HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Pink Floyd. պատերազմի շները

Նաիրա Հայրապետյան

Երաժշտության մեջ կա երգերի հատուկ դասակարգում՝ «anti-war songs»` հակապատերազմական երգեր ձևակերպմամբ: Երաժշտասերներն, անշուշտ, գիտեն դրա մասին: Խաղաղ կյանքին  նայող այս տրամադրությունը թեև մուտք էր գործել ավելի վաղ, սակայն  առավել հիմնովին նկատելի դարձավ սկսած 1970-ականներից, երբ վիետնամական պատերազմի ավերածությունները ճաշակում էին աշխարհի տարբեր երկրներ. հատկապես Ամերիկան, որտեղ պատերազմն ու ազատության գաղափարախոսությունն ապրում էին կողք-կողքի: Դրանք երաժշտական կոմպոզիցիաներ են, որտեղ թեման ամենաուղիղ իմաստով պարունակում է «ո՛չ պատերազմին» ուղերձը,  դրանցից որոշները ոչ միայն պարզապես բարի զգացողություններ, այլև ըմբոստ ու քաղաքականության դեմ դուրս բերող կոչեր են՝ ուղղված հանրությանը՝ պայքարելու հանուն աշխարհի համընդհանուր խաղաղության, ազատության, հավասար իրավունքների: Երգերում հաճախ ընգծված ծաղր կամ արհամարանք կա պատերազմի հեղինակների հանդեպ:

Հակապատերազմական դիրքորոշմամբ՝ առավել հայտնի են ռոք երաժիշտները, տարբեր տարիներին նրանց շարքը համալրել են այլ ոճերի ներկայացուցիչներ: Նման երգեր են հեղինակել «Pink Floyd»-ը, Բոբ Դիլանը, Ջոն Լենոնը, Էլվիս Փրեսլին, «Deep Purple»-ը, Էլվիս Կոստելլոն, Սթինգը, «Metallica»-ն, Մայքլ Ջեքսոնը եւ հին ու նոր սերնդի տարբեր ներկայացուցիչներ:

Իր գործունեության ընթացքում հակապատերազմական տրամադրությամբ, ավելի ճիշտ քարոզչությամբ,  թերևս ամենաընդգծված ձևով առանձնացել է «Pink Floyd»-ը. նրանց «The Wall» կոնցեպտուալ ալբոմին մենք արդեն անդրադարձել ենք:

The Dogs of War- Պատերազմի շները.  Այս վերնագիրը կարող ենք գտնել հակապատերազմական երգերի ցանկացած շարքում, անկախ նրանից, թե ինչ սկզբունքով և ինչ բնորոշմամբ է առանձնացվել շարքը: Այն հանդիսանում է լեգենդար «Pink Floyd»-ի  «A Momentary Lapse of Reason» ալբոմի 3-րդ թրեքը՝ թողարկված 1987թ.: Այն նոր մոտեցում էր, նոր անդրադարձ պատերազմին, որի թիրախն ընկալում և ներկայացնում էր ամենաբարձր դիրքից՝ քաղաքական ամբիոններից ու հարթակներից: Հենց այստեղից էլ, ըստ երգի, նախագծվում և ծնունդ է առնում չարիքը: «The Dogs of War»-ը կարծես հուշում կամ հանրության ուշադրությունը կենտրոնացնում է գլխավորի վրա՝ պատերազմները հրահրվում են վերևներից և ուղղորդված են անհատների անձնական շահերով: Դրանց հեղինակները քաղաքական գործիչներն են և այս ամենի հետևում կանգնած է միայն մեկ նպատակ՝ փողը: Հանուն այդ ամենի նրանք հրահրում են ռազմական կոնֆլիկտներ տարբեր երկրներում, իսկ հանրությունը կարծես անտեղյակ է իրականությունից:

… Invisible transfers, long distance calls
Hollow laughter in marble halls
Steps have been taken, a silent uproar
Has unleashed the dogs of war

You can't stop what has begun
Signed, sealed, they deliver oblivion
We all have a dark side, to say the least
And dealing in death is the nature of the beast

One world, it's a battleground
One world, and we will smash it down
One world ... One world

Դեյվիդ Գիլմորի մեկնաբանությամբ՝ երգը հիմնականում մասնավոր և քաղաքական առևտրի մասին է: Երգի ունկնդիրն, ինչպես արվեստի ցանկացած գործ, այն ընկալում և մեկնաբանում է իր ընկալմամբ: Տեքստում անուններ չեն նշվում, բայց շատ փինքֆլոյդասերներ համոզված են, որ ակնարկները վերաբերվում են Ռոնալդ Ռեյգանին, ում ղեկավարած ԱՄՆ-ն այդ տարիներին հսկայական գումարներ էր ծախսում՝ ֆինանսավորելու տարբեր կոնֆլիկտներ, ինչպես Լիբանանում, Լիբիայում, Աֆղանստանի պատերազմում, որի նպատակն էր բեմադրված հերթական սցենարով քանդել ԽՍՀՄ-ի երկաթե վարագույրը: Սեփական շահերը առաջ տանելու նպատակով այնպես, ինչպես այսօր՝ հրահրվում են քաղաքացիական պատերազմներ, տարբեր անվանումներով ահաբեկչական գործողություններ, որոնց ավելի ուշ «սրտացավ» մեկնաբանությամբ խառնվում է գլխավոր բեմադրիչն ու սկսում բացահայտ խառնվել՝ իբր մեծ եղբոր իրավունքով և իմաստությամբ հարցերը կարգավորելու: Թեև երաժշտական կարևորագույն հիթ-շքերթներում «The Dogs of War » երգը առաջատար հորիզոնականներ չզբաղեցրեց, սակայն ռադիոկայանների և երաժշտասերների մեծ լսարաններում այն իր պահանջված տեղն ունեցավ: Այն  կատարվում էր խմբի 1987-89թթ. ընթացքում կայացած բոլոր համերգների ընթացքում: Կենդանի կատարումն ընդգրկում էր առավել լայն մեկնաբանություն՝ սաքսոֆոնի սոլո, այնուհետև սաքսոֆոնի և կիթառի մենամարտ: Ընդգրկվեց նաև ալբոմի համերգային կատարումների հիման վրա թողարկված նոր՝ Delicate Sound of Thunder  նախագծում: 

Տեսահոլովակի ռեժիսորը Hipgnosis  հայտնի դիզայներական ստուդիայի հիմնադիր Սթորմ Թորգերսոնն էր, խմբի վաղեմի բարեկամն ու  մի շարք ալբոմների կազմի անկրկնելի դիզայները (Atom Heart Mother (1970), Dark Side of the Moon (1973), Wish You Were Here (1975), A Momentary Lapse of Reason (1987)  և այլն):  Նա պատկերեց ռազմական գործողությունների գորշ միջավայրը, որն ավելի ծանր ու տագնապալի ազդեցություն էր թողնում հանդիսատեսի վրա՝ վազող դեղին աչքերով գերմանական հովվաշներով (Овчарка):

Տեսարանն ուղեկցվում է նաև համերգային կադրերով: Թորգերսորը «A Momentary Lapse of Reason» ալբոմի ևս երկու սինգլների՝ «Signs of Life» և «Learning to Fly» տեսահոլովակների ռեժիսորն է: Խմբի համերգային ռեպերտուարում մի քանի տարի շարունակ անպայման ընդգրկված էր «The Dogs of War» երգը և գրեթե բոլոր կատարումների ժամանակ մեծ էկրանին հայտնվում էր տեսահոլովակը:

1989թ. «The Amazing Pudding» ֆան-ամսագրի ընթերցողները` փինքֆլոյդյան երկրպագուները, «The Dogs of War» երգը ճանաչեցին որպես խմբի երբևէ ստեղծած վատագույն կոմպոզիցիան: Երկրպագուների կարծիքով՝ Դեյվիդ Գիլմորը փորձել էր կրկնօրինակել նախկին ֆրոնտմենի՝ Ռոջեր Ուոթերսի ոճը, ինչը նրան բոլորովին չէր հաջողվել: Հիշեցնեմ, «A Momentary Lapse of Reason» ալբոմը, որի կազմում էր երգը, թողարկվել էր խմբի լուծարվելուց մի քանի տարի անց՝ այսպիսով Ուոթերսի հեռանալուց հետո կարծես ապացուցելով, որ առանց նրա ևս խումբը կարող էր «գոյություն ունենալ»: Ալբոմի երգերը գրվել էին հիմնականում Դեյվիդ Գիլմորի և Էնթոնի Մուրի հեղինակությամբ: Գիլմորի և Նիք Մեյսոնի նախաձեռնությամբ սկսված ձայնագրություններին ավելի ուշ միացավ նաև  Ռիչարդ Ռայթը, ուստի Ուոթերսը ևս անմասն չմնաց խառնվելուց: Նա ալբոմն անվանեց թույլ, բայց շատ խելացիորեն մտածված կեղծիք, երգերը հիմնականում աղբ անվանեց, իսկ Գիլմորի տեքստերը՝ 3-րդ կարգի, շատ խեղճուկրակ: Սակայն այս անհավասար պայքարում, որին հաջորդեցին այլ փուլեր ու մեծ պատմություններ, հաղթանակած դուրս եկավ, ինչպես միշտ, երաժշտությունը:

Ալբոմի թողարկմանը հաջորդեց խմբի համաշխարհային շրջագայությունը, որի ընթացքում ՝ 1987-89թթ. կայացավ ավելի քան 200 համերգ:  Տարիներ անց՝ 2001թ., «A Momentary Lapse of Reason» ալբոմը ԱՄՆ-ում 4-րդ անգամ պլատինե ճանաչվեց: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter