HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

157 մլն դրամն արդեն հինգ տարի հասցեատեր չունի

Նորա Անանյան

2007 թ.-ին Նոր-Նորքի 8-րդ և 9-րդ զանգվածների միջնամասում կառուցվել և շահագործման էր հանձնվել 1200 քմ տարածքով սքեյթբորդի խաղահրապարակ, որը սակայն գործեց ընդամենը երկու տարի:

Ինչպես տեղեկացանք ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, քանի որ այն ժամանակ Երևան քաղաքը դեռևս համայնքի կարգավիճակ չուներ, ուստի խաղահրապարակի կառուցման համար Երևանի համաքաղաքային նշանակության ծախսերի շրջանակներում սքեյթբորդի խաղահրապարակի կառուցման նպատակով ՀՀ պետական բյուջեի միջոցներից հատկացվել էր 157.539.940 դրամ գումար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից էլ տեղեկացրին, որ խաղահրապարակը չի գործում սքեյթբորդիստների չհաճախելու պատճառով. «Խաղահրապարակը կառուցվել է Նոր Նորքի 8-րդ և 9-րդ զանգվածների միջնամասում Երևանի համաչափ զարգացման ծրագրի նկատառումներով՝ նպատակ ունենալով նաև մայրաքաղաքի ծայրամասերում բնակվող երեխաներին նույնպես նման խաղահրապարակից օգտվելու հնարավորություն ընձեռել»:

Թեև խաղահրապարակի սարքավորումները՝ հատուկ թեք հարթակները, պատվիրված են Ռուսաստանից, այնուամենայնիվ, այդ հանգամանքն էլ սքեյթբորդիստներին չստիպեց լքել քաղաքի կենտրոնը: Սքեյթբորդիստ Գալուստ Նազարյանը, ով երբեք չի էլ օգտվել խաղահրապարակից փակ լինելու պատճառով, նշեց, որ հաճախորդները քիչ են եղել, քանի որ խաղահրապարակի գտնվելու վայրը շատ հեռու է:

Խաղահրապարակն այժմ Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲ ընկերության ենթակայության տակ է, որի փոխտնօրեն Տիգրան Սաղաթելյանը նշեց, որ ներկա դրությամբ տարածքի շահագործման, խաղահրապարակի հետագա գործունեության հետ կապված որևէ ծրագիր չկա, և իրենք պարզապես պահպանում են այդ տարածքը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter