HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուորլիքի նոր մարտահրավերները Բաքվին եւ Երեւանին

Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

ԵԱՀԿ ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը Վաշինգտոնում հարցազրույց է տվել ադրբեջանական Թուրան գործակալության լրագրողին:

Ադրբեջանի օգոստոսյան ռազմական արկածախնդրությունից ու Սոչիում Վ.Պուտին հովանու ներքո կազմակերպված Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո այն ամերիկյան համանախագահի առաջին հարցազրույցն է, որում կարող ենք տեսնել հին ու նոր մի շարք խնդիրների վերաբերյալ Վաշինգթոնի վերաբերմունքը:

ԱՄՆ համանախագահի խնդիրն անփոփոխ է՝ վերսկսել Մինսկի խմբի շրջանակներում նախագահների կանոնավոր բանակցությունները նախկինում նրանց բանակցած հիմքի վրա: Հետխորհրդային տարածաշրջանում դրամատիկ զարգացումների լույսի ներքո հակամարտության կողմերի միջեւ լարվածության ամառային շիկացումն ու դրա ազդեցությունը, հատկապես Ադրբեջանում ներքին մտահոգիչ զարգացումները բանակցային գործընթացի համար ստեղծել են թե՛ լուրջ մարտահրավերներ, թե՛ նաեւ հնարավորություններ, որոնք արտացոլված են Ուորլիքի հարցազրույցում: 

 Բանակցություններից, Մինսկի խմբից կողմերի հիասթափությունների մասին

Ջեյսմ Ուորլիք: «Մենք  ջանում ենք մեծ թափանցիկություն ապահովել, եւ ես կարծում եմ, որ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում մարդկանց  համար կարեւոր է ոչ միայն տեղի ունեցող հանդիպումների մասին մի քանի խորագիր կարդալն ու լսելը, այլեւ հիմնախնդիրները հասկանալը: Մի քանի ամիս առաջ Կարենգիում իմ զեկույցի արդյունքներից մեկն այն էր, որ այն խթանեց քննարկում, այն էլ՝ օգտակար քննարկում: Այն մարդկանց օգնեց կենտրոնանալ, թե որո՞նք են հիմնական խնդիրները, որտե՞ղ ենք մենք այդ առումով, եւ ինչպե՞ս կարող ենք գտնել խաղաղ կարգավորման ուղին: Սակայն, մենք բոլորս գիտենք, որ դա դյուրին չէ, այլապես հրադադարից 20 տարի անց էլ դեռեւս չէինք բանակցի, չէինք միջնորդի ու չէինք խոսի դրա մասին: Դժվար է գտնել առաջ շարժվելու ուղին, որն ընդունելի է ներգրավված բոլոր կողմերի համար: Այդպիսով, երբեմն հեշտ է դառնում Մինսկի խմբին քննադատելը, բայց դա ամբողջովին հասկանալի է: Մենք ցանկանում ենք կողմերի հետ աշխատել առաջընթաց գրանցելու ուղղությամբ, սակայն դա դժվար է մեզ համար, եւ երբեմն՝ հիասթափեցնող, որ մենք չենք տեսնում այն առաջընթացը, որը կուզենայինք: Կարծում եմ, մեզ համար կարեւոր է շարունակել աշխատելը, այլ ոչ թե ետքայլ անել եւ ուղղակի ձեռքերը թափահարել ու ասել՝ անհույս է: Անհույս չէ: Փաստացի, կողմերը մոտ են, նրանք մերձեցել են անցյալում, նրանք մոտ են նաեւ այժմ: Հետեւաբար, կարծում եմ, մեզ համար կարեւոր է խաղաղ կարգավորումն առաջ տանելու ուղիների որոնման հարցում կողմերի հետ աշխատելը»:   

Ամերիկյան համանախագահն անուղղակի եւ մեղմորեն հակամարտության կողմերին հանդիմանում է, որ նրանք բանակցային գործընթացի վերաբերյալ սեփական հանրությանը ներկայացրել ու նրա հետ քննարկել են ոչ թե բուն հիմնահարցերը, այլեւ սոսկ տրամադրել են մակերեսային տեղեկատվություն: Հիշատակելով մայիսի 7-ին Քարնեգի հիմնադրամում իր զեկույցին հաջորդած բուռն քննարկումները, Ուորլիքը ակնարկում է, որ իշխանությունների փոխարեն ինքը դա արեց: Ասել է թե՝ եթե որեւէ մեկը մեղավոր է բանակցությունների անարդյունավետության հարցում, ապա առաջին հերթին դա իշխանություններն են: Ուորլիքը երկրորդ հերթին է վկայակոչում խնդրի բարդությունը:

Ապա, ընդունելով Մինսկի խմբին քննադատելու (բնականաբար խոսքը առաջին հերթին Ադրբեջանի մասին է) կողմերի իրավունքը, նույնքան օրինաչափ է համարում նաեւ նրանցից իրենց հիասթափությունը առաջընթաց չգրանցելու համար: Այդուհանդերձ, Ուորլիքը միակ ուղին տեսնում է չհուսահատվելն ու առաջընթաց արձանագրելու ուղղությամբ համատեղ աշխատելը՝ հիշեցնելով, որ նախագահները նախկինում մերձեցրել են դիրքորոշումները:    

Հրադադարի խախտման, պատասխանատվության ու միջադեպերի հետաքննության մեխանիզմների մասին

Ջեյսմ Ուորլիք: «Մենք ցանկանում ենք, որպեսզի հրադադարը հարգվի: Բռնության վերջին ալիքը, որ սկսվեց հուլիսի 31-ին, մեծապես մտահոգեց մեզ: Այդպիսի բռնությունը խափանում է խաղաղ կարգավորման հասնելու մեր ունակությունը, եւ դա հենց հրադադարի խախտում է: Ոչ մեկի շահերից չի բխում հակամարտության շիկացումը. այն ռազմական լուծում չունի: Մենք պետք է աշխատենք եւ կրկնապատկենք մեր ջանքերը բանակցային սեղանին լուծում գտնելու ուղղությամբ: Դրա համար մեկնակետ է հրադադարը հարգելը: Վերջին շաբաթներին մենք լարվածության նվազման ականատես եղանք, եւ հուսանք, այն կշարունակվի:

Առաջնային պատասխանատվությունը կողմերի վրա է: Երբ կան զոհեր եւ վիրավորներ, իսկ վերջերս մի քանի այդպիսի նշանակալի դեպքեր են եղել, պետք է լիարժեք հետաքննություն լինի: Եթե կան քաղաքացիական զոհեր կամ վիրավորներ, եթե նման մահը կամ վիրավորվելը տեղի է ունենում կալանքի պայմաններում, ապա պետք է դրանց վերաբերյալ հետաքննություն կատարվի: Ես երկու կողմերին էլ կոչ կանեմ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այդ դեպքերը լիարժեք հետաքննելու համար: Դա ոչ միայն ճիշտ վարվելու խնդիր է, այլեւ միջազգային մարդասիրական իրավունքի հարց: <…> Հետաքննության մեխանիզմի վերաբերյալ պետք է նաեւ քնարկում լինի ԵԱՀԿ շրջանակներում: Մենք աջակցում ենք դրան, համանախագահներն էլ աջակցել են, սակայն, անշուշտ, կողմերի հայեցողության վրա է: Նրանք պետք է համաձայնության գան դրա շուրջ, իսկ մենք կողջունենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերսկսված քննարկումը այդպիսի հետաքննության մեխանիզմ ներդնելու պայմանների վերաբերյալ»:     

Այստեղ էլ ամերիկյան համանախագահը կողմերից պահանջում է հարգել հրադադարի ռեժիմն ու բացառապես նրանց է համարում դրա պատասխանատուն: Նա ընդգծում է, որ ռազմական եղանակով ոչ միայն հակամարտությունը չի լուծվելու, այլեւ խոչընդոտելու է խաղաղ կարգավորմանը, ուստի դա ոչ մեկի շահերից չի բխում: Ամերիկյան համանախագահը բանակցային գործընթացից դժգոհ Ադրբեջանի նախագահին միանգամայն դիվանագիտորեն հասկացնում է, որ օգոստոսյան սադրանքից հետո չի կարող առաջ քայլ անել ռազմական եղանակով հակամարտությունն իր ուզած ձեւով լուծելու համար, իսկ հրադադարի ռեժիմի խախտումն էլ ընդամենը ետ է գցում բանակցային գործընթացը: Հետեւաբար, Ալիեւն առաջինը իրեն պետք է մեղադրի բանակցությունների արդյունավետության համար, եւ ապա՝ որեւէ բան ստանալու համար նա պետք է նախ հարգի հրադադարի պայմանագիրը, ապա՝ նստի բանակցային սեղանի շուրջը: Սա յուրօրինակ թեսթ է, որով Վաշինգտոնն ավելի հստակ է ուզում գնահատել Բաքվի շահագրգռվածությունը:   

Թերեւս, ուշադրության է արժանի ԵԱՀԿ շրջանակներում հրադադարի խախտման միջադեպերի, այդ թվում քաղաքացիական մահերի կամ վիրավորների հետ կապված հետաքննության մեխանիզմի ներդրման նրա առաջարկ-պահանջը: Դրանում իր շահագրգռության մասին օգոստոսի 11-ին հեռուստահարցազրույցում հայտարարեց նաեւ Սերժ Սարգսյանը: Մինչ օրս երկու կողմերը միմյանց մեղադրում են սահմանին կամ շփման գծում դիվերսիոն կամ ռազմական սադրանքներ կազմակերպելու մեջ:

Դրանից զատ, եթե Բաքվի հետաքրքրությունը մեծ է քարվաճառյան դիվերսանտների հանդեպ, որոնց նա ներկայացնում է իբրեւ «քաղաքացիականներ», ապա նույն կերպ Երեւանն է բարձրացնում Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի՝ կալանքի պայմաններում սպանության հարցը: Ուորլիքը վերստին ակնարկում է, որ Կարեն Պետրոսյանի մահվան հանգամանքների հետաքննությունը ոչ միայն այն ճիշտ քայլն է, որ պետք է արվի, այլեւ միջազգային մարդասիրական իրավունքի պահանջ: Նա նաեւ Բաքվին ու Երեւանին ձեռնոց է նետում, որ եթե վստահ են ձերբակալված կամ «մահացած» քաղաքացիականների մասին իրենց վարկածներում ու պնդումներում, ապա պետք է վստահ համաձայնեն այդ հետաքննության մեխանիզմի ներդրմանն ու իրականացնեն այն որպես միջազգային մարդասիրական իրավունքի պահանջ:

Հետեւաբար, ԱՄՆ համանախագահը երկու կողմերի նման շահագրգռությունների հաշվառումով ակնկալում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները նման միջադեպերի հետաքննության պայմանների վերաբերյալ բանակցություններ կվարեն ԵԱՀԿ շրջանակներում: Ուստի, Ուորլիքը առաջարկում է նախագահների դեմ առ դեմ քննարկմանն օրակարգ մտցնել այս հարցը: Սա նշանակում է, որ Երեւանը պետք է լուրջ զինվի առաջարկներով ու փաստերով, որոնք վերաբերում են թե՛ քարվաճառյան դիվերսանտների ծավալած գործունեությանը (առաջիկա օրերին նրանց վերաբերյալ առանձին հրապարակում կունենանք), թե՛ ադրբեջանական գերության մեջ Կարեն Պետրոսյանի սպանությանը:     

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կանոնավոր հանդիպումների մասին

Ջեյսմ Ուորլիք: «Հայաստանում եւ Ադրբեջանում ոչ ոք ավելի լավ չի հասկանում այդ հակամարտությունը, քան նախագահները: Նրանք ապրել են այդ խնդրով, եւ հենց նրանք են, որ պետք է որոշում կայացնեն առաջ շարժվելու վերաբերյալ: Նրանք հստակ գիտեն, թե ինչ է պահանջվում կարգավորման որոնման համար: Այն, ինչ մենք փորձում ենք անել, հետեւյալն է. մենք ջանում ենք նախագահներին հանդիպեցնել… Այժմ նրանք անհատական այցի շրջանակներում օգոստոսի 10-ին հանդիպեցին նախագահ Պուտինի հետ: Ես նրանց քննարկումների բոլոր մանրամասները չգիտեմ, սակայն հասկանում եմ, որ քննարկումները առարկայական էին, եւ հույս ունեմ, որ նրանք ունակ էին առնվազն օգնել սահմանելու հիմնախնդիրները եւ ուրվագծել առաջ շարժվելու ուղին: Նրանք արդեն համաձանություն են հայտնել նախագահ Օլանդի հրավերով հոկտեմբերի վերջին կրկին հանդիպել Փարիզում: Մենք սպասում ենք այդ հանդիպմանը»:

Ուորլիքի ակնարկները հարցազրույցի այս հատվածում հետեւյալն են. (1) բանակցություններում առաջընթացի բանալին նախագահների ձեռքում է, ովքեր գիտեն, թե ինչ է պահանջվում, (2) եթե նրանք խնդրի լուծում են ակնկալում, ապա իրենք է, որ պետք է քայլ անեն, տվյալ պարագայում՝ վերսկսեն դեմ առ դեմ հանդիպումներն ու հաշտեցնեն դիրքորոշումները, իսկ եթե դա չցանկանան անել, ապա թող որեւէ մեկին, տվյալ դեպքում Մինսկի խմբին չմեղադրեն, ով ընդամենը ցանկանում է նրանց հանդիպացնել, (3) եթե նրանք արդեն համաձայնել են հանդիպել Սոչիում՝ Պուտինի հովանու ներքո, ապա առավել քան պարտավորված են իրականացնելու Փարիզում հոկտեմբերի վերջին հանդիպելու իրենց հանձնառությունը, (4) համանախագահները հույսը կապում են «Լեռնային Ղարաբաղի խնդրով ապրած» նախագահների հետ:

Թերեւս, այս վերջինը կարեւոր ուղերձ է հատկապես Իլհամ Ալիեւի համար, ում մոտ այլեւս մոլագարության աստիճանի խորացել է իր դեմ Արեւմուտքի դավադրության վարկածը: Բաքվում ԱՄՆ դեսպանի մայիս 17-ի ակնարկը «ապագայում Բաքվի հնարավոր մայդանի» մասին հանգեցրել է նրան, որ Ալիեւը արդեն բացահայտ երկրի «արտաքին թշնամիներին» մեղադրում է «ներքին թշնամիների» միջոցով իշխանափոխություն իրականացնելու մեջ: Թեպետ, Ուորլիքի հարցազրույցում բացակայում է երեբեւէ նման հեռանկարը հերքող թեզ, այդուհանդերձ, նախագահներին ուղղված գովեստի խոսքերը նրա մասին են, որ չկա Ալիեւին փոխելու պլան, այլ կա նրա հետ աշխատելու ցանկություն:

Ջեյսմ Ուորլիք: «Նախագահների հանդիպման համար առկա է նաեւ այլ հնարավորություն, եւ մենք վստահ չենք՝ արդյո՞ք դա հնարավոր է, թե ոչ. կա՛մ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, եթե երկու նախագահները մասնակցեն, իսկ դա հաջորդ շաբաթ Ուելսում է լինելու, ինչպես նաեւ՝ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում: Կարգավորման ուղղությամբ շարժվելու գործընթացում մենք այդ բոլոր հնարավորությունները նախագահների հանդիպման համար օգտակար ենք դիտում: Մենք՝ Միացյալ նահանգները, համանախագահներս պատրաստ ենք մեր դերը կատարելու, ինչպես նաեւ՝ Պետքարտուղար Քերին է պատրաստ անձնապես դեր խաղալ այդ հակամարտության կարգավորման գործում, եթե իր մասնակցությունը կարող է օգնել կարգավորմանը հասնելուն: Այս հարցում մենք շարունակելու ենք այս ուղով:

Շվեյցարան, իբրեւ ԵԱՀԿ նախագահող երկիր, նույնպես կողմերին առաջարկել է սկսել բանակցությունները: Մենք կարծում են, որ դա օգտակար առաջարկ է, եւ մենք կոչ ենք արել կողմերին դա լրջորեն դիտարկել եւ ընդունել առաջարկը:  

Փաստն այն է, որ բավարար չէ, որպեսզի նախագահները կամ արտգործնախարարները հանդիպեն առիթից առիթ:  Մեզ պետք է կայուն գործընթաց, որը կհանգեցնի խաղաղության համաձայնագրի կնքմանը: Եւ դա անելու պահանջվող ուղին բանակցություններն են: Ուստի իմ ուղերձն է՝ «եկե՛ք սկսենք»»:

ԱՄՆ համանախագահի հարցազրույցի ամենաառանցքային հատվածը նախագահների հանդիպման մի քանի հնարավորություններ առաջարկելն է: Ինչպես վերը նշվեց, Ուորլիքը շեշտում է, որ այսպես թե այնպես, հոկտեմբերի վերջին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պետք է հանդիպեն Փարիզում, ինչպես խոստացել են նախագահ Օլանդին: Սակայն, Ուորլիքը երկու երկրների նախագահների դիրքորոշումների մեկ այլ հետախուզում է անում՝ առաջարկելով հանդիպել եւս երկու անգամ՝ հաջորդ շաբաթ Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ, ապա՝ ՄԱԿ գլխավոր վեհաժողովին:

ՆԱՏՕ-ի գագաթաժողովին հանդիպելու առաջարկը կատարյալ մարտահրավեր է Ալիեւի եւ Սարգսյանի համար, հատկապես Ուկրաինայի շուրջ ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունների լարվածության խորապատկերին: Արեւմուտքը փորձում է ղարաբաղյան խնդրով բանակցությունները վերսկսելու առաջադրված նպատակը առիթ դարձնել այդ երկրների ու ՆԱՏՕ-ի հարաբերությունների մակարդակը ընդգծելու, ֆիքսելու ու բարձրացելու համար: Սակայն, նույնիսկ Ուորլիքի հարցազրույցից է ակնհայտ է, որ ինքն էլ վստահ չէ, թե Ադրբեջանն ու Հայաստանը կընդունեն այդ հրավերը: Նրանք երկուսն էլ յուրովի խնդիր ունեն դրան համաձանություն հայտնելու կամ չհայտնելու համար:

Հայաստանն, անշուշտ, կցանկանա նախագահի մակարդակով ներկա գտնվել ՆԱՏՕ-ի գագաթաժողովին (եւ դրա կենսագործումը հրաշալի քայլ կլինի Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը ամրապնդելու առումով), եթե ՀԱՊԿ-ում նրա ռազմավարական դաշնակիցը՝ Ռուսաստանը թույլ տա դա: Այս առումով պատեհություն է այն, որ որքան էլ Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի հարաբաերությունները մթագնած ու թունավորված են, Մինսկի խմբում Ռուսաստանի համանախագահի ներկայությունը Ուելսում կպաշտոնականացնի նաեւ Հայաստանի նախագահի մասնակցությունը՝ ղարաբաղյան խնդրով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հանդիպման ծանրակշիռ հիմնավորմամբ:

Ադրբեջանի մարտահրավերն այս հարցում այլ հարթության վրա է: Սոչիի հանդիպման ժամանակ Իհամ Ալիեւը անպատկերացնելի շատ խոնարհվեց Վ.Պուտինի առջեւ, այն դեպքում երբ Հայաստանի նախագահը զերծ մնաց ընդգծված ռեվերանսներից: Ադրբեջանի նախագահը չափազանց կարեւորեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի առանձնահատուկ դերը, մինչդեռ Հայաստանի նախագահը որպես հակամարտության կարգավորման միակ օրինակարգ հարթակ առավել քան հստակ ընդգծեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը:

Վերջին տարիներին Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ջերմացումը՝ օգտագործելով Արեւմուտքից Բաքվի հիասթափությունները, նրան սպառազինություններ վաճառելու գործարքը, Արեւմուտքի հասցեին ռուսահաճո քննադատությունները, ղարաբաղյան խնդրով ակնկալիքները Կրեմլից, այդ ամենը լուրջ խոչընդոտ են Ալիեւի համար ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ներկա գտնվելու առաջարկն ընդունելու համար: Դա անելու դեպքում Բաքուն ստիպված կլինի խաչ քաշել իր եւս մեկ ռազմավարության վրա, որի հետ հույսեր է փայփայում:

Եթե Երեւանի զգուշավորությունը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ներկա գտնվելու հարցում ինչ-որ կերպ հասկանալի կլինի Արեւմուտքի համար, ապա Ադրբեջանի հրաժարումը լուրջ ուղերձ կլինի եվրաատլանտյան ինտեգրացիայի հեռանկարից նրա հրաժարվելու մասին, քանի որ Բաքուն ժամանակին նման ազդանշաններ ուղարկել է Բրյուսել:

Սակայն, Բաքվին նետված մարտահրավերը սրանով չի ավարտվում: Վերջին ամիսներին Ալիեւը միջազգային կառույցներին՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, ՆԱՏՕ եւ այլն, աշխարհի հզոր պետություններին ագրեսիվորեն մեղադրել է նրանում, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորումն իրենց օրակարգում կա՛մ բացակայում է, կա՛մ առաջնահերթություն չէ: Հետեւաբար, նրան առաջարկելով ՆԱՏՕ-ի գագաթաժողովի կամ ՄԱԿ Վեհաժողովի շրջանակներում հանդիպումը, այն էլ՝ ԱՄՆ պետքարտուղարի հովանու ներքո, Արեւմուտքը հասկացնում է, որ նրա պահանջը կարող է բավարարվել, այսինքն՝ պետքարտուղար Քերին անձամբ իր օրակարգ կվերցնի խնդիրը, միայն թե Ադրբեջանը համաձայնի:

Ի վերջո, Վաշինգտոնը հասկացնում է, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են հանդիպել Ռուսաստանի նախագահի դրոշի ներքո, ապա նրանք պետք է նույնը անեն նաեւ ԱՄՆ պետքարտուղարի դեպքում: Վաշինգտոնն այս կերպ փորձում է նաեւ սիմետրիկորեն հակակշռել Ռուսաստանի վերջին ջանքը՝ օրինականացնել Մինսկի խմբի ձեւաչափից դուրս եւս մեկ հարթակ՝ նախագահ Պուտինի մասնակցությամբ եռակողմ հանդիպումը:

Ինչեւէ, առաջիկա շաբաթվա ընթացքում Բաքվի ու Երեւանի միջեւ լուռ պայքար կգնա, թե ո՞վ է առաջինը մերժում կամ ընդունում նախ Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում հանդիպելու առաջարկը. մի կողմի մերժումը մյուսի համար առիթ կդառնա Մինսկի խմբին իրեն մատուցել ավելի պատրաստակամ դիրքերից, եւ հակառակը, մի կողմի՝ առաջարկն առաջինն ընդունելը բարդ կացության մեջ կդնի մյուսին:

Երեւանի ու Բաքվի համար էլ ավելի դժվար կլինի ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակներում հանդիպելու առաջարկը մերժելը: Իսկ Ուորլիքի նետած ձեռնոցները նախագահների կանոնավոր հանդիպումների մի քանի հնարավորություններ դիտարկելու տեսքով, անխոս, խոստանում է որոշակի զարգացումներ գեներացնել երկու երկրներում էլ: Այս առումով ընդհուպ բացառել չի կարելի հայ-ադրբեջանական հարաբերություններում որեւէ սադրանք, որը կտապալի հանդիպման առաջարկներն ընդունելու գործըթնացը:

Վերջապես, Ուորլիքը նաեւ ընդգծել է, որ այլեւս առիթից առիթ հանդիպելը բավարար չէ, եւ կողմերը պետք է կանոնավոր բանակցեն:

Սոչիի հանդիպման, դրան Մինսկի խմբի համանախագահների չմասնակցելու մասին

Ջեյսմ Ուորլիք: «Դա լավ հարց է ռուսներին հարցնելու համար, սակայն իմ ընկալումն այն է, որ դա եղել է նախագահ Պուտինի անձնական հրավերը՝ գալ Սոչի իր ամառանոց: Դրանք պաշտոնական այցեր չէին, եւ ես միայն կասեմ, որ մենք ռուսների հետ միասին շատ սերտ աշխատել ենք Լեռնային Ղարաբաղի խնդրի վրա, չնայած աշխարհի այլ մասերում խնդիրներով ունեցած մեր տարաձայնություններին:  Եւ փաստն այն է, որ ռուս համանախագահը եւ ես հաճախ ենք կապի մեջ: Մենք այդ խնդրով համակարծիք ենք, եւ ուզում ենք կարգավորման ուղղությամբ առաջ շարժվելու ուղի գտնել, եւ ակնկալում ենք Ռուսաստանի հետ շարունակական համագործակցությունն ու Մոսկվայից դրական դերակատարումը:

Փաստն այն է, որ աշխարհում կան հիմնախնդիրներ, որտեղ մեզանից կպահանջվի ռուսների հետ շարունակել աշխատելը: Մենք հուսով ենք, որ մենք կարող ենք շարունակել արդյունավետ լինել այն խնդիրներով, որտեղ մենք համակարծիք ենք, եւ որտեղ մեր համագործակցությունը պահանջվում է»:

 

Ուորլիքի հարցազրույցի այս հատվածը պետք է դիտարկել քիչ վերը Սոչիի հանդիպման մասով մեկ այլ ասվածի հետ: Նա նախ նշում է, թե լավ տեղեկացված չէ քննարկումների մանրամասներից եւ լավատեսություն է հայտնում, թե՝ հուսով է, որ դրանք առարկայական ու թեմատիկ են եղել: ԱՄՆ համանախագահը դա անում է ոչ թե այն պատճառով, որ չի ցանկանում լեգիտիմացնել ՌԴ նախագահի հովանու ներքո եռակողմ հանդիպումը, այլեւ ընդգծում է, որ նախագահ Պուտինի մասնավոր հրավերների հետ ԵԱՀԿ Մինսկի խումբն առնչություն չունի: Նաեւ չմոռանանք, որ նախ երկկողմ, ապա եռակողմ հանդիպումների հայտարարված օրակագը եղել է Ռուսաստան-Հայաստան, Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ապագան, այլ ոչ թե ղարաբաղյան խնդրի կարգավորումը: «Հանգամանքների բերումով», այն է՝ օգոստոսյան լարվածության պատճառով կազմակերպվել է նաեւ եռակողմ հանդիպում, որի ընթացքում քննարկվել է նաեւ հրադադարի խախտման հարցը:

Նախորդ վերլուծություններում նշել ենք, որ ղարաբաղյան խնդրով Արեւմուտքի մտահոգություններից են ոչ միայն բանակցային գործընթացի երկամյա դադարը, Ռուսաստանի կողմից խնդրի հանդեպ մենիշխանություն ստեղծելու փորձերը, կողմերի հեռանալը նախկինում իրենց իսկ բանակցած հիմքից, այլեւ այն, որ Ռուսաստանը նույնպես կարող է ետ կանգնել նախկին պայմանավորվածություններից, հատկապես G8-ից դուրս հայտնվելուց հետո: Իսկ բանակցված հիմքին ԱՄՆ-Ֆրանսիա-Ռուսաստան նախագահների մակարդակով հավատարմությունը հայտնվել է հենց այդ ֆորմատում ընդունված հայտարարություններով:

Ուստի, Ուորլիկի եւ Արեւմուտքի տեսանելի թիրախներից մեկը մնում է Ռուսաստանին իր նախկին հանձնառությունների դաշտում պահելը: Թերեւս, այս մի հաշվարկն էլ հիմնավոր է, քանզի Ռուսաստանն էլ մեծ ընտրության հնարավորություն չունի եւ չի կարող իրեն եւս մեկ տարածաշրջանում դիմակայության կողմ դարձնելու շռայլություն թույլ տալ: Առավել եւս, հակամարտության կողմերից որեւէ մեկի կողմն անցնելը կհանգեցնի մյուսին կորցնելուն: Իսկ Մոսկվան չի կարող կորցնել ոչ Երեւանին, ոչ Բաքվին, ոչ էլ Ստեփանակերտին: Հետեւաբար, Արեւմուտքը բանակցային գործընթացը վերսկսելով լուծում է նաեւ այս մի խնդիրը:

«Ժողովրդական դիվանագիտության», հասարակությունների փոխվստահության մասին

Ջեյսմ Ուորլիք: «Կարծում եմ, շատ անհրաժեշտ է «մարդուց մարդ» (՛՛people to people) ծրագրեր ունենալը: Եթե մենք ունակ լինենք հասնելու խաղաղ կարգավորման, ապա կողմերի միջեւ վստահության ու հավատի հիմքի անհրաժեշտություն կլինի, իսկ դա չի նշանակում միայն կառավարությունների միջեւ, այլ նշանակում է երկու երկրների մարդկանց միջեւ:

Պետք է լինեն (այդպիսի ծրագրեր-Ս.Ս.), եւ «մարդուց մարդ» շփումները խրախուսելը շատ երկար գործընթաց է: Այժմ համանախագահները, ԱՄՆ նույնպես, մենք բոլորս առաջ ենք քաշում առաջարկություններ, որոնք մեր կարծիքով հակասական չեն: Տեխնիկական այցելություններ, սպորտային դիվանագիտություն, երիտասարդների փոխանակություն, շեշտադրում կրթության կամ առողջապահության վրա. սրանք այն ոլորտներն են, որտեղ մենք կարող ենք սկսել որոշ համագործակցություն: Մենք ցանկանում ենք տեսնել, որ երկու կառավարությունները համաձայն են այսպիսի ծրագրերի: Ուստի, սա մարտահրավեր է:

Երբ գրեթե մեկ տարի առաջ ես ստանձնեցի այս աշխատանքը, մտածում էի, թե որքա՞ն դժվար կլինի այն: Բոլորը աջակցում են կրթությանը, առողջապահությանը եւ երիտասարդների փոխանակությանը, այդպես չէ՞: Փաստն այն է, որ դժվար է ստանալ կողմերի համաձայնությունը: Կան որոշ հասարակական կազմակերպություններ, որոնք շատ լավ գործ են կատարում, եւ մենք արժեւորում են նրանց աշխատանքը, բայց դա կարեւոր է նաեւ կառավարության համար՝ գցելու վստահության ու հավատի հիմքերը: Դա անհրաժեշտ կլինի ցանկացած կարգավորման համար:  

Եղել են ավել կամ պակաս արդյունավետ «մարդուց մարդ» ծրագրեր: Հաճախ դրանք չարաշահվել են քաղաքական նպատակներով: Մեզ պետք է աշխատել դրա վրա եւ հասկանալ, որ դա երկարաժամկետ գործընթաց է, եւ մենք պետք է սկսենք դա կառուցելը:

Դուք գիտեք, 30 տարի առաջ հաճախակի շփումներ են եղել ադրբեջանցիների եւ հայերի միջեւ, սակայն այսօր կա մի ողջ սերունդ, որոնք միմյանց չեն հասկանում, չեն հանդիպել միմյանց: Անցել են այն օրերը, երբ ադրբեջանցիներն ու հայերը ապրել են կողք կողքի: Մենք պետք է այս խնդրի վրա հատուկ աշխատենք, որպեսզի երկու երկրներում երիտասարդ մարդիկ հասկանան խաղաղության արժեքը, եւ որ կայուն ու տեւական խաղաղություն ունենալու համար պետք է լինի հավատ եւ վստահություն»:  

Հարցազրույցի այս վերջին հատվածը կատարյալ մարտահրավեր է Ալիեւի համար, հատկապես, որ օգոստոսյան արկածախնդրությունից առաջ եւ հետո նա կատարյալ որս է սկսել ոչ միայն ընդդիմադիր ակտիվիստների, անկախ կամ ընդդիմադիր լրատվամիջոցների լրագրողների, քաղաքացիական ակտիվիստների, այլեւ հենց ժողովրդական դիվանագիտության հայ-ադրբեջանական ծրագրերում ներգավված մասնակիցների հանդեպ (Ռաուֆ Միրկադիրով, Լեյլա Յունուս, Արիֆ Յունուսով եւ այլք):

Ուորլիքը բացահայտում է, որ բանակցությունների ժամանակ սեղանին դրվելու են նաեւ առաջարկություններ վերը հիշատակված ոլորտներում հայ-ադրբեջանական համագործակցության ծրագրեր իրականացնելու մասին եւ հետայսու դրանց կենսագործումը պետք է երաշխավորված լինի կառավարությունների համաձայնությամբ: Նա չի խուսափում շինծու ակնարկել իշխանությունների կազմակերպած «ժողովրդական դիվանագիտության» ծրագրերը:

Եւ վերջապես, խաղաղ ճանապարհով բանակցված լուծում գտնելու կողմերի քաղաքական կամքը հետախուզելու վերջին մարտահրավերը հենց ժողովրդական դիվանագիտության պահն է: Ուորլիքը Բաքվին ուղղակի ասում է՝ եթե պատրաստ ես հիմքեր գցել հասարակությունների միջեւ վստահությունը վերականգնելու համար, նշանակում է շահագրգռված ես բանակցված լուծում գտնելու հարցում, ու ճիշտ հակառակը:  

Երեւանը, որ նման խնդիր չունի, պետք է ի նկատի ունենա, որ Արեւմուտքի համար բանակցային օրակարգում այս հարցը դնելը նաեւ մեկ այլ նպատակ ունի՝ կանգնեցնել Ադրբեջանում քաղաքացիական հասարակության իսպառ ոչնչացմանն ուղղված Ալիեւի քաղաքականությունը: Դրա համար էլ Ուորլիքը ընդգծում է, որ մշակվող առաջարկների համար կարեւոր է կառավարությունների համաձայնությունը, ինչը թույլ կտա այդ խոստման հիմքի վրա ոստիկանապետության ճիրաներից ազատել քաղաքացիական ակտիվիստներին:

Թվում է, թե Երեւանը պատճառներ չունի մերժելու Ուորլիքի՝ բանակցային գործընթացը վերսկսելու առաջարկը: Այն որքան էլ թույլ գործիք լինի հակամարտության գոտում փխրուն խաղաղությունը պահելու համար, միեւնույնն է, անտեսել հնարավոր չէ: Ուորլիքի առաջարկած խնդիրները՝ հրադադարի ռեժիմի խախտման միջադեպերի հետաքննության միջազգային մեխանիզմների ներդրում, ժողովրդական դիվանագիտության վերսկսում, միանգամայն բխում են հայկական կողմի շահերից: Թերեւս, հայ հանրության համար այս ամենում մտահոգիչը Մադրիդյան առաջարկներում ղարաբաղյան հակամարտության էության խեղաթյուրումն է եւ Ստեփանակերտի բացակայությունը բանակցային ձեւաչափից: Այդ երկու հանգամանքի շտկումն էլ հայկական կողմին նետված մարտահրավերն է, որում, հանուն արդարության, հավասարապես մեղավոր են հենց պաշտոնական Երեւանն ու Ստեփանակերտը: Իրենք էլ պետք է շտկեն այս խոտորումը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter