HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մենք ամեն օր պայքարում ենք, որ Անուշավանին տուն վերադարձնենք»

34-ամյա Անուշավան Գրիգորյանը 1999 թ-ին, ծառայելով հայկական բանակում, ձեռք է բերել հոգեկան հիվանդություն: 10 տարուց ավելի բուժում է ստանում: Անհրաժեշտ դեղահաբերը պիտի ընդունի մինչև կյանքի վերջը: Անժամկետ 2-րդ խմբի հաշմանդամ է: Երկու անչափահաս երեխաների հայր Անուշավանը մոտ 10 ամիս գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ հոգեբուժական մասում:

«1999 թ.-ին, երբ պարզվեց, որ տղայիս մոտ հոգեկան հիվանդություն է ի հայտ եկել, երեխային շատ էին տանում-բերում, հարցաքննում հոգեբուժարանում, փորձում իմանալ, թե ինչն է եղել նրա հոգեկան ապրումների պատճառը: Ես, որպես մայր, անհանգստացա ու դադարեցրեցի այդ հարցաքննությունները, որոնք ավելի վատ էին ազդում նրա հոգեկան աշխարհի վրա: 6 ամիս իր հետ հիվանդանոցներում եմ եղել: Հետո կողքից ինձ մարդիկ ասում էին՝ փառք տուր Աստծուն, որ ողջ է եկել, զինվորներ կան, որ տուն չեն հասնում: Իսկապես փառք, հիմա լավ ընտանիք ունի, կին, երեխաներ: Բայց ինքը տնային պայմաններում բուժման, խնամքի կարիք ունի»,- «Հետքի» հետ զրույցում պատմեց Անուշավանի մայրը՝ Անահիտ Ղարիբյանը, ում հանդիպեցի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Անուշավանը մեղադրվում է Շանթ Հարությունյանի և ընկերների գործով: Նույն գործով 15-րդ մեղադրյալն է: Այս գործը անջատված մասով է քննվում: Ըստ մեղադրանքի` Անուշավան Գրիգորյանը 2013 թ-ի նոյեմբերի 5-ին բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ:   

«Անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում հավաքված մարդիկ է տեսել ու գնացել նրանց ուղղությամբ: Սիրում է մարդաշատ միջոցառումներ, հավաքներ, բայց նա երբևէ վտանգավոր չի եղել հասարակության համար: Անմիջապես տարա թղթերը, որ ինքը հիվանդ է, բայց արդեն մոտ 10 ամիս ձգձգում են այս գործը: Նրան պիտի անմիջապես տուն թողնեին: Բայց մենք ամեն օր պայքարում ենք, որ նրան տուն վերադարձնենք: Ես գնում եմ տեսակցության, սկզբում հատուկ բաժնում էր, որտեղ ծանր հանցագործներ կային, հետո պայքարեցինք, որ ընդհանուր բաժին բերեն: Բայց ինչի՞ համար այսքան տառապանք: Չէ՞ որ այս ամենն ավելի է ազդում իր վրա»,- ասաց տիկին Անահիտը:

Հանրային պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը միջնորդել է դատարանին դատահոգեբուժական ստացիոնար փորձաքննություն կատարել: Փորձաքննության արդյունքներով Անուշավան Գրիգորյանը ճանաչվել է անմեղսունակ: «Այս գործը ենթակա է կարճման հենց այդ հիմքով: Նա կարիք ունի արտահիվանդանոցային բուժման, ոչ թե հարկադիր հիվանդանոցային բուժման: Այսօր պիտի քննարկվեր այդ հարցը»,-ասաց հանրային պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը:

Սակայն այսօր դատարանի շենքը ամբողջությամբ հոսանքազրկված էր, ուստի ձայնագրման սարքերը, բնական է, չէին աշխատում: Նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանն առաջարկեց սղագրելով արձանագրել նիստը, ինչպես արվում էր մինչև 2007 թ-ը, մինչև ձայնագրման համակարգին անցնելը, սակայն դատախազն ու պաշտպանական կողմը հրաժարվեցին՝ ասելով, որ հետագայում կրիչը ուսումնասիրելու կարիք կարող է առաջ գալ: Անուշավան Գրիգորյանը խնդրեց շատ չուշացնել նիստը: Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին: 

Լուսանկարում՝ Անուշավան Գրիգորյանի մայրը՝ Անահիտ Ղարիբյանը և Անուշավանի փաստաբանը, հանրային պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter