35-ամյա կնոջ ընտանիքը չի հավատում նրա ինքնասպանության վարկածին
Այս տարվա հունիսի 12-ին ժամը 19:40-ին Ալավերդու Սանահին կայարանային թաղամասի 35-ամյա բնակչուհի, երեք անչափահաս երեխաների մայր Լիլիթ Սարգսյանին 16 -ամյա դուստրը` Հասմիկը, իրենց խորդանոցում գտել է կախված: Լիլիթ Սարգսյանի ինքնասպանության փաստի առթիվ քրեական գործ չի հարուցվել: Ինքնասպանությունից մեկ շաբաթ անց` հունիսի 19-ին, ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի Թումանյանի քննչական բաժանմունքի ավագ քննիչ Կարեն Մոսինյանի նախապատրաստած նյութերով «պարզվել և հիմնավորվել է, որ Լիլիթ Սարգսյանին ոչ ոք չի հակել կամ հասցրել ինքնասպանության», ուստի մերժվել է քրեական գործ հարուցելը` որևէ անձի արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Լիլիթ Սարգսյանի ամուսնու`Մհեր Բարսեղյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Ծատինյանը պնդում է, որ իրականում Լիլիթ Սարգսյանի ինքնասպանություն գործելու կամ պարտադրելու դրդապատճառներ կան: Մհեր Բարսեղյանը 2013թ. նոյեմբերի 17-ին մեկնել է Ռուսաստանի Դաշնություն` արտագնա աշխատանքի: Նա աշխատել է Յակուտսկ քաղաքում: Իր ասելով` Մհերը 2013թ. դեկտեմբեր ամսից մինչև 2014թ. ապրիլը ներառյալ 5 հազար դոլար փող է ուղարկել տուն` կնոջը: Ամուսնու` 2014թ. մայիսի 15-ին Ռուսաստանից վերադառնալուց հետո Լիլիթը նրան չի տեղեկացրել 5 հազար դոլարի ծախսերի մասին:
«Մենակ նրան հարց եմ տվել, թե ում է տվել իմ ուղարկած փողը: Ասաց` մեկին էլ ա չի տվել: Ինչ-որ տեղ է դրել, չի հիշում»,- պատմեց Մհերը: Լիլիթին կախված գտել են Մհերի` Ռուսաստանից վերադառնալու 27-րդ օրը: Մհերը համառորեն պնդում է, որ կնոջ ինքնասպանությունը կապված է Ռուսաստանից իր ուղարկած 5 հազար դոլարի հետ: Նա չի հավատում, որ Լիլիթն ինքն է իրեն կախել, ասում է, որ կնոջը սպանել են այն մարդիկ, ովքեր նրան մոլորեցնելով վերցրել են Ռուսաստանից իր ուղարկած 5 հազար դոլարը:
Ըստ ավագ քննիչ Կ. Մոսինյանի վարկածի` հունիսի 12-ին ժամը 17-ի սահմաններում Լիլիթ Սարգսյանն ինքնասպանություն կատարելու նպատակով տնից դուրս է եկել, գնացել է Ալավերդի քաղաքի Սանահին կայարանային թաղամասի կամրջի տակ գտնվող իրենց խորդանոց և այնտեղ առաստաղից ու իր պարանոցից պարան կապելով`կախվելու միջոցով ինքնասպան է եղել:
«Ժամը 17-ին մամայի հետ միասին տանից դուրս եկանք, միասին գնում էինք իրեն աշխատանքի վայրը` Սանահինի երկաթուղային կայարան, որտեղ մամաս հավաքարար էր աշխատում»,- պատմում է Հասմիկը: Այդ ժամանակ Մհերը աղջկան `Հասմիկին հետ է կանչել: «Կանչեց, որ ես իրեն համար հաց սարքեմ: Մամաս ասաց`սպասում եմ: Հետո, Հասմիկի ասելով, երբ ինքը հետ է եկել, մայրը տեղում չի եղել. «Հեռախոսով ինչ-որ մեկի հետ խոսել էր, սակայն աշխատանքի վայր չէր հասել»,- ասաց Հասմիկը: Մհերն էլ կնոջ` վերջին անգամ տանից դուրս գալու հետ կապված հիշեց. «Ես Շահումյան թաղամասի մոյկում էի աշխատում, ասացի`գնամ իմ սմենչիկին ասեմ իմ փոխարեն վաղը կանգնի, որ ես առևտուր եմ անում, գնամ Հոկտեմբերյան: Լիլիթն ասաց`ես էլ գնամ գործի գամ, հաց սարքեմ, հաց կեր ու գնա: Դեռ չէի հասել մոյկա, միջնեկ աղջիկս զանգեց , ասաց` մաման չկա: Էդտեղ էլ շրջադարձ եմ արել, եկել»: «Ինչու եք այդ դեպքում մոր հետ տանից դուրս եկած Հասմիկին հետ կանչել»,- հարցրինք Մհերին: «Կանչեցի, որ հաց սարքի, հետո խոսքը փոխեց, որ գնա խորդանոցից արկղեր բերի` Հոկտեմբերյան տանելու համար»,- պատասխանեց նա: Մհերը, այսուհանդերձ, չհիշեց, որ Հասմիկին արկղերի համար խորդանոց է ուղարկել Լիլիթի կասկածելի անհետանալուց ժամեր անց` 19:40-ին, որտեղ էլ աղջիկը տեսել է կախված մորը:
Քննիչ Կարեն Մոսինյանը պատշաճ տեղազննություն չի կատարել խորդանոցում: Նրա վարկածով` Լիլիթը կախված է եղել առաստաղից: Բայց հարազատների պատմելով` իրականում Լիլիթը կախված է եղել առաստաղից մոտ 30 սմ ցած գտնվող երկաթյա կիսատ մի ձողից (նկարում պատկերված), որը մարմնի ծանրությունից այն աստիճան է ճկվել, որ Լիլիթը երկու ծնկներով հենվել է խորդանոցի գետնին:
«Երկու դուռ կա մինչև խորդանոց, դրանք երկուսն էլ բաց էին: Խորդանոցի դուռը դրսից մեխով փակ էր: Երբ խորդանոցի դուռը բացեցի, մայրս ծնկաչոք էր, ծնկները հենված էին գետնին, թոկը երկու օղակով մայրիկիս վզին էր: Ես թեթևակի հարվածեցի մամայիս դեմքին, ինքն ասաց`հա: Ես օգնություն կանչեցի, այդ պահին դանակ չգտա, որ թոկը կտրեմ: Վազելով գնացել եմ տուն, դանակ բերել, եղբորս էլ ասել եմ ջուր է բերել: Երբ ես դանակով ուզում էի կտրել թոկը, հետևից ինչ-որ մեկը հրեց, դանակը գցեց, ես էլ ընկա մայրիկիս վրա: Դեմքը չեմ հիշում`ով էր»,- ասում է Հասմիկը: Նա պնդում է, որ նախ`մայրը ներսից չէր կարող խորդանոցի դուռը մեխով դրսից փակել, բացի դա` մայրը կախված չի եղել, ծնկներով հենված է եղել գետնին, որի դեպքում նա չէր կարող խեղդվել: Հասմիկը կարծում է, որ մորը խեղդել են:
Քննիչ Կարեն Մոսինյանը Հասմիկին չի հարցաքննել: Պատճառաբանել է, թե երեխան շոկի մեջ է: Դատաբժշկական փորձաքննության 2014թ. հունիսի 17-ին ստացված թիվ 146/դ եզրակացությամբ`Լիլիթ Սարգսյանի մահվան անմիջական պատճառ է հանդիսացել մեխանիկական շնչահեղձությունը, որը պայմանավորված է եղել կախման միջոցով պարանոցի օրգանները օղակով սեղմվելու հետ: Քրեական գործ հարուցելը մերժելիս քննիչ Մոսինյանը հիմնվել է միայն դատաբժշկական փորձաքննության վրա, այլ հիմնավորող փաստ ձեռք չի բերել: Մեզ հետ պրն Մոսինյանը հրաժարվեց խոսել:
Լիլիթի թաղումից հետո Մհերը նրա կողմից թողնված գրություն փնտրելիս գտել է պարտապանի ցուցակ եւ պարզել, որ Լիլիթը Ալավերդու Սարահարթ թաղամասի բնակչուհի Նարինե Ալեքսանյանին (Նանարին) պարտքով 370 հազար դրամ գումար, 8 կտոր էլ ոսկի է տվել: Նանարը այդ մասին տեղեկանալուց հետո զանգել է Հասմիկին և, ըստ Մհերի, ասել. «Սենց- սենց բան ենք արել, հորդ չասես, կգանք իրար հետ ռազբիրատ կանենք»: Վերջինս կասկածում է, որ Նարինե Ալեքսանյանը Լիլիթին մոլորության մեջ գցելով նրանից շորթել է Ռուսաստանից իր ուղարկած 5 հազար դոլարը:
Նարինեն «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Լիլիթի մահվան նախորդ օրը երկու անգամ հեռախոսով խոսել է նրա հետ. «Երկու անգամ էլ գումարներից ենք խոսել, Լիլիթն ասավ . «Մհերն ասել է`մինչև փողը չբերես, տուն չգաս»: Նա իմ պարտքի համար էր ասում»,- խոստովանեց Նարինեն: Վերջինս նաև ասաց, որ Լիլիթի հետ խոսել է նաև ինքնասպանության օրն առավոտյան: «Ասացի` տղայիս` Նարեկի հետ գնում ենք Կարմիր Աղեկ գյուղ, հետդարձին կգնանք իրենց տուն»,- ասաց Նարինեն: Մհերն էլ ասում է, որ խորդանոցում երկաթե մահճակալի վրա դրված Լիլիթի հեռախոսում, բացի իր և Հասմիկի հեռախոսազանգերը , մնացած բոլոր զանգերն ինչ-որ մեկի կողմից ջնջվել են: Իր ուսումնասիրությամբ Կարեն Մոսինյանը գտել է, որ փողի այս խնդիրը քաղաքացիական գործ է և դրա համար պետք է դիմել քաղաքացիական դատարան: Իր 19.06. 2014թ. որոշման մասին Լիլիթի հարազատներին քննիչը տեղեկացրել է 42 օր ուշացումով` 31. 07.2014թ.: Այսուհանդերձ, որոշումը վերացնելու համար Մհեր Բարսեղյանը օգոստոսի 1-ին գրավոր դիմում է գրել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Դիմումը գլխավոր դատախազությունից ուղարկվել է Լոռու մարզի դատախազություն: Ավագ դատախազ Ն. Օսյանը Մհեր Բարսեղյանի դիմումը մերժել է` անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Մհեր Բարսեղյանի պաշտպան Ալեքսանդր Ծատինյանն ասում է, որ որոշումը բողոքարկելու են վերադաս դատախազին, այնուհետև դիմելու են դատարան:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել