HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատարանը պարտավորեցրեց վերացնել Սողոմոն Քոչարյանի խախտված իրավունքները

Գլխավոր դատախազությանը պարտավորեցնել վերացնել 19 տարի առաջ՝ 1995 թ. իրանահպատակ ադրբեջանցու սպանության մեղադրանքով մահապատժի դատապարտված (2003թ.-ից` ցմահ ազատազրկում) Սողոմոն Քոչարյանի խախտված իրավունքները: Այսպիսի որոշում այսօր կայացրեց Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը՝ մասնակի բավարարելով Սողոմոն Քոչարյանի փաստաբանի բողոքն ընդդեմ Գլխավոր դատախազության:  

Դատավոր Արմեն Բեկթաշյանը հրապարակեց որոշման միայն ներածական ու եզրափակիչ մասերը: «Հետքի» հետ զրույցում Սողոմոն Քոչարյանի փաստաբան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի իրավաբան Ռոբերտ Ռևազյանը նշեց, որ եռօրյա ժամկետում կստանա որոշումն ու այդ ժամանակ կկարողանա պարզաբանել, թե ինչ է նկատի ունեցել դատարանը՝ խախտված իրավունքի վերացում ասելով: «Դեռ վաղ է որևէ գնահատական տալ դատարանի որոշմանը, քանի դեռ չեմ ուսումնասիրել որոշումը: Սակայն այն, որ մեր բողոքը դատավոր Բեկթաշյանը մասնակի բավարարեց՝ պարտավորեցնելով գլխավոր դատախազությանը վերացնել Սողոմոն Քոչարյանի խախտված իրավունքները, դրական քայլ է»,- նշեց փաստաբան Ռևազյանը:

«Հետքը» զրուցեց նաև հետախույզ, Արցախյան պատերազմի մասնակից Սողոմոն Քոչարյանի մոր՝ Զինա Քոչարյանի հետ, ով ասաց, որ դատավորի որոշումից հետո իր մեջ մի փոքր հույս արթնացավ, որ միգուցե որոշ ժամանակ անց տղային ազատության մեջ կտեսնի: «Սողոմոնին վերջին անգամ այս տարվա մարտին եմ տեսել, աղջկա ինքնասպանությունից հետո էր, գնացել էի, որ մի քիչ հանգստացնեմ: Բայց ինչ հանգստանալ, ամեն ինչ կորցրեց Սողոմոնս… Հիշում եմ 1995թ.` 19 տարի առաջ, Սողոմոնի դատավարությունը եւ սարսռում եմ: Իրանի դեսպանատնից դեսպանի խորհրդականն էր գալիս նիստերին՝ որպես տուժողի իրավահաջորդ, պահանջում «արյան գին»: Զգացվում էր, որ քաղաքական պատվեր կա, որ ճնշում են մեր դատարանին, դատախազությանը»,- ասաց Զինա Քոչարյանը:

Այն, որ Սողոմոն Քոչարյանի դատավարությանը 1995թ. միջամտել է Իրանի դեսպանատունը՝ ի դեմս դեսպանի, պարզ է դարձել 19 տարի անց: Գերագույն դատարանում մեղադրանքը պաշտպանած դատախազ Ժիրայր Խառատյանը բացահայտել է, որ Գլխավոր դատախազության վրա քաղաքական ճնշում է եղել Իրանի դեսպանի կողմից: Անձամբ Իրանի դեսպանը եղել է այն ժամանակվա Գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանի մոտ ու պահանջել մահապատիժ, հակառակ դեպքում սպառնացել քաղաքական սկանդալով: Դատախազը համարել է, որ 15 տարվա ազատազրկումը ևս խիստ պատիժ է, և կարելի է Սողոմոն Քոչարյանին դատապարտել, օրինակ, 15 տարվա ազատազրկման, բայց ոչ մահապատժի: Մեղադրող դատախազ Խառատյանի՝ 19 տարի անց արած այս հայտարարությունները հիմք են դարձել, որպեսզի «Հետաքննող լրագրողներ» ՀԿ նախագահ Էդիկ Բաղդասարյանը դիմի Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ նոր երևան եկած հանգամանքներով Սողոմոն Քոչարյանի դատավճիռը վերանայելու համար: Սակայն այս տարվա մայիսի 31-ին Գլխավոր դատախազությունը մերժել էր վերաբացման վարույթ սկսել այս գործով՝ պատճառաբանելով, որ հիմքեր չկան:

Իսկ Սողոմոն Քոչարյանի փաստաբանն իր բողոքում շեշտել էր հետևյալ հանգամանքը. այն, որ մեղադրանքը պաշտպանած դատախազ Ժիրայր Խառատյանը համարել է, որ մինչև 15 տարվա ազատազրկումը Սողոմոն Քոչարյանի պարագայում անգամ խիստ պատիժ է, վկայում է Սողոմոնի նվազ մեղավորության մասին, ինչն արդեն հիմք է գործի վերանայում սկսելու համար: Բացի այդ, գլխավոր դատախազության վրա ճնշում գործադրելով` ճնշում է գործադրվել Հայաստանի արդարադատության վրա առհասարակ, այն էլ՝ մեկ այլ պետության կողմից: 

Մեկնաբանություններ (1)

hasmik
հավատս չի գալիս, ամեն դեպքում շների հետ շփվելուց մահակը չպետք է իջեցնել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter