HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորընտիր քաղաքապետը սկսեց այնտեղից, որտեղ ընդհատել էր իր նախորդը

Օրերս տեղի ունեցած Գորիս համայնքի ավագանու հերթական նիստում, որը վարում էր նորընտիր  քաղաքապետ Վաչագան Ադունցը, քննարկվեց ընթացիկ տարվա առաջին կիսամյակի համայնքի բյուջեի հաշվետվությունը, ՀՀ կառավարության որոշմամբ հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ պայմանավորված քաղաքապետարանի, համայնքային ենթակայության հիմնարկների պաշտոնային դրույքաչափերի փոփոխության հետ կապված հարցեր, ինչպես նաեւ որոշում ընդունվեց եկամուտների եւ ծախսերի գծով մոտ 6 մլն 200 հազար դրամի  փոփոխություններ կատարել համայնքի բյուջեում:

Ներկայացնելով բյուջեում առաջարկվող փոփոխության անհրաժեշտությունը, քաղաքապետը շեշտեց, որ քաղաքում աղբահանություն կազմակերպելու, փողոցները լվանալու, ձյունը, եզրառուները մաքրելու, գիշերային լուսավորության ցանցը սպասարկելու, թափառող շներին ոչնչացնելու եւ կոմունալ ոլորտում այլ աշխատանքներ իրականացնելու համար «Գորիստնտ» ՓԲԸ իրացման շրջանառությունը 2013 թ.-ին  գերազանցել է սահմանային նիշը` 58,35 մլն դրամը, եւ ընկերությունը դարձել ԱԱՀ վճարող, որի արդյունքում պարտավոր է ԱԱՀ վճարել մատուցված բոլոր ծառայությունների համար, ինչն այսօր ֆինանսական էական դժվարությունների առաջ է կանգնեցրել նրան:  Այս հանգամանքից ելնելով, քաղաքապետի առաջարկությամբ, նախատեսվում է ընկերության հարկային բեռի թեթեւացման եւ սահմանված գործառույթները պատշաճ կատարելու նպատակով «Գորիստնտին» հավելյալ հատկացնել 5,5 մլն դրամ` օրակարգային դարձնելով նաեւ ընկերության իրավաբանական կարգավիճակի փոփոխության հարցը:

Քննարկելով համայնքային ենթակայության հիմնարկների հաստիքացուցակների, դրույքաչափերի հարցը, ավագանու անդամներն իրենց նկատառումը հայտնեցին այն մասին, որ որոշ հիմնարկներում նվազագույն աշխատավարձի բարձրացման արդյունքում գրեթե հավասարվել են տնօրենների եւ կրտսեր անձնակազմի աշխատավարձերը եւ առաջարկվեց վերանայել բոլորի աշխատավարձը: Համայնքի ղեկավարի պարզաբանմամբ` միայն նվազագույն աշխատավարձի փոփոխությամբ պայմանավորված, համայնքի բյուջեի ծախսերը կավելանան մոտ 12 մլն դրամով, ուստի հարկադրված են որոշ փոփոխություններ կատարել տարբեր հոդվածներում. մասնավորապես կրճատվել են էներգետիկ ծառայության, գրասենյակային նյութերի ձեռք բերման ծախսերը:

Ակնկալվում է, որ բյուջեի եկամուտների ավելացման համար ավելի արդյունավետ կհավաքագրվի մասնավորապես գույքահարկը, ինչպես նաեւ նախատեսվում է

համայնքային իշխանության վարչական շենքերում տարածքներ զբաղեցնող տարբեր կառույցների համար վարձակալության նոր գին սահմանել: Այս մասին ավագանու նիստում մի շարք որոշումներ ընդունվեցին` առաջարկելով վերանայել որոշ հիմնարկների վարձակալության պայմանագրերը:

Գորիսի նախորդ քաղաքապետի պաշտոնավարման ավարտի սցենարի որոշ տարրեր, ինչպես 2000թ.-ին, կրկնվեց նաեւ 2013-14թթ.-ին, երբ Գորիսի ավագանու անդամները քննարկեցին համայնքի տվյալ տարվա բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդն ընթացիկ բյուջեով նախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման կամ չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման հարցը:

Հիշեցնենք, որ քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը 2014թ. փետրվարի 25-ին հրավիրված ավագանու նիստի քննարկմանն էր ներկայացրել համայնքի 2014 թ. բյուջեում փոփոխություն կատարելու մասին հարցը, որով առաջարկվում էր 72 մլն 583 հազար դրամ տարեսկզբի ազատ  մնացորդն ուղղել ֆոնդային բյուջե` համայնքային տարբեր խնդիրների լուծման նպատակով: Սակայն ավագանիների մի խումբ այդպես էլ հանաձայնության չգալով խնդիրների առաջնահերթույունը որոշելու հարցում, շարունակեց բոյկոտել ավագանու նիստերը` մինչեւ համայնքի ղեկավարի նոր ընտրություն:

Նորընտիր քաղաքապետ Վաչագան Ադունցն անդրանիկ ավագանու նիստում, անդրադառնալով բյուջեի մնացորդային գումարի բաշխմանը, նշեց, որ այդ ուղղությամբ քննարկումները շարունակվում են, սակայն նախատեսվում է, որ մի մասը կուղղվի համայնքապետարանի շենքի բարեկարգմանը:

Կհաջողվի նորընտիր քաղաքապետին համախմբել մինչեւ այժմ երկատված ավագանուն, ժամանակը ցույց կտա, բայց դատելով նրանից, որ անդրանիկ նիստին մասնակցում էր ավագանիների կեսից քիչ ավելին, պիտի կարծել, որ Վաչագան Ադունցին դժվարին աշխատանք է սպասվում, որպեսզի, ինչպես ինքն է նշում, հնարավոր լինի «հասարակության տարբեր խմբերի միջեւ համագործակցության, երկխոսության միջոցով լուծել քաղաքի հիմնախնդիրները»:

 

Քաղաքապետ Վ. Ադունցը ավագանու հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնեց, առաջարկելով, բացի օրենքով նախատեսված կարգով հրավիրվող նիստերից, նաեւ ոչ պաշտոնական հանդիպումներ, քննարկումներ կազմակերպվեն` մասնավորապես, հանրային նշանակություն ունեցող խնդիրների շուրջ:

Նորընտիր քաղաքապետի` օգոստոսի 19-ին հրավիրված ավագանու առաջին նիստին չէր մասնակցում ընտրապայքարի մյուս մասնակիցը` քաղաքապետի թեկնածու, ավագանու անդամ Հրայր Յոլյանը, ում օգտին քվեարկել էր ընտրողների 38,44%-ը: Հ. Յոլյանը ընտրություններից հետո հավանական էր համարել ավագանու անդամի իր լիազորություններից հրաժարվելը, չնայած այդ մասին դեռեւս պաշտոնապես  չի հայտարարել:

Ավագանու նիստին մասնակցողների մեծ մասը նրանք էին, ովքեր նախկին քաղաքապետ Նելսոն Ոսկանյանին մեղադրում էին ոչ թափանցիկ կառավարման եւ տարեսկզբի ազատ մնացորդը ոչ հրատապ խնդիրների լուծմանն ուղղորդելու մեջ եւ այդ հիմնավորմամբ, նախորդ տարվա դեկտեմբերից սկսած ձախողում էին ավագանու նիստերը: Նույն ավագանին չի հաստատել 2013թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, բայց առանց քննարկման եւ առարկության՝ 9 կողմ եւ 1 ձեռնպահ արդյունքով հաստատեց ընթացիկ տարվա առաջին կիսամյակի հաշվետվությունը (քաղաքապետ Ն. Ոսկանյանի), եւ ավագանիներից որեւէ մեկը չանդրադարձավ նախորդ մտահոգություններին:

Հնարավոր է, որ եթե ամռանը համայնքի ղեկավարի հերթական ընտրությունը չլիներ, Նելսոն Ոսկանյանը կհամալրեր Գորիսի այն քաղաքապետերի շարքը, որոնք պաշտոնանկ են արվել մինչեւ իրենց լիազորությունների ավարտը:

Գորիսի պաշտոնանկ քաղաքապետերը

ՀԿԿ Գորիսի բյուրոյի որոշմամբ` 1987թ. Գորիսի քաղգործկոմի նախագահի պաշտոնը ստանձնում է Միկրոշարժիչ գործարանի բանվոր Հայկազ Արզումանյանը: Նշանակման համար, բնականաբար, որեւէ մեկը հրապարակավ ոչ միայն դժգոհություն, այլեւ զարմանք չի հայտնում, բայց  կուլիսներից այն կողմ շատերն էին տարակուսում, թե մոտ 30 հազար բնակիչ ունեցող քաղաքն ինչպես է կառավարելու միջնակարգ կրթություն ունեցող նախագահը: Մեկ տարի հետո, համոզվելով, որ նորամուծությունը դրական արդյունք չի տալիս, ավելին, «էքսպերիմենտիչը» (ինչպես այն ժամանակ կոչում էին քաղաքագլխին), հաճախ է հայտնվում հումորային իրավիճակներում, նույն կուսշրջկոմը` պատգամավորների քաղաքային խորհրդի թեթեւ ձեռքով նրան փոխարինող է գտնում. 89թ. քաղգործկոմի նախագահ է ընտրվում Մայիս Թունյանը:

Գորիսի առաջին դեմքի պաշտոնը հաջորդ անգամ ինտրիգային է դառնում 1991թ., երբ քաղխորհրդի գործկոմի նիստը, որի օրակարգում նախագահի ընտրության հարցն էր, տեւում է գրեթե մեկ շաբաթ այն պատճառով, որ չնայած քաղխորդի պատգամավորների մեծ մասը քվեարկում է գործող նախագահ Մայիս Թունյանի օգտին, այնուամենայնիվ, մյուս թեկնածուի` Համլետ Մկրտչյանի կողմնակիցներին հաջողվում է մի քանի քվեաթերթիկ անվավեր դարձնելու միջոցով (գրչի նշումով) ընտրությունը «չկայացած դարձնել» այնքան ժամանակ, մինչեւ Գերագույն խորհրդի կողմից քաղգործկոմի նախագահի լիազորություններով կառավարության լիազոր ներկայացուցիչ է նշանակվում Համլետ Մկրտչյանը:  

1992թ. քաղխորհրդի գործկոմի նախագահ է ընտրվում Սամվել Հարությունյանը, ում անունն այդ ժամանակից մինչեւ այժմ  մամուլում շրջանառվում է այն պատճառով, որ երկու տարի անց  նրա խոսքով «բռնությամբ պաշտոնանկ է արվում», որից հետո քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է Սեյրան Դոլունցը, ում երկամյա պաշտոնավարումն ավարտվում է հրաժարականով: Այս անգամ քաղաքապետ է ընտրվում Սուրեն Խաչատրյանը: Վերջինիս` ԱԺ պատգավոր ընտրվելուց հետո քաղաքապետի պաշտոնի համար քաղաքական դաշտում կրկին հայտնվում է Համլետ Մկրտչյանը, եւ 1999թ. օգոստոսին համայնքի ղեկավարի ընտրություններում, չնայած մյուս թեկնածուի օգտին վարչական ռեսուրսների օգտագործմանը, հաղթում է Սուրիկ Խաչատրյանի պաշտպանած թեկնածուին` փոխքաղաքապետ Արա Դոլունցին:

Նորընտիր քաղաքապետին, սակայն, երկրորդ անգամ չի հաջողվում պաշտոնավարել մինչեւ ընտրություններով սահմանված ժամկետը: Մի խումբ ավագանիների առաջարկով 2000թ. Սյունիքի մարզպետարանի իրականացրած վարչական ստուգումների արդյունքների հիման վրա մարզպետն առաջարկություն է ներկայացնում Կառավարությանը` քաղաքապետ Համլետ Մկրտչյանի լիազորությունները ժամկետից շուտ դադարեցնելու մասին: Ստուգումների արդյունքները, ինչպես նաեւ մարզպետի առաջարկը քննարկվում է մայիսի 2-ին կայացած ավագանու արտահերթ նիստում, որտեղ ավագանու 8 անդամ դեմ է քվեարկում Սյունիքի մարզպետի առաջարկին, իսկ 6 հոգի (այդ թվում նաեւ ավագանու անդամներ նախկին եւ գործող քաղաքապետեր Նելսոն Ոսկանյանն ու Վաչագան Ադունցը) չեն մասնակցում քվեարկությանը:

Եվ, չնայած մարզպետարանի իրականացրած ստուգումների արդյունքների վերաբերյալ գործող քաղաքապետի առարկություններին, այնուամենայնիվ, Համլետ Մկրտչյանի լիազորություններն ընտրվելուց մեկ տարի անց դադարեցվում են: Պաշտոնանկ քաղաքապետը շարունակում է պայքարել քաղաքապետի պաշտոնի համար նաեւ նոր նշանակված ընտրություններում: Պարտվելով մրցակցին`  Նելսոն Ոսկանյանին, Հ. Մկրտչյանի կողմնակիցները 1,5 տարի ընտրությունների արդյունքները բողոքարկում են դատարանում: Ընտրված քաղաքապետը շարունակում է պաշտոնավարել  մինչեւ  ընթացիկ տարվա հուլիսի 21-ը:  

Կկրկնվեն, արդյոք, նախորդ քաղաքապետերի պաշտոնանկության համար իրականացված սցենարները, թե՝ ոչ, ժամանակը ցույց կտա, բայց այն, որ քաղաքական, տնտեսական եւ սոցիալական առումով Գորիսում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, անառարկելի է, եւ այս առումով Վաչագան Ադունցը լավ ժառանգություն չի ստացել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter