի ակնկալվում է ունենալ 673 առաջինդասարանցի՝ նախորդ տարվա 657-ի փոխարեն: Վարչության պետի խոսքերով՝ իրենց մարզում տատանումները քիչ են:

«Եթե տատանման աղբյուր վերցնենք արտագաղթը, ապա մեր մարզում հիմնականում տղամարդիկ են արտագաղթում, ընտանիքները մնում են այստեղ, այդ իսկ պատճառով էական շեղումներ չկան»,- ասում է Արփիար Ղազարյանը:

Թեեւ Վայոց ձորում առաջինդասարանցիների թվի աճ նկատվում է, սակայն տեմպը դանդաղ է, ինչի բացատրությունը Ա. Ղազարյանը եւս ունի. «Հիմնական պատճառն այն է, որ երիտասարդ տղաները չեն ամուսնանում կամ ուշ են ամուսնանում: Դրա պատճառն էլ սոցիալական է: Հիմա ռազմավարություն ենք մշակում, որ երիտասարդներին ամուսնացնենք»:

Վերջին երկու տարվա կտրվածքով առաջինդասարանցիների թվի աճ է նկատվում նաեւ Սյունիքի մարզում: Մարզպետարանի կրթության բաժնի առաջատար մասնագետ Ինա Բալայանի փոխանցմամբ` այս տարի նախնական տվյալներով առաջին դասարան է հաճախելու 1.625 երեխա՝ նախորդ տարվա 1.532-ի փոխարեն: Նախատեսվում է, որ այս ուսումնական տարում մարզն ունենալու է 14.492 աշակերտ՝ նախորդ տարվա 14.045-ի փոխարեն: Ի. Բալայանի խոսքերով՝ աճը պայմանավորված է հատկապես տարրական դասարանցիների թվի ավելացմամբ:

Գրեթե նույն պատկերն է նաեւ Կոտայքի մարզում: Մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Օհանյանի փոխանցմամբ` եթե նախորդ ուսումնական տարում մարզում առաջին դասարանցիների թիվը 3.511 էր, ապա այս տարվա նախնական տվյալներով սպասվում է 3.928 առաջին դասարանցի: Մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների ընդհանուր թիվը եւս ավելանալու միտում ունի: Դարձյալ նախնական տվյալներով այս ուսումնական տարում ակնկալվում է 29.069 աշակերտ՝ նախորդ ուստարվա 27.968-ի փոխարեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter