HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բագրատաշեն-Սադախլո անցակետում նոր կամուրջ կկառուցվի

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Երկու երկրների վարչապետների առանձնազրույցից հետո կայացել են պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններ: Այնուհետև վարչապետներ Հովիկ Աբրահամյանը և Իրակլի Ղարիբաշվիլին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ: ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հրապարակել է Հայաստանի և Վրաստանի վարչապետների հայտարարությունների տեքստն ամբողջությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյան - Վրաստանի վարչապետ, հարգարժան պարոն Իրակլի Ղարիբաշվիլիի հետ վերահաստատելով երկու երկրների միջև առկա ամուր բարեկամական կապերը և առկա հարաբերություններն էլ ավելի զարգացնելու պատրաստակամությունը՝ քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, որը ներառում է առևտրատնտեսական հարաբերություններին, ենթակառուցվածքների զարգացմանը, կրթական, հումանիտար և մշակութային կապերի խորացմանն առնչվող խնդիրներ: 
Հատուկ ընդգծվեց հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարևորությունը և կանոնավոր հանդիպումների անհրաժեշտությունը, որը երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների փոխշահավետ զարգացման լավագույն միջոցն է: 
Շահագրգիռ քննարկումներ կայացան ենթակառուցվածքների զարգացման և տրանսպորտային կապի բարելավման հետ կապված հարցերի շուրջ: Մանրամասն քննարկվեց սահմանային անցակետերի արդիականացման խնդիրը, մասնավորապես, Բագրատաշեն-Սադախլո անցակետում նոր կամրջի շինարարության հարցը:
Քննարկեցինք անցած գիշեր Վերին Լարս անցակետում տեղի ունեցած սողանքի ու դրա հետևանքները վերացնելու խնդիրը, իմ գործընկերոջն առաջարկեցի Հայաստանի համապատասխան ծառայությունների աջակցությունը:
Երկուստեք կարևորվեց նաև պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանման և վերականգնման խնդիրը:
Ամփոփելով խոսքս՝ կարող եմ նշել, որ բանակցություններն ընթացան բարեկամ երկրներին բնորոշ ջերմ և կառուցողական մթնոլորտում:
Շնորհակալություն:


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի - Շնորհակալություն Ձերդ գերազանցություն, պարոն վարչապետ:
Տիկնայք և պարոնայք, ցանկանում եմ սրտանց ողջունել պարոն Հովիկ Աբրահամյանին և շնորհակալություն հայտնել ջերմ հյուրընկալության համար: Ինձ համար անչափ ուրախալի է, որ ինձ հնարավորություն տրվեց այցելել մեր բարեկամ երկիր՝ Հայաստանի Հանրապետություն, որի հետ մեզ կապում են բազմադարյա բարիդրացիական հարաբերությունները և համագործակցությունը: 
Մենք համաձայնության եկանք, որ էլ ավելի պետք է խորացնենք Վրաստանի և Հայաստանի միջև գոյություն ունեցած սերտ համագործակցությունը, և տվյալ այցը հենց այս նպատակին է ծառայում: Մենք ընթացիկ տարվա 6 ամսվա կտրվածքով 42 տոկոսով ավելացրել ենք առևտրաշրջանառությունը: Այս ամենը խոսում է այն մասին, որ մեր երկու երկրների միջև գոյություն ունեցած տնտեսական հարաբերությունները զարգանում են, և մենք, իհարկե, դա կշարունակենք: Շատ կարևոր է, որ մեր երկրների միջև հանդիպումներն ընթանան ու զարգանան ոչ միայն բարձր մակարդակով, այլև գերատեսչությունների մակարդակով: 
Մենք խոսեցինք տարածաշրջանում կայունության ամրապնդման հարցերի շուրջ: Հավելեմ, որ ունենք զբոսաշրջության աճ, դրական միտում կա այդ բնագավառում և համաձայնության ենք եկել, որ ամեն ինչ կանենք էլ ավելի խորացնելու այս հարաբերությունները: 
Ցանկանում եմ նաև նշել, որ մենք համաձայնության ենք եկել, որ Հայաստանը և Վրաստանը համատեղ կկառուցեն կամուրջ: Այսօր իմացանք, որ կա հետաքրքիր նախաձեռնություն կամուրջը կոչել Բարեկամության կամուրջ, և մենք հաճույքով համաձայնեցինք այդ առաջարկին:
Մենք խոսել ենք նաև մշակութային և մարդասիրական բնագավառների հարցերի շուրջ: Պարոն վարչապետը հիշատակեց երեկ գիշեր Վրաստանում տեղի ունեցած սողանքը, որն արդեն երկրորդ անգամ է արձանագրվել: Մենք մեր պատրաստակամությունը հայտնեցինք, որ երկու-երեք օրում կվերականգնենք գազի մատակարարումը, և գազատարը կվերականգնվի:
Վերջում մեկ անգամ ևս նշեմ, որ մենք երախտապարտ ենք, և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, պարոն վարչապետ, այսպիսի ջերմ և բարեկամական ընդունելության համար: Շնորհակալություն:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter