HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բժիշկը 15 տարի պայքարում է հայ բժշկության թանգարանի տարածքի համար

Հոգեբույժ Հարություն Մինասյանն ակնոցն ուղղում է, ապա խնամքով ցույց տալիս հայ բժշկության պատմության մասին վկայող իրերը: Նյութերի խիտ դասավորությունը քիչ-քիչ նոսրանում է, երբ հարմարվում ես սենյակի «կանգնած» օդին: Հայ բժշկության պատմության ժամանակագրությունը անշտապ սկսում է վերականգվել: Մուտքից ձախ հատվածում տեղադրված պահարաններին ինքնաեռների «շարասյունն» է: Բժիշկ Հարություն Մինասյանի աչքից, կարծես, չի վրիպում որևէ հայացք: Ասում է՝ երբ դեռ էլեկտրական հոսանք չկար, հայ բժիշկներն օգտվում էին ինքնաեռներից տաք ջուր ստանալու համար:

Ներկայիս «Նոր Արաբկիր» առողջապահական կենտրոնի այս սենյակը մինչ 1999 թ. նախատեսված էր խմբակային հոգեթերապիայի համար: Զրուցակիցս, շշանման տարայի վերածված դդումներից մեկը ձեռքում պահելով, բացատրում է, որ սենյակն այդ ժամանակ ազատ էր, հիմնականում չէր օգտագործվում, ինքն էլ խնդրեց բուժհիմնարկի ադմինիստրացիային իրեն տրամադրել այն՝ հավաքածուն այդտեղ տեղափոխելու համար: Բուժհիմնարկի նախկին ղեկավարությունն ընդառաջել էր խնդրանքին: Այդպիսով, 1999-ին բացվեց թանգարանը, հավաքածուի մեծ մասը տնից տեղափոխեց թանգարան:

Պատմում է, որ դեռ պատանեկան տարիներից հետաքրքված էր հավաքորդությամբ: «Տատիկս-պապիկս վանեցիներ էին, իսկ հին տներում հին իրեր լինում են, չէ՞, օրինակ, հին պուտուկ, հին պղնձե աման, հին ափսե, ջրաման և այլն, ընդ որում՝ մեկը՝ ճաքած, մեկը՝ ջարդված, մեկը՝ չկիրառվող, այդ բոլորը հավաքեցի, փոքրիկ անկյուն ստեղծեցի»,- նշում է Հ. Մինասյանը: Իսկ հավաքածուն թափ ստացավ 1990 թ.-ին, երբ Երևանում բացվեց առաջին «սև» շուկան կամ վերնիսաժը: Այն գործում էր Մարտիրոս Սարյանի արձանի հարևանությամբ: Վերնիսաժում մարդիկ վաճառքի էին հանել այն, ինչ ունեին՝ հնամենի իրեր, այդ թվում՝ հայ բժշկության պատմությանն առնչվող նյութեր՝ գրքեր, մանրադիտակներ, լուսանկարներ, բժշկական գործիքներ: Այդ շուկայից էլ սկսեց գնել հայ բժշկության պատմության մասին նյութերը:

30.000 ցուցանմուշների մեջ է հայ բժշկության առաջին գիրքը

Բժշկի ցուցանմուշների թիվը մոտ 30.000 է: Հավաքածուի շարքում կարելի է տեսնել հնագիտական գտածոներ՝ մարդկանց, կենդանիների կմախքներ, քարե, բրոնզեդարյան, կավե գործիքներ, միջնադարյան գրքեր, 18-19-րդ դարերը ներկայացնող լուսանկարներ, գրքեր, բժշկական գործիքներ, աշխարհի տարբեր երկրներում տպագրված պարբերականներ, հայերեն բժշկական թերթեր, հայ երևելի բժիշկների հայերեն և օտարալեզու գրքեր: Հավաքածուի մեջ կան մոտ 5.000 հայ բժիշկների լուսանկարներ, մի քանի հազար բժշկի կենսագրականներ՝ 1870-ականներից սկսած՝ Երևանից, Բաքվից, Թիֆլիսից, Կ.Պոլսից:

Ցուցանմուշների շարքում է նաև հայ բժշկության մասին պատմող Մխիթար Հերացու «Ջերմաց մխիթարություն» գիրքը, որը ձեռագիր գրվել է 12-րդ դարում Սբ. Ղազար կղզում, իսկ տպագրվել է 1832 թ.: Սա պատմելուց հետո մեղմ ժպտում է: Ասում է՝ այդ գրքի տպագիր օրինակից ավելի հին օրինակ ունի: Ըստ նրա՝ առաջին բժշկական տպագիր գիրքը համարվում է Պետրոս Քալանթարյանի «Բժշկարան համառոտ» գիրքը, որը տպագրվել 1793 թ. Նոր Նախիջևանում:

Այս նյութերն, իհարկե, պահվում են խնամքով, բուժհիմնարկի ղեկավարությունն էլ չի դժգոհում, ասում է՝ նույնիսկ հպարտանում է, որ «Նոր Արաբկիրը» Երևանում միակ առողջապահական կենտրոնն է, որտեղ գործում է հայ բժշկության պատմության թանգարան, բայց այս նյութերի համար անհրաժեշտ է տարածք, որպեսզի շնչեն, անհրաժեշտ ջերմաստիճան, որի դեպքում կպահպանվեն: Հենց դրա համար էլ բժիշկը պայքարում է արդեն 15 տարի: Ասում է՝ ԽՍՀՄ նախկին բոլոր պետություններն ունեն բժշկության պատմության թանգարան, իսկ Հայաստանը՝ ոչ: Հետո բացատրում է, թե ինչու:

Ինչո՞ւ Հայաստանը չունեցավ բժշկության թանգարան

1984 թ. ԽՍՀՄ առողջապահության նախարար Բուրենկովը Մոսկվայից հրաման է արձակում բոլոր 15 հանրապետությունների առողջապահության նախարարներին, որպեսզի բժշկության թանգարաններ բացեն: «Քանի որ Մոսկվայի հրամանն անբեկանելի էր, բոլոր հանրապետությունների առողջապահության նախարարները անմիջապես քաղաքում գտնում են հարմար շենք, ասենք հիվանդանոց, պոլիկլինկա, սանէպիդկայան կամ որևէ ուսումնական հաստատություն, վերանորոգում են այն՝ դարձնելով թանգարան: ՀՀ առողջապահության նախարար Էմիլ Գաբրիելյանը (հետագայում այս հարցով զրուցել եմ նրա հետ) մտադիր էր ոչ թե այդպիսի փոքրիկ շենք տրամադրել, այլ հիմքից բետոնե գեղեցիկ 10 հարկանի շենք կառուցել, որովհետև նա գտնում էր, որ Հայաստանը բոլոր 15 հանրապետությունների մեջ միակն է, որն ունի հնադարյան բժշկության պատմություն և պետք է շքեղ, 10-հարկանի շենք ունենա»,- նշում է Հարություն Մինասյանը: Շենքի կառուցման ֆինանսավորումը նախարար Գաբրիելյանը մտադիր էր ստանալ Մոսկվայից, ինչի համար նրա բանակցությունները տևել են մոտ 4 տարի: Սակայն 1988 թ.-ը սառեցրեց թանգարանի կառուցման գաղափարը, իսկ Հայաստանում թանգարանի մասին երազանքները մնացին օդում:

Երբ պետական օղակները լվանում են ձեռքերը

Հարություն Մինասյանն ասում է, որ բազմիցս դիմել է ՀՀ առողջապահության, մշակույթի նախարարություններին, Երևանի քաղաքապետարանին՝ թանգարանի համար տարածք տրամադրելու համար, իսկ բոլոր կառույցներից ստացել է նույն պատասխանը՝ տարածք չունեն տրամադրելու: Մինչդեռ պետական կառույցների ներկայացուցիչները ներկա էին գտնվում սենյակ-թանգարանի բացմանը, բժիշկն ասում է, որ նույնիսկ չէին թաքցրել իրենց հիացմունքը:

Իրականությունը, որ աբսուրդի է նման

Հարություն Մինասյանի պատկերացմամբ՝ թանգարանը պետք է գտնվի Երևանի կենտրոնում, բանուկ փողոցի վրա, թեկուզ բնակելի շենքի առաջին հարկում, սակայն այսօր այդպիսի տարածքները, ըստ բժշկի, օգտագործվում են ռեստորաններ, սրճարաններ բացելու համար: Դրանք, ըստ Հարություն Մինասյանի, եկամտաբեր կառույցներ են, իսկ թանգարանները՝ ոչ: «Թանգարանը փող չի բերելու այնպես, ինչպես գիշերային ակումբը կամ ռեստորանը, և դրա համար էլ ոչ մեկը շահագրգռված չէ տարածք տրամադրելու, եթե տարածք լինի, իրենք ավելի եկամտաբեր գործի կտրամադրեն»,- ասում է նա, ապա ավելացնում, թե այսօր նրանցից ոչ մեկը չի հասկանում թանգարան ունենալու կարևորությունը, հետո էլ ասում են, թե Հայաստանը պետք է դառնա զբոսաշրջային երկիր: Ըստ զրուցակցիս՝ շատ զբոսաշրջիկներ գալիս են Հայաստան՝ թանգարաններ այցելելու համար, և ինչքան էլ նրանց պատմենք, թե Հայաստանը բժշկական հին մշակույթ ունի, անհրաժեշտ են դրա առարկայական դրսևորումները:

«Աբսուրդն այն է, որ ռեստորան, խանութ կամ գիշերային ակումբ բացելու համար տարածք ուզեի, երևի ավելի շուտ կտային ինձ, որովհետև դրանք եկամուտ կբերեին պետությանը: Այսինքն՝ ես ուզում եմ մի բան, որից ոչ մի եկամուտ չեմ ստանալու, հակառակը՝ իմ ունեցվածքն եմ դնելու, և ոչ մեկը չի ընդառաջում այս հարցին: Աբսուրդների երկրում ենք»,- ասում է Հ. Մինասյանը: Քիչ անց պատմում է, որ կային մարդիկ, ովքեր չհասան թանգարան ունենալու իրենց երազանքներին: Օրինակ, նկարիչ, հավաքորդ Մարկոս Գրիգորյանը, ում «Միջին արևելք» հավաքածուն արդեն 25 տարի գտնվում է Գրականության և արվեստի թանգարանում: «Այդ մարդուն համոզեց Տեր-Պետրոսյանը, որ իր հավաքածուն բերի Երևան, որպեսզի Երևանում ստեղծի Միջին արևելքի թանգարան: Նա իր 5 մլն դոլար արժողությամբ հավաքածուն ԱՄՆ-ից բերեց Երևան, ասացին ժամանակավորապես տեղավորի Գրականության և արվեստի թանգարանում, մինչև շենք տանք քեզ: Այդ մարդը 20 տարի խնդրում էր, թե ինձ շենք տվեք, բայց այդպես էլ չտվեցին, մահացավ, իսկ հավաքածուն մինչ օրս ցուցադրվում է Գրականության և արվեստի թանգարանի մի հատվածում»,- նշում է զրուցակիցս:

Նույն պատմությունը կրկնվեց միկրոքանդակագործ Էդուարդ Տեր-Ղազարյանի հետ, ով հայտնի էր մազի, բրնձի հատիկի վրա արված քանդակնեով: Նա ևս խնդրում էր իրեն տարածք հատկացնել թանգարան բացելու համար, ընդ որում՝ իր հավաքածուն մի սենյակում էլ կարելի էր տեղավորել, բայց կրկին չկատարեցին նրա խնդրանքը: Սա այն դեպքում, երբ վերջինս հեռուստատեսային հաղորդումներից մեկի ժամանակ ասել էր, որ Կանադան իրեն առաջարկել է գնել ամբողջ հավաքածուն և տեղափոխել Կանադա, իսկ քանդակագործին էլ հատկացնել բնակարան, արհեստանոց, թանգարանի շենք Կանադայում: Նա մերժել էր այդ առաջարկը, քանի որ չէր ցանկանում, որ իր հավաքածուն դուրս գար հայրենիքից: Հարցնում եմ, դեռ հույս ունի՞, որ թանգարանի համար տարածք կհատկացնեն, պատասխանում է. «Ամենացավալի բանն այն է, երբ մարդու մեջ մեռնում է հույսը: Իմ մեջ հույսը դեռևս չի մեռել, կմեռնի ինձ հետ: Ես մտածում եմ, որ մինչև վերջ պետք է պայքարել այս հարցում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter