HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

ՈւԵՖԱ-ում կույրե՞ր են աշխատում, թե՞ երեսպաշտներ

Եվ այսպես՝ ՈւԵՖԱ-ն մերժեց Իռլանդիա-Հայաստան խաղում Ռոման Բերեզովսկու ստացած կարմիր քարտը չեղյալ համարելու ՀՖՖ-ի խնդրանքը: Եվրոպացի ֆուտբոլային չինովնիկների այս քայլը ցանկացած ողջամիտ, առավել եւս հայ երկրպագուի մոտ առաջացնում է զայրույթ եւ դառը քմծիծաղ: Ընդամենը կարելի է արձանագրել մեկ փաստ. ՈւԵՖԱ-ում, մասնավորապես՝ դրա ղեկավարությունում եւ մրցավարական ու կարգապահական մարմիններում կամ ֆիզիկապես ու մտավոր կույրեր են աշխատում, կամ էլ այդ մարդիկ օսլայած օձիքներով ու փողկապներով սովորական երեսպաշտներ են, որոնց մոտ խղճի ու արդարության զգացման ակնհայտ դեֆիցիտ կա: Չի բացառվում նաեւ այս երկուսի միաժամանակյա առկայությունը:

Ամբողջ աշխարհը տեսավ, քննարկեց ու քննադատեց բասկ Իտուրալդեի անգրագետ սխալը, այդ մասին խոսեց նաեւ դրվագի գլխավոր հերոս Սայմոն Քոքսը, հենց որն էլ արժանի էր ձեռքով խաղալու համար դեղին քարտով պատժվելուն: Բայց ՈւԵՖԱ-ն տարօրինակ համառությամբ կրկնեց մրցավարի սխալը:

45-ամյակը բոլորող Իտուրալդե Գոնսալեսը օրենքով այլեւս չի դատի միջազգային խաղեր, սակայն հարց է, թե եթե շարունակեր էլ, արդյո՞ք ՈւԵՖԱ-ն համապատասխան միջոցներ կձեռնարկեր իր հովանու ներքո անցկացվող մրցաշարերից Գոնսալեսին ժամանակավոր հեռու պահելու կամ կանոնադրությամբ նախատեսված այլ ձեւով նրան պատժելու համար: Դատելով ՈւԵՖԱ-ի անարդար մերժումից ու մի շարք այլ հանգամանքներից, մասնավորապես նրանից, որ մրցավարական կոմիտեի նախագահը Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Խոսե Անխել Վիլյարն է, իսկ համաշխարհային ֆուտբոլն էլ ամեն օր ցնցվում է նոր կուլիսային սկանդալներից՝ կարելի է ենթադրել, որ իսպանահպատակ Գոնսալեսը առանձնապես անհանգստանալու տեղ չէր ունենա:

Բայց տգետի համբավ ձեռք բերած այս մարդուն թողնենք մի կողմ ու կենտրոնանանք Բերեզովսկու մեկխաղյա որակազրկման վրա: Երբ, օրինակ, եվրոպական գրանդ թիմերը դիմում ու հետեւողականերոն բողոքարկում են իրենց ֆուտբոլիստների ու մարզիչների որակազրկումները չեղյալ հայտարարելու կամ մեղմելու համար, հաճախ հասնում են իրենց նպատակին, ինչով մասամբ կամ ամբողջությամբ վերականգնվում է արդարությունը: Բայց երբ խոսքը գնում է Բերեզովսկու դեպքի նման ակնհայտ ու անվիճելի պահերի մասին, ՈւԵՖԱ-ն ինչու՞ է փաստացի արդարացնում մրցավարի կոպտագույն սխալն ու անտրամաբանական որոշում կայացնում:

ՈւԵՖԱ-ի ղեկավարությունը՝ մսյո Պլատինին ու մյուսները, պատրաստ են ժամերով քարոզ կարդալ ու խրախուսել «Fair Play»-ի՝ «Արդար խաղի» կանոնների տարածումն ու պրոպագանդան աշխարհում, սակայն մի՞թե արդար են գործում իրենք այս պարագայում՝ խախտում չարած Բերեզովսկուն հանիրավի զրկելով թեկուզեւ մեկ խաղից:

Չբացառելով Իտուրալդեին «վերեւներից» տրված պատվերի՝ որպես իռլանդացիների համար փոխհատուցման վարկածը, բայց շարունակելով խիստ կասկածամտորեն վերաբերվել դրա հավանականությանը՝ կուզենայինք շեշտել այն տեսակետը, որն այսօր իշխում է ֆուտբոլում ոչ գրանդ հանդիսացող երկրներում: Ըստ այդմ՝ փոքր երկրներն ու ազգերը իրենցից ավանդաբար ուժեղ համարվողների հետ պայքարում միշտ էլ տուժողի դերում են մրցավարի ու ֆուտբոլային չինովնիկների վերաբերմունքի առումով: Սակայն ինչքա՞ն կարող է այս ամենը շարունակվել:

ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի առաջարկով 2016 թ. Եվրոպայի առաջնությունից արդեն կիրառվելու է նոր կարգ. մրցաշարի եզրափակիչ փուլին մասնակցելու է 24 թիմ ներկայիս 16-ի փոխարեն: Սա նախեւառաջ արվել է վերոնշյալ ոչ գրանդ երկրների համար՝ դրանցում մարզաձեւի մասսայականությունն ու դրա նկատմամբ հետաքրքրությունն ավելացնելու նպատակով: Բայց ահա այդպիսի երկրների թվին դասվող Հայաստանին երկրորդ անգամ ծանր հարված հասցնելը մի՞թե չի հակասում այն քաղաքականությանը, որ ընտրել է մսյո Պլատինին: Ի վերջո, ՈւԵՖԱ-ն ոչ թե ուժեղների ու թույլերի, լավերի ու վատերի, այլ հավասար իրավունքներով օժտված 53 անդամների միություն է:    

Հ.Գ. Լավ կլիներ, որ ՀՖՖ-ն հետեւողական գտնվեր Բերեզովսկու կարմիր քարտը չեղյալ հայտարարելու դիմումը պնդելու հարցում, ինչի համար կան բողոքարկման ատյաններ: Ու պետք չէ մտածել, առավել եւս մտահոգվել, թե վերոնշյալ մսյոն դրա պատճառով կարող է եւ փոխել իր վերաբերմունքը ՀՖՖ-ի նկատմամբ: Մեր ճիշտը միայն մենք պիտի պաշտպանենք:   

Մեկնաբանություններ (6)

W. Wallace
Հայ ազգի վաղեմի բարեկամ Իտուրալդեն երեկ դատում էր Բարսելոնա-Սեվիլյա խաղը, կարմիր քարտերը միայն խաղավերջին տեղացին, բայց կարելի է ասել, որ «ուստեն» իրեն հավատարիմ մնաց...
Սոս
Բաժանում եմ նապորդ մեկնաբանությունների տառը և ոգին, ավելացնելով, որ ՀՖՖ-ի երկրորդ, ավելի հզոր կամ արդյունավետ բողոքի հետ հույս կապելն անիմաստ է, մանավանդ հաշվի առնելով, թե ազգային, հետևաբար նաև` միջազգային մակարդակում ինչ համբավ ունի այդ կառույցի ղեկավարի պաշտոնին նշանակված անձը: Հետևաբար մնում է շարունակել ֆուտբոլ խաղալ ու ֆուտբոլով ստիպել, որ մեզ հետ հաշվի նստեն:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Այս աշխարհում ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐՈՒՄ «արդարությունը» նրա կողմն է ում ՀՐԱՑԱՆԸ ավելի երկար է կրակում: Ուստի ճիշտ է Նուբար Ասլանյան (4) կոմենտը: ՀՖՖ-ն ուրեմն թույլ է ու ձևական- եթե թողնի որ ԱՆԱՄՈԹԱԲԱՐ թքեն իր ազգի ու իր խաղացողների երեսին:
Նուբար Ասլանյան
Նմանատիպ հոդված կար 14.10.11.-ի mediamax.am կայքում,որին եւ պատասխանել եմ ՖԲ-ում:Կրկնվեմ ավելի խտացրած՝ Այս աշխարհի պապաները մյուսներից յուրաքանչյուրին վերաբերվում են ըստ այդ պետության ՕԳԿ-ի,կամ «քաշ»ի:Այդ առումով այսօրվա Հայաստանի «հնձածը խոտ է»,որը եւ դեմ առավ դատավոր Գոնսալեսի,այժմ նաեւ Պլատինիի «Գերանդուն»:Ուստի գերանդին կտրեց խոտը եւ գցեց արեւի տակ չորանալու:Այստեղ ուրիշ հարց չկա:Եւ մինչեւ երկիրը ՆԵՐՍԻՑ չհզորանա՝ ֆուտբոլում էլ,նաեւ մյուս«բոլերում էլ» կտշեն,ներառյալ միջազգային հարաբերություն ներում եւ դեռ շնորհակալ եղեք,որ շնչում եք:Պրծ:
Վահե
Կարծում եմ՝ երեսպաշտություն է, երբ այդ չինովնիկները հայտարարում են արդար խաղի մասին, ասում, որ իրենք պրոպագանդում են դա, սակայն իրենց որոշ գործողություններով լրիվ հակառակն են ապացուցում: Իսկ հատկապես մտավոր կուրությունն ակնհայտ է: Համաձայն եմ նաեւ Ձեր նշած երկակի ստանդարտների հետ: Երեւի շատ բան կարելի է ասել այդ մարդկանց իրական դեմքի մասին:
W. Wallace
Բրավո Վահե, եւ շնորհակալություն որակյալ հոդվածի համար: Դառը իրականություն, մեր նման փոքր ազգերը մսյո Պլատինին եւ մյուսները շատ քիչ են հուզում... հավատանք, որ հաջորդ խաղերում մեր հավաքականը ավելի հզոր խաղ կցուցադրի եւ ոչ մի Իտուրադե չի կարողանա մրցակցին փրկել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter