Չորեքշաբթի, 13 դեկտեմբերի

Բաքուն եւ Անկարան Թբիլիսիին ներքաշում են ռազմական նոր դաշինքի՞, թե՞ հակահայկական նոր արկածախնդրության մեջ



Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

Օգոստոսի 19-ին Նախիջեւանում Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը լրագրողներին հայտնել է, որ առաջիկայում «երեք երկրները համատեղ զորավարժություններ կանցկացնեն, որոնց նպատակը զինված ուժերի մարտունակության բարձրացումն է»:

Դրա նախօրեին, երբ Նախիջեւան էին ժամանել Վրաստանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարներ Իրակլի Ալասանիան եւ Իսմետ Յիլմազը, Հասանովը նախ երկկողմ հանդիպումներ էր ունեցել նրանց հետ: Ապա նախարարները եռակողմ ձեւաչափով քննարկել են «տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը եւ մտքեր փոխանակել անվտանգության ու տարածաշրջանում կայունության վերականգնման  հարցերով», ինչպես նաեւ՝ պայմանավորվել մի շարք համատեղ միջոցառումների շուրջ:

Վրացական կողմի տեղեկացմամբ՝ Հասանով-Ալասանիա հանդիպմանը նախարարները «քննարկել են երկու երկրների միջեւ պաշտպանության ոլորտում համագործակցության հեռանկարները»` ընդգծելով, որ դրանք գնալով խորանում են:  Մինչ նախիջեւանյան հանդիպումն էլ` օգոստոսի 18-ին այդ երկրի պաշտպանական գերատեսչության մամլո ծառայությունը, խոսելով Ալասանիայի մեկնարկող պաշտոնական այցի մասին, տեղեկացրել էր, որ նույն օրը նա Հասանովի հետ կքննարկի պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանը, մեկ օր անց էլ՝ եռակողմ համագործակցությանy վերաբերող հարցեր: Այդ կապակցությամբ հաղորդագրության մեջ մասնավորապես նշվել էր, թե «հատուկ ուշադրություն է դարձվելու տարածաշրջանի էներգա-հաղորդակցական ենթակառուցվածքների համատեղ պաշտպանությանը»:

Ինքը՝ Իրակլի Ալասանիան, անմիջապես Նախիջեւան մեկնելուց առաջ Թբիլիսիում հայտարարել էր, որ նախարարների հանդիպման օրը վաղուց է որոշվել. «Եռակողմ հանդիպումը մենք արդեն երկար ժամանակ է, ինչ նախապատրաստում ենք: Եւ անցած տարի վրացական կողմը հանդես եկավ այդպիսի նախաձեռնությամբ: Դա կլինի երեք նախարարների առաջին պաշտոնական հանդիպումը Ադրբեջանում: Այդ հանդիպումները եւ նրանց շրջանակներում ձեւակերպվելիք համաձայնագրերը նվիրված կլինեն ռազմական էսկալացիայի ժամանակ հաղորդակցական ենթակառուցվածքների պաշտպանության պլանավորմանը»:

Բաքուն, որ մինչ Թբիլիսիի կողմից այսպիսի բարձրաձայնումը ձեռնպահ էր մնում հանդիպման բուն օրակարգը հրապարակայնացնելուց եւ բավարարվում էր սոսկ նախատեսված պաշտոնական հանդիպումների կամ մշակութային միջոցառումների հիշատակումով (օգոստոսի 16-ի դրությամբ), դրանից հետո ինքն էլ երկրորդեց վրացական կողմին:

Մասնավորապես, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օգոստոսի 18-ին ազդարարեց, թե «Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի պաշտպանության նախարարները կքննարկեն ռազմական դրության ժամանակ հաղորդակցական ենթակառուցվածքների պաշտպանության հարցը: Դա նախարարների առաջին հանդիպումն է: Հանդիպմանը նախարարները նաեւ կքննարկեն նավթա- եւ գազամուղների, երկաթուղային հաղորդակցության ուղիների անվտանգության պլանը: Սպասվում է բոլոր ռազմավարական օբյեկտների անվտանգության ամրապնդման միջոցառումների պլանի ստորագրում»:

Ադրբեջանի ՊՆ հաղորդմամբ՝ երկկողմ ձեւաչափով Յիլմազի հետ Հասանովը «քննարկել  է տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը»: Իսկ եռակողմ հանդիպումից հետո Թուրքիայի պաշտպանության նախարարն էլ լրագրողների առջեւ հայտարարել է, թե Թուրքիան, Վրաստանը եւ Ադրբեջանը «եկել են Կովկասում խաղաղությունը, կայունությունը եւ զարգացումը ապահովելու համար փոխադարձ օժանդակությունը շարունակելու միասնական կարծիքի»:

Յիլմազը նաեւ հավելել է. «Մենք եւս մեկ անգամ ընդգծել ենք Ադրբեջանին ու Վրաստանին մեր աջակցությունը բոլոր բնագավառներում, այդ թվում՝ անկախության ու տարածքային ամբողջականության հարցերում: Մենք կողմնակից ենք մեր տարածաշրջանում հակամարտությունների՝ խաղաղ ճանապարհով տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելուն»:

Այնուհետեւ թուրք նախարարը անցում է կատարել էներգետիկ ծրագրերին ու նշել, թե ողջ աշխարհը ուշադիր հետեւում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան եւ Բաքու-Թբիլիսի-Էրզրում էներգետիկ նախագծերին, ինչպես նաեւ՝ տրանսանատոլիական գազային (TANAP) եւ Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթուղային նախագծի իրականացմանը. «Ամենասկզբում այդ նախագծերը ոմանց անիրագործելի էին թվում: Իսկ այսօր դրանցից երկուսը իրականացվել են, եւս երկուսը գտնվում են իրագործման փուլում»:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն էլ, խոսելով հանդիպման ընթացքում ձեռքբերված պայմանավորվածություններից, դրանց թվում ոչ միայն հիշատակել է առաջիկա համատեղ զորավարժությունները, այլեւ այդ ձեւաչափում անցկացվելիք կանոնավոր հանդիպումներն ու այլ միջոցառումներ: Մասնավորապես, երեք նախարարները պայմանավորվել են նման ձեւաչափով հանդիպել տարեկան երկու անգամ, ըստ հերթականության՝ Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա, նաեւ կազմակերպել համատեղ սեմինարներ եւ կոնֆերանսներ, ռազմական կրթության եւ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտներում ստեղծել եռակողմ ձեւաչափեր: Հասանովը նաեւ հայտարարել է, թե պլանավորվում է փորձագետների հանդիպում համագործակցության հեռանկարային ոլորտները ուսումնասիրելու համար:

Թերեւս վրացական, ադրբեջանական մամուլում նախիջեւանյան հանդիպման այսպիսի մանրամասներ են տրվել, որոնք համակողմանի վերլուծության կարիք ունեն: Նկատենք, որ մինչեւ հանդիպումը Բաքվում փորձագետները այն համարեցին կոլեկտիվ անվտանգության դաշինք ձեւավորելու դրսեւորում:

Մասնավորապես` ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը օգոստոսի 18-ին կարծիք հայտնեց, թե երեք երկրների պաշտպանության նախարարների սպասվող հանդիպումը կարելի է մեկնաբանել որպես ՀԱՊԿ անալոգի ստեղծման սկզբնական փուլ. «Անց են կացվում համատեղ ռազմական վարժանքներ, թրեյնինգներ, էներգակիրների անվտանգության շուրջ բանակցություններ են վարվում եւ այլն: Այժմ, աշխարհում ընթացող զարգացումների հետ կապված` այդ պետությունները ցանկանում են ստեղծել ռազմական միասնություն, որը ժամանակի ընթացքում կարող է ներգրավել ՀԱՊԿ մի շարք անդամների»:

Ջաֆարովը մեկ այլ ուշագրավ բացահայտում-մեկնաբանություն է կատարել, որը, թերեւս, հակասության մեջ է եռակողմ ձեւաչափի՝ վրացական նախաձեռնություն լինելու մասին Իրակլի Ալասանիայի հայտարարության հետ. «Դա Թուրքիայի նախաձեռնությունն է: Եւ նախիջեւանյան հանդիպումից հետո համանման հանդիպումներ կկայանան Թբիլիսիում եւ Ստամբուլում: Միայն ստամբուլյան հանդիպումից հետո պարզ կդառնա նոր ռազմական միավորի ստեղծման մասին: Սկզբնական շրջանում համաձայնագիրը կարող են ստորագրել Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը: Սակայն, հեռանկարում այդ կազմակերպությանը կարող են անդամակցել նաեւ մի շարք թյուրքալեզու երկրներ, ներառյալ՝ Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը»:  

Միանշանակ է, որ մինչեւ հանդիպումը ադբեջանցի ռազմական փորձագետը չափազանց լավ իրազեկված է եղել քննարկվելիք հարցերի օրակարգից եւ ձեռք բերվելիք պայմանավորվածություններից: Հետեւաբար, հարկ է հավաքի հետապնդած նպատակների մասին նրա բարձրաձայնումը ընդունել ավելի լուրջ, քան ի գիտությունն է: Ակնհայտորեն, այս զարգացումներին հետեւելու է նաեւ Մոսկվան, քանի որ խոսքը նույնիսկ ՀԱՊԿ-ի դեմոնտաժի մասին է, որի անդամներից Ղազախստանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի համար հայտարարվում է «բաց դռների» քաղաքականության մասին:

Եռակողմ հանդիպման հաջորդ օրը հնչած փորձագիտական ու քաղաքական կարծիքներն էլ այս նույն տրամաբանության մեջ էին: Այսպես, քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն նշել է, թե Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան, զարգացնելով ինտեգրացիոն գործընթացները, կարող են Հարավկովկասյան միություն ստեղծել. «Այդ ինտեգրացիոն գործընթացները կարող են վերածվել դաշնակցության, եւ դրա համար բարենպաստ պայմաններ են առկա: Քաղաքականության, տնտեսության եւ անվտանգության բնագավառներում հաստատված կապերը անհրաժեշտություն են դարձնում Հարավկովկասյան միության ստեղծումը: Օրինակի համար, այսօր Ռուսաստանը ստեղծել է Եվրասիական միություն, ինչո՞ւ մենք չստեղծենք: Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունները նորմալ են, այդ երկրի հետ ոչ մի խնդիր չկա: Կարծում եմ, մենք պետք է զարգացնենք այդ երկրների միջեւ ինտեգրացիոն պրոցեսները եւ միություն ստեղծենք»: Երեք նախարարների հանդիպումը համարելով էապես կարեւոր` Գուլուզադեն նաեւ նշել է, թե «այսօր տարածաշրջանում իրավիճակը շատ անկայուն է, եւ այդ հանդիպումը կայունացնող նշանակություն ունի»: 

Մեկ այլ քաղաքագետ՝ Գաբիլ Հուսեյնլին, այն նույնպես համարել է նոր դաշինք ստեղծելու ուղղությամբ առաջին քայլ: Ընդգծելով երեք երկրների համար ընդհանուր ռիսկերի ու խնդիրների քննարկման հեռանկարը` Հուսեյնլին նկատել է, թե դեռ վաղ է խոսել այս կամ այն դաշինքի ստեղծման մասին, թեպետ այն ապագայում չի բացառվում. «Որովհետեւ Ադրբեջանը, Թուրքիան եւ Վրաստանը շահագրգռված են տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմամբ, ինչը նպաստում է այդ երեք երկրների մերձեցմանը»: Նա նաեւ կարեւորել է նույն ձեւաչափով ազգային անվտանգության նախարարների հանդիպումը, որը վստահություն կհաղորդի այդ երկրների հարաբերություններին:

Ապագայում Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ նոր ռազմական դաշինքի ստեղծումը չի բացառել նաեւ Միլի Մեջլիսի պատգամավոր, պրոֆեսոր Մուսա Հասիմլին: Վերստին կարեւորելով երեք նախարարների այս եւ նախանշված հանդիպումները «տարածաշրջանի ու Եվրոպայի անվտանգության», «անվտանգության ու պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման» համար, Հասիմլին նշել է, որ եթե դրանք շարունակական լինեն, ապա բացառված չէ նշված երկրների միջեւ ռազմական նոր դաշինքի ստեղծումը: «Ամեն ինչ կախված է կողմերի միջեւ հետագա համագործակցությունից: Կարծում եմ, որ Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի միջեւ ռազմական ոլորտում համագործակցությունը ընթանում է դեպի նոր դաշինքի ստեղծումը»:

Այս կարծիքներին հակառակ` Թբիլիսիում չշտապեցին հեռուն գնացող ենթադրություններ անել ռազմական նոր դաշինքի կամ նոր միության ստեղծման կապակցությամբ: Վրացական կողմը երկկողմ ձեւաչափում պաշտպանության բնագավառում, իսկ եռակողմ ձեւաչափում՝ սոսկ էներգետիկ ու տրանսպորտային հաղորդուղիների անվտանգությունը ապահովելու գործում համագործակցության մասին իր հայտարարություններից անդին չանցավ: 

Իհարկե, միամտություն կլինի սպասել, թե Վրաստանի ներկայիս իշխանությունները, որ ի տարբերություն իր նախորդների, գոնե ֆորմալ հռչակել են Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու նպատակը, տարվեն Ռուսաստանի հետ առճակատումը խորացնող, իր վրա նոր սադրանքներ բերող, ՀԱՊԿ դեմոնտաժի ու նրա անալոգը ստեղծելու թուրք-ադրբեջանական նախաձեռնությամբ, որն այսպիսի հայտարարություններից հետո նույնիսկ մրցակից չես անվանի, այլ՝ ախոյան: Հանրահայտ փաստ է, որ անվտանգության համակարգերից Վրաստանին բացառապես հետաքրքրում է ՆԱՏՕ-ն, ինտեգրացիոն միավորներից էլ՝ Եվրոպական միությունը, եւ դժվար թե նա հույսեր կապի այս կասկածելի դաշինքի կամ միության հետ:

Առավել եւս, Վրաստանը ժամանակին՝ 2008թ. ռուս-վրացական պատերազմի օրերին տեսել է իր երկու ռազմավարական հարեւանների գործընկերության արժեքը: Պաշտոնական Բաքուն այդ նույն իրադարձությունների կապակցությամբ երկու իրարամերժ դիրքորոշում որդեգրեց: Անմիջապես օգոստոսի 8-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն «ճանաչեց» տարածային ամբողջականությունը ցանկացած եղանակով վերականգնելու Վրաստանի իրավունքը: Իսկ դրանից քիչ անց, երբ Ռուսաստանը «հաղթում էր», Բաքուն տեղափոխվեց չեզոքության դիրքեր ու նոյեմբերին Կրեմլի հովանու ներքո Հայաստանի հետ ստորագրեց Մայենդորֆյան հռչակագիրը «հակամարտությունները ռազմական լուծում չունեն» բովանդակությամբ:

Այդ շրջանում Թբիլիսիին Բաքվի կամ Անկարայի ցուցաբերած ռազմական աջակցության մասին խոսելն ավելորդ է. վրաց-ռուսական պատերազմի լուրը ստանալուց հետո Իլհամ Ալիեւը անգամ Պեկինից մի տեւական շրջան Բաքու չվերադարձավ: Իսկ Անկարան աչալրջորեն էր վերահսկում Բոսֆորի նեղուցը, որպեսզի ամերիկյան ռազմանավերը չհայտնվեն ու երկար չկայանեն Թուրքիայի ու Ռուսաստանի համար «ներքին լճակում»՝ Սեւ ծովում: Նաեւ անմոռանալի է, թե ինչպես Անկարան չափազանց անհստակ խաղ սկսեց Ռուսաստանի հետ, որից պարզ չէր՝ նա օժանդակո՞ւմ է Մոսկվային, թե՞ մրցակցում նրա հետ տարածաշրջանային վակուումը լցնելու հարցում՝ թքած ունենալով Վրաստանի անվտանգության օրհասական մարտահրավերների վրա: Թերեւս, Թբիլիսիում դժվար մոռանան, թե ինչպես էր այդ նույն օրերին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կրեմլ շտապել ու միջանցքներում սպասում էր, թե ե՞րբ իրեն կընդունեն «տարածաշրջանային կայունության իր պլատֆորմը» քննարկելու համար:

Հետեւաբար, չնայած հրապարակային ամպագոռգոռ հայտարարություններին, Ադրբեջանից ու Թուրքիայից ունեցած կախվածությանը, Վրաստանը լավ գիտի նման դաշինքի արժեքը, հնարավորություններն ու ներուժը: Այդ երկու երկրներին դաշինքներ պետք են իրենց խնդիրները լուծելու կամ ռեգիոնալ շահերը բավարարելու, այլ ոչ թե Վրաստանին օգնելու համար: Վրաստանը պետք է նաեւ լավ իմանա իր հանդեպ Հայաստանի դիրքորոշման նշանակությունը. անբարյացկամության պարագայում նրա թիկունքը չափազանց բաց կլինի:

Թբիլիսին պետք է նաեւ գիտակցի, որ հնարավոր ռազմական դաշինքի կամ միության հետ կապված` Բաքվում հաշվարկը կատարում են Վրաստանին ու Հայաստանին բարիկադի տարբեր կողմերում դնելու հեռանկարի վրա: Աշնանից, երբ Վրաստանի եվրաասոցացումը եւ միգուցե Հայաստանի եվրասիականացումը իրողություն դառնան, բացառել չի կարելի երկու երկրների միջեւ տարբեր խնդիրների ի հայտ գալը: Բաքուն անթաքույց հույսեր է փայփայում դրանք օգտագործել Հայաստանին մեկուսացնող իր եւ Անկարայի համատեղ քաղաքականությանը Թբիլիսիին միացնելու ուղղությամբ:

Չբացառելով միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով ռազմական դաշինք ստեղծելու հարցում Բաքվի կամ Անկարայի շահագրգռությունը, այդուհանդերձ, նախիջեւանյան հավաքի վարագույրից անդին կա մեկ այլ կարճաժամկետ նպատակ, որը սերտորեն կապ ունի Ադրբեջանի օգոստոսյան տապալված ստրատեգիայի հետ:

Եւ այդ խորապատկերին կարեւոր է, թե որքանո՞վ է Թբիլիսին տեսնում թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայկական նոր խաղը՝ իր կարճաժամկետ թիրախով: Իսկ եթե նա դա տեսնում է, ապա ո՞րն է նրա վերաբերմունքը դրան՝ Վրաստանն իր մասնակցությամբ կլեգիտիմացնի՞, արդյոք, այդ նոր խաղը, թե՞ կչեզոքացնի այն:   

շարունակելի


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Ռոբերտ09:35 - 22 օգոստոսի, 2014
Եթե վրացիները խելացի լինեն, Հայաստանի ու Ռուսաստանի նկատմամբ թշնամական դիրք չեն բռնի, առավել ևս, որ նման քայլի դիմելու պատճառ չունեն։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ