HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Իմ որդու կյանքը պետության ձեռքերում է»

Տղաս՝ Արթուր Անդրեասյանը մեկ տարի է «Նուբարաշենի» բանտում է, հիմա բժշկական մասում: Նրա կյանքը վտանգի տակ է, գլխուղեղում տրոմբ կա, կիստաներ: Սա պայթյունավտանգ կարող է լինել ամեն րոպե: Արյան հոսքը դեպի ուղեղ անընդհատ թուլանում է, նա հազիվ է շարժվում, դատերին բերում են թևերի տակն ընկած, ուշագնաց է լինում, հարցերին չի կարողանում ադեկվատ պատասխանել»,- պատմեց «Հետքի» խմբագրություն եկած Փառանձեմ Հակոբյանը: Նա որդու խափանման միջոց կալանքը փոխարինելու մասին դիմել է պետական տարբեր մարմիններ:

«Դիմում եմ Գլխավոր դատախազություն, ԱՆ, ՄԻՊ գրասենյակ, Քրեակատարողական վարչություն, Առողջապահության նախարարություն, վարչապետին, Նախագահին, որտեղից իմ դիմումը հասցեագրվում է այլ մարմիններ ու ստացվում է փակ շղթա: Ինձ հետաքրքրում է միայն Արթուրի առողջությունը: Թող տուն թողնեն, թող էլի դատ անեն: Եթե նրան վատ բան պատահի, ո՞վ է պատասխան տալու և ո՞ւմ է ձեռնտու կես մարդ դարձած տղայիս պահել փակի տակ, ո՞վ է շահում դրանից՝ պետությո՞ւնը»,-ասաց տիկին Փառանձեմը:

Արթուր Անդրեասյանը տառապում է գլխուղեղի ձախ հետին ուղեղային զարկերակի անևրիզմա հիվանդությամբ: «2007 թ-ին, երբ դեռ 35 տարեկան էր, տղաս ուղեղի կաթված տարավ, թուլացել էր աջ կողմը, կորել էր հիշողությունը: Իսկ կալանավորման օրը՝ անցյալ տարվա օգոստոսի 5-ին նա ուշաթափվել է, ոստիկանները գրկած են նրան տեղափոխել հիվանդանոց, երեք օր հետո ետ բերել բանտ, որտեղ 12 տեղի համար մոտ 20 կալանավոր է եղել: Դեկտեմբերին նորից անզգայացել է, 20 օր եղել կոմայի մեջ, այդ ժամանակ տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, այնուհետև «Դատապարտյալների հիվանդանոց», որտեղ մնացել է 15 օր: Հետո նորից «Նուբարաշեն», որտեղ բժիշկը չէր ուզում ընդունել տղայիս՝ կարծես վատ ելքի դեպքում զգալով իր պատասխանատվության աստիճանը»,-շարունակեց տիկին Փառանձեմը:


Նեյրովիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Եղունյանը, ՀՀ գլխավոր նեյրովիրաբույժ Ռ.Ֆարանջյանը եզրակացություն են տվել այն մասին, որ Արթուր Անդրեասյանի հիվանդությունը համապատասխանում է Կառավարության պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկին: Սակայն այդ եզրակացությունները բավարար չեն եղել, որ հիվանդի խափանման միջոցը փոխվի:

Երկարատև միջնորդություններից հետո միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը քննել է այդ հարցը ու տվել եզրակացություն, ըստ որի հիվանդը կարիք չունի ստացիոնար բուժօգնության, կարող է գտնվել անազատության մեջ, ՔԿՀ-ի պայմաններում բժշկական պարբերական հսկողության տակ:


«Ձերբակալված ու կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 21-րդ հոդվածում գրված է. «Ձերբակալված կամ կալանավորված անձի ծանր հիվանդության կամ մահվան դեպքում ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմն այդ մաuին անհապաղ տեղեկացնում է ձերբակալված կամ կալանավորված անձի մերձավոր ազգականներին, քրեական վարույթն իրականացնող մարմնին եւ հuկողություն իրականացնող դատախազին»:

Արթուր Անդրեասյանի փաստաբան Մնացական Սարգսյանը մի քանի անգամ կալանքը փոխելու, վերացնելու միջնորդությամբ է հանդես եկել Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ ընթանում է Արթուր Անդրեասյանի գործով դատավարությունը, սակայն դրանք մերժվել են: Մնացական Սարգսյանը կալանավորված Արթուր Անդրեասյանին անազատության մեջ պահելը դիտարկում է որպես խոշտանգում:


Արթուր Անդրեասյանն ու իր ընտանիքը զբաղվել են բիզնեսով, դեռ 1990-ականներից ուեցել են տարադրամի փոխանակման կետ, հետո զբաղվել են բջջային հեռախոսների ներկրմամբ, ունեցել են սրճարան ու ավազահանքի շահագործման լիցենզիա, զբաղվել բուքմեյքերական գործունեությամբ: Հետո, ըստ Արթուր Անդրեասյանի մոր պատմածի, բանտից ազատվել ու որդու հետ գումարային հարցերի մեջ է մտել Արտակ Գալստյանը.

«Արտակին բոլորը գիտեն որպես «Վանոյի Արտակ»: Ահա նրա հայտնվելուց հետո ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ: Որդուս էլ ձերբակալել են նրա ցուցմունքներով, կեղծ ապացույցներով, երբ մեր ընտանիքին պատկանող ավազահանքի կնիքն ու փաստաթղթերը հափշտակեցին: Այս ամենի արդյունքում ամուսինս էլ դարձավ կես մարդ՝ ինֆարկտ տարավ: Հիմա ամենից կարևորը տղայիս առողջությունն է, քանի որ նա անազատության մեջ է ու ռիսկի տակ»,- «Հետքի» հետ զրույցում ասաց կալանավորի մայրը:  

Արթուր Անդրեասյանը մեղադրվում է խարդախության մեջ (ՔՕ 178 հոդված, մաս 3, կետ 1) Ըստ մեղադրանքի, «2010թ. հունիսին նա որոշել է ՀՀ ԿԱ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու և դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները և ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ»-ասված է մեղադրանքում։

«Պետական այրեր, խնդրում եմ ուշադրություն դարձնել հիվանդ մարդկանց, ովքեր տառապում են բանտերում»,-վերջում ասաց Փառանձեմ Հակոբյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter