HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էներգետիկ եւ տրանսպորտային հաղորդուղիների հակաօդային պաշտպանությունը` Բաքվի օգոստոսյան հետցնցո՞ւմ, թե՞ նոր արկածախնդրության սկզբնափուլ

Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

Սկիզբը

Վերլուծության նախորդ մասում անդրադարձանք նրան, որ վրաց պաշտպանության նախարարը օգոստոսի 18-ին հատարարել էր, թե նախիջեւանյան եռակողմ հանդիպման գաղափարն իրենն է: Մինչդեռ նույն օրը Բաքվի փորձագետները այն վերագրեցին Թուրքիային: Չնայած այդ հակասությանը, միանշանակ է, որ պայմանավորվածությունը եղել է անցած տարի: Պարզ է նաեւ, որ դրա հիմնական շահառուն Անկարան է: Հստակ է նաեւ, որ ավելի վաղ է պլանավորվել Իրակլի Ալասանիայի պաշտոնական այցը Ադրբեջան:

Այդ ամենի հետ մեկտեղ նկատելի է, որ հանդիպման օրակարգը մեծապես ազդված է օգոստոսյան իրադարձություններից, որի արդյունքում Ադրբեջանն ու Թուրքիան առիթը բաց չեն թողել` քննարկելու Հայաստանի «աննահանջ ագրեսիան ու օկուպացիան»: Անկարան էլ եւս մեկ անգամ ուղղակի իր զորակցությունն է հայտնել Ադրբեջանի ու Վրաստանի «տարածքային ամբողջականության վերականգնմանը» ու Բաքվի հետ առաջ է քաշել «տարածաշրջանային կայունությունը վերականգնելու» նպատակը, որը, դժվար չէ ենթադրել, այդ տանդեմի կողմից հասկացվում է որպես «տարածքների դեօկուպացիա»: Թերեւս, սա կարող ենք նաեւ թուրքական խայծ համարել Բաքվին ու Թբիլիսիին ռազմական նոր դաշինքի մեջ ներքաշելու համար: Այլ հարց է, թե որքանո՞վ Թբիլիսին կհավատա դրան:

Հնարավոր է, որ Թբիլիսիի համար այնքան էլ ցանկալի չի եղել իր մտահղացած եւ երկար ժամանակ պլանավորված այս հանդիպման՝ Ադրբեջանի օգոստոսյան արկածախնդրությանը հաջորդելու փաստը` գիտակցելով, թե ի՞նչ մեկնաբանությունների տեղիք կտա այն Երեւանում, որի հետ նա ցանկանում է պահպանել ու խորացնել բարիդրացիական հարաբերություններ: Այդ մտահոգությունը նկատելի է վրացական կողմի վարքագծում, ով մինչեւ հանդիպումը առաջինը փորձեց փարատել Երեւանի հնարավոր մտահոգություններն ու հայտնել, որ այն ընդամենը մասնակի խնդրով՝ էներգետիկ-տրանսպորտային հաղորդակցության ուղիների անվտանգության համատեղ ապահովման նպատակներ է հետապնդում:

Անկարայի ու Բաքվի համար իդեալական էր, որ վրացական կողմն առաջինը բարձրաձայնեց նախիջեւանյան հանդիպման օրակարգը՝ տպավորություն ստեղծելով, թե իբր միանգամայն երրորդ երկիր է մտահոգված այդ ենթակառուցվածքների անվտանգությամբ:

Հասկանալի է, որ վրացական կողմի առաջնային մտահոգությունը Ռուսաստանն է, ով ամենեւին դրական վերաբերմունք չունի ո'չ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կամ Բաքու-Թբլիսի-Էրզրում գազամուղի, ո'չ էլ տարեվերջին շահագործման հանձնվելիք Բաքու-Թբիլիսի-Ղարս երկաթգծի ու ընթացքի մեջ գտնվող տրանսանատոլիական գազամուղի հանդեպ: Ի վերջո, Ռուսաստանը ոչ միայն հայտարարություններով է իր վերաբերմունքը արտահայտել դրանց նկատմամբ, այլեւ 2008թ. օգոստոսին՝ նավթամուղին հարող տարբեր հատվածներ ոչ պատահականորեն ռմբակոծելով:

Մինչդեռ, Անկարայի ու Բաքվի խաղը Հայաստանի դեմ է, որում նրանք փորձում են ներքաշել նաեւ Թբիլիսիին՝ նախեւառաջ նրա միջոցով լեգիտիմացնելով էներգետիկ-հաղորդակցական ենթակառուցվածքներին սպառնացող վտանգը:

Իսկ այդպիսի սպառնալիք անգամ օգոստոսյան էսկալացիայի ժամանակ չի ստեղծել հայկական կողմը` ի դժբախտություն Բաքվի ու Անկարայի, որոնք շատ կցանկանային, որ դա լիներ: Հայաստանում թե Արցախում միանգամայն հեռատեսորեն երբեք չեն խոսել ռազմական որեւէ դիպաշարի դեպքում խողովակաշարերն ու հաղորդակցական ուղիները թիրախի տակ վերցնելու հեռանկարի մասին: Ավելին, Երեւանից անգամ կարծիքներ հնչեցին առ այն, որ դրանք իրենց հերթին Ադրբեջանի արկածախնդրությունը կանխող դերակատարում ունեցան:

Այն սպառնալիքները, որ փոխանակեցին Երեւանն ու Բաքուն, սկսվեցին նրանից, որ օգոստոսի 7-ին, երբ արդեն տապալվել էր Ադրբեջանի բլիցկրիգի փորձը, Իլհամ Ալիեւը Աղդամի մատույցներից սպառնաց «վերացնել հայոց պետականությունը, եթե Հայաստանը չհրաժարվի իր գործողություններից»: Ադրբեջանի նախագահը հոխորտաց, թե «շփման գծում լիակատար առավելություն ստացած Ադրբեջանի զինված ուժերը», որոնց «ռազմական ու բարոյական առավելությունից սարսափում է թշնամին», «ունակ է ցանկացած պահի լուծել ցանկացած խնդիր» եւ «ոչնչացնել ցանկացած օբյեկտ Լեռնային Ղարաբաղում»: 

Նույն օրը ՀՀ կառավարության նիստում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց. «Առկա լարվածությունը սաստկացնելուն ուղղված ադրբեջանական կողմի գործողությունների շարունակման դեպքում հայկական զինուժը ստիպված է լինելու իրականացնել համարժեք գործողություններ՝ է́լ ավելի խստացնելու Ադրբեջանի ՊՆ ղեկավարության ռազմական տրամաբանությունից զուրկ եւ անմիտ վրեժխնդրության դրսեւորումների նկատմամբ պատժամիջոցները»:

Ի պատասխան արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի առաջարկի՝ քաղպաշտպանության ծառայության 4 հազար հոգանոց խմբով աջակցել սահմանների պաշտպանությանը, ինչպես դա անում է Ադրբեջանը սահմանամերձ գոտում, ՀՀ Պաշտպանության նախարարն արձագանքեց, թե «Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության քաղպաշտպանության զորքերը վերջին շրջանում հիմնականում պաշտպանում են Մինգեչաուրի ջրամբարը՝ մտավախություն ունենալով, որ հայկական կողմը կարող է այդտեղ գործողություններ իրականացնել»:  

Բաքվում դա մեկանաբանեցին իբրեւ Ադրբեջանի խոշորագույն ՀԷԿ-ի վրա հնարավոր հարձակման սպառնալիք: Անմիջապես հաջորդ օրը Ադրբեջանի ռազմական գերատեսչության տարածած հայտարարության մեջ նոր հոխորտանք հնչեց. «Մեր բանակը, որի հրթիռները ուղղված են Հայաստանի վրա, պատրաստ է հրամանի դեպքում հողին հավասարեցնել անգամ մայրաքաղաք Երեւանը»:

Բաքուն չափազանց անհանգստացած էր Մինգեչաուրի ՀԷԿ-ի անվան հիշատակումից, թեպետ ՀՀ պաշտպանության նախարարի խոսքը վերաբերում էր Ադրբեջանի ինքնաբուխ մտահոգություններին, այլ ոչ թե պարունակում էր ուղիղ սպառնալիք: Այդուհանդերձ, Ադրբեջանը փորձեց ՀՀ կառավարության նիստում արտաբերվածը աշխարհին ներկայացնել իբրեւ Հայաստանի կողմից հնչեցված սպառնալիք: Փոխադարձ սարսափեցման էստաֆետը վերցրեց Իլհամ Ալիեւը՝ ընդհուպ Սոչիի եռակողմ հանդիպման պահը` թվիթերյան գրառումներով պատերազմ հայտարարելով Հայաստանին ու Արցախին:

Սերժ Սարգսյանը այդ ամենին արձագանքեց Սոչիի հանդիպումից հետո՝ օգոստոսի 11-ին. «Այո, եւ դա ես առանց որեւէ մտավախության եմ ասում, Ադրբեջանի զինված ուժերը Նախիջևանից կարող են «հասնել» նաեւ Երեւանի սահմաններին, եթե ռազմական գործողություններ սկսվեն: Բայց այդպիսի բաներն անպատիժ երբեք չեն մնում, եւ Ադրբեջանի ղեկավարությունը շատ լավ գիտի, թե ինչ կարողություններ ու հնարավորություններ ունեն հայկական զինված ուժերը: Նրանք շատ լավ գիտեն, որ մենք ունենք բալիստիկ հրթիռներ, որոնց գործողության շառավիղը 300 կմ-ից ավելի է, եւ որոնք շատ կարճ ժամանակում ցանկացած ծաղկուն բնակավայր կարող են վերածել այնպիսի ավերակների, ինչպիսին հիմա Աղդամի ավերակներն են: Ընտրության հարց է: Եթե այդ մարդիկ «իրենց գլխից ձեռք են քաշել», եթե նրանք որոշել են, որ պետք է գնալ ռազմական լայնածավալ գործողությունների եւ, նույնիսկ, կարող են Հայաստանի բնակավայրերը, որոնք սահմանամերձ չեն, ընտրել որպես թիրախ, ապա թող իրենք իրենց պատասխանատվության մասին մտածեն»:

Բաքվում Սերժ Սարգսյանի այս հայտարարությանն արձագանքեցին ոչ միայն Ադրբեջանի ՊՆ նոր հայտարարությամբ՝ թե Հայաստանի զինված ուժերի տրամադրության տակ եղած «Սկադ» բալիստիկ հրթիռներն այնքան հին են, որ անգամ երկինք չեն բարձանա, այլեւ հակաօդային պաշտպանության համակարգերի զորավարժությամբ:

Օգոստոսի 13-ին այդ «լայնամասշտաբ զորավարժությունների» նպատակ հայտարարվեց հակաօդային պաշտպանության զորքերը բարձր մարտական պատրաստության բերելու գործողությունների մշակումը, կարեւոր պետական եւ ռազմական օբյեկտների պաշտպանությունը, հարձակման ու պաշտպանության ժամանակ ցամաքային զորքերը դրան միակցելը: Օգոստոսի 15-ին այս տեղակատվությունը լրացվեց նրանով, թե «պլանավորվում է նաեւ աէրոդինամիկ, թեւավոր ու բալիստիկ հրթիռներով համազարկեր արձակել ուսումնական նշանակետերին»:

Ուշագրավ է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ վարժանքները անց են կացվում 2014թ. մարտական պատրաստվածության պլանի հիման վրա, որը ստորագրել է Զաքիր Հասանովը: Այդ կերպ մի կողմից թաքցվում էր, թե վարժանքները կապ ունեն հայկական կողմի հնչեցրած սպառնալիքների հետ, մյուս կողմից էլ ցույց էր տրվում, թե ադրբեջանական հակաօդային պաշտպանության համակարգը ի զորու է չեզոքացնել Երեւանի օդային սպառնալիքները: Թերեւս, ինֆորմատիվ է այս վարժանքների՝ նախապես պլանավորված լինելու հանգամանքը, որին քիչ անց կանդրադառնանք:   

Օգոստոսի 16-ին Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդեց, որ նախարար Զաքիր Հասանովի ղեկավարությամբ Ադրբեջանի հակաօդային պաշտպանության զորավարժությունները, որոնց ժամանակ գործածվել են С-300 ПМУ-2 «Фаворит» и С-125 «Печора-2ТМ» զենիթահրթիռային համակարգերը, ավարտվել են: Վարժանքների սցենարի համաձայն՝ նշված համակարգերը ոչնչացրել են Ադրբեջանի օդային տարածքը խախտած պայմանական հակառակորդին, իսկ հրթիռային համակարգերը հրթիռակոծել են հակառակորդի ցամաքային նշանակետերը, նրա ռազմական տեխնիկան եւ ինժեներական կառույցները:

Ահա, այս զարգացումներից երկու օր անց էլ կայանում է նախիջեւանյան հանդիպումը՝ այս անգամ «թշնամու հեռահար հարվածներից» էնեգետիկ ու տրանսպորտային հաղորդուղիները պաշտպանելու` հայտարարված օրակարգով:

Ինչո՞ւ է Բաքու-Անկարա տանդեմին հարկավոր «նավթագազամուղերի սպառնալիքը»

Անշուշտ, օգոստոսի սկզբին Արցախի ու Հայաստանի սահմանագծին հայկական զինուժի կողմից Ադրբեջանի անուղղակի հարձակման ու առաջխաղացման ստրատեգիայի տապալումից հետո Իլհամ Ալիեւին ու իր պաշտպանության նախարարին ոչինչ չէր մնում, քան զորավարժություններով ուժ եւ մկաններ ցուցադրելը, թվիթերում, Աղդամի մատույցներից թե Բաքվից Երեւանի ու Ստեփանակերտի ուղղությամբ հոխորտանքներ հնչեցնելն ու բռունցքներ թափահարելը, վերջապես՝ «հաղթող» ու «մարտունակ» երեւալը: Այդ կերպ նաեւ փորձ էր արվում բարձրացնել հայկական հատու հակահարվածներից, պատճառված մեծաքանակ կորուստներից ահաբեկված ադրբեջանական հասարակության ոգին:

Սակայն, այդ ամենից զատ, կարծես թե պարզ է դառնում նաեւ Բաքվի մեկ այլ տապալված հաշվարկ: Ինչպես հայտնի է, օգոստոսյան լարվածությունը հատկապես կիզակետին էր հասել հայ-ադրբեջանական սահմանագծի երկու տիրույթներում` Տավուշ եւ Արցախ: Պատերազմում ընդունված մարտավարական հնարք է` հակառակորդի ուշադրությունը շեղելու նպատակով կեղծ ճակատ բացել մի ուղղությամբ, սակայն գրոհել մեկ այլ ուղղությամբ:

Տավուշյան «ճակատը», թերեւս, հենց կեղծ թատերաբեմն էր, որտեղ Ադրբեջանը իր զինուժի, զինտեխնիկայի կենտրոնացմամբ պարտադրեց նաեւ հայկական կողմի զինուժի որոշակի կենտրոնացում: Բաքուն նաեւ ակնկալում էր, որ Հայաստանը հարկադված կլինի այդտեղ պահել իր զինուժի եւ տեխնիկայի զգալի մասը, որը նա օժանդակության կարգով չի կարողանա տրամադրել Արցախին, որտեղ էլ Ալիեւ-Հասանով զույգը պլանավորել էր անցնել բլիցկրիգի՝ արագ հարձակվել ու գրանցել առաջխաղացում:

Սակայն, հենց տավուշյան թատերաբեմում էլ տեսանելի է դառնում մեկ այլ չբարձրաձայնված նպատակ, որը բացահայտելու է գալիս խոշոր տրամաչափի զենքերից մարզի սահմանամերձ բնակավայրերը ռմբակոծելու Բաքվի մարտավարության իմաստը: Իհարկե, օրինաչափ է, որ հակառակորդի կողմից թիրախի տակ էին վերցվում առավել խոցելի աշխարհագրական դիրք ունեցող բնակավայրերը: Սակայն, արձանագրել է պետք,  որ ադրբեջանական կանոնավոր սադրանքների ուղղություններից մեկը չափազանց մոտ է Հայաստան-Վրաստան-Ադրբեջան ընդհանուր սահմանագոտուն (Բերդավան-Դովեղ-Բարեկամավան-Կոթի-Ոսկեւան-Ոսկեպար աղեղ): Մյուսը Բերդի տարածաշրջանի հատվածն էր՝ Ներքին Կարմիր Աղբյուր-Այգեպար-Մովսես ուղղությամբ: Այս երկու հատվածներն էլ ամենամոտն են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան, Բաքու-Թբիլիսի-Էրզրում նավթագազամուղներին, որոնք միանգամայն հասանելի են հայկական կրակակետերի ու հրետանու համար:

Ակնհայտորեն, պարբերաբար սադրելով հայկական կողմին, Բաքուն փափագում էր, որ հայկական հակահարվածը կլինի հենց խողովակաշարերի վրա, ինչը թույլ կտար հակամարտության մեջ ներքաշել վրացական, թուրքական կողմերին եւ ընդհանրապես Արեւմուտքին: Պատահական չէ, որ օգոստոսի սկզբին Բաքվում ու Երեւանում իրադարձությունների ծավալմամբ մտահոգ արեւմտյան դիվանագիտական կորպուսից հատկապես Միացյալ Թագավարության ու ԱՄՆ դեսպաններն էին գերակտիվություն ցուցաբերում լարվածության ապաշիկացման ուղղությամբ, բնականաբար, մտահոգված լինելով նաեւ խողովակաշարերի համար:

Ամենայն հավանականությամբ, եթե հայկական զինուժը տրվեր սադրանքներին, Բաքվի ժամանակացույցով դրան պետք է հաջորդեր Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարների պլանավորված հանդիպումը, որի օրակարգը շատ ավելի լեգիտիմ կլիներ եւ ընդհուպ կպահանջեր համատեղ միջոցներ ձեռնարկել ստրատեգիական օբյեկտներին սպառնացող հայկական վտանգից պաշտպանելու նպատակով: Այդ հանդիպումն առնվազն կօրինականացներ Թուրքիայի միջամտությունը շիկացած հակամարտությանը:

Ուստի, Նախիջեւանի ընտրությունն էլ պատահական չէ (Ալիեւի վարչախմբին սպասարկող վերլուծական կայքերը, անդրադառնալով նախիջեւանյան հանդիպմանը, հայկական արձագանքներին, խորամանկորեն ակնարկում են, որ գուշակել է պետք, թե ինչո՞ւ է հանդիպման վայր ընտրվել Նախիջեւանը): Թերեւս, հենց այնտեղից է, որ Թուրքիան կարող է Բաքվի հետ հարվածներ հասցնել Երեւանին, եւ, եթե հայկական կողմը չտապալեր Բաքվի բլիցկրիգն ու խողովակաշարերի ռմբակոծությամբ մեծացներ ռազմական բախման մասշտաբները, եռակողմ հանդիպումն առնվազն այդ հարցով որոշումը կընդուներ: Վրաստանը չմասնակցեր էլ՝ Թուրքիան ու Ադրբեջանը կանեին իրենց գործը: Ահա թե ինչու հունիսի սկզբից ոչ պատահականորեն ու շատերի համար զամանալի կերպով ակտիվացվեց նաեւ հայ-ադրբեջանական սահմանագծի «նախիջեւանյան ճակատը»: 

Ուստի, Ալիեւի շարունակվող ռազմատենչ հռետորաբանությունը կամ զորավարժությունների շքերթը, այժմ էլ՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա զորավարժությունները նավթագազամուղները պաշտպանելու նպատակով, պետք չէ դիտարկել սոսկ որպես օգոստոսյան հետցնցում: Իրավիճակը նման է նրան, երբ թատերական ներկայացումը հանվել է եթերաշրջանից, սակայն նրա մի քանի դերասան համառորեն բեմականացնում են իրենց վերապահված դերը: Սա թույլ է տալիս ասել, որ պաշտոնական Բաքուն դեռեւս լիակատար չի հրաժարվել իր ռազմական արկածախնդիր մտադրություններից եւ շարունակում է իրավիճակի ապակայունացման այնպիսի ուղիներ փնտրել, որոնք հակամարտության մեջ կներքաշեն նաեւ իր հնարավոր դաշնակիցներին, առաջին հերթին՝ Թուրքիային: Վրաստանն այս խաղում նրանց ընդամենը պետք է որպես մտահոգություններն ու օրակարգը լեգիտիմացնող մասնակից:    

Ի՞նչ  եւ ինչո՞ւ պետք է խոսի Երեւանը Թբիլիսիի հետ

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Այցի շրջանակում նախատեսված են Ղարիբաշվիլու հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ։

Անշուշտ, հայ-վրացական օրակարգը քննարկման արժանի բազում խնդիրներ ունի՝ սկսած Վրաստանի եվրաասոցացումից ու Հայաստանի հնարավոր եվրասիականացումից հետո ի հայտ գալիք խնդիրներից, տարանցիկ ապրանքափոխադրումներից ու աբխազական երկաթուղու վերագործարկումից մինչեւ Վրաստանում հայկական մշակութային ժառանգության ու վրացահայության/ջավախահայության իրավունքների հարգման հարցերը: Սակայն, վրաց բարձրաստիճան պաշտոնյայի հետ նախատեսված առանձնազրույցում պաշտոնական Երեւանը պետք է նաեւ ներառի բաց եւ անկեղծ զրույց նախիջեւանյան եռակողմ հանդիպմանն ու թուրքական իղձին՝ ռազմական դաշինքին վերաբերող հարցերով:

Երեւանը պետք է Թբիլիսիին հայտնի, որ Ադրբեջանի օգոստոսյան տապալված արկածախնդրության խորապատկերին հասկանում է Բաքու-Անկարա տանդեմի հետապնդած անմաքուր խաղի նպատակը: Նաեւ պետք է հավաստիացումներ տրվեն, որ սահմանին իրավիճակի լարվածության ցանկացած դիպաշարի դեպքում Վրաստանի համար կարեւորություն ներկայացնող հաղորդուղիներն ու ենթակառուցվածքները երբեք ռմբակոծությունների թիրախ չեն դառնա: Այս հավաստիացումները պետք է տրվեն նաեւ Հայաստանում արեւմտյան դիվանագիտական կորպուսին՝ նրանց համար եւս բացահայտ դարձնելով Բաքու-Անկարա տանդեմի նոր խաղը: Պետք է հստակ բացատրվի, թե ինչի՞ էր դրդում Ադրբեջանը Հայաստանին՝ մասնավորապես Հայաստան-Ադրբեջան-Վրաստան սահմանագոտում՝ նավթագազամուղներից ամենամոտ հեռավորության տիրույթում, եւ ինչպե՞ս հայկական կողմը չտրվեց սադրանքներին:

Դրա հետ մեկտեղ, Երեւանը պետք է հետախուզի, թե որքա՞ն հեռուն կարող է գնալ Թբիլիսին եռյակի մեկնարկած ձեւաչափում: Գիտակցելով կամ պարզելով Վրաստանի համար այդ ձեւաչափում «խորանալու» սահմանները, էական է հավաստիացումներ ստանալ, թե տրոյկայի շրջանակներում ի՞նչ թույլ չի տա Թբիլիսին իրեն եւ այլոց: Այս առումով, կարեւոր է ՀՀ ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանի շեշտադրումը. «Կարծում եմ, որ հենց Վրաստանի մասնակցությունը կզսպի այս եռակողմ հարաբերությունների հակադրումը Հայաստանի ազգային անվտանգության շահերին»:

Վրաստանի վարչապետի հետ հանդիպումը պետք է ծառայեցվի ենթադրությունը համոզմունքի վերածելուն. Երեւանը պետք է ոչ թե կարծի, այլ համոզված լինի, որ Թբիլիսին չի ներքաշվի Հայաստանի ու Արցախի դեմ թուրք-ադրբեջանական նոր արկածախնդրության մեջ: Եւ հակառակը՝ Թբիլիսին պետք է համոզված լինի, որ Երեւանը երբեւէ չի վտանգի Վրաստանի ազգային շահերն ու տարածաշրջանային խողովակաշարերի համար սպառնալիք չի ստեղծի, որը փափագում է տեսնել Բաքուն:

Իսկ Ադրբեջանի այդ ցանկությունը միանգամայն Կրեմլի սրտով է, ով տարիներ շարունակ ատամներ է սեղմել տարածաշրջանը արեւմտականացնող նախագծերի վրա եւ միանգամայն կարող է խրախուսել Ադրբեջանի նոր արկածախնդրությունը դրանց հանդեպ: Սակայն, Երեւանն է, որ որոշիչ դեր է խաղում այդ դիպաշարի կանխման հարցում ՝ եթե չտրվի Բաքվի սադրանքին (ինչպես դա եղավ օգոստոսին), եւ հակառակը, դրա կյանքի կոչման հարցում՝ եթե տրվի սադրանքին: Իսկ վերջինն ամենեւին պետք չէ Երեւանին:

Այնպես որ, Երեւանը եւ Թբիլիսին կարող են փոխշահավետ պայմանավորվածության գալ միմյանց դեմ չգործելու մասին: Երեւանն ու Ստեփանակերտն էլ չպետք է կորցնեն զգոնությունը. Ադրբեջանը ամբողջովին չի հրաժարվել արկածախնդրությունից եւ տակավին փորձում է հող նախապատրաստել ավելի մեծ մասշտաբի ու ավելի շատ դերակատարների ներգրավվածությամբ նոր լարվածություն սադրելու համար: Ռուս-ադրբեջանական հարաբերությունների առաջիկա դինամիկային հետեւելը առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ խողովակաշարերի համար սպառնալիք ստեղծելու հարցում նույնատիպ շահագրգռություններ կարող են ունենալ ե’ւ Բաքուն, եւ́ Մոսկվան: Իհարկե, Մոսկվան շահագրգռված կլինի դրանց իսպառ վտանգմամբ, իսկ Բաքուն՝ ընդամենը թեթեւ փորձով:

Դեպի այդ նպատակը Ալիեւին դրդում է թե’ օգոստոսյան պարտությունը, ինչի մասին նա ամենալավը գիտի, թե’ այլեւս խրոնիկական դարձած անադեկվատության տիրույթներում նրա հերթական սխալ հաշվարկը: Այս իմաստով պետք չէ բացառել հենց թուրք-ադրբեջանական տանդեմի կազմակերպած սադրանքը խողովակաշարերի դեմ: Հայաստանը վրիպելու իրավունք չունի: Վրաստանը՝ նույնպես:    

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter