HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ամեն հայ տարին գոնե մեկ անգամ իր ոտնահետքը պետք է թողնի հայոց հողի վրա»

Հարցազրույց Ֆլորենցիայում բնակվող քանդակագործ Վիգեն Ավետիսի հետ

Ֆլորենցիայում շատ դժվար է քանդակներ ցուցադրելը, գրեթե անհնարին, քանի որ այնտեղ ցուցադրվում են արվեստի գլուխգործոցներ, ինչպես ասենք, Միքելանջելոյի «Դավիթը»: Երևանյան սրճարաններից մեկի բացօթյա պատշգամբում անշտապ բացատրում է Ֆլորենցիայում բնակվող քանդակագործը: Ասում է՝ իր համար անակնկալ էր այն, որ Ֆլորենցիայի «Գթասրտություն» եկեղեցական կազմակերպությունն ու քաղաքային իշխանությունը ընդունել էին իր մտահղացումը՝ համաձայնելով ցուցադրել Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված նոր բրոնզե քանդակը՝ «Մայր Հայաստանը»: «Ցեղասպանության 100-րդ տարելիցին զարմանալիորեն համընկավ քանդակի ծնունդն ու չափահասությունը, քանդակն ինքնուրույն սկսեց հարթել իր ճանապարհը, սկսվեց քանդակի հաղթարշավը»,- նշում է նա՝ վառելով ծխախոտը: Քանդակի բացման արարողությանը, սակայն, Վ. Ավետիսը ներկա չէր: Այդ օրերին նա զբաղված էր Շուշիիում կազմակերպած քանդակի միջազգային սիմպոզիումի աշխատանքներով, որի հիմնադիր-նախագահն է:

-Քանդակի թեման սկզբից որևէ առնչություն չուներ 100-րդ տարելիցի հետ: Ուկրաինաբնակ մեծահարուստ հայերից մեկն էր պատվիրել: Նա ներկայացրել էր իր ընտանիքի պատմությունը, թե ինչպես Վանից մայրը փրկեց իր չորս երեխաներին: Պատվիրատուն պահանջում էր, որ մոր դեմքը նման լիներ այդ պատմական կերպարին (վանեցի կնոջը), բայց քանի որ քանդակում մոր կերպարն ընդհանրացվել էր, իսկ այն մասնավորցնելիս կորցնելու էի կնոջ կերպարը, հրաժարվեցի կատարել նրա ասածը:

-Եվ պատվիրատուն հրաժարվե՞ց:

-Այո, հրաժարվեց: Եվ ի՞նչ եղավ այդ անորոշ վիճակում մնացած քանդակը, այսինքն՝ մերժված քանդակը, որ պիտի վերանար, չծնվեր. ոչ միայն ծնվեց, այլև իր հազարապատիկ ազդեցությունն ունեցավ՝ փաստացի համընկնելով Ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այն ուներ իր ճակատագիրը, որն ավելին էր, քան պատվերն ու կատարումը:

Քանդակն արդեն պատրաստ էր ձուլարանում և սպասում էր տեղադրմանը, որը պետք է տեղադրվեր Նորվեգիայում, իմ մտքով անցավ, որ գուցե արժե այն ցուցադրել նախքան Նորվեգիա ուղարկելը: Առաջարկեցի Ֆլորենցիայի եկեղեցական կազմակերպությանը՝ «Գթասրտություն» անվամբ (այն աշխարհում առաջին շտապօգնության կազմակերպությունն է): Նրանք սիրով համաձայնեցին, թեև նման բան գրեթե չէր լինում Ֆլորենցիայում: Եվ քանի որ քանդակը մեծ ընդունելություն ունեցավ, մտածեցի՝ գուցե այն շրջի ամբողջ Եվրոպայով: Այդ գաղափարը նույնպես ընդունվեց, և երկրորդ քաղաքը, որ կգնա՝ Վիտերբո քաղաքն է, որը համարվում է Հռոմի պապերի քաղաքը, այնտեղ եկեղեցական մեծ տոնակատարություն է լինելու: Եվրոպական գրեթե բոլոր մայրաքաղաքներում ցուցադրվելու է: Գիտեք, քանդակն ինքն է հարթում իր ճանապարհը, իսկ ես հետևում եմ նրան:

-Երբ քայլում եք Երևանում, ի՞նչ եք զգում, ի՞նչ եք տեսնում:

-Եկեք Աշտարակից սկսենք, քանի որ հիմա այնտեղից եմ գալիս Երևան: Այնտեղ իմ այգին չորանում է, ջուրը կտրել են: Իհարկե, շատ պատճառաբանություններ կան, բայց ծառին չես կարող ասել, թե այս տարի այսպես դիմացիր, հաջորդ տարի ջուր կլինի: Մինչ մեղադրում ենք կառավարություններին, ծառերը չորանում են, և մենք պետք է հոգանք ջրի համար: Դրա համար անհրաժեշտ է կազմակերպվել՝ անկախ կաառավարությունների անվանումներից, հարցերը մեկ առ մեկ լուծենք: Ինձ ասացին, թե ոչ ոք չի լսի քեզ: Ես էլ ասացի՝ ոչ, պետք է բարձրաձայնենք, որովհետև Հայաստանի գյուղերում ապրողները հիմնականում գյուղական մթերքով են ապրում, իսկ եթե գյուղի ջուրը կտրենք, այդ մարդիկ սովամահ կլինեն: Ես նաև հասկանում եմ, որ օլիգարխներ կան, ովքեր մեծ հողատարածքներ են գնել, և այդ ջուրն ուղարկում են իրենց այգիները ջրելու, իսկ նույն գյուղերի, քաղաքների բնակիչների տնամերձ այգիները չորանում են:

Երևան հասնելով՝ կրկին մտածում եմ ջրի խնդրի մասին, իսկ Երևանում թվացյալ խաղաղություն է, շատ վատ տեղեկացված, սահմանամերձ շրջաններում իրավիճակն այդքան լարված է, բայց երևանյան ռեստորաններում քեֆեր են անում: Դա տարօրինակ է ինձ համար: Հիշում եմ՝ 88-90 թթ., երբ երևանցիներն ապրում էին ամեն պատմական օրով, հիմա, կարծես, միևնույնն է, մարդիկ մտածում են, թե ոնց անեն, որ ավելի թանկ մեքենա քշեն, ընկել են անիմաստ ծախսերի հետևից: Իմ կարծիքով՝ ամեն մեքենա առնող պետք է մտածի, որ այդ գումարով կարող է տանկ առնել, քանի որ ամեն վայրկյան պատերազմը կարող սկսվել:

Երևանն ինչ-որ քնած հոգեվարքի մեջ է, ես կասեի՝ ռեստորանավարքի մեջ: Ամեն երևանցի հայ պետք է անհանգիստ քնի, և խնայի այն գումարները, որոնք շռայլում է, ուղղի մեր պետության պաշտպանությանը: Գիտեք, այսօր չեմ տեսնում մտազբաղ երևանցիներ, որոնք կմտածեն, թե վաղն ինչ է լինելու: Ցավոք, այնքան սովորական է դարձել, որ սահմանին մարդ է զոհվում, կամ ջրի խնդիր ունեն գյուղերում: Մինչդեռ ամեն գյուղացի ջուր պիտի ունենա, իսկ այդ ջուրը պետք է անվճար տան իրենց: Ձկնաբուծարաններ են բացում, որոնց համար ջուրն այդքան օգտագործում են, գոնե խելացի օգտագործեն, ջրամբարներ կառուցեն գյուղացուն ջուր տալու համար: Եթե այդպիսի մի ծրագիր կազմեն, արտասահմանում բնակվող հայրենակիցները կօգնեն՝ ջրով ապահովելու գյուղացիներին: Էլ չեմ խոսում սահմանամերձ գյուղերի մասին, որտեղ փամփուշտների տակ մարդիկ գումար են հավաքում ջրի համար: Երևան գալուց այսպիսի մտքերով եմ գալիս: Ես իրավունք չունեմ քայլել երևանյան փողոցներում անիմաստ ուրախությամբ, առույգությամբ: Շատ խնդիրներ կան, որոնց մասին պետք է մտածել:

-Եվ ինչպե՞ս ստեղծվեց այդ թվացյալ խաղաղությունը:

-Ստեղծվեց, որովհետև պետական կառույցները, որոնք պետք է տեղեկատվություն տան, սկսեցին արհամարհել ժողովրդի կարծիքը: Նման մոտեցումը կառավարության ու ժողովրդի միջև մեծ անջրպետ առաջացրեց: Կառավարության արմահարհանքն ու ժողովրդի անտարբերությունը ծնեց մի իրավիճակ, որտեղ արդեն միևնույնն է, թե ինչ է կատարվում, Արցախում ինչ խնդիրներ կան, սահմանին քանի հոգի են զոհվում, մի խոսքով՝ սրտացավությունը կտրվեց: Հայերը սրտացավ են ամեն ինչում: Տեսեք, սփյուռքը կորցրեց դա, որովհետև այդքան գումարներ ուղարկեց, որոնք մսխվեցին, կամ այդքան գործարարներ եկան, որոնց հիասթափեցրեցին՝ 50/50 տոկոսներ պահանջելով: Կապը կտրվել է ժողովրդի ու կառավարության, սփյուռքի ու կառավարության միջև:

-Ասում են, չէ՞, որ քաղաքային մշակույթը երկխոսության մեջ պիտի լինի հասարակության հետ: Այդ երկխոսությունը կա՞ քաղաքում:

-Իհարկե, չկա: Երկխոսության համար հայտնվել են ծախված արվեստագետներ, մտավորականներ, ովքեր ծառայում են կառավարությանը: Արվեստագետը, մտավորականը, բացի իրենց բուն գործից, պատասխանատու են նաև ժողովրդի արժեքների պահպանման համար: Ռեժիսորները, Երևանի ավագանու անդամները պաշտոնյաներ են դառնում, ո՞ւմ եք ծառայում՝ ժողովրդի՞ն: Ռեժիսո՛ր, դու ստեղծագործում ես ժողովրդի համա՞ր, թե՞ կառավարության: Դա դավաճանություն է ինքդ քո գործի և ժողովրդի հանդեպ, որովհետև իրավունք չունես վաճառել քո կարծիքը:

-Եթե Ձեր գործերն արվեին Հայաստանում, ցուցադրվեին այստեղ, կունենայի՞ն այն գնահատականը, ինչպես դրսում (Վ. Ավետիսը միայն մեկ քանդակ ունի Երևանում՝ «Սասնա ծռեր, Ծովինարը Սանասարի և Բաղդասարի հետ» շատրվան-հուշարձանը, որի բացում եղել է 2008 թ.):

-Իհարկե, չէին ունենա, որովհետև, տեսեք, Հայաստանում ձևավորվել է արվեստագետների մի խավ, որը կառավարության հետ է: Նրանց տրվում են բոլոր լծակները: Դա մեծ խնդիր է, որն առկա է ամբողջ աշխարհում: Իտալիայում, օրինակ, ձախակողմյան արվեստագետներ կան, որոնց օգնում է սոցիալիստական կուսակցությունը: Կուսակցականացնել արվեստը և արվեստագետներին հանցագործություն է: Դա արվեստագետներին գայթակղելու ձև է: Մաքուր, արդար և ազնիվ արվեստագետը վաճառվելու իրավունք չունի, իսկ քաղաքական գործիչը կարող է վաճառվել ամեն օր:

-Ստացվում է, որ փողը խզում է առաջացնում արվեստի և արվեստագետի միջև:

-Այո, ինչպես բոլոր մասնագիտություններում է: Արվեստի գաղտնիքը մաքրությունն է, հակառակ դեպքում արվեստն իր իմաստը կորցնում է: Ինչպես, ասենք, բանաստեղծներ կային, ովքեր Լենին էին գովերգում: Նրանք իրենց արվեստը վաճառում էին կուսակցական շահերին, հետո մի օր է գալիս, երբ կուսակցությունը փոխվում է, իսկ դու ստորացվում ես: Շատ արվեստագետներ էլ կային, ովքեր գնացին բանտ, բայց չգովերգեցին Լենինին: Այսօր էլ օլիգարխները, քաղաքական կուսակցություններն ունեն իրենց մեծարողներին:

-Այն քանդակները, որոնք տեղադրվում են Հայաստանում, ճի՞շտ տեղերում են գտնվում: Քաղաքային մշակույթի մեջ ի՞նչ շտկումներ պետք է արվեն:

-Ինչքան հակաքաղաքաշինական քայլեր հնարավոր էին անել Երևանում, արդեն արվել են: Առաջին հերթին չէր կարելի այդքան շենքեր կառուցել Երևանում, դիմազրկել քաղաքը, հին շենքերը քանդել, շուկան դարձնել «Երևան Սիթի»: Բայց ես նկատում եմ, որ շատ լավ երիտասարդություն է աճում, որը հայրենասեր է: Իմ հույսը սերնդափոխությունն է: Կարծում եմ՝ նոր սերունդ կգա, որն իր հետ կբերի նոր որակներ: Իսկ այն շենքերը, որոնք կառուցվել են, կքանդվեն, որովհետև դրանք կառուցվել են սև փողերով, և քաղաքաշինությունը կարող է վերականգնել իր դեմքը: Իսկ դրա համար հարկավոր կլինի զոհողությունների գնալ: Երևանի Փակ շուկան դեռ կարելի է վերականգնել՝ ներսից կմաքրեն, կամարները կվերականգնեն: Դեռ չեմ կորցրել իմ հավատը:

-Լավատե՞ս եք:

-Լավատես չեմ, իրատես եմ, որովհետև ինչպես կառուցում են, այդպես էլ կարող են քանդել:

-Պատրաստվո՞ւմ եք քանդակ անել Հայաստանի համար:

-Այդքան կարևոր չէ, թե ես քանդակ կանեմ Երևանի համար:

-Բայց դա քաղաքի հարստությունն է:

-Լավ, ես հիմա չեմ անում քանդակ, բայց կազմակերպում եմ քանդակի սիմպոզիում, որը նոր շունչ է բերում Հայաստանին: Շուշիի քանդակի այս տարվա սիմպոզիումին մի քանդակ էլ ես արեցի, որը, կարծում եմ, շատ կարևոր էր՝ Քուռկիկ Ջալալիի քանդակն եմ արել: Այն շատ հետաքրքիր կերպար է մեր էպոսում, որը երբեք չի ծերանում, հավերժ է: Օրինակ, Սանասարն ու Բաղդասարը, Մհերը և մյուսները ծերանում-մահանում են, բայց քուռկիկ Ջալալին միշտ կա: Դա կարևոր ներկայություն է մեր էության մեջ:

-Արդեն տեղադրվե՞լ է:

-Շուտով կտեղադրվի: Աշտարակում առաջիկայում կտեղադրվի իտալացի քանդակագործ Մասիմո Լիպպիի արվեստի քանդակներից մեկը, որը կրկին ես եմ կազմակերպում: Այսինքն՝ եթե ես քանդակներ չեմ անում Հայաստանի համար, քանդակներ տեղադրվում են Հայաստանի տարբեր քաղաքներում, մշակութային այդ կապը, թեև ոչ իմ քանդակներով, բայց իմ մասնակցությամբ է ծնվում:

-Ի դեպ, այս տարի Շուշիում կազմակերպված քանդակի միջազգային սիմպոզիումը համընկավ ղարաբաղաադրբեջանական սահմանի լարված իրավիճակով: Արդյո՞ք դա վախի մթնոլորտ չէր ստեղծել օտարազգի հյուրերի շրջանում: Ինչպե՞ս էին նրանք այդ օրերին:

-Ամեն ինչն ունի իր ճիշտ ժամանակը, ինչպես իմ քանդակը ծնվեց 100-րդ տարելիցի նախաշեմին, այդպես էլ այդ լարված պահին քանդակագործներով քանդակներ արեցինք, որոնք նվիրված էին խաղաղությանը: Պատերազմի վերսկսման շեմին նույնիսկ հարսանիք արեցի Արցախում: Այդ ամեն ինչը հաստատ երկնքում և երկրի վրա անուշադրության չմատնվեց: Մենք ասացինք, որ ներկա ենք այդտեղ: Դա տեսան թե՛ ռուսները, թե՛ Ադրբեջանը: Ցավոք, Հայաստանի մշակույթի նախարարուհին այնքան էլ չցանկացավ տեսնել, բայց ամեն դեպքում այդ ամեն ինչը կատարվեց: Որոշ արվեստագետների մոտ կար որոշ տագնապ, բայց դա նույնիսկ առիթ դարձավ, որ կրկնակի աշխատեն: Օրինակ, քանդակագործներից մեկը ստեղծեց մի քանդակ, որն անվանեց «Խաղաղության սեղան»:

Երբ Ղարաբաղ էի գնում պատերազմի ժամանակ, գիտեի, որ լավ զինվոր չեմ, չեմ կարող սպանել, բայց ես գիտեի, որ շատ կարևոր է այդ պահին, որ ոտքս կպներ այդ հողին: Մարդկանց ներկայությունը շատ բան է փոխում: Վստահ եմ, որ Աստված ամեն մեկիս նայում է: Աշխարհի երեսին մի Նոյ կար, որը պատճառ դարձավ, որ մարդու տեսակը չվերանա, և Աստված շատ ուշադիր նայում է, թե այդ արդար մարդկանց քանակն ինչքան է: Եթե տեսնում է, որ արդար մարդկանց քանակը պակասում է, երես է թեքում այդ ազգից: Շատ կուզեի, որ սփյուռքում ապրող հայերը հաճախակի գան Հայաստան, որովհետև մեր հողը կարիք ունի նրանց ոտնահետքին: Առանց հայի Հայաստանն անիմաստանում է: Եվ հայն է իմաստավորում հողը, և հողն է իմաստավորում հային: Այ սա պետք է հնարավորինս իրականություն դարձնենք, որպեսզի ամեն հայ տարին գոնե մեկ անգամ իր ոտնահետքը թողնի հայոց հողի վրա, իհարկե, նաև Արևմտյան Հայաստանի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter