HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քամառլիի սինդրոմն ու «հայ դիվերսանտի» առեղծվածը

Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

Օգոստոսի 26-ի երեկոյան՝ 18:44-ին Ադրբեջանի ընդդիմադիր musavat.com կայքը լուր տեղադրեց այն մասին, թե Ղազախի շրջանի Քամառլի գյուղում ազգութամբ հայ է ձերբակալվել եւ խոստացավ քիչ անց մանրամասներ հաղորդել միջադեպի կապակցութամբ:

Լուրը երկու րոպե անց՝ 18:46-ին արագորեն տեղ գտավ նաեւ Ալիեւի վարչախմբի պաշտոնական քարոզչության ոչ պաշտոնական խոսափողի դեր կատարող haqqin.az կայքում՝ «Срочно: На границе с Арменией задержан еще один армянский диверсант»/«Շտապ. Հայաստանի հետ սահմանին ձերբակալվել է եւս մեկ հայ դիվերսանտ» վերնագրով: Հաղորդելով, թե «շրջան ներթափանցած հայ դիվերսանտի անձը դեռեւս բացահայտել չի հաջողվել», սույն լրատվամիջոցը նույնպես խոստացավ մանրամասներ հաղորդել քիչ հետո:

Եւ ահա, musavat.com-ը խոստացված մանրամասները քիչ հետո տեղադրեց «Ղազախի Քամառլի գյուղում շոկի մեջ են հայի խոսքերից - Թարմացված-2»  վերտառությամբ նյութի ներքո: Դրա ենթավերնագիր էր հանվել Քամառլիի բնակիչներին իբր «շոկի» մատնած «հայի խոսքերը». «Մենք չենք կարող ապրել Հայաստանում. եթե Ադրբեջանը անվտանգության երաշխիքներ տա, մենք այստեղ կքոչենք»: 

Լրատվամիջոցի տեղացի զրուցակիցը՝ Քամառլիում գործադիր իշխանության ներկայացուցիչ Ադիգյոզալ Դուրսունովը «հաստատել» էր, որ ադրբեջանցի զինվորականների կողմից ազգությամբ հայ տղամարդ է ձերբակալվել, ով հայտնաբերվել է գյուղի բնակիչներից մեկի տանը: Ի հավելումն այդ ամենի, նա հայտնել էր. «Ադրբեջանցի զինվորականների ձերբակալած հայը 53-54 տարեկան տղամարդ է: Ձերբակալման պահին նա տեղի բնակիչներին պատմեց, թե Ադրբեջան է անցել Հայաստանում կյանքի ցածր պայմանների պատճառով: Իր հետ միասին Ադրբեջան փախչել են ցանկացել եւս 3-4 հայ, սակայն վերջին պահին նրանք մտքափոխվել են ու որոշել սպասել ավելի հարմար պահի: Նա ասաց, որ եթե Ադրբեջանը անվտանգության երաշխիքներ տա, ապա Հայաստանից  փախստականների մի ամբողջ հեղեղ կլինի: Հայի անուն-ազգանունը ճշտվում է»:

Նաեւ հաղորդվեց, թե ձերբակալումից հետո հայը «տեղափոխվել» է Քամառլիի վարչական կենտրոն՝ Ադիգյոզալ Դուրսունովի աշխատասենյակ, որտեղ նա մնացել է 20 րոպե, այնտեղից էլ նրան զինվորականները տեղափոխել են: Այս լուրը գրեթե նույնությամբ րոպեական տեղ գտավ նաեւ haqqin.az կայքի թարմացված լրահոսում:

Սկզբաղբյուրը՝ musavat.com-ը հետգրության մեջ ապահովագրել էր իրեն, թե քանի որ չի կարողացել տեղեկությունը ճշտել պաշտպանության նախարարության պաշտոնական աղբյուրներից, հարկադրված է հրապարակել այն տեղացու պատմածով, ուստի բացառել չի կարելի հետագայում տեղեկության մեջ հնարավոր ուղղումները: Հատկանշական է, որ այդ պահից մինչեւ այժմ Ադրբեջանի ՊՆ-ը որեւէ պարզաբանմամբ հանդես չի եկել, թեպետ առեղծվածային հայը, ինչպես նշվել է, այլեւս զինվորականների մոտ է...

Տարօրինակ բարձրաձայնումներ հայկական կողմից

Ինչպես եւ սպասելի էր, հայկական կողմը փորձեց նախ հասկանալ, թե ինչի մասին են խոսում ադրբեջանական լրատվամիջոցները: Քանի որ առաջին հաղորդումներում «հայ սահմանախախտը» որակվել էր դիվերսանտ, ասել է թե՝ զինվորական, առաջինը ՀՀ պաշտպանության նախարարությունը ժխտեց, որ որեւէ զինվորական հատել է հայ-ադրբեջանական սահմանը: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Արմենպրես»-ին հայտնեց, թե «Ղազախի շրջանում սահմանն անցած քաղաքացին չի կարող հայ զինծառայող լինել, եւ իրականությանը չեն համապատասխանում Ադրբեջանում արդեն հնչող այն պնդումները, թե վնասազերծվել է դիվերսանտ»:

Հովհաննիսյանը նաեւ հայտարարեց, թե ՀՀ Զինված ուժերն առօրյա ծառայություն են իրականացնում, եւ որ ադբեջանական լրատվամիջոցների տարածած լուրը իրականությանը չի համապատասխանում: Ասել է թե՝ ՀՀ զինված ուժերում բացակայող հայ զինվորական չկա: «Արմենպրես»-ի հետ զրուցած սահմանամերձ գյուղերի գյուղապետերը նույնպես հաղորդել էին, որ «այս պահի դրությամբ Տավուշի մարզի սահմանամերձ որեւէ գյուղում բացակայող ՀՀ քաղացի չկա» («Արմենպերսի» հաղորդագրությունը կայքում զետեղվել է 21:42):  

Հայկական մեկ այլ լրատվամիջոցի՝ «Առավոտի» թղթակիցը Տավուշի մարզում նույնպես փորձել էր անմիջապես պարզել սահմանախախտի ինքնությունը: Քանի որ ադրբեջանական Քամառլի գյուղը սահմանակից է Նոյեմբերյանի շրջանի Բարեկամավան, Դովեղ եւ Բերդավան գյուղերին, թղթակիցը դիմել էր հենց հիշյալ համայնքների ղեկավարներին, ովքեր նույնպես հայտնել էի, թե «տեղյակ չեն, որ իրենց համագյուղացիներից որեւէ մեկն անհետացել է»: Տեղի զինվորական  ու իրավապահ մարմիններն էլ անտեղյակ են եղել Ադրբեջանում հայտնված անձի ինքնությունից (լրատվամիջոցի կայքում տեղեկությունը տեղադրվել է 20:48):

Սակայն թերթի թղթակիցը նաեւ բավական ուշագրավ մի տեղեկություն է հայտնել. «Մեր տեղեկություններով` այսօր առավոտյան ժամը 9-ի սահմաններում  սահմանագոտում քաղաքացիական անձի շարժ  է նկատվել: Դա կարող էր լինել Ադրբեջանում հայտնված քաղաքացին»: 

Մեկ այլ ուշագրավ մանրաման էլ Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվականին» (եթեր է հեռարձակվել 21:00-ին) է հաղորդել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Նա նշել է, թե տեղեկություններ կան, որ օգոստոսի 26-ին, օրվա երկրորդ կեսին, անծանոթ անձը մոտեցել է Նոյեմբերյանի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետերի պայմանագրային զինծառայողների ուղությամբ, ներկայացել որպես ոսկեւանցի, խոսել աղավաղված հայերենով, սխալ շեշտադրումներով, թույլտվություն խնդրել մոտենալ մեր դիրքապահներին: «Երբ մեր դիրքապահները հարցուփորձ են արել, նա չի կարողացել պատասխանել եւ փախել է ադրբեջանական կողմի ուղղությամբ»,- ասել է մարզպետը: Գործակալությունը ընդգծել է, որ որեւէ բացակայող չկա նաեւ Ոսկեւանում:    

Հյակական կողմից այսպիսի հերքումների եւ ուշագրավ մանրամասների համատեքստում առավել հավանական է թվում, որ Բաքուն ինքն է «հայախոս» մեկին գործուղել Տավուշի մարզ, որտեղ նա փորձել է ներթափանցել ռազմական շատ կոնկրետ դիրք, սակայն ձախողվելով դրանում, փախուստի է դիմել դեպի Ադրբեջան: Եթե սա իրականություն է, որքան էլ որ անցանկալի միջադեպ չի արձանագրվել Տավուշում, այդուհանդերձ  հայկական զինված ուժերը խնդիր ունեն (սահմանի վրա շարժը նկատել են, սակայն չեն կանխել, նաեւ՝ ադրբեջանցուն հաջողվել է մոտենալ հայ դիրքապահների ուղղությամբ ու զրույցի բռնվել):

Նույնիսկ բացառել չի կարելի, որ նրա առաջադրանքը կարող էր լինել որոշակի դիվերսիոն գործունեություն ծավալելն ու, օրինակ, դիրքապահներից մեկին առեւանգելը, երբ ադրբեջանական հենակետից կապահովեին «ավարով» հանդերձ նրա անվտանգ անցումը Հայաստանի տարածքից դեպի Ադրբեջան: Թերեւս, այս վարկածը կարող է հաստատել կամ հերքել ՀՀ պաշտպանության նախարարությունը, ով տիրապետում է կամ հնարավորություն ունի ձեռքբերել ավելի շատ տեղեկություն այն մասին, թե իրականում ի՞նչ է տեղի ունեել այդ դիրքի մոտ:

Սակայն, դառնանք Քամառլի վերադարձած «դիվերսանիտին»: Երբ հայկական կողմը հաղորդեց, որ բացակայող զինվորական չունի, ադրբեջանական լրատվամիջոցները ուղղումներ կատարեցին «լրահոսում»: Այլեւս ոչ մի խոսք դիվերսանտի մասին. Ալիեւի վարչախմբի ու նաեւ ՊՆ-ի հետ սերտորեն համագործակցող haqqin.az-ը 22:06-ին արագ փոխեց լրահոսի վերնագիրը՝ «Армяне ищут приют в Азербайджане», տեղադրելով նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի հերքումը: «Դիվերսանտի» պատմությունը արագ փակվեց, սակայն չփակվեց Քամառլիի առեղծվածային «հայ սահմանախախտի» պատմությունը:

Համառոտ վերաշարադրենք «դիվերսանտի» մասին լուրի սկզբնաղբյուրի ու դրա կառուցվածքի հետ կապված տարօրինակ փաստերը. նախ ընդդիմադիր musavat.com լրատվամիջոց է նետվում լուր, թե հայ-ադրբեջանական սահմանը ինչ-որ հայ է հատել ու հայտնվել Քամառլի գյուղում: Լուրը musavat.com–ի վրա հղումով բառացիորեն երկու րոպեի տարբերությամբ տեղ է գտնում Ադբեջանի ՊՆ-ի հետ սերտորեն համագործակցող www.haqqin.az կայքում՝ նրան որակելով դիվերսանտ: Ընթերցողին խոստացված մանրամասները հաղորդելու համար musavat.com-ին չի հաջողվում Ադրբեջանի ՊՆ-ից ճշտել տեղեկությունը: Վերջինս էլ ստիպված աղբյուր է փնտրում Քամառլիում, կամ նրան հուշվում է այդ աղբյուրը. դա Քամառլիի գյուղապետն էր, կամ որ նույնն է՝ Բաքվի գործադիր իշխանության ներկայացուցիչը գյուղում:

Հասկանալով, որ հերթական անգամ «հայ դիվեսանտ» կերտելու փորձը կարող է շատ ավելի ծիծաղելի դառնալ, քան Չինարի գյուղի մոլորված բնակիչ Կարեն Պետրոսյանի ողբերգական դեպքն էր, ինչպես նաեւ՝ հայկական կողմի հերքումը, Բաքվին հարկադրեցին անցում կատարել դեպի «քաղաքացիական սյուժե»: Այս ամբողջ ընթացքում Ադրբեջանի ՊՆ-ը, ում տրամադրության տակ գտնվում է «ձերբակալված հայ սահմանախախտը», խորհրդավոր լռում է... Մինչդեռ հընթացս Ադրբեջանի տեղեկատվական տարածություն եւ հասարակական կարծիք է նետվում Քամառլին «շոկի մեջ գցած» «հայի պատմությունն ու խոսքերը»՝ « Մենք չենք կարող ապրել Հայաստանում, եթե Ադրբեջանը անվտանգության երաշխիքներ տա, մենք այստեղ կքոչենք»:

Քամառլիի ու Ղազախի շրջանի մղձավանջը, Ադրբեջանի ՊՆ-ի եւ ընդդիմադիր լրատվության բացահայտ հակամարտությունը  

Ընդհանրապես կարեւոր հարց է, թե ինչո՞ւ է Բաքուն այս ներկայացման համար ընտրել Ղազախի շրջանն ու Քամառլի գյուղը: Արժե այս առումով ժամանակի մեջ տեղափոխվել դեպի հուլիսի վերջ-օգոստոսի սկիզբ, քանի որ ադրբեջանական այդ շրջանում ու գյուղում կատարվածը, ենթադրում ենք, սերտորեն կապ ունի այն ամենի հետ, ինչ այժմ կատարվում է: Այդ օրերին Քամառլիի ու Ղազախի շրջանի սահմանամերձ գյուղերի ապրած մղձավանջում «հանդիպում» են բնակիչների տոտալ սարսափն ու կորուստները, դրանք Ադրբեջանի հանրության սեփականությունը դարձրած ընդդիմադիր musavat.com լրատվամիջոցը եւ այդ ամենը կոծկել փորձած Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Այս առումով «Քամառլիի սինդրոմի» պատկերը լիարժեք բացահայտում են հայկական ու ադրբեջանական լրատվամիջոցները:  

Ալիեւի ամառային ռազմական արկախածնդրությունը հայ-ադրբեջանական սահմանի այս հատված ներթափանցեց հունիսի վերջերին: Մինչ այդ մի տեւական շրջան բավական կանոնավոր ու խոշոր տրամաչափի սպառազինություններից ռմբակոծվում էին հատկապես Բերդի տարածաշրջանի գյուղերը՝ Ներքին Կարմիրաղբյուրը, Մովսեսը, Այգեպարը, Չինարին: Նոյեմբերյանի տարածաշրջանի Բարեկամավան գյուղը, որը անմիջապես հարակից է Քամառլիին, առաջին անգամ ադրբեջանական ինտենսիվ գնդակոծության ներքո հայտնվեց հունիսի 27-ի երեկոյան. ժամը 17:30-ից մինչեւ 19:00-ի սահմաններում հակառակորդն իր խոշոր տրամաչափի գնդակներով խոցեց գյուղի տներն ու դպրոցի պատերը, բնակիչների անասնագոմերը՝ հրդեհելով գյուղի արոտավայրերի 90 տոկոսը: Այդ օրը հայկական զնուժի համարժեք պատասխանի մասին հաղորդումները բացակայում են:   

Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային աղեղը վերստին թեժացավ հուլիսի վերջին: Մասնավորապես, հուլիսի 31-ին ադրբեջանական զինուժը ժամը 18:15-ից մինչեւ 19:00 խոշոր տրամաչափի գնդացիրներից նորից գնդակոծվեց Բարեկամավան գյուղը՝ խոցելով բնակիչների տները, տանիքները, բնական գազի խողովակը: Այդ երեկո գնդակոծության էր ենթարկվել նաեւ Քամառլիին սահմանակից մեկ այլ հայկական գյուղ՝ Դովեղը, որտեղ վնասվել էին գյուղի տների պատեր, դարպասներ եւ այլն: Ղազախի շրջանի Ղուշի Այրում գյուղի դիրքերից էլ գնդակոծության ենթարկվեց Ոսկեպար գյուղը, որտեղ գնդակները մտել էին մարդկանց տներ, խոցել դարպասներ, վնասել էլեկտրական հոսանքագծերը, որոնք արագ վերանորոգվել էին:

Ինչպես «Առավոտի» թղթակիցն էր Բարեկամավանից իր աղբյուրի վրա հղումով հաղորդել, այդ ժամանակ հայ սահմանապահները պատասխան կրակ էին բացել, սակայն ադրբեջանցիները նշված գյուղերի գնդակոծումը դադարեցրել էին ոչ թե անմիջապես, այլեւ գիշերը՝ հայկական կողմի հատու պատասխանից ու պատճառած կորուստներից հետո: Չափազանց ուշագրավ է, որ հուլիսի 31-ի փոխհրետակոծության ու կորուստների կապակցությամբ նույն «Ենի մուսավաթ» թերթը հայտնել էր, որ «անցած գիշեր սպանվել են Ղազախի շրջանի Քեմերլի գյուղի բնակիչ 2 սպա»: Ադրբեջանի ՊՆ-ն հերքել էր այս տեղեկությունը, հաղորդելով, որ այդ գիշեր Ղազախի շրջանում սպանվել է Ադրբեջանի ՊՆ մեկ պրապորչիկ՝ 1977թ. ծնված Իսա Զիյադ օղլու Ալմազովը», չնշելով՝ թե սահմանի որ հատվածում: Իսկ ընդհանուր, АПА գործակալությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը հղումով հայտնել էր, որ հուլիսի 31-ի գիշերը ադրբեջանական զինուժը հայկական զինուժի հետ բախումների ժամանակ ունեցել է 8 զոհ:

Թերեւս ընդդիմադիր լրատվամիջոցի ու Ադրբեջանի ՊՆ-ի միջեւ կոնֆլիկտը Քամառլի գյուղում արձանագրված կորուստների կապակցությամբ, կարծես թե հասկանալի է դարձնում, թե ինչո՞ւ է այս անգամ Բաքվի պաշտպանական գերատեսչությունը «խաղը դրել» նույն musavat.com-ի վրա ու «դեպքերն էլ զարգանում են» Քամառլիում:

Սակայն վերադառնանք հիմնական թեմային՝ Քամառլի գյուղում ու նրան հարակից բնակավայրերում կատարվածին: Օգոստոսի 1-ի առավոտյան, իր կրած կորուստներից կատաղության հասած ադրբեջանական զինուժը սկսում է կրկին գնդակոծել Քամառլիին հարակի երկու հայկական գյուղերը՝ ժամը 5-ից մինչեւ 6-ն անց 30-ի սահմաններում Բարեկամավան գյուղը, իսկ ժամը 5-ից մինչեւ 8-ը՝ Դովեղ գյուղը: Գնդակներ են արձակվում նաեւ Բերդավանի ուղղությամբ:

Քամառլիի ադրբեջանական կրակակետերը, որտեղից արդեն գրեթե ամեն օր գնդակոծում էին հայկական Բարեկամավան, Դովեղ, Բերդավան գյուղերը, օգոստոսի 2-ին լցրեցին հայկական կողմի համբերության բաժակը: Հայկական զինուժի պատասխան կրակը անհամեմատ խիստ էր եւ ուժգին, ինչպես սպառնացել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը: Դրա արդյունքում չեզոքացվել էր մի կրակակետ, իսկ Քամառլիում տեղակայված ադրբեջանական զինվորական ստորաբաժանումը, ըստ հայկական կողմի, լրջագույն կորուստներ էր ունեցել:

Քամառլիի կրակակետերի վնասազերծման ու պատճառված կորուստների փաստը հաստատեց նաեւ Հայաստանի պաշտպանության նախարարությունը, որի տարածած մամլո հաղորդագրության մեջ ասված էր. «Այսօր հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում` ադրբեջանական Քեմեռլի բնակավայրի ուղղությամբ տեղակայված դիրքերից հակառակորդը խոշոր տրամաչափի հրազենից գնդակոծել է Բարեկամավան գյուղը: Հակառակորդի կրակակետերը լռեցնելու նպատակով պատասխան կրակ է բացվել ադրբեջանական դիրքերի եւ Քեմեռլի բնակավայրում տեղակայված ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանմանումների ուղղությամբ: Ըստ նախնական տվյալների` ադրբեջանական կողմը կրել է զգալի կորուստներ: Հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան: ՀՀ զինված ուժերը շարունակում են վերահսկել իրավիճակը շփման գծում»:

Հայ պայմանագրային զինծառայողներից մեկը, իր անունը չհրապարակելու պայմանով, «Առավոտ» թերթի Տավուշի թղթակից Ոսկան Սարգսյանին պատմել էր, որ իրենք առաջնային գծից հեռադիտակով տեսել են, թե ինչպես են Քամառլի գյուղի կանայք բահերով հարձակվել Նոյեմբերյանի գյուղերի հանդեպ նախահարձակ եղած եւ այդ պատճառով Քամառլիի բնակիչներին վտանգի ենթարկած ադրբեջանական զինծառայողների վրա: Այդ օրը մղձավանջը Քամառլիում կատարյալ է եղել: Ոչ միայն հայ դիրքապահներն են ականատես եղել, այլ նաեւ ադրբեջանական լրատվամիջոցերն են հաղորդել, թե ինչպես են ուղղաթիռներով գյուղից տարհանում վիրավորներին ու սպանվածներին:

Ի դեպ, իրադարձությունների զարգացման գրեթե նույնատիպ դինամիկա եւ արդյունքներ (ադրբեջանական զինուժի լկտիացում եւ հայկական խիստ ու կորստաբեր հակահարված) են արձանագրվել Տավուշի մարզի բոլոր՝ Նոյեմբերյանի, Բերդի եւ Իջեւանի տարածաշրջաններին հարակից ադրբեջանական շրջաններում՝ Ղազախի, Աղստաֆայի կամ Թովուզի շրջաններին սահմանակից բնակավայրերում:

Քամառլիի հետ պատահածը այնքան էր զայրացրել ադրբեջանական կողմին, որ նրանք օգոստոսի 2-ի առավոտյան ժամը 5-ից 8-ը խոշոր տրամաչափի զենքերից սկսեցին ռմբակոծել Ոսկեւան գյուղը, Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը, այս անգամ` ոչ թե Քամառլիի, այլեւ Ոսկեվանին դրկից Ղուշչի Այրում ադրբեջանական գյուղի մոտակա կրակակետերից: Հայկական կողմի պատասխան կրակը ոչ միայն Ղուշչի Այրումի, այլեւ Մազամի եւ այլ կրակակետերը լռեցնելու նպատակով կրկին ավերիչ է եղել: Նշված գյուղերի բնակիչները, չնչին բացառություններով, գրեթե ամբողջությամբ տարհանված կամ փախուստի դիմած են եղել:

Հենց տեղից musavat.com-ի թղթակցի պատրաստած տեսանյութերում վավերագրվել են գյուղից բնակիչներ հարկադիր փախուստի կադրեր, կամ հաղորդվել է դրա մասին: Բազում ծերեր, երեխաներ եւ բնակիչներ musavat.com-ի փոխանցմամբ, տարհանվել են ընդհուպ սահմանից մի փոքր ավելի հեռու գտնվող Աբասբեյլի, Բալա Ջաֆարլի, Ղազախ եւ այլ գյուղերից:

Որքան էլ նշված գյուղերի բնակիչներից ոմանք տեսանյութերում հայտարարում են, թե «պատրաստ են կռվել հայ թշնամու դեմ», «զենք վերցնել», «ընդգրկվել կամավորական ջոկատներում», որքան էլ նշում են, թե «ադրբեջանական բանակը ուժեղ է» եւ «պատասխանում է հայերի կրակոցներին», այդուհանդերձ, բարձրաձայնում են, թե «իրենց անվտանգ, պաշտպանված չեն զգում» եւ «ռազմական գործողությունների դեպքում կպարտվեն, քանի որ հայերի դիրքերը լավն են: Նրանք տեսախցիկների առջեւ գրեթե ճչում են, որ ոչ միայն «աղքատ են», «անաշխատանք են», «սոված ու ծարավ են», «պետական հոգածության, ուշադրության եւ օգնության կարիք ունեն», «գյուղերը դատարկված/տարհանված են», այլեւ ապրում են «կրակի տակ», «տեղական իշխանություններն էլ իրենցից պահանջում են չաղմկել, համբերատար լինել» :

Այդպիսով, ադրբեջանական թվարկված շրջանների գյուղերում, տվյալ դեպքում՝ Քամառլիում, Ղուշչի Այրում, Մազամ եւ այլ բնակավայրերում պարտության զգացողությունը, խուճապն ու սարսափը հայկական ռազմական առավելությունից կատարյալ են եղել, որոնք ադրբեջանական անկախ եւ ընդդիմադիր լրատվամիջոցները, առաջին հերթին՝  musavat.com-ը հասցրել են մինչեւ Բաքու՝ հակասության մեջ մտնելով տեղի ունեցածը կոծկող պաշտոնական քարոզչության հետ:

Հայ-ադրբեջանական սահմանի այս հատվածում (եւ ոչ միայն) լրավածության շիկացման, ասել է թե՝ Ղազախի, Աղստաֆայի ու Թովուզի շրջանի սահմանամերձ գյուղերի մղձավանջի երկրորդ պարույրը հաջորդեց օգոստոսի 5-7-ին, վերստին հանգեցնելով ադրբեջանական կողմի մեծ կորուստների, ավելի կատարյալ դարձնելով պարտության, խուճապի ու սարսափի զգացումը ոչ միայն Ադրբեջանի սահմանամերձ բնկավայրերում, այլեւ ընդհուպ Բաքվում:

Պարտադրված պայքար «Քամառլիի սինդրոմ»-ի դեմ

Ադրբեջանական ՊՆ-ը մի կողմից փորձում էր կոծկել կրած վնասներն ու մարդկային կորուստները, մյուս կողմից՝ պայքարել սահմանամերձ բնակավայրերում կատարյալ դարձած սարսափի ու խուճապի, դրանք լուսաբանող անկախ եւ ընդդիմադիր լրատվամիջոցների դեմ: Այդ նպատակով նույնիսկ արգելել էին լրագրողների մուտքը գյուղեր (իհարկե, պաշտոնապես մեկնաբանում էին, թե ընդամենը թույլ չեն տալիս դիրքեր գնալ), իսկ Ղազախից գործադիր իշխանության ներկայացուցիչներն էլ սպառնացել էին բնակիչներին ու պահանջել «համբերատար լինել» (դրա մասին էլ բարձրաձայնում են գյուղացիները):

Ոչ միայն անկախ ու ընդդիմադիր լրատվամիջոցների կողմից իրադարձությունների «անվերահսկելի» լուսաբանման, այլեւ հենց նույն Ղազախի շրջանում/Ադրբեջանում ձեւավորված վախի կապակցությամբ Ալիեւի իշխանության տեսանելի մտահոգություններին, զայրույթին ու առաջիկայում ձեռնարկելիք քայլերին անդրադարձել ենք «Ինչո՞ւ է Իլհամ Ալիեւը մտահոգված Կարեն Պետրոսյանի աճյունի հանձնումից» վերլուծականում:

Բաքվի քաղաքական ու ռազմական իսթեբլիշմենթի ներկայացուցիչները այցելում էին սահմանամերձ բնակավայրեր, առաջնագիծ՝ պարտության հոգաբանական հետեւանքները վերացնելու եւ «մարտական ոգին» բարձրացնելու առաքելությամբ: Ալիեւի վարչախումբն ընդհուպ հարկադրված եղավ Բաքվում կոնֆերանսներ կազմակերպել, որտեղ ներկայացվում էր իբր «սահմանային տարածաշրջաններում, բանակում առկա բարձր մարտական ոգու», «ցանկացած ռազմական առաջադրանք կատարելու կարողության», տիրող «ոգեւորության» մասին: Միաժամանակ սուր քննադատության ենթարկվեցին այն լրատվամիջոցներին, որոնց մատուցած տեղեկությունները «վտանգում են երկրի բանակի ու անվտանգության շահերը», «անհանգստացնում զինծառայողների ու սահմանամերձ գյուղերի բնակիչների հարազատներին» ու «ապակողմնորոշում հասարակությանը»: Նաեւ՝ հայտարվեց ՊՆ-ի կողմից ռազմական լրագրության ցածր մակարդակ արձանագրած լրատվամիջոցների համար թրեյնինգներ կազմակերպելու մտադրության մասին:

Միաժամանակ, Ադրբեջանի նախագահի կայքում ու իշխանական լրատվամիջոցներում տպագրվում էին Ադրբեջանի տարբեր շրջաններից, այդ թվում Ղազախից, Թովուզից ու Աղստաֆայից քաղքացիների նամակներ բանակին զորակցելու, Ալիեւի ռազմական քաղաքականությունը  սատարելու, նաեւ՝ «հայ թշանմու դեմ կռվելու» իրենց պատրաստակամության մասին:

Չնայած այդ քարոզչական հնարքներին, որեւէ մեկը Բաքվում ի զորու չէր մարդկանց գիտակցությունից ու հիշողությունից ջնջել այն մղձավանջը, որը նրանք ապրել էին հուլիսի վերջին ու օգոստոսի սկզբին, մասնավորապես Ղազախի շրջանի սամանամերձ գյուղերում ու հատկապես Քամառլիում: Ամենեւին պատահական չէ, որ սահմանին լարվածության թուլացումից հետո իրենց տները վերադարձած Ղազախի շրջանի Մազամ գյուղի բնակիչները հայկական կողմի համար տեսանելի վայրերում պարզել էին խաղաղության ու հանձնվելու սպիտակ դրոշներ, այդ կերպ ընդվզելով ռազմական բախումների դեմ: Այդ գյուղին դրկից հայկական Բերքաբեր գյուղի գյուղապետ Արթուր Մադաթյանը  հաստատել էր դա. «Մի շաբաթ առաջ (մոտավորապես՝ oգոստոսի 6-7-Ս.Ս.) մեզեմցիները խուճապի մեջ էին, գյուղից փախել էին, գյուղում միայն շուն ու կատու էր մնացել: Երեկ են վերադարձել ու սպիտակ դրոշ կախել գյուղի մուտքի մոտ, որը մեր մոտից լավ երեւում է»:

Ղազախի ու Աղստաֆայի շրջաններում բնակչության սարսափը, վախերը, պարտության ու անպաշտպանվածության զգացողությունը Բաքուն հարկադրված էր նաեւ վերացնել այլ հնարքներով: Այսպես, օգոստոսի 21-ին ադրբեջանական լրատվամիջոցներում լուսանկարներ ու տեսանյութեր հայտնվեցին, որտեղ երեւում էին Աղստաֆա ավանում ադրբեջանական տանկերի դիսլոկացիոն զորաշարժը:

Ադրբեջանի ՊՆ-ի հետ տարբեր ինֆորմացիոն օպերացիաներ իրականացնող  haqqin.az կայքը նախ դերասանություն արեց, թե անհայտ էլեկտրոնային հասցեից ինքն էլ առավոտյան ստացել է դրանք, սակայն չի հրապարակել, եւ այժմ դա անում է միայն այն պատճառով, որովհետեւ այլ լրատվամիջոցներ նույնպես դա տեղադրել են: Որքան էլ այդ լրատվամիջոցը հայրենի դատախազությունից ու ՊՆ-ից պահանջում էր «վերաբերմունք» արտահայտել, թե ինչպես է հնարավոր, որ երկրի անվտանգությանն ու բանակի զորաշարժերին վերաբերող լուսանկարներն ու տեսանյութերը հայտնվեն լրատվամիջոցներում, ակնհայտ էր, որ դա իշխանություններին ձեռնտու է. վաղ 90-ականներից հետո հերթական անգամ պարտության զգացումով համակված հանրությունը թե' մայրաքաղաքում, թե' Աղստաֆա-Ղազախ-Թովուզ ու այլ շրջաններում պետք է տեսներ ադրբեջանական բանակի «հզորությունը»՝ նոր ձեռքբերված տանկերը, ինչը պարտության ու անպաշտպան լինելու վախերը մեղմող մի քայլ էր:

Նույն օրը Ադրբեջանի ՊՆ-ը պարզաբանում տարածեց, թե «Զինված ուժերի ռազմական տեխնիկայի վերադասավորումը իրականացվում է պլանային հիմքով եւ դրա նպատակը ստորաբաժանումների կողմից մարտական առաջադրանքներ կատարելու համար մարտունակությունը պահպանելն է: Լրացուցիչ մեկնաբանությունների նկատառումների անհրաժեշտությունը չկա, եւ այս թեմայով ցանկացած քննարկում հակասում է պետական շահերին»:  "Օրեր անց՝ օգոստոսի 23-ին ակնհայտ դարձավ, որ զորաշարժ ենթարկված տանկերով ու հակատանկային ստորաբաժանումներով հերթական վարժանքներն են անցկացվել Ադրբեջանում, ենթադրաբար՝ հենց Քամառլիի սինդրոմով վարակված շրջանների տարածքում:

Եւ ահա, մի քանի օր անց՝ օգոստոսի 26-ին  նույն այս գծի մեջ է տեղավորվում Քամառլիի «դիվերսանտի» առեղծվածը: Փաստացի ու ոչ անհիմն կերպով, Քամառլին, դարձել է հայկական զինուժից պարտության ու վախի սինդրոմ, որի դեմ փորձում է պայքարել Ալիեւի վարչախումբը թե' ողջ հասարակության կտրվածքով, եւ թե' նախեւառաջ հենց Տավուշի մարզին հարակից իր շրջաններում:

Ինֆորմացիոն տարածություն նետված միֆի ուղերձն է, որ հարակից հայկական գյուղերում այնքան վատ են ապրում, եւ շատ ավելի վատ, քան ադրբեջանական բնակավայրերի գյուղացիները, որ նրանք պատրաստ են հեղեղով լցվել Ադրբեջան, եթե անվտանգության երաշխիքներ տրվեն: Եւ այս թատերական ներկայացումը խաղարկվում է Քամառլիում գործադիր իշխանության ներկայացուցիչ Ադիգյոզալ Դուրսունովի, ասել է թե՝ Ադրբեջանի իշխանությունների շուրթերով, ով էլ ընդդիմադիր լրատվամիջոցին է փոխանցել Քամառլիին «շոկի մեջ գցած հայ դիվերսանտի խոսքերը»:

Արժե հիշել, թե ինչպես օգոստոսյան առաջին օրերին musavat.com-ի տեսանյութերում այդ նույն ադրբեջանցիները Քամառլիում ու հարակից գյուղերում տրտնջում էին, թե ոչ միայն աղքատ են ապրում, այլեւ անպաշտպան՝ հայկական զինուժի ռմբակոծության տակ: Այժմ նրանց ասվում է, որ իրենցից վատ ապրող էլ կա՝ ընդամենը մի քանի կիլոմետր կամ սար այն կողմ: Օգոստոսին հայկական կողմի սարսափազդու ռմակոծությունից շոկի ու կատարյալ մղձավանջի մեջ հայտնված Քամառլին ու Ղազախը այժմ «շոկի մեջ» են իրենց պարտության մատնած հայկական կրակակետերի թիկունքում տիրող «թշվառությունից», որտեղից մարդիկ պատրաստ են փախնել իրենց մոտ:

Այլեւս բացահայտ է, որ Իլհամ Ալիեւը կատարելապես տառապում է այն փաստից, որ անցած ամիսներին ադրբեջանական զինված ուժերին այդպես էլ ռազմական հաջողությունը չժպտաց. ոչ միայն չհաջողվեց մեկ միլիմետրի առաջխաղացում ունենալ, այլեւ՝ գերեվարել գեթ մեկ հայ զինվորականի, ում նա կփոխանակեր իր դիվերսատների հետ: Փաստն այն է, որ ադրբեջանական բանակն այդքան հարձակումներից ու հակահարձակումներից հետո գեթե մեկ հայ զինվորական չկարողացավ որսալ: Եւ Ալիեւը արդեն թեկուզեւ կարճաժամկետ, բայց պատրանքներ է ստեղծում, թե իբր այդ հարցում հաջողվել է. նախ Կարեն Պետրոսյանը, ապա այս մեկը, որն ավելի շատ թատերական ներկայացում է հիշեցնում:

Ինչքան ժամանակը հեռանա Ալիեւի օգոստոսյան արկածախնդրությունից, այնքան Ադրբեջանում անուղղակի կերպով ակտուալ է դառնալու՝ «իսկ ի՞նչ շահեցինք մենք դրանից, բացի տասնյակ զոհերը, հերթական պարտությունն ու հայերից խորացած վախը» հարցը: Իսկ դա իր հերթին խորացնելու է Քամառլիի սինդրոմն ու հիշողությունները, ինչը գիտակցում է Ալիեւը, եւ ինչի դեմ փորձում է պայքարել մկանների ցուցադրութամբ զորավարժություններ-վարժանքներով, ագրեսիվ հռետորաբանությամբ ու «դիվերսանտ» բռնելու կեղծ լուրերով:

Որքան էլ Բաքվի այս ներկայացում թշվառ ու ճղճիմ համարենք, այդուհանդերձ, սույն ծավալուն հետաքննությունը հնարավորություն է տալիս զգալ Ալիեւի վարչախմբի ու ադրբեջանական հանրության շնչառությունը, ինչը չափազանց կարեւոր է այդ վախերը չափելու համար: Թերեւս Քամառլիի ու նրա առեղծվածային դիվերսանտի սնդրոմի շուրջ այս աստիճան մանրամասն ծավալվելը գալիս է փաստելու, որ նույնիսկ հայերս մինչեւ վերջ ու ամբողջ խորությամբ չենք հասկանում, թե ինչ մեծագույն քաղաքական ու ռազմական արդյունք է ստեղծել հայկական բանակը օգոստոսյան հաշված օրերի ընթացքում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter