HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հերթապահ բժիշկը երրորդ անգամ հաստատեց. Վարդան Պետրոսյանը սթափ է եղել

Վարդան Պետրոսյանի գործով դատավարությունը մոտենում է ավարտին, հաջորդ նիստին ցուցմունք կտա հենց ինքը՝ Վարդան Պետրոսյանը:

Մինչ այդ, շուրջ մեկամսյա ընդհատումից հետո այսօր վերսկսվեց Վարդան Պետրոսյանի գործով դատավարությունը: Ներկա չէին միայն Հակոբյանները, նրանց ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը նշեց, որ Հակոբյանները խնդրել են առանց իրենց անցկացնել նիստը: Ներկայացվեցին միջնորդություններ, հարցաքննվեցին վերջին երեք վկաները, հետազոտվեց սուպերմարկետային ցելոֆաններով փաթեթավորված ապացույցների մի մասը:

Կողնակում հայտնաբերված ապակու կտորների լուսանկարներ

Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիլոլայ Բաղդասարյանը դատարանին ներկայացրեց Եղվարդ-Երևան ավտոճանապարհին անցյալ տարվա հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի դեպքի վայրում արված լուսանկարներ: Պաշտպանը շեշտեց նախորդ նիստին հարցաքննված հրշեջ խմբի հերթափոխի պետ Վռամ Վարդանյանի ցուցմունքը, ըստ որի ինքը լվացել է դեպքի վայրը և վթարի հետևանքով թափված հեղուկը, ապակիները, իրերը լցվել են կողնակ: Ըստ պաշտպանի, հաջորդ օրը՝ հոկտեմբերի 21-ին դեպքի լրացուցիչ զննություն կատարելով՝ քննիչ Հայկարամ Հակոբյանը կողնակից հայտնաբերել է ապակու ու պլաստմասայի կտորներ ու եզրակացրել, որ դեպքը կողնակում է եղել: Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդեց անթույլատրելի ապացույց ճանաչել դեպքի վայրի զննության երկու արձանագրությունները և նոյեմբերի 7-ին կազմված դատաավտոտեխնիկական փորձաքննությունները, քանի որ փորձաքննության մեջ որպես ելակետային տվյալ օգտագործվել է հենց դեպքի վայրի զննության արձանագրությունը, որտեղ քննիչը որպես դեպքի վայր նշել է կողնակը:

Դատախազ Արթուր Սարգսյանն ու տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը առարկեցին միջնորդության դեմ՝ համարելով անհիմն: Դատավոր Վաղինակ Մկրտչյանը որոշեց հետաձգել միջնորդության քննությունը մինչև ապացույցների հետազոտման ու վկաներին լսելու ավարտը:

Սեղանին օղի չի եղել. պնդեց վկան

Վկա Օնիկ Հակոբյանն ասաց, որ ճանաչում է Վարդան Պետրոսյանին, ասաց, որ իր հարևանն է: Ասաց նաև, որ խնդիրներ ունի հիշողության հետ դեռ Խորհրդային բանակում ծառայելու տարիներից: Օնիկ Հակոբյանը շեշտեց, որ անցել է մոտ մեկ տարի, որ հիշում է միայն, որ վթարի օրը Վարդան Պետրոսյանի տանը եղել է, պատմեց, որ նկարահանողներ էին եկել, սեղան են դրել:

-Սեղանին եղե՞լ են օղու բաժակներ,-հարցրեց տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը:

-Եղել են, բայց մեջը ջուր է լցված եղել,-ասաց վկան՝ դժվարանալով հիշել՝ ով է ջուր լցրել օղու բաժակի մեջ:

-Գործում տվյալներ կան, որ սեղանի վրա դրված է եղել տնական օղի, ինչ կասեք դրա մաին,-շարունակեց Բալոյանը:

-Օղի չի եղել սեղանին- կրկնեց վկան:

«Ձեր հարևանը ամեն օր ավարի՞ա է տալիս, որ չեք հիշում»

-Հեռախոսային խոսակցությունների վերծանումների համաձայն, Դուք Վարդան Պետրոսյանի հետ հեռախոսով խոսել եք 22:10-ին: Ի՞նչ խոսակցություն է եղել,-հարցրեց մեղադրողը:

-Չեմ կարող հիշել,-պատասխանեց Վարդան Պետրոսյանի հարևանը:

-Ձեր հարևանը ամեն օր ավարի՞ա է տալիս, որ չեք հիշում,-ասաց մեղադրողը:

-Ամեն օր չէ, 3 օրը մեկ…,-տեղից ասաց Վարդան Պետրոսյանը:

Դատավորը սանկցիա կիրառեց Վարդան Պետրոսյանի նկատմամբ՝ նախազգուշացում: Վկայի հարցաքննությունից հետո մեղադրողի միջնորդությամբ հրապարակվեցին նրա նախաքննական ցուցմունքները, որտեղ նա հայտնել էր, որ հոկտեմբերի 20-ին՝ ավտովթարի օրը, Վարդան Պետրոսյանը զանգահարել է իրեն՝ հրավիրելով ընթրիքի: Եկել-տեսել է նրանց տանը նկարահանողներ կան, հետո Պետրոսյանը ուտելիք է պատրաստել, սեղանին օղի չի եղել, իրեն էլ օղի չեն հյուրասիրել, սեղանի մասնակիցները օղի չեն օգտագործել: Եկել է իր տուն ու գործերով զբաղվել: Հետո, ուշ ժամի, զանգել է Վարդան Պետրոսյանին՝ ցանկացել գնալ զրուցելու, բայց Վարդան Պետրոսյանն ասել է, որ Եղվարդ քաղաքից դուրս է եկել, գնում է Երևան: Կապը, ըստ վկայի, ընդհատվել է, ու նա անհասանելի է դարձել: Քննիչի հարցին պատասխանելով՝ հայտնել է, որ վթարի ձայն հեռախոսի ընդհատման պահին չի լսել: Ցուցմունքի հրապարակումից հետո Օնիկ Հակոբյանը պնդեց իր ցուցմունքը:

Եվ կրկին ալկոհոլի մասին

Թեպետ Վարդան Պետրոսյանին չեն մեղադրում ալկոհոլ օգտագործած վիճակում մեքենա վարելու մեջ (մեղադրանքի ծավալից դուրս է), այդուհանդերձ տուժողների շահերի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը ալկոհոլի թեման շարունակ բարձրացնում է: Հարցաքննվեց նաև վկա, հրշեջ մեքենայի վարորդ Տիգրան Պետրոսյանը: Նա նշեց, որ օգնել է ավտոմեքենայից դուրս բերել Վարդան Պետրոսյանին, բայց նրա հագուստից, վրայից ալկոհոլի հոտ չի զգացել:

Դատարանում հարցաքննվեց Ռուբեն Բալոյանի միջնորդությամբ դատարան կանչված Եղվարդի բժշկական կենտրոնի հերթապահ բժիշկ, վկա Համազասպ Գևորգյանը, ով դեպքից րոպեներ անց ստուգել է Վարդան Պետրոսյանի սթափությունը, կազմել վարորդի սթափության մասին արձանագրություն: 35 տարվա փորձ ունեցող բժիշկը շեշտեց, որ Վարդան Պետրոսյանը սթափ է եղել, սթափությունը ստուգվել է ալկոմետրով, որի ցուցանիշը եղել է զրո: Հետևաբար սթափության արձանագրության մեջ էլ նշվել է՝ հետազոտման արդյունքը՝ սթափ: Բժիշկը նշեց, որ սթափության արձանագրության օրինակներից մեկում նշված «արտաշնչված օդի մեջ ալկոհոլի հոտ» արտահայտությունը վերաբերում է սթափության աստիճանի որոշման մեթոդին, որը լրացրել է ավագ քույրը:

Այսպիսով նույն արձանագրության 2 օրինակներ կան, որոնցից մեկի վրա ձեռագրով ավելացված է ՝«արտաշնչած օդի մեջ ալկոհոլի հոտ» արտահայտությունը: Բժիշկը պարզաբանեց, որ դա արվել է ավելի ուշ, երբ Վարդան Պետրոսյանի պաշտպանը դիմել է հիվանդանոց՝ պարզաբանում ստանալու սթափության որոշման մեթոդի մասին: Վկայի պարզաբանումը, սակայն չբավարարեց տուժողի ներկայացուցչին: Նա փորձեց վկային նույն հարցը տալ տարբեր ձևակերպումներով՝ հարուցելով ոչ միայն պաշտպանական կողմի, այլև դատավորի զայրույթը: Բալոյանն էլ պաշտպան Բաղդասարյանին, ով պարբերաբար առարկում էր կրկնվող հարցերի դեմ, ասաց.

- Դե, բոլա խանգարես...

Նիկոլայ Բաղդասարյանը պարբերաբար առարկում էր հարցերին տեղից, ու դատավորը նախազգուշացում կիրառեց նրա նկատմամբ: Ռուբեն Բալոյանին էլ չէին բավարարում վկայի պատասխանները: Նա հարցադրումներ էր անում արձանագրության մեջ գրված «սթափ» բառի «ս» տառի վերաբերյալ՝ կասկածելով, որ այն ջնջումով է գրված:

-Ոչ մի ջնջում չկա,-պատասխանեց վկա բժիշկը:

- Ինչո՞ւ եք «եզրակացությունը» մասը բաց թողել ու «սթափ» բառը գրել «զննության արդյունքը» տողում,-հարցրեց Բալոյանը:

-Եթե մյուս տողում գրեի, այն ժամանակ էլ պիտի ասեիք՝ ինչու վերևի տողում չեմ գրել: Ի վերջո, կա մատյան, որտեղ գրանցված է նույն տվյալը,-շեշտեց վկա Գևորգյանը:

Պաշտպան Բաղդասարյանը ներկայացրեց նույն բժշկի կողմից կազմված վարորդի սթափության վիճակի վերաբերյալ մեկ այլ արձանագրություն՝ տուժողներից Հայկ Հակոբյանի վերաբերյալ արձանագրությունը, որը կազմված էր տառացիորեն նույն ձևով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter