HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մշակույթի տան տնօրենը մեղադրում է գյուղապետին իրեն հալածելու ու աշխատանքից ազատելու համար

Լոռու մարզի Արևածագ գյուղի զարգացման 2013-2016թ.թ.քառամյա ծրագրով գյուղապետ Սամվել Սարգսյանը նախատեսել է վերանորոգել համայնքի մշակույթի տան սենյակները`գյուղի մշակութային կյանքը աշխուժացնելու և տոնական օրերին միջոցառումներ ու երեկույթներ կազմակերպելու նպատակով:

Արևածագի մշակույթի տան շենքը 50 տարվա շինություն է:

«Մշակույթի տան դահլիճը 2012թ.-ին վերանորոգվել է Լոռու մարզպետարանի 5 մլն դրամ ներդրումով: Շենքի տանիքը և նախասրահը վերանորգվել է  համայնքի բյուջեի  600 հազար դրամ ներդրումով»,-«Հետքին» հայտնեց Արևածագի նախկին գյուղապետ Արթուր Հովհաննիսյանը: Դահլիճը շահագործվել է 2012թ.-ի սեպտեմբերի 8-ի ՏԻՄ ընտրությունների  նախօրեին: Այն իր հարմարավետությամբ եզակի է Օձունի ենթաշրջանի համայնքերում:

Մեր այցելության պահին  մշակույթի տան դահլիճը թաղված էր փոշու մեջ:

Դժվար է ենթադրել, թե վերջին անգամ երբ է այն մաքրվել. «Եթե  գյուղում մշակութային միջոցառում ենք ունենում, դահլիճը մաքրում են պարի խմբակի երեխաներն ու նրանց ծնողները: Մենք մշակույթի տանը  հավաքարար չունենք»,- բացատրեց  գյուղապետարանի աշխատակազմի 1-ին կարգի մասնագետ Գագիկ Շերմազանյանը, ով նաև մշակույթի տան տնօրենն է: Գյուղապետ Սամվել Սարգսյանը պատճառաբանեց,  որ ֆինանսական միջոցներ չունի  դահլիճը մաքրելու համար: Համայնքի բյուջեի եկամուտները կազմում է 12 մլն դրամ:

Գագիկ Շերմազանյանը պատմեց, որ  2012թ.-ի սեպտեմբերի 8-ին ընտրություններին ինքը Սամվել Սարգսյանին գյուղապետ չի ընտրել: Այդ պատճառով էլ  իր պաշտոնավարման անցած 1,9 ամիսներին  Սամվել Սարգսյանը  անընդհատ իրեն  հալածել և սպառնացել է ազատել աշխատանքից:  «Մի արանք ընդմիջում տվեց: Հետո կանչեց ու ասաց. «Պետք  է դուրս գաս աշխատանքից , ես քեզ հետ չեմ աշխատելու»:  Ես դիմում չգրեցի և մինչև օրս մնացի աշխատանքում: Դրանից հետո նա  բարձրացրեց  իմ հաստիքը կրճատելու հարցը»,- պատմեց Գագիկը: Վերջինս շուրջ 40 տարի աշխատել է Արևածագի մշակույթի տանը` սկզբում գեղմասվար, ապա տնօրեն: 

Գագիկի ասելով` դրանից հետո Սամվել Սարգսյանը մտել է պարի խմբի բոլոր երեխաների տները և պահանջել է  ծնողներից իրենց երեխաներին չթույլատրել մասնակցել պարի խմբակի պարապմունքներին:

«Երեխաների մոտ մի քանի անգամ վիրավորել է ինձ:  Գյուղամիջում մարդկանց հետ երբ զրուցում եմ, զգացել եմ,  այդ մարդկանց կանչում  է իր մոտ, այսինքն ուզում է ինձ գյուղի հասարակությունից մեկուսացնել»,-ասում է Գագիկը: Մեր այցելության օրը մշակույթի տան  պարի խմբի պարապմունքին 20 անդամներից ներկա էին 6-ը:

«Շատ անհարմար է մեր գյուղի համար այն, ինչ անում է Սամվել Սարգսյանը Գագիկ Շերմազանյանի նկատմամբ»,- ասաց Սուսաննա Այվազյանը: Նա 35 տարի ղեկավարել է մշակույթի տունը, հիացմունքով խոսեց իր հետ գեղմասվար աշխատած Գագիկ Շերմազանյանի աշխատանքի մասին:

«Գագիկը  բազմապրոֆիլ մասնագետ  է: Նա  ռեժիսոր և պարուսույց է: Ես 20 տարի աշխատել եմ նրա հետ: Առաջին դիսկո ակումբը Գագիկի շնորհիվ  Արևածագում է ստեղծվել, որի համբավը տարածվել է ամբողջ հանրապետությունում: Մշակույթի նախարարությունը առանձին գրքույկով տարածել է նրա փորձը` հանրապետության բոլոր ակումբներում»,- հիշեց Ալավերդու քաղաքային թատրոնի ռեժիսոր և լրագրող Հրաչյա Պապինյանը:

Գագիկ Շերմազանյանը ավարտել է Էջմիածնի ակումբագրադարանային տեխնիկումի ռեժիսորական բաժինը, Հայաստանի պարի պետական անսամբլին կից պարարվեստի ուսումնարանը, Երևանի թատերական ստուդիան:   

Սամվել Սարգսյանին հարցրինք նաև մշակույթի տան պարի խմբի աշխատանքները իր կողմից ձախողելու  մասին.«Այդպիսի բան չի եղել»,- պատասխանեց նա:

«Մեկն իմ երեխան պարի խմբից դուրս է եկել, որովհետև մի քանի անգամ գնացել է պարապմունքի, Գագիկը չի ներկայացել»,- ասաց ավագանի Դավիթ Դավթյանը: Գագիկ Շերմազանյանի բացատրությամբ Դավիթ Դավթյանի երեխան երբեք պարի խմբում ընդգրկված չի եղել: «Ընդգրկված է նրա եղբոր աղջիկը, ով  սիրով ներկայումս էլ մասնակցում է  պարի պարապմունքներին»,- ասաց նա:  

Սամվել Սարգսյանը տեղեկացրեց, որ հիմք ընդունելով Արևածագի ավագանու 23.06.2014թ.-ի թիվ 9-Ա որոշումը  և ի նկատի ունենալով գյուղապետարանի ֆինանսական սուղ վիճակը` ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հրամանով կրճատվել է գյուղապետարանի աշխատակազմի 1-ին կարգի մասնագետի հաստիքը: Իսկ այդ հաստինքը զբաղեցնում է Գագիկ Շերմազանյանը:

«Արմեն Գևորգյանի հրամանը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից»,- ասաց գյուղապետը: Գյուղապետ Սամվել Սարգսյանը նաև ասաց, որ պարի մասնագետ է հրավիրելու Ստեփանավանից, իսկ մշակույթի տան տնօրենի պարտականությունները դնելու է գյուղի գրադարանավարուհու վրա: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter