HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկումներ` այցերի ընթացքում

 

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարության կազմակերպություններ կատարած այցի շրջանակում Արմեն Մուրադյանը երեկ եղավ նաև ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում։

Նախարարը կենտրոնի բոլոր ստորաբաժանումներում ծանոթացավ իրականացվող աշխատանքներին և լաբորատոր պայմաններին։ Հանրապետության Նախագահի հանձնարարականով 2012թ. ի վեր կենտրոնը վերազինվել է եվրոպական չափորոշիչներին և լաբորատոր պատշաճ գործունեության պահանջներին համապատասխանող 13 արդիական սարքավորումներով։ Արդյունքում գրանցվող և ներմուծվող դեղերի որակի գնահատման լաբորատոր հետազոտություններն իրականացվում են գազ-հեղուկային խրոմատոգրաֆիական և մաս-խրոմատոգրաֆիական վերջին սերնդի լաբորատոր սարքավորումներով։ Նախարար Մուրադյանը ծանոթացավ նաև Հայաստանում գրանցված դեղերի ստուգանմուշների և դրանց աշխատանքային ու ռեֆերենս ստանդարտների պահպանման սառնարանային հատուկ պայմաններին, հետաքրքրվեց, թե ինչպես է իրականացվում դեղերի նույնականացումը։

Կենտրոնում դեղագրքային լաբորատոր փորձաքննություն են անցնում նաև պետական գնումներով ձեռք բերվող բոլոր դեղերը` անկախ արտադրողից։ Դրանց մուտքը շուկա թույլատրվում է միայն դրական արդյունքների դեպքում։

Արմեն Մուրադյանը ծանոթացավ նաև դեղերի գրանցման և ներմուծման մեկ պատուհանի գործընթացին։ Նա դրական գնահատեց կենտրոնի վերազինման և աշխատանքների որակի բարձրացման ուղղությամբ հետևողական քայլերը։

Այնուհետև նախարարը եղավ նույն շենքում տեղակայված ՀՀ ԱՆ Հատուկ պոլիկլինիկայում, որն իրականացնում է ՀՀ մարզերից և արտասահմանյան երկրներից Երևանի բուհերում սովորող երիտասարդների առողջական վիճակի հսկողությունը, կազմակերպում նրանց ամենամյա կանխարգելիչ զննումներ և հետազոտություններ, սպորտային բժշկություն, անհրաժեշտության դեպքերում իրականացնում բժշկական փորձաքննություններ։

Արմեն Մուրադյանը շրջեց պոլիկլինիկայի հարկաբաժիններում, ծանոթացավ մատուցվող ծառայությունների ծավալներին, ինչպես նաև առաջիկա ծրագրերին և վերանորոգման աշխատանքների ընթացքին։

Այցելած առողջապահական կազմակերպություններում նախարարն ամենուր աշխատակիցների հետ քննարկեց նրանց հուզող խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները, տվեց հանձնարարականներ։

Նույն օրն Արմեն Մուրադյանն այցելեց նաև նորագույն սարքավորումներով հագեցած նորաբաց «Դիալաբ» բժշկական կենտրոն։ Նախկին լաբորատոր ծառայությունը նոր հարկի տակ ընդլայնվել է։ Նախարարին ներկայացվեց, որ կենտրոնում իրականացվում են կենսաքիմիական, կլինիկական, շճաբանական, մանրէաբանական, գենետիկական լաբորատոր հետազոտություններ, ուլտրաձայնային ախտորոշում, ինչպես նաև նեղ մասնագիտական խորհրդատվություններ, այդ թվում` սրտաբանական, ներզատաբանական, գինեկոլոգիական, մաշկավեներոլոգիական։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter