HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ Վիգեն Սարգսյանին

Հարգելի պրն. Սարգսյան,

Կարդացի «Լույս» հիմնդրամի ուսանողների հետ կայացած Ձեր հանդիպման սղագրությունները՝ հրապարակված Մեդիամաքս կայքում: Անցումային շրջանում գտնվող երկրների ընձեռած հնարավորությունների և երկում իրականացվող փոփոխություններին մասնակցելու մասին Ձեր հոյակապ ելույթը ինձ անչափ ուրախացրեց, քանի որ առաջին անգամ գրեթե բառացի լսեցի իմ իսկ սեփական սկզբունքների արտահայտումը: Ուրախ եմ, որ մեր կառավարությունում նման համոզմունքների տեր մասնագետ է աշխատում: Բայց Ձեր ելույթը ինձ նաև ցավ պատճառեց: Գիտեք, չկա ավելի դաժան բան, քան հերոսության ոգեկոչումը, երբ պայքարը ոչ թե բաց մարտահրավերի, այլ ականապատ դաշտի դեմ է:

Ես Եվա Սարգսյանն եմ, ճարտարապետ, ճարտարապետության տեսաբան, «Լույս» հիմնադրամի 2010 թվականի շահառու: Որպես տեսաբան և քննադատ՝ ես Հայաստանում գործող մի քանի մասնագետներից մեկն եմ, իսկ ըստ իմ նեղ մասնագիտացման ճարտարապետության սոցիոլոգիայի և լրագրության մեջ՝ թերևս միակն եմ երկրում: Կարծում եմ` Ձեր փորձի ու գիտելիքների տեր մարդուն կարիք չկա շատերի նման մեկնաբանելու, թե ինչ է այս մասնագիտացումը, և որքանով է այն կարևոր և կիրառելի Հայաստանի ներկա խնդիրների ու մարտահրավերների լուծման հարցում: Իհարկե, գուցե իր կիրառելիության հնարավորություններով և ակտուալությամբ այս մասնագիտությունը զիջում է այնպիսի մասնագիտությունների, ինչպիսիք են տնտեսագիտությունը, քաղաքագիտությունը, իրավաբանությունը, տարբեր ոլորտների կառավարումը և այլն, որոնք անմիջապես կապված են փողի և կրկին ու կրկին փողի հետ: Ես հասկանում եմ, որ Հայաստանի համար այսօր առաջնային խնդիրները պրագմատիկ և առավելապես արտաքին անվտանգության հետ կապված հարցերն են, և որ քաղաքի ու քաղաքացու կերպարի և փոխհարաբերությունների կերտման, քաղաքային մշակույթի ու ճարտարապետական ավանդույթի ստեղծման կամ գոնե շարունակականության պահպանման հարցերը փողի իշխանության դարում տասներորդական են: Չնայած, գուցե և սխալվում եմ, ի վերջո մեր պաշտոնյաները հաճախ հնչեցրել են այն կարծիքը, որ եթե երկիրը ծանր սոցիալական վիճակում է, դա չի նշանակում, որ մենք չպետք է նյութականի ու մարմնականի հարցերից անդին չմտածենք:

Թույլ տվեք Ձեզ ներկայացնել իմ պատմությունը և ուղղել Ձեզ մի քանի հարց՝ Ձեր ելույթում հնչած համոզմունքները կյանքի որոշ իրողությունների հետ համատեղելու վերաբերյալ: 2011-ին Լոնդոնի Քոլեջ Համալսարանում ուսումս ավարտելուց հետո ես անմիջապես վերադարձա Հայաստան: Պատճառը Ձեր ելույթի թեման էր՝ հավատը երկրում փոփոխություններ իրականացնելու հնարավորության հանդեպ ու այդ փոփոխությունների հանդեպ սեփական պատասխանատվության գիտակցումը: Այդ փոփոխությունը ես տեսնում էի մեկ ֆունդամենտալ հարցում՝ խոսքի և հաղորդակցման մշակույթի սերմանման մեջ, հատկապես իմ՝ ճարտարապետական ոլորտում, որտեղ, թերևս, կիրթ և գրագետ հաղորդակցման բացակայությունը ակտիվ բախումների է բերում քաղաքի և իշխանությունների միջև: Եկեք ընդունենք, որ քաղաքացիական հասարակությունը Հայաստանում այսօր մեծապես ճարտարապետական խնդիրներին մասնակից լինելու շնորհիվ է ձևավորվում: Իսկ որքանո՞վ է այդ նորաստեղծ քաղաքացիական հասարակությունը քաղաքավարի ու նպատակային կիրառում իր քաղաքացիական իրավունքները: Չէ՞ որ սա արդեն ներքին անվտանգության հարց է, որը ոչ պակաս կարևոր է, քան արտաքին անվտանգության հարցերը և հաճախ կարող է նույն արտաքին անվտանգության խաթարման պատճառ հանդիսանալ:

Հենց այս և բազմաթիվ այլ հարցերն էին, որոնց շուրջ փոփոխություններ իրականացնելու ցանկությունը ինձ ստիպեց ուսումս ավարտելուն պես ետ գալ Հայաստան: Ես մշակել էի ծրագրեր այդ փոփոխություններն իրագործելու համար, որոնց վրա աշխատել եմ մինչ Լոնդոն մեկնելը մասնավոր սեկտորում, սակայն 2011-ին, երբ ես վերադարձա, այդ ծրագրերի իրականացումը հասունացել էր պետական աջակցության մակարդակի: Առիթը իրեն երկար սպասել չտվեց: 2011-ի ամռանը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ «Լույսի» ուսանողների հետ հանդիպման ժամանակ ես զրույց ունեցա վարչապետի հետ՝ ներկայացնելով ճարտարապետական և քաղաքաշինական հարցերի գծով հանրային կապերով («հանրային կապեր» բնորոշումը պայմանական է, քանի որ առաջարկվող հաստատության գործառույթները շատ ավելի բարդ են) զբաղվող կառավարությանը կից հաստատության ստեղծման խնդիրը: Վարչապետն անձամբ կարևորեց նման հաստատության գոյությունը՝ հավաստելով, որ ինքը նույնպես մտածել է նման մի բանի մասին, և առաջարկեց իրեն ներկայացնել դրա հիմնադրման ծրագիրը, որի վրա ես այն ժամանակ արդեն աշխատում էի: Ծրագիրը ներկայացվեց իրեն՝ ըստ պայմանավորվածության, բայց պատասխան չկար: Մոտ կես տարի սպասելուց հետո և բազմիցս պատասխանի հետամուտ լինելուց հետո վերջապես այն եկավ քաղաքաշինության փոխնախարարի կողմից՝ մերժումով: Պատճառը միշտ նույնն է՝ փող չկա: Զարմանալի, բայց դասական պատասխան: Լավ, փող չկա, փող միշտ չկա: Իսկ այդ փոփոխությունների իրականացումը երկրում ինչպե՞ս եք տեսնում առանց փող ներդնելու:

Դուք ասում եք՝ մենք «մեծ փոփոխության ժամանակում ենք...շատ հեշտ է փոփոխություն բերել այս շրջանում»: Ես համաձայն եմ Ձեր այս պնդման հետ, ավելին՝ ինքս առաջնորդվել եմ այդ սկզբունքով՝ հավատալով, որ չկա ավելի պարարտ դաշտ փոփոխություններ բերելու համար, քան դատարկ դաշտը: Հայաստանը դատարկ կամ կիսադատարկ դաշտ է շատ բնագավառներում և հատկապես իմ՝ ճարտարապետության բնագավառում: Թույլ տվեք խոսքս չծանրացնելու համար այստեղ չմեկնաբանել այս պնդումը: Շատերը կարծում են, որ եթե իրենց մասնագիտության համար շուկա չկա, ուրեմն իրենք անելու բան չունեն այդտեղ: Իսկ ես հակառակն եմ կարծում, չկա ավելի հարմար շուկա, քան դատարկ շուկան: Ստեղծիր ինքդ այդ շուկան, ցանիր քո սերմը, ջրիր, վարիր, աճեցրու քո դաշտը, բեր այդ փոփոխությունը երկրիդ և ինքդ քեզ համար ինքնուրույն, առանց ապավինելու արտաքին բարենպաստ պայմաններին, նույնիսկ այդ չարաբաստիկ փողին: Ես հավատացել եմ այս սկզբունքին, մինչ օրս հավատում եմ, հակառակ դեպքում հինգ տարուց ավել անվարձահատույց, սեփական միջոցների հաշվին չէի զբաղվի ճարտարապետական և մշակութաբանական վերլուծություններով՝ փորձելով ներդնել խոսքի և հաղորդակցության մշակույթը մեր ակտիվ քաղաքացիական հասարակության շրջանում: Եվ այսօր էլ, նույնիսկ գտնվելով Հայաստանից դուրս, ես դեռ աշխատում եմ այդ ծրագրերի կազմակերպման ուղղությամբ ու հավատում, որ դրանք կիրականան ու իրենց օգուտը կբերեն երկրին: Դուք ասում եք՝ «իքնս ինձ համար ես որոշել էի, որ իմ գիտելիքներն ու հմտությունները կարող եմ օգտագործել եւ դրանք օգտակար կլինեն իմ երկրի պետական ինստիտուտները կառուցելու գործում»: Ես նույնպես կարծում էի, որ այն հմտություններն ու գաղափարները, որ ես ունեմ, լավագույնս կարող են ծառայեցվել առաջին հերթին հենց պետական ինստիտուտներ կառուցելու գործին: Չէ՞ որ առաջին հերթին հմուտ աշխատող պետական ինստիտուտներն են, որ հիմք ու խթան են հանդիսանում երկրում ենթակառուցվածքների զարգացման համար: Ի՞նչպես կարող ենք մենք ունենալ առողջ շինարարական շուկա և գրագետ ճարտարապետական մշակույթ, քաղաքակիրթ կերպով իրականացվող ներդրումային և քաղաքաշինական ծրագրեր, եթե դրանց ետևում չկան ուժեղ մասնագիտական պետական կամ կիսապետական ինստիտուտներ: Վերջին տարիներին ինձ այլ առիթներով հնարավորություն ընձեռվեց այդ խնդիրներին ուղղված ծրագրեր ներկայացնել կառավարության այլ ներկայացուցիչների, բայց արդյունքը միշտ նույնն էր՝ անհետաքրքրվածություն: Դուք բոլորիցս լավ եք ծանոթ մեր ներկա և անցյալ կառավարությանը, նրա ստրատեգիաներին ու վարած քաղաքականությանը: Անկեղծորեն ասեք, խնդրում եմ, Դուք հավատու՞մ եք նման ինստիտուտների կառուցմանն ու դրանցում համակարգային փոփոխությունների հնարավորությանը:

Դուք ասում եք՝ «Մասնագիտական կարիերան սկսելիս սկզբունքային նշանակություն ունի հասկանալ և որոշել, թե ինչ եք դուք ցանկանում կյանքից»: Լոնդոնի համալսարանում իմ ավարտական քննության ժամանակ ծրագրի ղեկավարս ինձ ներկայացրեց քննական հանձնաժողովին որպես երիտասարդ ճարտարապետ Հայաստանից, ում նպատակն է վերադառնալ երկիր և մասնակցել այնտեղ փոփոխություններ բերելուն: Դա ինձ սթափեցրեց, ճիշտն ասած: Մի՞թե մի ամբողջ տարվա շփումից և հարյուրավոր մասնագիտական հարցերի շուրջ զրուցելուց ու քննարկելուց, համատեղ սերտ աշխատանքից հետո դա է իմ մասնագիտական էությունն ամբողջացնող մեկ նախադասությունը, որը ղեկավարս համարեց լավագույնը ինձ ներկայացնելու համար: Փաստորեն՝ այո: Ինձ համար սովորական էր ցանկացած գլոբալ տեսություն կամ մասնագիտական գործիք, որը մենք քննարկում էինք ծրագրի շրջանակներում, կիրառել Հայաստանի ճարտարապետական ոլորտի խնդիրների մեկնաբանման օրինակով: Եվ դա մատնում էր իմ հավատամքը, իմ մտահոգությունը ու հիմնական նպատակը: Հայաստան: Փոփոխություններ Հայաստանում: Դուք ասում եք՝ «ես միանգամայն վստահ եմ և ասում եմ իմ անձնական փորձից. դուք հնարավորություն ունեք լինել այստեղ եւ մասնակցել փոփոխություններին»: Իսկ ես Ձեզ ասում եմ՝ ես ուզում եմ լինել այդտեղ և մասնակցել փոփոխություններին, ավելին, ես ունեմ կարևոր փոփոխությունների ու բարեփոխումների ծրագրեր: Ես կարո՞ղ եմ լինել այդտեղ:

Դուք ասում եք՝ «վերադարձեք և ձեր մասնագիտական ներդրումն ունեցեք մեր Հայաստանի առաջընթացի գործում»: Ես բազմիցս գայթակղիչ հնարավորություններ թողնելով ետևում` վերադարձել եմ Հայաստան՝ Հոլանդիայից, Շվեդիայից, Լոնդոնից: Եվ հիմա նորից պատրաստ եմ խաղաղ, կայուն և շատ հեռանկարային կյանքը Եվրոպայում թողնելով` վերադառնալ Հայաստան` իմ մասնագիտական ներդրումն ունենալու համար Հայաստանի առաջընթացի գործում: Բայց Հայաստանն ուզու՞մ է, որ ես վերադառնամ: Իսկ Հայաստանին պե՞տք են իմ մասնագիտական ներդրումները: Սրանք հռետորական հարցեր չեն: Ես անկեղծորեն ուզում եմ Ձեր կարծիքը ու մեկնաբանությունները լսել, պրն Սարգսյան:

Կրկին թույլ տվեք շնորհավորել Ձեզ հոյակապ և ոգևորիչ ելույթի առիթով:

Հարգանքներով և պատասխանի ակնկալիքով՝

Եվա Սարգսյան

02.08.2014

Սենտ, Ֆրանսիա

Մեկնաբանություններ (2)

president
Ձեր նամակը և դրանում ներկայացված հարցադրումներն իսկապես անկեղծ են ու ակտուալ: Կարճ ասեմ. ես նույն ճանապարհն անցել եմ 10 տարի առաջ, սակայն իմ ընտրությունը` Հայաստան վերադառնալիս, նոր Հայաստան կառուցելը չէր: Ես հստակ գիտակցում էի, որ պետության ներսում գոյություն ունեցող իշխանության այդ տեսակի պայմանով երկիրը դատապարտված է լինելու այնպիսին, ինչպիսին այսօր է: Իրականությունն այդ է, և հարցը չէ, որ սա գրում եմ: Ես չսխալվեցի. 10 տարվա ընթացքում պետականությունն ու իշխանությունը վերջնականապես ուզուրպացվեց փողի ու անձնական շահի հիմքով գործող ու վերարտադրվող խմբի կողմից, որի համար ազգային և պետական որևէ ձգտում չկա: Փոխե՛ք Ձեր նպատակը Հայաստան գալուց առաջ. նախ պետք է Պետություն և Քաղաքացի ստեղծել:
Zara
Եվա ջան,դու իրոք հավատում ես ,որ պատասխան կստանաս այդ մարդուց? ես իրեն բազմաթիվ հարցեր են ուղղել և մինչ հիմա սպասում եմ պատասխանի....և ինչ փոփոխությունների մասին կարելի է խոսել անդունդը գլորվող երկրում????

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter