HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Քիմպրոմի» աշխատակիցները սպառնում են փակել Վանաձոր-Երևան մայրուղին

Այսօր առավոտյան ժամը 9-ից «Վանաձոր-Քիմպրոմի» բակում կրկին անհանգիստ իրավիճակ էր: Գործարանի 300-ից ավելի աշխատողներ անկառավարելի վիճակում նորից պահանջում էին իրենց 11 ամիսների աշխատավարձը: Հիշեցնենք, որ հուլիսի 16-ին ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանը «Քիմպրոմի» աշխատողների հետ իր հանդիպմանը խոստացել էր մինչև օգոստոսի առաջին շաբաթ վճարել աշխատողների մեկ ամսվա աշխատավարձը, դրան հաջորդող երեք ամսվա ընթացքում վճարել 1-2 ամսվա աշխատավարձը, վերջինիս հաջորդող 3 ամիսներին կանոնակարգել մնացած պարտք աշխատավարձի վճարման կարգը:

Օգոստոսի 6-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ քիմպրոմցիներին խոստացել է հետևել Արմեն Մովսիսյանի խոստումների կատարմանը: Վարչապետն աշխատողներին զարմացրել էր իր այն հայտարարությամբ, թե ինքը տեղյակ չէ, թե ով է «Վանաձոր Քիմպրոմի» սեփականատերը: Այսուհանդերձ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր հայտնաբերել սեփականատիրոջը և նրա հետ քննարկել գործարանի հետագա ճակատագրը:

Նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանը և վարչապետ Հովիկ Աբրահամյանը չեն կատարել իրենց խոստումները: Զայրացած քիմպրոմցիները որոշել են այլևս ՀՀ վարչապետի և նախագահի խորհրդականի հետ գործ չունենալ՝ աշխատավարձի հարցերը քննարկել գործարանի գլխավոր տնօրեն Ա. Սնիգիրյովի հետ: Վերջինիս հետ քննարկմամբ արդյունքների չհասնելու դեպքում գնալ ծայրահեղ քայլերի և փակել Վանաձոր-Երևան մայրուղին: «Ձեր մեկ ամսվա աշխատավարձը չե՞ք ստացել»,- աշխատողներին հարցրեց Սնիգիրյովի խորհրդական Արթուր Ստեփանյանը: Վերջինս անտեղյակ էր աշխատողների դժգոհությունների պատճառներից:

«Ընդհանուր 11 ամսվա աշխատավարձ է զավոդը պարտք ժողովրդին»,- հայտնեց գործարանի աշխատակից Սերժ Սարգսյանը: Վերջինիս ազգանունը առաջացրեց ցուցարարների և լրագրողների ծիծաղը: «Պահանջում ենք մեր աշխատավարձը մարելու գրաֆիկ մեզ ներկայացվի: Մենք այս պայմաններով էլ համաձայն չենք սպասել մեր աշխատավարձերի մարմանը, որը առաջ չի գնում ընդհանրապես, այսինքն՝ կուտակվում է ու չի պակասում: Սպասելու տեղն արդեն վերջացել է»,- բոլորի անունից ասաց հերթափոխի պետ Կարենը Շեկոյանը: «Հիմա սկսենք նրանից, թե դուք իրավասու եք այդ հարցերին պատասխանելու, թե ոչ»,- հարցրեց Հրաչիկ Մարտիրոսյանը: «Իրավասու չեմ, երբ որ նախկին նախարարը եկել էր, դուք իրեն հետ պայմանավորվել ե՞ք»,- հավաքվածներին հարցրեց խորհրդական Արթուր Ստեփանյանը: «Մեր ինչի՞ն են պետք նրանք, մեր նախարարն էլ եք դուք, մեր ամեն ինչն էլ դուք եք, դուք եք մեր փող տվողը»,- գոռացին դահլիճի առաջին շարքերում նստած բավորները:

«Երբ որ Սնիգիրյովը գալիս ա, ասում ա՝ սենց ենք անում, ուրեմն լսեք իրան»,- աշխատողներին խորհուրդ տվեց խորհրդականը: Հավաքվածներին հետաքրքրեց, թե որտեղ է Ա. Սնիգիրյովը: «Ուրեմն բանկային հարցերով Երևանում է, մեկ ժամ հետո կարող եք գնալ ձեր մեկ ամսվա աշխատավարձը ստանալ»,- պատասխանեց խորհրդական Ստեփանյանը: «Դուք մեկ ամսվա աշխատավարձ եք մեզ առաջարկում»,- ասաց Կարեն Շեկոյանը: «Հասկանում եմ, բայց ժամանակացույցի հարցը նոր եք չէ՞ առաջ բերում»,- ասաց խորհրդականը: «Մեզ մեկ ամսվա տված փողը ձեռք չի տալիս»,- գոռացին հավաքվածները: «Պետք է հավատալ, պետք է պայքարել , մինչև կվերջացնեն ձեր աշխատավարձի վճարումը»,- խորհուրդ տվեց գլխավոր տնօրենի խորհրդականը:

«Ու՞մ դեմ պայքարենք, մարզպետի մոտ հարց ենք բարձրացրել, վարչապետի մոտ հարց ենք բարձրացրել, ձեր մոտ հարց ենք բարձրացնում, ու մինչև օրս տեղի ունեցած մեր շատ ցիվիլ ու գրագետ պայքարը արդյունք չի տվել: Ընդհանրապես ունենք զրո արդյունք: Արմեն Մովսիսյանը հանդիսանալով էս գործարանի կուրատոր, եկավ անձամբ մեր դեմ կանգնեց, խոստացավ, որ հուլիսի վերջին մենք կստանանք մեկ ամսվա աշխատավարձ: Իսկ հիմա մենք Արմեն Մովսիսյանի հետ գործ չունենք: Զանգում ենք, նույնիսկ ինքը չի բարեհաճում մեր զանգերին պատասխանել: Մենք գործ ունենք Ա. Սնիգիրյովի հետ: Դուք իրավասու չեք պատասխանելու, խնդրում եմ զանգեք, թող ինքը հիմա գա: Մենք իրա հետ գործ ունենք: Վերջ»,- ասաց Հովհաննես Ստեփանյանը:

«Մեկը ես 8 ամսվա աշխատավարձ ունեմ ստանալու, հիմա կնոջս առողջական վիճակը շատ վատ ա: Հասկացեք, էլ չեմ կարողանում էդ վիճակը տանել, աչքիս առաջին կինս մահանում է, ես նրան չեմ կարողանում ոչ մի ձևով օգնել: Բայց ես աշխատել եմ, չէ՞: Ես իմ աշխատավարձն եմ պահանջում»,- ասաց պահակային բաժնի աշխատակից Հրայրը: «Սնիգիրյովը միշտ օգնել ա»,- շեֆին պաշտպանեց Սնիգիրյովը: «Ինչո՞վ է օգնել, իմ ուշացած աշխատավարձը տվել ա, եթե դա օգնություն եք հաշվում, հաշվեցեք: Մեր ուշացած աշխատավարձը ստանալու համար գալու ենք Սնիգիրյովի առաջ չոքենք, խնդրենք, որ տա»,- պոռթկաց ամոնյակի արտադրամասի հերթափոխի պետ Հրաչիկ Մարտիրոսյանը: «Մենք խնդրում ենք Ձեզ զանգեք Սնիգիրյովին, ասեք, որ մենք սպասում ենք իրեն, երկու ժամը բավական է, որ ինքը հասնի»,- պահանջեցին հավաքվածները:

«Խորհրդական եք, մենք աշխատավարձ վճարելու միջոցներ կարող ենք Ձեզ առաջարկել: Ձեր բոլոր ծառայողական մեքենաները վաճառեք, դուք էլ մեր նման ոտքով ու քաղաքային տրանսպորտով եկեք աշխատանքի: Թող իրեն գույքը վաճառի մեր աշխատավարձը տա»,- բոլորի անունից պահանջեց Հրաչիկ Մարտիրոսյանը:

Ստեղծվեց մի իրավիճակ, երբ դահլիճում նստած 300-ից ավելի մարդիկ միաժամանակ գոռում էին: «Վաղը առավոտը Սնիգիրյովը ստեղ է լինելու, կարող է ձեր հարցերին պատասխանել»,- ասաց նրա խորհրդականը: «Հլա մի րոպե սպասեք, ես էս մարդու հետ խոսամ»,- ասաց ուշացած դահլիճ մտած գործարանի բանվորուհի Սուսանը: «Էս ի՞նչ վիճակ ա մեր վիճակը: Ո՞նց թե, չգիտես, չգիտես գնա, թող գա ուրիշը նստի: Հը, որ չես կարողանում ղեկավարես, ու՞ր ես եկել ստեղ: Սուսը որն ա, 11 ամիս է փող չեմ ստացել, ես ո՞նց իմ երեխեքին կերակրեմ»,- ամբողջ ձայնով գոռում էր Սուսանը: «Երբ որ ղեկավարը եկել էր, ինչի՞ չէիր նրան ասում»,- իր հերթին գոռաց խորհրդականը: «Չէին թողնում ներս մտնեմ: Էս ի՞նչ բան ա, ու՞ր է իմ աշխատավարձը: Փորներդ եք հաստացրել: Էս ի՞նչ բան ա»,- չէր հանդարտվում Սուսանը:

Խորհրդական Արթուր Ստեփանյանը դուրս եկավ դահլիճից՝ իրավիճակի մասին գլխավոր տնօրեն Ա.Սնիգիրյովին հեռախոսով զեկուցելու համար: Սնիգիրյովը իր խորհրդականի միջոցով ցուցարաներին հայտնեց, որ վաղը՝ առավոտյան ժամը 10:30-ին, կլինի գործարանում: Ցուցարաները որոշեցին «Քիմպրոմի» բակում հավաքվել վաղը՝ օգոստոսի 28-ին՝ առավոտյան ժամը 10:30-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter