HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վրաստանը պարտավորություններ ունի Հայաստանի առջև ու սուս-փուս չի կարող անել այն, ինչ Ադրբեջանը կամ Թուրքիան իրեն կասեն». Թ. Պողոսյան

«Հետքի» հարցերին պատասխանում է ԱԺ-ում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի անդամ, արտաքին հարաբերությունների և պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի մշտական հանձնաժողովների անդամ, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը:   

-Օրերս Նախիջևանում տեղի ունեցավ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը, որի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ ռազմական ուսումնավարժանքներ անցկացնելու մասին։ Այսօր արդեն Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան հայտարարեց, որ երեք պետությունները մտադիր են պաշտպանունակությունն ամրապնդելու մասին պլան մշակել: Հայաստանը պե՞տք է մտահոգվի տարածաշրջանային ռազմական նման համագործակցությամբ:

-Իհարկե, Հայաստանը պետք է մտահոգվի ցանկացած համագործակցությամբ, այն էլ ռազմական բնույթի, որը տեղի է ունենում իր հարևանների միջև, և որին Հայաստանը չի մասնակցում: Ամեն դեպքում, ՀՀ-ն պետք է գիտակցի հետևյալը. ցանկացած երկիր ունի իրավունք սեփական անվտանգության խնդիրները լուծելու: Այս առումով գոյություն ունի մի կարևոր հանգամանք, այն է՝ եթե ապահովված է իմ անվտանգությունը, իրենց անվտանգ են զգում նաև իմ հարևանները: Այս սկզբունքից ելնելով, նույն երեք պետությունները պետք է գիտակցեն, որ եթե իրենց համագործակցությունը միտված լինի Հայաստանի դեմ, ապա Հայաստանը պետք է էլ ավելի ամրապնդի իր անվտանգությունը՝ խորացնելով իր համագործակցությունն այնպիսի երկրների հետ, որոնք միգուցե Թուրքիային ու Ադրբեջանին դուրեկան չլինեն: Ուստի, պետք է միշտ գիտակցել, որ իմ անվտագության էլեմենտը կախված է հարևանների անվտանգության էլեմենտից:

-Այս երեք երկրների ռազմական համագործակցությունը կարո՞ղ է վերաճել ռազմական դաշինքի:

-Հայաստանը համագործակցության տարբեր ուղիներ է ունեցել. օրինակ՝ ՆԱՏՕ-ի և մի շարք այլ կառույցների հետ, բայց սա չի նշանակում, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ դաշինք է ստեղծելու, ոչ: ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է ու տարբեր ժամանակներում ՀԱՊԿ բոլոր ուժերի հետ այս տարածքում զինվորական վարժանքեր են անցկացվել, ի՞նչ է, հիմա պետք է ասենք, որ դաշի՞նք է ստեղծվել... Պետք չէ շտապել ու ասել, որ Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը դաշինք կստեղծեն, ոչ, թող փորձեն համագործակցել... Չմոռանանք նաև, որ Հայաստանն ու Վրաստանն ունեն տարբեր համաձայնագրերով, պայմանագրերով ամրապնդված հարաբերություններ, այնպես որ, նույն Վրաստանը պարտավորություններ ունի Հայաստանի առջև ու սուս-փուս չի կարող անել այն, ինչ Ադրբեջանը կամ Թուրքիան իրեն կասեն: Նորմալ է, գիտակցում ենք, իրենց ցանկությունն է, թող փորձեն պլաններ մշակել, այնուամենայնիվ, մենք մտահոգվելու ենք միայն ՀՀ անվտանգության խնդիրներով ու պետք է անենք ցանկացած քայլ, որ մեր անվտանգությունը հզորանա: Թե այդ քայլերը դուր կգան երեք երկրներին, թե դուր չեն գա, դա իրենց խնդիրն է...

-Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը Նախիջևանում հաջորդեց օգոստոսյան դեպքերին: Արդյոք հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած լարվածությունը չէր երեք երկների որոշման դրդապատճառը՝ պաշտպանունակությունն ամրապնդելու պլան մշակելու մասին:

-Աշխարհում շատ քիչ բան կա, որ չի հաջորդում կամ նախորդում այս կամ այն իրադարձությանը: Մի մոռացեք, որ շուրջ մի քանի տարի է, Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը համագործակցում են միմյանց հետ, 6 ամիսը մեկ այս երեք երկների արտաքին գործերի նախարարները հանդիպում են միմյանց, զրուցում, տեղի են ունենում պաշտպանության ոլորտում տարբեր մակարդակի հանդիպումներ և այլն: Այնպես որ, Հայաստանին մնում է ուշադիր հետևել այս համագործակցությանը՝ փնտրելով մեր հնարավոր սպառնալիքները: Իսկ այն, որ հանդիպումը եղել է Նախիջևանում, որևէ կերպ չի փոխում հանդիպման իմաստը: Որ երեք նախարարները Անկարայում հանդիպեին, հանդիպման բուն իմաստն ու քննարկման թեմաները չէին փոխվելու, չէ՞: Այնպես որ, ես որևէ նշանակություն չեմ տալիս, թե որտեղ են հանդիպում նրանք:

Իսկ օգոստոսյան դեպքերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ հայկական բանակը հզոր է, կատարում է իր առջև դրված խնդիրները, ու բոլոր երեք երկրներն էլ իրենց դասերը քաղել են օգոստոսյան դեպքերից: Վրաստանը գիտակցեց, որ Հայաստանն արժանի հարևան է, ում հետ պետք է հաշվի նստել, Ադրբեջանը ևս մեկ անգամ ականատեսը եղավ, որ հայկական բանակն ավելի մարտունակ է, քան իր բանակը, Թուրքիան էլ պետք է գիտակցի, որ տարածաշրջանում կա մի պետություն, ում հետ վաղ թե ուշ ինքը հաշվի է նստելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter