HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պաշտոնն ի՞նչ եմ անում, ինձ գնդակն էլ է հերիք»

Գրիշա Բալասանյան, Մերի Մամյան

Մարգարայի հայ-թուրքական սահմանը կապող կամրջի հարեւանությամբ 11-ամյա Ալվինան իր հասակակից երկու տղաների հետ հեծանիվ էր քշում: Նա ամառային արձակուրդները գյուղում է անցկացնում եւ այնքան էլ գոհ չէ դրանից: Աղջիկը պատմում է, որ Մարգարայում զբաղմունք չկա, խաղահրապարակ չունեն եւ իրենց համար ամեն ինչ ձանձրալի է:

«Հիմա ծնողներս զբաղված են հողագործությամբ, չենք գնում Երեւան, բայց երբեմն լինում եմ  հրապարակում»,- ասում է Ալվինան: Աղջիկը շատ գրագետ էր խոսում: Սակայն նա էլ մեծերի նման էր մտածում: Ալվինան ասաց, որ շատ է սիրում Հայաստանը, բայց մեծ հաճույքով Ռուսաստանում կապրեր: 11-ամյա աղջիկը շատերի նման կարծում է, որ Ռուսաստանում կյանքն անհամեմատ լավ է, օրերն ուրախ են անցնում:

«Այնտեղ իմ հորեղբայրն է ապրում, նրան կարոտում եմ: Մշտական էլ ապրեի Ռուսաստանում ավելի հետաքրքիր է, լավ է: Այնտեղի ամենավատ ապրողը այստեղի լավ ապրողից էլ լավ է ապրում: Եթե Հայաստանում սովորում ես, աշխատանք չկա, որ աշխատես, իսկ այնտեղ եւ́ սովորելու հնարավորություն կա եւ́ աշխատելու: Հայաստանում հիմնական խնդիրը աշխատանքն է»,- ասում է Ալվինան:

Տղաներից Հարությունն էլ իր պատճառները նշեց, թե ինչու կապրեր Ռուսաստանում. «Այնտեղ թոշակները բարձր են, համ էլ` շատ ծաղիկներ կան»:

Տղայի` ծաղիկների նկատմամբ «կարոտը» իր պատճառներն ունի: Մարգարայում կլիման չոր է, այս տարի նույնիսկ ոռոգման ջուրն է քիչ, որ գոնե կանաչը շատ լինի: Տղայի համար նորություն են ուղիղ կտրած խոտը, մայթերի ծաղիկները, ցայտաղբյուրները, իսկ հեռուստատեսությամբ տեսածը երազանքի նման մի բան է:

Հարությունն էլ է Մարգարայում ձանձրանում: Ուզում է մարզադպրոց գնալ, սպորտով զբաղվել, սակայն գյուղում նման հնարավորություն չունի:

Սահմանամերձ գյուղում կանգուն է մշակույթի տան շենքը, սակայն պատուհանների ապակիները կոտրված են: Մարգարայի համայնքապետ Խաչատուր Ասատրյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ մշակույթի տունը չի գործում, գյուղում չկա նաեւ մանկապարտեզ, միայն լատինաամերիկյան պարերի խմբակ ունեն:

Մարգարայի համայնքապետարանի հարեւանությամբ փոքր պուրակ կա: Մեծահասակներն ու գյուղի տղաներն այնտեղ են հավաքվում, թղթաղախ, նարդի ու շաշկի խաղում, քննարկումներ անում եւ մութն ընկնելուն պես  գնում տուն:

Կեսօր էր ու շոգ: 16-ամյա Թելմանն ու նրա ընկեր Դեյվիդը պլաստիկ շշերի խցաններով շաշկի էին խաղում պուրակում: Նրանք էլ իրենց արձակուրդն այդպես էին անցկացնում:

«Այստեղ երիտասարդություն գրեթե չկա, բոլորը սեզոնային գնում են դրսում աշխատելու, իսկ ով էլ մնացել է այստեղ, հողագործությամբ է զբաղվում: Մենք էլ ենք հողագործությամբ զբաղվում, բայց այն եկամտաբեր չի»,- ասում է Թելմանը եւ հույսով սպասում, որ մի օր հայ-թուրքական սահմանը կբացվի ու առեւտրով կզբաղվեն: «Թուրքիա կգնամ միայն առեւտուր անելու համար»,-լրացրեց Թելմանը:

Դեյվիդն էլ երազանք ուներ: Նա «Ռեալ» ֆուտբոլային թիմի մոլի երկրպագու է եւ ցանկանում է ֆուտբոլային գնդակ ունենալ: «Պաշտոն չես ուզու՞մ»,- կատակով հարցնում ենք տղային: «Չէ, պաշտոնն ի՞նչ եմ անում, ինձ գնդակն էլ է հերիք»,- պատասխանում է Դեյվիդը եւ շարունակում իր խաղը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter