HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեղամավանում խմելու եղած ջրով պիտի բավարարվեն, այլ ելք չկա

Արփինե Մինասյան  

Ամռան սեզոնին Գեղամավան գյուղի բնակիչները ստիպված խմելու ջուրն ամբարում են տակառներում, դույլերում, քանի որ ջրամատակարարումը շուրջօրյա չէ:

Գեղամավան համայնքի ղեկավար Մնացական Վարդանյանը գյուղում խմելու ջրի սակավությունը կապում է սարերում ջուր չլինելու հետ:

«Մեր աղբյուրները մակերեսային են, ոչ թե խորքային: Տարի է լինում, առատ ջուր ենք ունենում, տարի է լինում 50%-ով ջուրը պակասում է: Դա ոչ ինձնից է կախված, ոչ էլ որեւէ մեկից: Սարերում էլ աղբյուր չկա, մի գրամ ջուր անգամ չկա»,-խմելու ջրի վիճակն է ներկայացնում գյուղապետը: Նա ասում է, որ խմելու ջուրը հոսում է Սարատեղ, Արջանոց, Յոթաղբյուր եւ այլ սարերի աղբյուրներից:

Ինչպես գյուղացիաները, այնպես էլ համայնքի ղեկավարը նշում են, որ յուրաքանչյուր ամառ ջրի սակավության նույն պատկերն է:

«Իմ աշխատած տարիների ընթացքում ես էդ ջրերը սարքել եմ տվել, օրվա կարգավորիչ ջրամբար, կապտաժներ եմ կառուցել, ջրագծերն եմ փոխել»,-33 տարվա ղեկավարման ընթացքում իր կատարած աշխատանքներն է ներկայացնում Մնացական Վարդանյանը` մի քանի անգամ շեշտելով, որ ջուրը բնակիչներին անվճար է մատուցվում:

«Հանրապետությունում երեւի միակ գյուղն է, որտեղ բնակիչները խմելու ջրի օգտագործման դիմաց չեն վճարում: Ջրամատակարարման համար ես 2 աշխատող եմ պահում, ովքեր կարգավորիչ ջրամաբարի փականներն են բացում-փակում»,-ասում է համայնքապետը:

Օրվա կարգավորիչ ջրամբարը 580 տոննա տարողություն ունի: Օրվա ընթացքում ջուրը կուտակվում է ջրամբարում եւ մի քանի ժամ հասնում բնակիչներին: Գյուղի խմելու ջրի ներքին եւ արտաքին ցանցը 20 կմ է, որը սպասարկում է համայնքապետարանը:

Խմելու ջրի սակավությունը գյուղապետ Վարդարյանը պայմանավորում է նաեւ մեկ այլ հանգամանքով:

«Բնակիչներն անխնա են օտագործում ջուրը, դրանով նաեւ ոռոգում են իրենց այգիները: Այնինչ գյուղի միջով հոսող Հրազդան գետը հենց ոռոգման համար է: Ուղղակի էլեկտրաէներգիայի դիմաց գումար չվճարելու համար աղբյուրի ջրով են ոռոգում: Եթե հաշվիչներ դրվեն, ջուրը 12 ժամ կբավականացնի»,-ասում է նա:

Մնացական Վարդանյանը ելք չի առաջարկում, ասում է, որ բնակիչները եղած ջրով պիտի բավարարվեն:

2060 բնակիչ ունեցող համայնքում խորքային հորեր չկան, կոյուղի` նունպես:

«Ամենասարսափելին այն է, որ Սեւանի կոյուղին անցնում է Գեղամավանի տարածքով, հասնում է Ծաղկունք գյուղ, լցվում է Զանգու գետը` աղտոտելով բնությունը: Գյուղի մոտ ամեն անգամ խցանվում է` աղտոտելով 120 հա վարելահողերը»,-նշում է պրն Վարդանյանը:

Գյուղում աղբահանություն կատարվում է շաբաթը մեկ օր: Հինգշաբթի օրերին աղբատար մեքենան բակերից հավաքում է աղբը եւ տանում: Համայնքի ղեկավարի հավաստմամբ աղբահանության դիմաց բնակիչներից նույնպես գումար չեն գանձում:

2 տարի առաջ Համաշխարհային բանկի միջոցներով ասֆալտապատվել է Երեւան-Սեւան մայրուղուց մինչեւ Մանկական առողջարան` գյուղի վերջը ընդգրկող 6կմ ճանապարհահատվածը: Գյուղապետարանի բյուջեի հաշվին փողոցային լուսավորության ցանց եւ  լոկալ ջրարբիացման ցանց է կառուցվել:

«Համայնքների համաչափ զարգացում» ծրագրով վերանորոգվել  է համայնքի մշակույթի տունը, իսկ գյուղապետարանի բյուջեի միջոցներով վերանորոգվել եւ կահավորվել է հանդիսությունների սրահը, որը բնակիչներին տրվում է անվճար:  

Սոցիալական ներդումներին հիմնադրամի ծրագրով համայնքապետարանի համաֆինանսավորմամբ վերանորոգվել է գյուղի 120 տեղանոց մանկապարտեզը: Երրորդ մասնաշենքի վերանորոգման համար դիմել են հանրապետության նախագահին: «Մանկապարտեզը 15 տարի չի գործել, քանի որ անմխիթար վիճակում էր` տանիքը շարքից դուրս էր եկել, կաթում էր եւ այլն: 4 տարի Գեղամավանի դպրոցում գործում է նախակրթարան, երեխաներն այդտեղ են հաճախում»,-նեկայացնում է գյուղապետը:

Գեղամավանի համայնքապետը նշում է, որ հերթը հասել է գյուղապետարանի շենքի վերանորոգմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter