HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ես մասնակցում եմ ուսանողական մրցույթի

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշենի» բանտից, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժնի 2–րդ կուրսի ուսանող (1996 թ.-ին մահապատժի դատապարտված, 2003 թ.-ից ցմահ բանտարկյալի կարգավիճակում)         

Արդեն գիտեք, որ ուսանողական տարածաշրջանային մրցույթի եմ մասնակցում՝ «Ազատազրկման այլընտրանքները» թեմայով: Իրավագիտության ֆակուլտետի ուսանողների միջև մրցույթի կազմակերպիչը «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության Հարավային Կովկասի գրասենյակն է՝ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» հետ համատեղ: Նախորդ հոդվածներիցս մեկում խոստացել էի, որ կներկայացնեմ աշխատանքս: Քանի որ այն ծավալուն է, որոշեցի գիտական մասերը մի կողմ դնել ու ներկայացնել իմ պատկերացումները պատժի, դրա այլընտրանքների, պատժի ներգործության վերաբերյալ:   

Իրավունքի բարոյականությունը

Գիտնական իրավագետները գրում են, որ ի սկզբանե եղել է բարոյականությունը, և հետո է առաջ եկել իրավունքը: Արդյո՞ք այդպես է: Չէ՞ որ բարոյականության չափանիշները հազարամյակների ընթացքում բազմիցս տրանսֆորմացվել են, այդ թվում հանցագործներին պատժելու տեսանկյունից: Օրինակ՝ ինչպես այլ երկրներում, այդպես էլ Հայաստանում դարեր շարունակ պետության կողմից որպես պատժամիջոց կիրառվող սպանությունների դաժան եղանակները, կամ պատժատեսակները`անդամահատումը, կուրացումը և այլն ընկալվել են շատ նորմալ և ընդունելի: Մարդկության քաղաքակրթության սկզբնական փուլում օրինաչափ էին մարդակերությունը, սեռական հարաբերությունները մերձավոր հարազատների հետ, զանգվածային սպանությունները: Բայց երբ մարդը գիտակցեց, թե ինչն է վտանգավոր ցեղի պահպանման, անվտանգության համար, սկսեց սահմանել տաբուներ, որոշել՝ ինչն է կարելի, ինչը՝ ոչ: Այսինքն՝ ծնվեց իրավունք հասկացողությունը:

Գանք մեր օրերը, որ ավելի պարզ օրինակներով խոսենք բարոյականության և իրավունքի դերի, ազատազրկմանը այլընտրանք հանդիսացող պատժատեսակների մասին:  Հազարամյակների քաղաքակրթություն ունեցող ազգ լինելով, առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած, այնուամենայնիվ «միջնադարյան» պատիժներ ենք շարունակում կիրառել: Ծայրաստիճան դանդաղ քայլերով ենք առաջ շարժվում պատժի այլընտրաքային տարբերակների կիրառման հարցերում և այն էլ, ցավոք, եվրոպական կառույցների պարտադրանքի և վերահսկողության ներքո:     

Ինչպես այլ ազգերի, այնպես էլ հայերիս մոտ իրավունքի ողջ պատմությունը դասակարգային բովանդակություն է ունեցել` արտահայտել է շահագործող դասակարգերի կամքը: Ստորին խավերի օրինախախտումները, մանավանդ ընդվզումներն իշխանությունների նկատմամբ, դիտարկվել են որպես ծանր հացագործություններ: Ներկայումս պատիժ հասկացությունը քրեական օրենսգրքում սահմանվում է որպես` պետական հարկադրանքի միջոց, որը դատարանի դատավճռով պետության անունից է նշանակվում և նպատակ է հետապնդում վերականգնել սոցիալական արդարությունը, կանխել հանցագործությունները և ամենակարևորը`ուղղել պատժի ենթարկված անձին:

Հայաստանի բանտերում, մասնավորապես Երևանի <Նուբարաշեն> ՔԿՀ-ում 4 -5  հոգու համար նախատեսված խցերում (20 մ²) պահվում է 15 -ից 20 մարդ: Բնականաբար նման անմարդկային պայմաններում, երբ առողջ, շատ հաճախ առողջների հետ հիվանդ կալանավորին կամ դատապարտյալին բանտախցի չորս պատերի մեջ տրամադրում են  1մ² տարածք`առողջ կենսակերպի, օրենքում նշված ուղղման մյուս բաղադրիչների մասին ավելորդ է խոսել:               

Հոգեբանական իներցիան 

Լուսավորչական դարաշրջանի սկզբում համապատասխան գիտական շրջանակներում, ապա նաև իշխանությունները եկան այն համոզման, որ դաժանագույն պատժատեսակները, մասնավորապես ձեռքեր, ոտքեր, լեզու կտրելը, աչքեր հանելը թե՛ մարդասիրության, թե՛ նպատակահարմարության տեսանկյունից շատ ավելի ճիշտ է փոխարինել այլընտրանքային տարբերակով`ազատազրկումն ավելի հաճախ կիրառել: Այսինքն՝ այդ ժամանակ ինքնին ազատազրկումն էր այլընտրանք առավել դաժան պատիժներին: Այլևս նպատակահարմար չէր խեղանդամ դարձնել դատապարտյալին, քանի որ այդպիսով նա դադարում էր օգուտ բերել՝ աշխատել: Ավելի ուշ պետական ապարատը սկսեց կիրառել հարկադիր աշխատանքների սկզբունքը:

Ինչպես անբողջ աշխարհում, այնպես էլ հատկապես նախկին Սովետական Միության տարածքում, այսպես կոչված, պենիցիտար համակարգը գրեթե միշտ ունեցել է պատժողական բնույթ, որը արտահայտվել է դատապարտյալների ստիպողաբար և որպես կանոն չվարձատրվող (կամ չնչին վարձատրությամբ) աշխատանքի միջոցով` պետության որոշակի կարիքները հոգալու նպատակով: Այսօրվա Հայաստանում Խորհրդային Միությունից ժառանգություն մնացած բանտա-գաղութային համակարգը պայմանների տեսանկյունից մնացել է նույնը, սակայն դատապարտյալները մատնված են բառի բուն իմաստով անգործության. նրանց աշխատանքով ապահովելու մասին խոսք անգամ չկա: Որո՞նք են այն պատճառները, որ այսօր ստիպում են խոսել ազատազրկմանը այլընտրանք հանդիսացող պատժատեսակների մասին: Հատկապես նշվում են հետևյալ առաջին հայացքից պրագմատիկ թվացող պատճառները.

1. Դատարանների ծանրաբեռնվածությունը                                                                                        

2. Բանտերի և գաղութների գերբնակեցումը                                                                                      

3. Ազատազրկման դատապարտվածներին պահելը բյուջետային մեծ ծախսերի հետ է կապված 

4. Ազատազրկումը չի արդարացնում բուն նպատակը`հանցագործի ուղղումը         

Եթե այս ամենը համապատասխանում է իրականությանը, ապա ի՞նչն է պատճառը, որ այդչափ դանդաղ և միայն արտաքին ճնշման ներքո  են պետական համակարգերը կյանքի կոչում ազատազրկմանը այլընտրանք հանդիսացող պատժատեսակները: Այստեղ պատճառները մի քանիսն են.      

1.Որքան շատ դատապարտյալներ կան բանտերում ու գաղութներում, այնքան մեծ գումարներ են պետական բյուջեից տրամադրվում ՔԿՀ-ներին, նաև Եվրոպական համապատասխան կառույցներից են միջոցներ տրամադրվում արդարադատության ոլորտում  բարեփոխումներ կատարելու համար: Սակայն արդյո՞ք այդ գումարները մինչև վերջին դրամը նպատակային են ծախսվում:                                                

2. Խորհրդային ժամանակներից թե՛ իշխանությունների, թե՛ հասարակության մեջ գործում է այն հոգեբանական իներցիան, որ հանցագործին պատժել-ուղղելու հիմնական միջոցը ազատազրկումն է: Քրեակատարողական հիմնարկներում աշխատողների մեծամասնությունը խորհրդային դպրոցն անցած «պատժիչ մեքենայի» մասնագետներ են: Ելքը տեսնում եմ երիտասարդ և ժամանակակից կրթություն ստացած, այս հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի փորձին ծանոթ որոշումներ կայացնող պաշտոնյաների ակտիվ աշխատանքի մեջ:  

3. Հայաստանում ազատազրկմանը այլընտրանք հանդիսացող պատիժների ինստիտուտի կյանքի կոչումը ոչ նպատակահարմար է իշխանության համար. այդ  պատճառով կրիայի նման դանդաղ քայլերով այս գործընթացի  ստիպողաբար առաջընթացը կոչված են ցույց տալու քրեական արդարադատության քաղաքականության իրական դեմքը: 

Հ.Գ. Իսկ իմ առաջարկության մասին կգրեմ հաջորդ անգամ, որը վերաբերում է Հայաստանի սահմանների ու Արցախի ազատագրված տարածքների վերաբնակեցմանը: Ես հեծանիվ չեմ հայտնագործում, այլ Ամերիկայի ու Ավստրալիայի վերաբնակեցման ծրագիրն ուզում եմ տեղայնացնել մեզ մոտ: Հավատացեք՝ դրանից միայն կշահի Հայաստանը:                                       

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter