HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ժակլին Սարգսյան. «Եթե չկարողանայի իմ աշխարհը կառուցել, հնարավոր է` փլուզվեի»

Ներկապնակի մեջտեղում լայն բացված մեն մի հատիկ աչքը, կտավի անկյունում  թիթեռնիկի թեւերով մտախոհ կանգնած աղջնակն ու բոսորագույն ներկված փայտե դուռն արդեն իսկ մարտահրավերի նման մի բան էին 130-ամյա շինության հնաբնակների համար: Նրանց աչքի առաջ, շատ կարճ ժամանակահատվածում նոր շունչ ու երանգ ստացան տան հնամենի պատերը, լուսամուտներն ու անգամ շքամուտքի բազրիքը:

Կարմիրի, սեւի եւ սպիտակի համադրությամբ վերածնված տարածքը նախատեսված չէր կեցության համար, այն պիտի ծառայեր որպես արվեստանոց գյումրեցի նկարչուհի Ժակի՝ Ժակլին Սարգսյանի համար: Այս նորությունը շենքում ապրող մի քանի ընտանիքներ սկզբում ցավոտ ընդունեցին: Խորհրդային տարիների կնիքն  իրենց բնակարաններում կրող մարդկանց համար բոհեմական միջավայրի մուտքն առնվազն հավասարազոր էր նոր երկրաշարժի: Գյումրվա խիստ նիստ ու կացի, ավանդույթների պահպանման վերաբերյալ հիշեցումները չուշացան:

«Հա, սկզբում դժվարությամբ ընդունեցին լուրը, որ պիտի այստեղ արվեստանոց լինի,-խոստովանում է Ժակլին Սարգսյանը,-իրենց մտածած, ֆիլմերից տեսած բոհեմական ինչ-որ միջավայր էին պատկերացնում երեւի, որ պիտի հավաքվեն, աղմկեն, դրա համար էլ սկզբնական շրջանում ցավագին տարան թե́ իմ հայտնվելն այստեղ, թե́ սկսածս վերանորոգումները եւ ընդհանրապես արվեստանոցի միտքն ամբողջությամբ»:

Այն, որ արվեստանոցի համար շինության փնտրտուքն իրեն պիտի հասցներ «Սլաբոդկա» թաղամասի նշանավոր բակերից մեկը, Ժակլինին օրինաչափ է թվում: Այստեղ ժամանակին Ալբերտ Մկրտչյանը նկարահանել է հայ հանդիսատեսի սիրած ֆիլմերից մեկը՝ «Մեր մանկության տանգոն»: Ֆիլմում պատկերված բակի մի քանի տեսարանները տարիներ շարունակ ճանաչում էին ապահովել փողոցի, շինության ու այնտեղ ապրող մարդկանց համար, սակայն այդ նույն ճանաչումը չէր փրկել երկհարկանի շենքը քայքայումից: Թեպետ շինությունը կիսաքանդ է, սակայն տարածքն, ըստ նկարչուհու, ունի յուրօրինակ ձգողականություն եւ տրամադրում է արարելու, նոր բան ստեղծելու:

«Ինձ համար կարեւորը աուրան է, որ ես զգացի անմիջապես, հենց բարձրացա պատշգամբ,- հիշում է Ժակին,- գուցե դա էր պատճառը, որ փոքր-ինչ տատանվելուց հետո, այնուամենայնիվ, գնեցի այս մի սենյակը: Այստեղ բավական ձեւափոխություններ են արվել՝ պատ ենք քանդել, հատակն ենք մշակել, նվեր ստացած կամ գնված բոլոր հին իրերը նոր շունչ ու երկրորդ կյանք են ստացել՝ ինչպես եւ պլանավորել էի: Եվ հետո, այս բակում ապրել է հայրիկիս տատիկը: Երեւի դա էլ ազդեց որոշմանս վրա: Հիմա, երբ քիչ թե շատ իմ գնած հատվածում ամեն ինչ կարգի է բերված, շատ կուզենայի օգնել մյուս բնակիչներին էլ՝ գեղեցկացնելու իրենց շուրջբոլորը»:

Ժակլինը ձեռքի անփույթ շարժումով հավաքում է սաթի նման սեւ գիսակներն ու մոտենում հնաոճ պահարանի վրա դրված ինքնաեռին: «Թե՞յ, թե՞ սուրճ»,- հարցնում է` կիսաթեք ժպիտով նայելով ինձ: Որոշում ենք թեյել: Անշտապ շարժումներով տանտիրուհին սեղանին է դնում անուշեղենը: «Հյուրասիրությունն էլ իմ արվեստանոցի պարտադիր բաղկացուցիչն է: Դե դա Գյումրվա հին ավանդույթներից մեկն է, չէ՞»,- զրուցակիցս ծիծաղում է:

35-ամյա նկարչուհին իր ստեղծագործական կյանքում մոտ տասնամյա լռություն է ունեցել: Դադարը պայմանավորված էր ամուսնությամբ եւ բազմաթիվ հիասթափություններով, որ 25-ամյա աղջնակը հասցրել էր ճաշակել մասնագիտական հմտությունների ձեռք բերման ճանապարհին:

Նկարել սկսել է մեկ տարեկանից: «Մայրս պատմում է, որ շատ են զարմացել, երբ տեսել են, որ ճնճղուկ ու մուկ եմ նկարել: Զարմացել են, թե որտեղ եմ տեսել»,-ասում է Ժակլինը՝ երկու փոքր կտոր շաքար ավելացնելով թեյին: «Միշտ չեմ սիրել նկարելը, բայց նկարել եմ, ստիպել են, որ նկարեմ»,- խոսոտվանում է զրուցակիցս: Չսիրել, ժամանակ առ ժամանակ անգամ ատել մի բան, որ այնքան հեշտությամբ է տրվել: Ձեռքի մեկ շարժումով, գունային այնքան հստակ ու նուրբ զգացողությամբ ստեղծված պատկերները գանգրահեր այս աղջկան ուրախություն պատճառել են միայն սկզբնական շրջանում:

«Ծնողներս որոշեցին, որ անպայման պիտի սովորեմ Գյումրու Մերկուրովի անվան նկարչական դպրոցում,- պատմում է Ժակլինը,- այդ տարիներին սովորություն ունեի ընդօրինակել հայտնի նկարիչների գործերը: Հայրս մեծ գրադարան ուներ, այնտեղ նկարազարդ գրքեր կային, ասենք` Լեոնարդո դա Վինչիի մասին պատմող, ու ես այդ նկարներից կրկնօրինակներ էի անում: Դրանք անպայման ցույց էի տալիս ուսուցչիս, սակայն հենց վերջինս էլ կոտրեց իմ մեջ սերը նկարչության հանդեպ»:

Ժակին նկարչական դպրոցում ունեցած իր հիասթափությունները պատմում է առանց զգացմունքների, անտարբեր, ոչինչ չարտահայտող ձայնով: Ասում է, որ ուսուցիչը պարզապես պատռել է այդ նկարները՝ հորդորելով սանուհուն մուլտհերոսներ նկարել: Հիմա արդեն, երբ տարիների հեռվից վերլուծում է կատարվածը, հասկանում է, որ երիտասարդ, սակայն իր ասպարեզում չկայացած մեկն էր նկարչության դասատուն: Նա կոչված էր ընդամենը դաս տալու, բայց ոչ` անհատականություններ բացահայտելու:

Դպրոցն ավարտելուց հետո Ժակին ցանկություն է հայտնում ուսումը շարունակել Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, սակայն հայրը չի համակերպվում դստեր` Երեւանում ուսանելու գաղափարի հետ: «Ստիպված գործերս տվեցի Գյումրու մանկավարժական ինստիտուտի կերպարվեստի բաժին: Հետո, երբ արդեն երրորդ կուրսում էի, բացվեց Գեղարվեստի ակադեմիան, ու ես տեղափոխվեցի այնտեղ՝ գեղանկարչության բաժին: Նստեցի երկրորդ կուրս: Ինձ դժվարությամբ ընդունեցին, ասում էին, թե մանկավարժականից չեն ցանկանում ուսանող ընդունել, հետո բոլոր գնահատականներս իջեցրեցին 3-ի ու 4-ի: Ես չդժգոհեցի, որովհետեւ մտածում էի, թե իրենք ավելի պրոֆեսիոնալ են»:

Ժակին Ակադեմիայում ուսանելու առաջին տարում բավական կաշկանդված էր: Դասավանդողների վերաբերմունքը եւս միանշանակ չէր, կարելի է ասել, որ ցանկացած գնահատում արվում էր վերապահումով: Ժակլինին «սպիտակ ագռավ»-ի կարգավիճակն այնքան էլ չէր խանգարում: Հասկանում էր, որ տարբերվում է մյուսներից, միայն թե դժվարանում էր ընկալել. ինչու՞ էր դա այդպես գրգռում ոչ թե իր համակուրսեցիներին, այլ՝ դասախոսներին:

«Ինձ ստիպում էին ջնջել իմ հաջողված գործերը՝ առանց բացատրելու, թե ինչը չի ստացվել, եւ մի՞թե նկարչության մեջ կա այդպիսի հասկացություն: Նույն կերպարը Պիկասոն ու Մոդելյանին կարող էին այլ կերպ տեսնել, ու դրանից ոչ ոք հետեւություն չէր անում, թե ինչ-որ բան նրանք սխալ են արել,- տարակուսում է զրուցակիցս,- գունային ընկալումներս բնածին են, այդտեղ ես խնդիր չունեի: Սկսեցի կատարելագործել գծանկարներս, որովհետեւ դա նկարչության այբուբենն է: Մատիտը գրագիտություն է, որին պիտի տիրապետես ձեռքդ վարժեցնելով, իսկ երբ հերթը գալիս է գույն դնելուն, ապա դա պիտի ներսիցդ գա: Ես միայն մի բան եմ ափսոսում, որ այդ տարիներին շատ ուշ եմ ըմբոստացել որոշ դասախոսների անարդար վճիռների դեմ»:

Ժակլինի արվեստանոցի պատերը ծանրաբեռնված չեն կտավներով: «Աշուն» վերնագրված կտավում տղամարդիկ են՝ կես հայացքով, գլուխները հակած՝ ինչպես աշնան քամիներին դիմակայող տերեւաթափ ծառերը: Նկարչուհու գործերում մեկ աչքով մարդկային պատկերները գերիշխում են. պատճառը, գուցե, տարիներ շարունակ իր գործունեության նկատմամբ եղած հալածանքն է: Լսելով կարծիքս՝ Ժակլինը թոթվում է ուսերը. «Գուցե, չգիտեմ, գուցե դա է պատճառը, գուցե այն, որ ոչ մի անգամ լիարժեք ոչ ուրախացել եմ հաջողությունից, ոչ տխրել՝ անհաջողությունից»: Ժակլինի գործերում գույն ու ստվերի խաղ չկա: Խիտ, հյութեղ գույների մեջ վառ գուներանգները հայտնվում են մեկ շերտի ձեւով: Նկարչուհին կերպարները ստեղծում է` վստահ դնելով գծերը: Նկարելու նման տեխնիկան, ասում են, սովորաբար բնորոշ է տղամարդ նկարիչներին:

«Ինձ շատ հոգեհարազատ է Մոդելյանին,- խոստովանում է Ժակին,- նա էր, որ ասում էր, թե երբ քեզ ճանաչեմ, քո հոգին ճանաչեմ՝ կնկարեմ աչքերդ: Իմ մոտ էլ երեւի դա է: Ես էլ երեւի այս կյանքը դեռ կիսով չափ եմ ճանաչում, գուցե դրա համար էլ դժվարանում եմ իմ կերպարներին լիարժեք բաց աչքերով նկարել»:

Հաջողությունն ու անհաջողությունը Ժակլինին ուղեկցել են ձեռք-ձեռքի տված: Նրան շատ հաճախ գնահատել են Ակադեմիայի պատերից դուրս: Առաջին մեծ հաջողություններից մեկը ուսանողական տարիներին իր հինգ գործերի հայտնվելն էր մայրաքաղաքում գործող Արշիլ Գորկի արվեստանոցում:

«Ընկերուհիս տարել էր իմ էսքիզը եւ ցույց էր տվել արվեստանոցի տիրոջը: Սկզբում մերժել էին վերցնել՝ պատճառաբանելով, թե իրենց մոտ Սարյանի, Մինասի գործերն են կախված եւ սկսնակ, անհայտ նկարչի գործ չեն վերցնում: Այդ ժամանակ այնտեղ է եղել գեղանկարիչ Էդուարդ Իսաբեկյանն, ով նայել ու ասել է, թե վաղը աշխատանքները բեր: Հետո գալերեայի տիրոջն ասել է, որ գնի իմ գործերը, ասել է` այս աղջկա մեջ կայծ կա»,- Ժակլինի ձայնում զուսպ հպարտության նոտաներ եմ զգում:

2003թ. հրավեր է ստանում մասնակցելու մոսկովյան «Ձեւ եւ գույն» միջազգային դիզայներական ցուցահանդեսին: Կազմակերպիչները ցուցասրահի պատերից մեկն ամբողջությամբ տրամադրում են Ժակլինի գործերին: «Սկզբում այդ հատվածում այլ գործեր էլ էին կախած, հետո ստիպված եղան հանել: Ասացին, որ իմ աշխատանքներում գույներն այնքան դոմինանտ են, որ ճնշում են մյուսներին, ու դրանք պարզապես չեն երեւում իմ գործերի կողքին»,-պատմում է Ժակին: Մոսկվա մեկնել էր 10 օրով, սակայն մնաց երկու ամիս: Այնտեղ առաջարկ է ստանում մասնակցելու Պիկասոյի գալերեայի կողմից կազմակերպվող ցուցադրությանը: Բայց քանի որ մոտենում էին ավարտական քննությունները, Ժակլինը ստիպված վերադառնում է Գյումրի:

Անակնկալները հարազատ քաղաքում չեն ուշանում: Նախ տեղեկանում է, որ իրեն ցանկանում են դուրս թողնել Ակադեմիայից: Հետո, այնուամենայնիվ, թույլատրում են մասնակցել դիպլոմի պաշտպանությանը: Առանց էսքիզի նախնական հաստատման վեց օրում ստեղծում է մեծամասշտաբ մի գործ` 6 կտորից բաղկացած, 4 մետր երկարությամբ եւ 3,5 մետր բարձրությամբ: Գյումրու Գեղարվեսի ակադեմիան ավարտում է կարմիր դիպլոմով:

«Ես ցանկանում էի դիպլոմային աշխատանքս ուղարկել Ֆրանսիա` ցուցահանդեսի, Պիկասոյի գալերեայից ստացած հրավերը չէի ցանկանում բաց թողնել, սակայն Համբարձում Ղուկասյանը հրաժարվեց տալ աշխատանքս: Ինչքան եմ խնդրել, անգամ խոստացա, որ կրկնօրինակը կանեմ կթողնեմ, չտվեց: Այդպես ես զրկվեցի Ֆրանսիայում ներկայանալու հնարավորությունից,- ասում է Ժակին,- ակադեմիայում այդպես էլ չշնորհավորեցին ինձ Մոսկվայում ունեցածս հաջողությունների համար, նրանց ես այդպես էլ չասացի իմ հինգ կտավների` Արշիլ Գորկի գալերեայում հայտնվելու մասին, գիտեի, որ չեն ուրախանալու»:

Ֆրանսիա մեկնելը եւս մեկ քայլ էր, որ կարող էր հիմնովին փոխել գյումրեցի նկարչուհու կյանքը: Դրա փոխարեն Ժակին ամուսնանում է գյումրեցի Արմանի հետ եւ զբաղվում միայն դիզայներական աշխատանքով: «Եթե չկարողանայի իմ աշխարհը կառուցել, ես կփլուզվեի»,- խոստովանում է Ժակլինը:

Կտավի դիմաց Ժակին կրկին կանգնում է 9 տարի անց, երբ հրավեր է ստանում մասնակցելու «Ռալ-արտ» նախագծին: «Այդ ընթացքում ես հասցրել էի կոտրել ձեռքս ու գիպսը հանելուց հետո դժվարությամբ էի աշխատում, սակայն նույնիսկ այդքան տարիներ անց էլ զգում էի, որ հետ չեմ գնացել, ընդհակառակը՝ մի քանի քայլ առաջ եմ իմ գործում»:

Արվեստանոցի ծնունդը եւս մեկ քայլ է Ժակիի կյանքում: Հաջորդը լինելու է անհատական գործերի ցուցադրությունը 2015թ. գարնանը: «Միակ ափսոսանքս ստեղծագործական կյանքումս եղած 10-ամյա լռությունն է ու հուսահատության պահին ստեղծագործություններիս` իմ իսկ ձեռքով ոչնչացումը,- խոստովանում է նկարչուհին,- հիմա այլեւս չի կրկնվի այդ մղձավանջը, ինձ այլեւս հնարավոր չէ կոտրել, ես այս տարիներին սովորեցի հավատալ ինքս ինձ»:

 

Մեկնաբանություններ (5)

Maeine
Милая,талантливая девочка. Очень рада,что теперь она как нокогда достигла нужную вибрацию профессионального и духовного развития. Желаю ее смелый полет по пути своей Души и предназначению,изобилия и миротворения!
Liana
Շատ հետաքրքիր էր, հաջողություն եմ ցանկանում Ժակլինին
ԱՒդա
Ինձ շատ դուր եկավ։Եվս մի տաղանդավոր Գյումրեցի։Կուզենայի անձամբ ծանոթ լինել Ժակլինի հետ,ունենալ նրա նկարներից մեկը։
ՄՄ
Գործերը շատ հավանեցի: Կսպասեմ ցուցահանդեսին:
МАРИНА
Наиболее ценные свойства в художнике — искренность и скромность.А Жаклин именно такая.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter