HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Կառավարությունում շաբաթն ուրբաթից շուտ է գալիս

Կառավարությունն այսօր «Պարտքի դիմաց գույք ընդունելու միջոցառումների մասին» որոշում է ընդունել, որը վերաբերում է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին: Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը առաջարկել է գործադիրին ընդունել մոտ 53 հազ. քմ տարածքով շենք-շինություններն ու ավելի քան 9 հա հողամասը: Այս ամենը կպետականացվի «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի՝ պետության հանդեպ ստանձնած 10,2 մլրդ դրամ վարկային պարտավորության դիմաց:

Հիշեցնենք, որ դատարանը որոշել է նշված ՓԲԸ-ից հօգուտ կառավարության բռնագանձել վարկային պարտքն ու 205 մլն դրամ դատական ծախսը (պետական տուրք): Մայիսի 19-ին համալիրն առաջին անգամ հանվել էր էլեկտրոնային հարկադիր աճուրդի 19,3 մլրդ դրամ գնով: Այժմ՝ 7-րդ աճուրդում, լոտի գինը 10,2 մլրդ դրամ է: Աճուրդը կավարտվի օգոստոսի 25-ին՝ ժամը 13:00-ին:

Բայց զարմանալի է, թե ինչու է ԴԱՀԿԾ-ն լոտն ընդունելու առաջարկ արել կառավարությանը: Նման իրավունք ԴԱՀԿԾ-ն չունի, բացի դրանից՝ աճուրդը դեռ ընթացքի մեջ է: Ի՞նչ երաշխիք կա, որ այս 3 օրվա ընթացքում գնորդ չի հայտնվի: «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքն ասում է, որ «երկրորդ եւ յուրաքանչյուր հերթական աճուրդից հետո լոտը չվաճառվելու դեպքում պահանջատերը աճուրդի ավարտից հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, իրավունք ունի պահանջի դիմաց այն ընդունելու այդ աճուրդի մեկնարկային գնով: Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական մարմիններն իրավունք ունեն պահանջի դիմաց ընդունելու լոտը, եթե նրանք ունեն նման լիազորություն: Պահանջի դիմաց գույք ընդունելու լիազորություն ունեցող պետական մարմինների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: 

Նման լիազորություն ունի միայն ֆիննախը, եւ հենց այդ նախարարությունը ամսի 25-ից հետո կարող էր լոտն ընդունելու պահանջով դիմել ԴԱՀԿԾ-ին: Նույն օրենքը սահմանում է, որ «պահանջատերը պահանջի դիմաց լոտն իրեն հանձնելու վերաբերյալ իր գրավոր պահանջը կարող է ներկայացնել ծառայություն մինչեւ չկայացած աճուրդից հետո երկրորդ աշխատանքային օրվա ավարտը: Պահանջատիրոջ եւ հարկադիր կատարողի միջեւ կնքվում է գույքը հանձնելու մասին պայմանագիր: Եթե լոտի մեկնարկային գինը գերազանցում է դատական ակտով որոշված պարտքի չափը, ապա պահանջատերը մինչեւ պայմանագիր կնքելը եւ լոտը իրեն հանձնելը պարտավոր է պարտապանին վճարել հանձնվող լոտի մեկնարկային գնի ու դատական ակտով որոշված պարտքի միջեւ եղած տարբերությունը»: Քանի որ լոտի գինն ավելի ցածր է, քան ՓԲԸ-ի պարտավորությունները, պահանջատեր ֆիննախը ոչինչ էլ չի վճարի ընկերությանը: Ավելին՝ դեռ ՓԲԸ-ն է պարտք մնում:

Ընդ որում՝ ընկերությանը սնանկ ճանաչելու դատական գործ է սկսվել: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանի վարույթ գործը մտել է օգոստոսի 2-ին, դիմումատուն Երեւան համայնքն է, ասել է թե՝ քաղաքապետարանը: Նշենք, որ ՓԲԸ-ն բազմաթիվ ֆիզիկական ու իրավաբանական անձանց պարտքեր ունի: Քանի որ ՓԲԸ-ի ունեցվածքը հենց ՄՀՀ-ն է, իսկ վերջինս էլ, ի դեմ ֆիննախի, պահանջատեր ունի, ֆիննախը ծանուցել է դատարանին, որ մորատորիում չի տարածում, այսինքն՝ ընկերության պարտավորությունների հետաձգում չի անում: Սա նշանակում է, որ ՓԲԸ-ի մյուս պարտատերերը, ըստ էության, ձեռնունայն կմնան:

ԴԱՀԿԾ-ի մամուլի քարտուղար Ռիմա Եգանյանի աշխատանքային ու բջջային հեռախոսահամարները այդպես էլ անհաղորդ մնացին մեր զանգերին: Ընդհանրապես, ԴԱՀԿԾ-ն բավականին ագրեսիվ ու չզիջող կեցվածք է ընդունել համալիրի գործով: Հիշեցնենք, որ հենց ԴԱՀԿԾ-ի պետ Միհրան Պողոսյանի (Քեթրինի Միհրան) մտերիմ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Ստեփանյանի (Չախկալ Արթուր) ընկերությունն է գնատահել ՄՀՀ-ն եւ սահմանել, որ շենքն արժե 25,8 մլրդ դրամ, ինչի 75 տոկոսի (19,3 մլրդ դրամ) չափով էլ հայտարարվել էր առաջին հարկադիր աճուրդը: Բացի դրանից՝ քանի որ համալիրի վերաբերյալ դատական գործեր կային, ԴԱՀԿԾ-ն պարտավոր էր կասեցնել կատարողական վարույթը, սակայն վերաքննիչ ատյանի որոշումը նույնիսկ չկանգնեցրեց գեներալ Միհրանին: 

Ընկերության փաստաբան Արմինե Հակոբյանն էլ «Հետքի» հետ զրույցում ասաց, որ լրագրողներից է իմացել ԴԱՀԿԾ-ի առաջարկի մասին: Նա շեշտեց, որ հարկադիր կատարողների առաջարկը համալիրի գործով նախկին իրավախախտումների շարունակությունն է: Ըստ Հակոբյանի՝ ՓԲԸ-ն հայաստանյան ատյաններն անցնելուց հետո մտնելու է Եվրադատարան: Այս պահին ընկերության դեմ մի շարք դատական գործեր դեռ ընթացքի մեջ են:      

Եթե կառավարությունը նման որոշում է կայացրել, նշանակում է, որ նույնիսկ պոտենցիալ գնորդ հայտնվելու դեպքում նրան ուղղակի հեռու կպահեն ՄՀՀ-ից: Գործադիրը, ժամանակից առաջ անցնելով, արդեն որոշել է. ՄՀՀ-ն անցնելու է ՊՆ-ին ու օգտագործվելու է նպատակային նշանակությամբ, ասել է թե՝ մարզահամերգային միջոցառումների համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter