
Ի՞նչ անի հիվանդը. «ԴԻԱԼԱԲ» , «ՊՐՈՄ-ՏԵՍՏ» և «ՎԻՈԼԱ» լաբորատորիաներում նույն օրն արված անալիզների պատասխանները տարբերվում են
Դավիթ Մելքոնյանը, ում մոտ բժիշկներն ախտորոշել են լյարդի ուռուցք, վերջերս դիմել էր «Հետքին»` խնդրելով պարզել, թե ինչու են տարբեր լաբորատորիաներում նույն օրն արված արյան ախտորոշման 3 ցուցանիշների արդյունքներն իրարից տարբերվում, ո՞րն է պատճառը և, ի վերջո, ում վստահել:
Գոյություն ունի ուռուցքի վիճակը ստուգելու մի քանի տարբերակ. դրանցից են, օրինակ, տոմոգրաֆիան և օնկոմարկերները: Վերջին ցուցանիշը երևում է արյան անալիզի միջոցով: Երեք ամիսը մեկ Դ. Մելքոնյանը հանձնում է այն՝ հիվանդության ընթացքին հետևելու համար:
Բուժման վերահսկման հերթական փուլում տոմոգրաֆիայի և օնկոմարկերի ցուցանիշներն իրարից սկսում են տարբերվել. տոմոգրաֆիան ցույց է տալիս դրական արդյունք՝ ուոուցքի փոքրացում, սակայն օնկոմարկերներն անընդհատ աճում են: Պարզելու համար, թե որ արդյունքներին կարելի է վստահել և ինչպես շարունակել բուժման հետագա ընթացքը, Դ. Մելքոնյանը նույն օրը՝ 2014թ. հուլիսի 29-ին հանձնում է անալիզներ 3 լաբորատորիաներում՝ «Դիալաբ», «Պրոմ-Տեստ» և «Վիոլա» (ընդհանուր` մոտ 50 000 դրամ արժողությամբ): Ստացված պատասխանները միմյանցից այնքան տարբեր են, որ միևնույն ցուցանիշի նվազագույն և առավելագույն թվերի տարբերությունը հասնում է 1184 ng/mL –ի:
|
CEA Կարցինոէմբրիոնալ հ/ծ |
Նորմա |
CA 19-9 |
Նորմա |
«ՎԻՈԼԱ» |
12 ng/mL |
≤5 ng/mL |
210 U/mL |
<35 U/mL |
«ԴԻԱԼԱԲ» |
624 ng/mL |
|
382.8 U/mL |
|
«ՊՐՈՄ-ՏԵՍՏ» |
1196.27 ng/mL |
|
529.19 U/mL |
|
Վերոնշյալ 3 լաբորատորիաների տնօրեններին խնդրեցինք մեկնաբանել ստեղծված իրավիճակը:
«ԴԻԱԼԱԲ»-ի տնօրեն Հմայակ Ավագյանն ասում է, որ իրենց տվյալները ստույգ են, և 624 ng/mL ցուցանիշը բացատրում է նրանով, որ Դ. Մելքոնյանի խնդրանքով իրեն տրամադրել են CEA-ի ընդամենը մի փուլի ցուցանիշ, մինչդեռ դինամիկան ստացվել է 1000 ng/mL-ից ավել: Ախտորոշումն իրականացնող նյութերի (ռեակտիվների) որակին պրն Ավագյանը լիովին վստահ է: Նրա ասելով` դրանք գերմանական արտադրության նյութեր են, որոնք ձեռք են բերվում «Energomar» ընկերությունից: Տնօրենը նաև հավելեց, որ Դ. Մելքոնյանի հիվանդության ներկայիս փուլում օնկոմարկերներն «ադեկվատ ցուցանիշներ չեն», և բժիշկներն այս պարագայում, սովորաբար, հիմնվում են այլ ցուցանիշների և հետազոտությունների վրա:
«ՊՐՈՄ-ՏԵՍՏ»-ի տնօրեն Արթուր Մելքոնյանի խոսքով՝ օնկոմարկերը շատ պատասխանատու թիվ է, և իրենք սխալ թույլ տալ պարզապես չէին կարող. «Սարքի կալիբրատորները, կոնտրոլները և բոլոր նյութերը ստուգված են եղել, հակառակ դեպքում այն չէր աշխատի»: «Պրոմ-Տեստ» լաբորատորիան այդ ախտորոշումն իրականացնում է ամերիկյան «Abbott Laboratories»-ից ներկրված սարքավորումներով և հատուկ դրանց համար նախատեսված նյութերով՝ կարցինոէմբրինոգենով (դարձյալ ամերիկյան արտադրության): Նա ասում է, որ նյութերը Հայաստան է ներկրվում Գերմանիայում գտնվող պահեստներից: Ա. Մելքոնյանը բացառեց մարդկային գործոնը, քանի որ ախտորոշման գործընթացը բացառապես տեխնիկական բնույթ ունի. «Արյան սրվակն անմիջապես սարքին է հանձնվում, և եթե նյութերն անորակ լինեն, սարքը դրանք պարզապես կմերժի»: Նա նաև ավելացրեց, որ ոչ մեկի հետ չի ուզում համեմատվել, վստահում է իր լաբորոտորայի տված պատասխաններին: «Նույն ամերիկյան «Abbott Laboratories» ընկերությունն առցանց վերահսկում է մեր աշխատանքը, և թերության դեպքում նկատողություն կստանայինք»:
«ՎԻՈԼԱ»-ի տնօրեն Արմեն Մեժլումյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, էլեկտրոնային փոստին ուղարկված մեր հարցադրումները մնացին անպատասխան: Նորից զանգահարեցինք «Վիոլա», սակայն աշխատակցուհին խիստ տոնով ասաց, որ իրենց այլևս չանհանգստացնենք. «Մենք պարզաբանում չունենք տալու, ոնց ուզում եք` հասկացեք»:
Լաբորատոր հետազոոտություններ իրականացնող բուժհաստատություններին լիցենզավորում է Առողջապահության նախարարությունը: Նախարարությունից մեր հարցմանը պատասխանեցին, որ գործը քննելու և վարույթ հարուցելու համար պետք է դիմում ներկայացնել: Օգոստոսի 24-ին Դ. Մելքոնյանը դիմում է հանձնել նախարարություն: Նշենք, որ ըստ ՀՀ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի` վարչական վարույթի ժամկետը սկսվում է դիմումը տվյալ վարչական մարմնում մուտքագրելու օրվանից, վարչական վարույթի առավելագույն ժամկետն էլ 30 օր է՝ բացառությամբ օրենքով սահմանված առանձին դեպքերի:
ՀՀ ԱՆ նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը մեզ հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ մոտ 2 շաբաթից խնդիրը պարզ կլինի:
Իսկ ի՞նչ անեն հիվանդները, ո՞ր բուժհաստատության ուսումնասիրությանը վստահեն: Չէ՞ որ նաեւ դրանով է ախտորոշվում հիվանդությունը:
Մեկնաբանություններ (13)
Մեկնաբանել