HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանվել Սարգսյան. «Ադրբեջանն ու Թուրքիան ինչ-որ խաղ են սկսկել, Վրաստանն էլ, չգիտես ինչու, խառնվել է այդ խաղին»

«Հետքի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Մանվել Սարգսյանը

 -Նախիջևանում տեղի ունեցավ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը,  որի ընթացքում պայմանավորվածություն ձեռքբերվեց համատեղ ռազմական ուսումնավարժանքներ անցկացնելու մասին։ Ի՞նչ ազդեցություն կարող է թողնել այս հանդիպումը տարածաշրջանի, մասնավորապես՝ Հայաստանի վրա: Արդյոք հանդիպման վայրը՝ Նախիջևանը, պատահակա՞ն էր ընտրված:

 - Ես երեք պետությունների պաշտպանության նախարարների հանդիպումը դիտարկում եմ օգոստոսյան ֆոնի վրա: Թուրքիան փորձում է աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին, որը պարզապես օգոստոսյան իրադարձություններից հետո օգնություն է խնդրել Թուրքիայից, որովհետև Ի. Ալիևը հայտնվել է բավական բարդ դրության մեջ, ուստի ստիպված է մեկից աջակցություն խնդրել:

Նախիջևանի ընտրությունը մի փոքր անհասկանալի է, որովհետև Ադրբեջանը, Թուրքիան ու Վրաստանը նման հանդիպմամբ բարձրացնում են տարածաշրջանում կոմունիկացիաների անվտանգության հարցը, իսկ Նախիջևանն առնչություն այս նպատակի հետ չունի: Սիմվոլիկէ... Ադրբեջանն ու Թուրքիան ինչ-որ խաղ են սկսել, Վրաստանն էլ, չգիտես ինչու, խառնվել է այդ խաղին: Ադրբեջանը, դիմելով Թուրքիային, ուզում է Հայաստանին ապացուցել, որ ինքն ուժեղ է: Եվ ոչ միայն Հայաստանին. Ադրբեջանը սրանով մեսիջ ունի նաև Ռուսաստանին, որովհետև օգոստոսյան իրադարձություններն ամեն կերպ կապվում են նաև ՌԴ հետ, ու, բնականաբար, Ադրբեջանն ամեն կերպ պետք է Հայաստանին ու Ռուսաստանին ցույց տա, թե ի՞նչ լավ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, որ կապերը հզորացնում է և այլն: Սա նորություն չէ. Ադրբեջանը նման դեպքերում միշտ էլ Թուրքիայի անունը օգտագործում է, «հաթաթա» է տալիս, թե Թուրքիան իր հետ է...

-Պարոն Սարգսյան, կարծիքներ են հնչում, թե այս հանդիպումը ռազմական դաշինք ստեղծելու գործընթացի սկիզբն է: Դուք տեսնո՞ւմ եք նման հնարավորություն, որ Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը ռազմական որևէ միավոր ստեղծեն:

- Չէ, չէ... խոսում են, էլի, ի՞նչ դաշինք պետք է լինի: Մինչև հիմա անգամ պարզ չէ, անհասկանալի են Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական հարաբերությունները, ի՞նչ մակարդակում են, ուր մնաց՝ ռազմական միավորը: Ռազմական հարաբերություններն ամրացնելը հեշտ չէ, երբ ԹուրքիանՆԱՏՕ-ի անդամ է և, հետևաբար, ազատ չէ իր գործողություններում:

- Եթե Թուրքիայի ու Ադրբեջանի կապն ինչ-որ առումով հասկանալի է, ապա, Ձեր կարծիքով, Վրաստանն ի՞նչ շահ ունի նման հանդիպումից:

- Վրաստանն էլ, հավանաբար, Ռուսաստանին փորձում է ցույց տալ, որ ինքը կարող է անկախ քաղաքականություն վարել՝ համագործակցելով Ադրբեջանի, Թուրքիայի հետ:

-Բայց, բացի դրանից, Վրաստանն Ադրբեջանին առաջարկել է օգտվել ԵՄ-ի հետ իր ասոցացումից։ Ի՞նչ է սա նշանակում:

 - Դե գիտեք, որ Ադրբեջանի հարաբերությունները բավական բարդ են Արևմուտքի հետ, և սա կարելի է դիտել ոչ այլ ինչ, քան ժեստ, ցանկություն, քան... ես չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարող է Ադրբեջանը օգտվել ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter