HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ծեծկռտուքի սահմանները մոտենում են Բաղրամյան 26-ին

Oգոստոսի 26-ին, ժամը 04:15-ին Բաղրամյան պողոտայում գտնվող «Շարլոտ» գիշերային ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո Արբակիրի ոստիկանության բաժին են բերել մի քանի անձանց: Ոստիկանությունը հաստատել է միջադեպի մասին տեղեկատվությունը:  Արաբկիրի  փորձառու ոստիկանապետ Գրիշա Ամիրխանյանը որոշել է քրեական գործ չհարուցել, որովհետեւ բողոքող չկա: Գրիշա Ամիրխանյանը չի հարուցել քրեական գործ, որովհետեւ գիտի, որ ծեծկռտուքի մի կողմի մասնակիցները պաշտոնյաներ են: Նա, բնականաբար, այդ մասին զեկուցել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին: Վերջինս էլ համաձայնություն է տվել կամ հրահանգել է քրեական գործ չհարուցել:

Սա էլ մի օրինակ է, որը հստակ ցույց է տալիս, թե ինչպես է վերջին տարիներին «բարձրացել» պետական պաշտոնյաների պրոֆեսիոնալիզմը: Նրանք գիշերային ակումբներում ավելի ազատ են զգում իրենց, քանի որ պետական գործերով, միեւնույն է, չեն զբաղվում, սեփական բիզնեսի հարցերը հենց այդպիսի վայրերում են լուծում ու միաժամանակ վայելում ուկրաինուհիների պարը: 

Նրանք մինչեւ գիշերվա ժամը չորսը «Շարլոտում» են եղել` Բաղրամյան 26-ից մի քանի հարյուր մետր վերեւ: Սկզբում վիճաբանությունը ներսում էր, հետո` դրսում, փողոցում: Մեկ տասնյակից ավել պետական պաշտոնյաներ ծեծկռտուքի մեջ էին: Ամենաշատը  տուժել է Կենտրոնի հարկային տեսչության պետ Կարեն Կարապետյանը: «Նրա գլխին 22 կար է դրվել, «Նաիրի» բժշկական կենտրոնում է»,- ասում է «Հետքի» աղբյուրը: Աղբյուրը հայտնում է, որ հենց վերջինիս պատճառով է սկսվել վիճաբանությունը, նա ասել է, թե ինքը Կենտրոնի հարկայինի պետն է եւ վատ է լինելու իրենց համար: Եւ Կենտրոնի հարկայինի պետ Կարեն Կարապետյանն իր այս նախադասության համար «պատժվել է» փողոցում: Նրա հետ են եղել իր գործընկերները: Բայց նրանց ոչինչ չի սպառնում: Բաղրամյան 26-ում գիտեն միջադեպի մասին, անհնար է չիմանան: Կարեն Կարապետյանն էլ վարչապետի խորհրդական Կավալենկո Շահգալդյանի քրոջ որդին է:

Միջադեպի մասնակիցների մեջ է եղել նաեւ ԱԱԾ-ի աշխատակից Արսեն Ղազարյանը: Նա ԱԱԾ-ի ներկայացուցիչն է Ֆինանսների նախարարությունում: Նա այնտեղ, բնականաբար, ուրիշ առաքելությամբ է գտնվում, բայց հայտնվել է գիշերային ակումբում: Գորիկ Հակոբյանը երեւի լսել է իր աշխատակցի արկածների մասին, բայց ոչինչ չի կարող անել, որովհետեւ նա էլ իր տեղակալի`Արզուման Հարությունյանի (Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի եղբոր)  հովանավորյալն է: 

Մի խոսքով, գիշերային ծեծկռտուքի մասնակցիներն ունեն բարձր հովանավորյալներ, դրա համար էլ այս միջադեպը «փաթեթային լուծում» է ստացել: Քրեական գործ չկա, գնացեք հերթական գիշերային ակումբում շարունակեք ձեր «պետական ծառայությունը»: 

Ծաղրանկարը` http://appellatesquawk.wordpress.com/ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter