HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրքագետ. «Էրդողանի երդմնակալությանը կարելի էր մասնակցել փոխնախարարի մակարդակով»

«Հետքի» հարցերին պատասխանում է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը

այաստանն ընդունել է թուրքական իշխանությունների կողմից արված հրավերը` մասնակցել Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը, որին մասնակցելու է արտաքին գործերի նախարարի մակարդակով: Ինչպես թվիթերյան իր էջում գրել է ՀՀ ԱԳ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, Էդվարդ Նալբանդյանն օգոստոսի 28-ին մեկնելու է Անկարա` մասնակցելու Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը: Այս այցը կարո՞ղ է որևէ շոշափելի արդյունքներ ունենալ հայ-թուրքական հարաբերությունների համար:

-Ես կարծում եմ, որ Է. Նալբանդյանի այցը Անկարա կրում է արարողակարգային բնույթ և համապատասխանում է դիվանագիտական էթիկայի նորմերին: Քանի որ այս տարի Թուրքիայի նախագահական ընտրությունների անցկացվեցին այլ կերպ, քան նախորդ տարիներին, ինչի հետևանքով փոխվեցին օրինակ երդմնակալության արարողության անցկացման ոճը` ընտրվեց հյուրերի լայն կազմ, հանդիսության ավելի շքեղ տարբերակ, բնական է, որ այս շրջանակներում հրավեր ուղղարկվեց նաև Հայաստանին: Այդ հրավերն ուղարկվել է թուրքական բարձրագույն իշխանությունների կողմից, ուստի հայկական կողմն էլ պետք է համարժեք արձագանք տար` ընդունելով առաջարկը, ինչը և արվել է: Ընդհանրապես Հայաստան-Թուրքիա հարաբերություններում արձանագրվել են դեպքեր, երբ փոխադարձ արարողակարգային այցեր, շնորհավորանքներ են եղել, որոնք տեղավորվել են դիվանագիտական էթիկայի շրջանակներում: Ուստի թուրքական իշխանությունների հրավերը և հայկական կողմի դրական պատասխանը ես դիտարկում եմ հենց այս համատեքստում:

Իսկ թե ինչ կտա այցը հայ-թուրքկան հարաբերություններին, ասեմ, որ միակ սպասելիքը, որը կարող է ունենալ Հայաստանը հետևյալն է. Էդվարդ Նալբանդյանը այս անգամ բանավոր հիշեցնելու է նախագահ Սերժ Սարգսյանի հրավերի մասին` հասցեագրված Թուրքիայի նորընտիր նախագահին` 2015 թ. ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ այցելելու մասին: Եվ հենց ամենահետաքրքիր նյուանսն էլ կլինի ՀՀ ԱԳ նախարարի հիշեցմանը տրված պատասխանը, որը, իմ կանխատեսմամբ, խուսափողական է լինելու` դեկլարատիվ, դիվանագիտական խոսքով հագեցած, ոչինչ չասող հայտարարության տեսքով: Կարծում եմ, որ այցի մեխը հենց սա կլինի: Բայց բացի դրանից, իհարկե, հայ-թուրքական հարաբերությունները ու Հայաստանի ներկայացուցիչը կլինեն թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում, և նախարար Նալբանդյանը հնարավորություն կունենա Հայաստանի պետական տեսակետները տարածել թուրքական քաղաքական շրջանակներին, հասարակությանը:

-Քանի որ Հայաստանի ներկայացուցիչը առաջին անգամ է մասնակցելու է Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը, արդյոք ճիշտ չէ՞ր լինի, եթե Սերժ Սարգսյանն անձամբ մասնակցեր այդ հանդիսությանն ու ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ այցելելու հրավերի մասին Էրդողանին անձամբ հիշեցներ:

-Չէ, իմ կարծիքով, չարժեր նախագահի մակարդակով ընդունել հրավերը, որովհետև երկու երկրները չունեն դիվանագիտական հարաբերություններ, սահմանները փակ են, կան բավական շատ խնդիրներ, Թուրքիան բացահայտ կողմ է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հարցում, հակահայկական քայլեր է իրականացնում և այլն, ուստի չեմ կարծում, որ այս համատեքստում նախագահի այցը նպատակահարմար կլիներ: Ընտրված տարբերակը թերևս լավագույնն է, չնայած, ըստ իս, Էրդողանի երդմնակալությանը կարելի էր մասնակցել փոխնախարարի մակարդակով: Հայաստանն ու Թուրքիան, կարող ենք ասել, ընտրել են շփման ավելի ցիվիլ տարբերակ, չնայած, որ երկու պետությունների ղեկավարները միմյանց մասին կոշտ հայտարարություններ են անում, ամեն դեպքում, նախագահները պահպանում են դիվանագիտական էթիկան նման դեպքերում, ինչը ողջունելի է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter