HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջավախքի խնդիրը կամ հրատապության դիլեմա

Վրաստանի վարչապետի այցը ՀՀ ոչ միայն չփարատեց ջավախահայության շրջանում առկա մի շարք մտահոգություններ, այլև ավելի խորացրեց դրանք: Մամուլից և բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից ծանոթանալով այցի օրակարգին` որոշ հույս կար, որ սեպտեմբերի մեկից ուժի մեջ մտնող և այցի օրակարգի մաս կազմող վիզային ռեժիմի քննարկման շրջանակներում անդրադարձ կլինի նաև ջավախահայությանն ու ընդհանրապես վիրահայությանը հուզող բազմապիսի խնդիրներին: Բայց ահա այցի առաջին իսկ օրվա հանդիպման վերաբերյալ Դ. Հարությունյանի տված մեկնաբանություններից պարզվեց, որ վիզային ռեժիմի մասին հարցն ընդհանրապես չի քննարկվել, քանի որ, ըստ նույն պաշտոնյայի պարզաբանման, դա չի վերաբերում հայկական կողմին: Տարօրինակ է` Դ. Հարությունյանը մինչ այդ չգիտե՞ր այդ մասին, վարչապետի հետ չէ՞ին խորհրդակցել ու պայմանավորվել, օրակարգը վաղօրոք չէ՞ր մշակվել, և ինչո՞վ բացատրել վարչապետի շուրթերից արված` վիզային ռեժիմի քննարկման անհրաժեշտության մասին ծաղկաձորյան հայտարարությունը: Առաջին պաշտոնյայի` այցի օրակարգին առնչվող այդ խոսքերը և' հայկական, և' վրացական մամուլում շրջանառվում էին մի քանի օր շարունակ` անիմաստ սպասումներ արթնացնելով Վրաստանի հայության մոտ: Այս ամենից կարող ենք եզրակացնել երկու բան.

1. Հայկական կողմի պաշտոնյաների` Վրաստանի վարչապետի այցի հետ կապված հայտարարությունները արվել են պահի թելադրանքով և առանց նախօրոք միմյանց և վրացական կողմի հետ համաձայնեցնելու.

2. Հայկական կողմի բարձրացրած և վիզային ռեժիմին վերաբերող հարցին վրացական կողմը ընթացք չի տվել, որից ելնելով էլ` Դ. Հարությունյանը, չուզենալով լրատվամիջոցների առջև երևալ ձախողված բանակցողի խղճուկ կերպարով, որոշեց խեղաթյուրել հարցը:

Կուզենայինք հռետորական հարց տալ այս պաշտոնյային. տիրապետու՞մ է արդյոք Դավիթ Հարությունյանը վրացական քաղաքացիությունից ժամանակին հրաժարված և ՀՀ անձնագրով Ջավախքում ապրող հայության վիճակագրական տվյալներին: Թե' դրական և թե' բացասական պատասխանի դեպքում պարոն Հարությունյանի` վիզային ռեժիմի մասով արված հայտարարությունը կարելի է, մեղմ ասած, որակել որպես անպատասխանատու քայլ:

Անգամ խնդրին ծանոթ մարդու հիշողության փոքր-ինչ առկայությունն էլ բավարար կլիներ տեղափոխվելու 2000-ական թթ. կեսերը, երբ ամիսներ շարունակ ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան առջև ջավախահայության` Վրաստանի քաղաքացիությունից հրաժարման դիմումներ տալու հերթեր էին գոյանում, և այդ մարդիկ, որոնք ՌԴ սեզոնային աշխատանքի մեկնելու պատճառով կորցրել են իրենց քաղաքացիությունը, այսօր ապրում են իրենց հայրենիքում:

Շատ են նաև այնպիսի դեպքերը, երբ այս կամ այն պատրվակով վրացական պետությունը հայտնաբերել է ջավախահայի մոտ երկրորդ` ՀՀ քաղաքացիության անձնագիրը (դրանք հիմնականում սահմանային անցակետերում են տեղի ունենում) և կարճ ժամանակ անց զրկել նրան Վրաստանի քաղաքացիությունից: Ահա այժմ այս մարդիկ նոր օրենքի պայմաններում պետք է 90 օրից ավել մնալու համար դիմեն վիզայի օգնությանը: Հարցից անտեղյակ պաշտոնյաները կարող են փաստել, որ նոր օրենքով կանոնակարգվող միգրացիոն քաղաքականությունը չի խոչընդոտի ՀՀ ոչ մի քաղաքացու երկարաժամկետ ապրել Վրաստանի տարածքում: Սակայն այստեղ միանգամից այս քաղաքացիները բախվում են երկրորդ, թերևս ամենացավալի խնդրին, որը վերաբերում է Վրաստանում կացության անձնագրեր ստանալուն: Խնդիրն այն է, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել կացության անձնագրեր ստանալուն ուղղված դիմումների անհարկի մերժումները: Ահա այստեղ է խնդիրը, որի մասին դժվար թե ցանկություն ունենար խորանալու պարոն Դավիթ Հարությունյանը մասնավորապես և հայկական բանակցող կողմն ընդհանրապես:

Վրաստանի վարչապետի այցից, ցավոք, ջավախահայությունը չստացավ շոշափելի ոչ մի բան: Այցի ընթացքում, բացի բարեկամությունից, ինչ-որ կամուրջի և էլեկտրահաղորդալարերի մասին խոսվեց միայն, և դատելով ձեռքբերված արդյունքներից` երկու կողմերն ի ցույց դրեցին աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում գործելու սեփական անզորությունը. մի հանգամանք, որի պայմաններում այլևս խոսք անգամ լինել չէր կարող ո'չ վիրահայության խնդիրների, ո'չ ազատ առևտրի գոտու ստեղծման, սահմանների թափանցիկ դառնալու և այլնի մասին:

Վրաստանի վարչապետի այցի ամենաողբերգական մասերից մեկն այն էր, որ ոչ միայն օրակարգում չէր ներառվել ջավախահայության ու ընդհանրապես վիրահայության հիմնահարցերը, այլև հենց հանդիպման ընթացքում ՀՀ խորհրդարանի` ջավախահայության հարցերը մշտապես բարձրաձայնող որոշ պատգամավորներ հանդես եկան ցնցող հայտարարություններով. այն է` ջավախահայության հարցերը չեն ներառվել օրակարգում, քանի որ դրանք այժմ կորցրել են իրենց հրատապությունը: Երկրորդ անգամ հնչեցնենք մեր հռետորական հարցադրումը. պարոնա'յք, ո՞ր մի հարցն է լուծվել այն բազմաթիվ հարցերից, որոնք հենց տարիներով դուք եք բարձրացրել. հայոց լեզվին կարգավիճա՞կ է շնորհվել, հայոց պատմությու՞նն է դասավանդվում Ջավախքի դպրոցներում, հայկական պետական բու՞հ է հիմնվել տարածաշրջանում, մշակութային առարկաների, գիրք-գրականության սահմանային արգելքնե՞րն են վերացել, ուժային կառույցների վերահսկողություննե՞րն են թուլացել Ջավախքում, առանձին պատմաբանների կամ ակտիվ մարդկանց մուտքի արգելքնե՞րն են վերացել, ասացե'ք, խնդրեմ: Մենք նույնպես, մանավանդ նոր իշխանությունների հանդեպ, հակված ենք լավատեսորեն տրամադրվել, սակայն չնչին տեղաշարժերի կամ դրանց ընդհանրապես բացակայության պայմաններում հայտարարել, թե Ջավախքի խնդիրները կորցրել են իրենց նախկին հրատապությունը և փորձել դրանով բացատրել կամ արդարացնել ՀՀ իշխանությունների` Ջավախքի հանդեպ կրավորական մոտեցումները, բոլոր առումներով դատապարտելի է:

Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդի համակարգող Արտակ Գաբրիելյան

Ախալքալաք

26.08.2014 թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter