HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատապարտյալները կարող են դառնալ իսկական սահմանապահներ. Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշենի» բանտից, Հայ-ռուսական Սլավոնական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի հեռակա բաժնի 2–րդ կուրսի ուսանող (1996թ-ին մահապատժի դատապարտված, 2003թ-ից ցմահ բանտարկյալի կարգավիճակում)        

Հայաստանի բանտերում որպես կանոն հայտնվում են սոցիալապես անապահով խավի մարդիկ (պաշտոնական թվերով աղքատությունը Հայաստանում 36 տոկոս է): Ըստ ՀՀ Դատական դեպարտամենտի հրապարակած վիճակագրության, մարդիկ առավել շատ հայտնվում են բանտերում քրեական օրենսգրքի  177 հոդվածով (գողություն): 2013թ. գողության մեղադրանքով դատապարտվել է 499 անձ:

Բանտերում են հայտնվում նաև նրանք, ովքեր այս կամ այն կերպ իրենց անհամաձայնությունն են հայտնում իշխանությունների վարած քաղաքականությանը: Օլիգարխիկ կլանների ներկայացուցիչները կամ նրանց հովանավորության տակ գտնվողները, երբ կատարում են հանցագործություններ, նույնիսկ սպանություններ, խուսափում են պատժից կամ ընդհանրապես չեն հայտնվում բանտերում, կամ ընտրողաբար հենց միայն նրանց նկատմամբ է կիրառվում պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը, կամ էլ ներման: Գաղտնիք չեմ բացի, եթե ասեմ, որ արդարադատությունը մեր երկրում հաճախ գործում է քավոր-սանիկ-բարեկամական կապերով:

Այս պարագայում որքանո՞վ է անհրաժեշտ ազատազրկմանը այլընտրանք հանդիսացող պատիժների ներմուծումը, եթե քրեաօլիգարխիկ հովանավորյալները կարողանում են խուսափել պատժից: Այնպես, որ հասկանալի է դառնում՝ շոշափվող խնդիրը իրավական դաշտից մեծամասամբ տեղափոխվում է սոցիալ-քաղաքական և հոգեբանական իներցիայի դաշտ:

Այլ երկրների փորձը

Ֆրանսիայի ստատիստիկ տվյալները ցույց են տալիս, որ հանրային աշխատանքներ կատարելու հրամանների մոտ 60 % կայացվում են կողոպուտի և գողացված իրերը թաքցնելու դեպքերի վերաբերյալ, իսկ հանրային աշխատանքների միջին «թեկնածուն»`երիտասարդ, չամուսնացած և գործազուրկ տղամարդն է (76% մինչև 30 տարեկան): Ֆրանսիայում 1984թ-ից մտցված հանրային աշխատանքների ինստիտուտը ազատազրկման դատապարտվածների թիվը միանգամից կրճատեց 90.000-ից հասցնելով 80 հազարի: 1992թ-ին 13000 հրաման է եղել հանրային աշխատանքներ կատարելու վերաբերյալ, իսկ 2 տարի անց արդեն՝ 21000 հրաման: Ֆրանսիայում որպես այլընտրանքային պատիժ կիրառվում է էլեկտրոնային մոնիտորինգը`վերահսկողություն իրականացնելու համար անչափահաս իրավախախտների նկատմամբ, եթե պատժի ժամկետը չի գերազանցում մեկ տարին, նաև այն դատապարտյալների, ում բանտային ազատազրկմանը մնացել է 1 տարի կամ ավելի քիչ:

Նման պատկեր է նաև Նիդերլանդներում: Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ-ում տուգանքներն իրական այլընտրանք են ազատազրկմանը ոչ մեծ ծանրության հանցանքներ կատարելու դեպքում (տվյալները Վ.Ա.Պերտլիի «Քրեաիրավական միջոցների կիրառումը առանց հասարակությունից մեկուսացնելու» գրքից են):                                           

Առաջարկ իշխանությանը

Դպրոցական դասագրքերից մեզ հայտնի է, թե ինչպես են բնակեցվել Ամերիկան ու Ավստրալիան: Անգլիայի, Պորտուգալիայի, Իսպանիայի բանտերից հանեցին մարդկանց ու նավերով տեղափոխեցին այնտեղ: Սկզբում ոսկու տենդով նրանք տարվեցին, հետո հասկացան, որ պիտի շենացնեն երկիրը, որ այն իրենց են տվել:

Այս տիպի մի մեխանիզմ կարելի է կիրառել նաև Հայաստանում`սահմանամերձ գոտիներում ստեղծելով աշխատանքային ճամբարներ, որտեղ դատապարտյալները կարող են ապրել և աշխատել նույնիսկ իրենց ընտանիքի անդամների հետ: Հայաստանի սահմանամերձ գոտիներում, նաև Արցախի ազատագրված տարածքներում բնակչության թիվը խիստ փոքր է, ինֆրաստրուկտուրա գրեթե չկա: Իսկ դատապարտյալները, վստահ եմ, մեծ պատրաստակամությամբ կաշխատեն այդ տարածքներում և կշենացնեն`գերադասելով ազատության մեջ աշխատանքը բանտային խցից:  Դատապարտյալները կարող են դառնալ իսկական սահմանապահներ, մեր մեջ քիչ չեն նաև Արցախյան պատերազմով անցած մարդիկ:

Իսկ ի՞նչ է կատարվում մեր գաղութներում, բանտում: Երբեմն ցույց են տալիս հեռուստատեսությամբ: Տեսնում եմ՝ գաղութի պատերի տակ նստած, թզբեհը ձեռքներին առողջ տղամարդիկ, բայց առանց զբաղմունքի: Կարծես՝ մի ամբողջ գյուղ հող չմշակի, անասնապահությամբ չզբաղվի: Նույն պատկերն է: Ու՞մ է ձեռնտու այս պարապուրդը…

ԱՄՆ-ում կա “Boot Camp” անվամբ ծրագիր, որը մեծ հաջողությամբ կիրառվում է` որպես ազատազրկմանը այլընտրանք հանդիսացող պատժատեսակ: Դատապարտյալը գտնվում է զինվորական ճամբար հիշեցնող վայրում, որտեղ  պահանջվում է խիստ կարգապահություն, մարզումներ, ֆիզիկական աշխատանք և որոշակի արարողակարգ: Նմանատիպ առանց ճաղերի բանտի մասին վկայում էր անգլիացի փորձագետ Քեթրին Էփելթոնը, ով Հայաստանում 2012-ին մասնակցում էր «Ցմահ դատապարտյալների խնդիրները» թեմայով միջազգային համաժողովին: Նա ներկայացնում էր A-D բանտային ռեժիմների մեխանիզմը ու նշում, որ D կատեգորիայում դատապարտյալը, անգամ ցմահ ազատազրկվածը կարող է պատժի կրման ընթացքում լինել ընտանիքի հետ առանց ճաղերի բանտում:        

Հ.Գ. Ես հասկանում եմ, որ կամքի առկայության դեպքում իմ առաջարկը ամենևին էլ ուտոպիստական չէ, այն առավել, քան իրատեսական է, մանավանդ, որ մարդկության պատմությունը դեռ 500 տարի առաջ կիրառել է այն: 

 

Մեկնաբանություններ (1)

Ռոբերտ
Մհերի առաջարկն իսկապես մեծ հումանիզմ է պարունակում իր մեջ, սակայն մեր երկրի իշխանությունների արժեհամակարգում բացակայում է դա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter