HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկկողմանի ծնողազուրկ ցմահ դատապարտյալը չի կարողանում ստանալ իր քրեական գործը

Իր անմեղությունն ապացուցելու համար 11 տարի պայքարող նախկին զինվոր, համածառայակցի սպանության մեղադրանքով ցմահ ազատազրկման դատապարտված Ցոլակ Պողոսյանը դիմել է Դատական դեպարտամենտ, որպեսզի ստանա իր վերաբերյալ 4-հատորանոց քրեական գործը: Սակայն Ցոլակը ստացել է պատասխան, թե գործը 1170 էջ է, և պատճենները կտրամադրվեն համապատասխան պետական վճարումներից հետո:

Այս մասին «Հետքին» տեղեկացրեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հայկազ Գալստյանը, ով, «Հետքում» ծանոթանալով 11 տարի անազատության մեջ գտնվող նախկին զինվոր Ցոլակ Պողոսյանի մասին հրապարակումներին, պատրաստակամություն էր հայտնել ուսումնասիրել գործը, օգնել Ցոլակին, փնտրել ու ի հայտ բերել նոր երևան եկած հանգամանքներ:

«4-հատորանոց, 1170-էջանոց քրեական գործի դիմաց որպես պետական տուրքի վճար պիտի գանձվի մոտ 120.000 դրամ: Մեկ էջի դիմաց վճարվում է 100 դրամ: Կարծում եմ՝ անտրամաբանական է ցմահ դատապարտված մարդուց գանձել գումար իր անձի վերաբերյալ քրեական գործի նյութերը տրամադրելու համար: Այն էլ՝ երբ պետությունը նրան աշխատանքով չի ապահովել, բացի այդ՝ Ցոլակ Պողոսյանը երկկողմանի ծնողազուրկ է: Ես ուզում եմ անշահախնդիր օգնել մարդուն՝ որպես մասնագետ, բայց նախ պիտի կարողանանք ստանալ գործը: Կարդացել եմ, որ Ցոլակը 11 տարի առաջ չի ունեցել փաստաբան, չի ունեցել պաշտպանվելու հնարավորություն: Վճռաբեկ բողոքն էլ ինքնուրույն է գրել: Շուտով կայցելեմ Ցոլակին, կմշակենք քայլեր»,- «Հետքի» հետ զրույցում ասաց փաստաբան Հայկազ Գալստյանը:

Պարզաբանում խնդրեցինք Դատական դեպարտամենտից: Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը մեզ հետ զրույցում ասաց, որ մեկ էջի դիմաց 100 դրամ գանձելու դրույթը սահմանված է «Պետական տուրքի մասին» օրենքով. «Անձամբ ես կողմնակից եմ, որ անձին անվճար տրամադրեն իր քրեական գործը: Քրեական դատավարության օրենսգիրքը տալիս է կողմերին հնարավորություն մեկ անգամ ստանալու գործի նյութերը, բայց դրանից հետո տուրք է սահմանված օրենսդրությամբ: Դատական դեպարտամենտը օրենք չի խախտում: Պատկերացրեք գործ, որ բաղկացած է 15 հատորից: Պետական մարմինը ի վիճակի՞ է այդքան պատճեն տրամադրել անվճար»,- ասաց Արսեն Բաբայանը:

ՄԻՊ Կարեն Անդրեսյանը այս տարվա մայիսին անդրադարձել է քրեական գործերի դիմաց գանձվող գումարների խնդրին՝ դրանք համարելով ոչ իրավաչափ: Պաշտպանը կայացրել է խախտման որոշում, պարզել, որ խախտվել է ՄԻՊ գրասենյակ դիմած դատապարտյալների իրավունքը: «Հետքը» զրուցեց ՄԻ պաշտպանի խորհրդական Երանուհի Թումանյանցի հետ, ով պարզաբանեց, որ «Պետական տուրքի մասին» օրենքի 9-րդ հոդվածում 3 խումբ փաստաթղթերի համար են վճարումներ սահմանված: Դրանք են՝ դատարանի վճռի, դատավճռի, դատարանի որոշման, երկրորդ՝ հայցադիմումին կից փաստաթղթերի և դատական նիստի համակարգչային ձայնագրման կրիչի պատճենները:

«ՄԻ պաշտպանին դիմել են դատապարտյալներ, ովքեր բազմահատորանոց քրեական գործեր են ունեցել: Նրանք չունեն աշխատանք, ընտանիք, ինչպես կարող են միլիոն դրամի հասնող գումար վճարել իրենց վերաբերյալ գործը ստանալու համար: Իսկ Քրեական դատավարության օրենսգրքի 65 հոդվածը սահմանում է, երբ օրինական ուժի մեջ չի մտել դատավճիռը: Մենք խոսում ենք դատապարտյալների իրավունքների մասին, երբ առաջ են գալիս անձի պաշտպանության իրավունքի խնդիրներ: Ենթադրենք՝ Ձեր բարձրացրած հարցով, օրինակ, Ցոլակ Պողոսյանի գործով նոր երևան եկած հանգամանքներով գործի վերանայման հարց է առաջ եկել, ինչպե՞ս կարելի է անձին զրկել իր քրեական գործը ստանալու հնարավորությունից: Բացի այդ՝ մեկ էջի համար 100 դրամ գումար գանձելը չափազանցված գումար է: Եթե լիներ գոնե 20 դրամ, դատապարտյալը կարող էր իրեն թույլ տալ վճարել, օրինակ, 15.000 դրամ ու ստանալ բազմաթիվ հատորներով գործ»,- նշեց ՄԻ պաշտպանի խորհրդականը:

ՄԻՊ խորհրդականը նշեց, որ խնդրի լուծման համար դեռ ուսումնասիրություններ են կատարում՝ լուծումը տեսնելով օրենսդրական փոփոխության ձևով:

Ու թեպետ պաշտպանը հորդորել էր Դատական դեպարտամենտին միջոցներ ձեռնարկել դատական գործերի պատճենների դիմաց գանձումները դադարեցնելու համար, այդուհանդերձ այս պրակտիկան շարունակվում է: 

Մեկնաբանություններ (1)

Վեհարի
Դատավճիռը անմեղ դատապարտյալին չտալը խորհրդային ժամանակներից եկող հնարք է: Քրեական գործի նյութերը էլեկտրոնային կրիչի վրա տրամադրման դեպքում, կարելի էր դրանց էջերը 20 դրամից պակաս գումարով պատճենահանել, մինչև այս Մարդու իրավունքների դեմ գործող հիմար հնարքը վերանա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter