HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Մուսայելյանի համայնքապետ. «Որ դուրս չգնան, բանկի տոկոսներն ինչպե՞ս փակեն»

Մուսայելյան համայնքը «հողմերի դարավանդ» չես կոչի, սակայն քամիներով առատ այս բնակավայրը հողմակայանների կառուցման համար լավագույն նախադրյալներն ունի: Նման համոզմունք ունեն գյուղի բնակիչներն ու համայնքապետ Կարեն Վարդանյանը: Մշտապես փչող սառը քամիների պատճառով մուսայելյանցիների տնամերձերում բանջարաբոստանային կուլտուրաներ, պտղատու ծառեր չեն աճում: Գյուղի կանայք անգամ ամռանը զրկված են կարճաթեւ, ամառային թեթեւ զգեստներ հագնելու հաճույքից:

Քամիների պատճառած բազմաթիվ անհարմարությունների հետ մուսայելյանցիները, թերեւս, առավել մեծ սիրով համակերպվեին, եթե մոտ 15 տարի առաջ սկսված եւ պարբերաբար ծավալվող խոսակցությունները հողմակայանների կառուցման վերաբերյալ իրականություն դառնային: Գյուղում վստահ են, որ դրանից կշահեին ոչ միայն Մուսայելյանն ու հարակից համայնքները, այլեւ՝ հանրապետությունը:

«Ես հստակ բան չեմ կարող ասել, միայն գիտեմ, որ հողմակայանների կառուցման վերաբերյալ խոսակցություններ եղել են դեռեւս 15 տարի առաջ: Տարբեր տարիների եկել, տարածքն ուսումնասիրել, թողել-գնացել են,- ասում է Մուսայելյանի համայնքապետը,- ուսումնասիրող կազմակերպություններն անընդհատ փոխվում էին: Սկզբում Հունաստանից եկան, հետո Հոլանդիայից եկան, հետո՝ Իտալիայից եւ այլն: Հայկական կողմից Երեւանի գիտահետազոտական ինստիտուտի ներկայացուցիչներն էին մասնակցում: Ասում էին, որ եթե ուսումնասիրություններն իրենց արդարացնեն՝ 30 հողմակայան կտեղադրեն, բայց ենթադրում եմ, որ ոչ թե տարածքը չհամապատասխանեց, այլ պահանջվող գումարներն էին մեծ, որ հրաժարվեցին էդ ծրագրից»:

Համայնքապետն ասում է, որ ծրագրի իրականացման դեպքում հողմակայանների տեղադրումը սկսվելու էր Մուսայելյան համայնքի տարածքից` ձգվելով մինչեւ հարեւան մարզի Տաշիր համայնք: Կարեն Վարդանյանը հետաքրքրությունից դրդված ամեն անգամ զրուցել է համայնք այցելած մասնագետների հետ: Վերջիններս էլ հավաստիացրել են, որ հողմակայանների տեղադրման նման բարձր արդյունավետություն ապահովող վայրերն աշխարհում երկուսն են, եւ երրորդն էլ կլինի Շիրակի մարզում, եթե, իհարկե, ծրագիրը կյանքի կոչվի:

«Բնականաբար, շոյող հանգամանք է լինել աշխարհում երրորդը` թեկուզ հողմաղակայանների գծով, բայց դե չեղավ: Ասում են, որ շատ թանկ հաճույք է ու մեծ ներդրումներ է պահանջում էս գործը: Պուշկինի լեռնանցքում կարծեմ 4 հատ տեղադրեցին, բայց արտասահմանցիներ էին ու իմ իմանալով նվեր թողեցին: Հիմա խոսքը 30 կայանի մասին է, իսկ դա բավական մեծ գումար է»,- նկատում է Մուսայելյանի համայնքապետը:

Շիրակի մարզի Աշոցքի նախկին տարածաշրջանի Մուսայելյան համայնքը մարզկենտրոն Գյումրիից հեռու է 32 կմ: Վերջին հինգ տարվա ընթացքում այն զրկված է միջհամայնքային տրանսպորտից: Երթուղին շահագործող միակ ավտոբուսը, որը սպասարկում էր նաեւ հարեւան Հարթաշեն համայնքը, դադարեցրել է աշխատանքը` ուղեւորահոսքի պակասով պայմանավորված: Մյուս պատճառն էլ, ինչպես խոստովանում են մուսայելյանցիները, Վրաստանից առանց մաքսազերծման հին եւ էժան մեքենաների ներկրումն էր:

«Դե մի երկու կով էին վաճառում, մեքենան բերում էին, վրացական համարներով քշում էին: Հետո էլ, որ օրենքը մտավ մաքսազերծման, մի երկու-երեք կով էլ էդ ժամանակ ծախեցին, որ մաքսը տան,- ծիծաղում է համայնքապետը,- գյուղի 80 տոկոսն ավտո ունի, ով էլ որ չունի, հարեւանները հարկ եղած դեպքում օգնում են»:

420 բնակիչ ունեցող գյուղում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, շատ քիչ՝ բուսաբուծությամբ: Ցանում են գարի, վարսակ եւ աշնանացան ցորեն: Բավական մեծ անասնագլխաքանակ ունի գյուղը՝ 1400 խոշոր եւ 1200 մանր եղջերավոր: «Շատը շատ է,- ասում է Կարեն Վարդանյանը,- բայց արոտավայրերն են քիչ»: Խոտհարքը եւս չի բավարարում՝ ընդամենը 100 հա: Ստիպված են վարձակալել հարեւան համայնքներից:

Մյուս խնդիրը անասունների համար նախատեսված խմոցների բացակայությունն է: Մուսայելյանում հույս ունեն, որ հաջորդ տարի ջրարբիացման ծրագիրն իրենց գյուղ էլ կհասնի: Անասնապության մեջ գրանցած արդյունքներով Մուսայելյանը զիջում է հարեւան Սալուտ եւ Հարթաշեն համայնքներին 25-30 տոկոսով, ու այդ ամենը նրանք պայմանավորում են արոտավայրերի պակասի եւ անասունների համար նախատեսված խմոցների բացակայության հետ:

Մուսայելյանում սեփական եկամուտների հավաքագրումը եւս դժվարությամբ է կատարվում՝ մոտ 70 տոկոս: Ամենացածր ցուցանիշը գրանցվում է հողի հարկի հավաքագրման ժամանակ: Համայնքապետն ասում է, որ գյուղացիներն առավել պատրաստակամ վճարում են գույքահարկը: Եթե սեփական եկամուտները լիարժեք հավաքագրվեն, կկազմի 3 մլն 500 հազար դրամ, պետական աջակցությունը 3 մլն-ի չափով է տրվում, չնայած տարիներ շարունակ եղել է 1,5 մլն դրամ: Տարվա կտրվածքով Մուսայելյան համայնքի բյուջեն չի անցնում 7 մլն դրամը, որը բավարար չէ որեւէ մեծ կամ ծավալուն աշխատանք իրականացնելու համար:

Գյուղը գազիֆիկացված չէ: Ձմռանը տաքանում են միայն աթարով: Ցրտերն այստեղ հաստատվում են հոկտեմբեր ամսից եւ հեռանում միայն մայիսի սկզբներին: Կապույտ վառելիքից զրկված մուսայելյանցիների բախտը բերել է միայն ջրամատակարարման հարցում: 24 ժամ ջուր ունեն, ու դա, ասում են, նոր չէ, անցած դարի 50-ականներից է այդպես: «Բայց մենք մի դրական կողմ էլ ունենք՝ մեր համախմբվածությունը,- համայնքապետը ծիծաղում է,- ու դա մեր հարստություններից մեկն է, որովհետեւ ինչ որ հնարավոր չէ գումարով անել, անում ենք մեկս մյուսիս օգնելով»:

Համախմբվածության ու աշխատասիրության վառ օրինակ են գյուղում համարում Աբրահամյանների գերդաստանը: Մուսայելյանցի ֆերմեր Նորիկ Աբրահամյանը հարազատ գյուղի ո́չ բնակլիմայական, ո́չ աշխարհագրական դիրքից չի դժգոհում: Երեք տղաների հետ ստեղծել են բավական մեծ տնտեսություն: 100 գլուխ խոշոր եղջերավոր անասուն ունեն: Ամուսիններով իրենց հաջողության առաջին քարը դրել են 40 տարի առաջ՝ ամեն ինչ սկսելով զրոյից: Աբրահամյանները միակն են Մուսայելյանում, որ երբեւէ բանկերին չեն դիմել գումարի խնդրով, վարկ չեն վերցրել ու գիշերն էլ հանգիստ են քնում՝ չանհանգստանալով տոկոսների կամ անբասիր վարկային պատմություն ունենալու մասին:

«Ամուսինս խուսափում է բանկերից,- ասում է ֆերմերի 40 տարվա մանկավարժ կինը՝ Ծովինա Գեւորգյանը,- մի հորթից ենք սկսել մեր տնտեսությունը ձեւավորել, խնայել ենք, անտեղի չենք ծախսել, հետո տղաներս շատ համախմբված են, հորը թեւ ու թիկունք են, հարսներս էլ լսող են: Երեք առանձին տնտեսություն ենք, բայց գումարը իմ ու ամուսնուս ձեռքին է, ու մենք ենք տնօրինում բոլորի ծախսերը, դրա համար էլ էսքան բանի ենք հասել: 18 հոգի ենք՝ երեք տղա ու երեք հարս ունեմ, 10 թոռ ու չեմ հիշում, որ էս տարիների ընթացքում մեր տներում որեւէ տարաձայնություն կամ անախորժություն եղած լինի»:

Աբրահամյանների տղաները գերադասում են ապրել ու աշխատել հայրենի գյուղում: Արտագնա աշխատանքի մեկնելու մասին նույնպես այս ընտանիքում չեն խոսում՝ համարելով, որ ճիշտը սեփական հողում քրտինք թափելն է: Համայնքապետ Կարեն Վարդանյանի փոխանցմամբ` Մուսայելյանից հիմնականում «խոպան» գնացողներ չեն ունեցել, սակայն վերջին մի քանի տարում մուսայելյանցի տղամարդիկ քիչ-քիչ սկսել են բռնել արտագնա աշխատանքի ճանապարհը. «Որ դուրս չգնան, բանկի տոկոսներն ինչպե՞ս փակեն»,-հարցնում է համայնքապետը:

Միակ հուսադրողն այն է, որ գյուղից արտագաղթ չկա: Ժամանակավոր մեկնողներն էլ դրսում մի քանի ամիս աշխատելուց հետո անպատճառ վերադառնում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter