HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քամառլիի հայ «ներգաղթյալն» ու միջազգային իրավունքի հերթական խախտումը Բաքվում- 1

Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան

Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի ՊՆ-ը 6-օրյա լռությունից հետո վերջապես հաստատեց օգոստոսի 26-ին տեղական լրատվամիջոցներով հաղորդված այն տեղեկությունը, որ այդ նույն օրը Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում հայաստանցի է անցել հայ-ադրբեջանական սահմանը: Հրապարակվեցին նաեւ Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացու անուն ազգանունը՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 1961թ. ծնված Սարգիս Նորիկի Անանյան, նաեւ նրա լուսանկարը, իսկ հեռուստալուրերում կադրեր ներառվեցին նրա հետ զրույցից, որտեղ նա բուժհաստատության տրամադրած համազգեստով է:

Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, թե Հայաստանի քաղաքացի, 53-ամյա Սարգիս Նորիկի Անանյանը օգոստոսի 26-ին անօրինական հատել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանը. «Անանյանը սահմանը հատել է Ղազախի շրջանի Քամառլի գյուղի սահմանի ուղղությամբ եւ ձերբակալվել է Ադրբեջանի զինված ուժերի՝ պաշտպանության առաջնագծում տեղակայված ստորաբաժանումներից մեկի զինծառայողների կողմից: Նախնական քննության արդյունքում բացահայտվել է, որ Անանյանը դժգոհ է Հայաստանում սոցիալական վիճակից: Իր ոտքի խնդիրների պատճառով նա տաս տարեկանից կրթություն չի ստացել եւ զինվորական ծառայության համար պիտանի չի ճանաչվել, ծանր վիճակի պատճառով հարկադրված է եղել վարձու աշխատանք կատարել: Ձերբակալվածի խոսքերով՝ Հայաստանում սոցիալական վիճակն այնպիսին է, որ իր համագյուղացիների մեծամասնությունը մտադիր են անցնել Ադրբեջան եւ այնտեղ ապաստան փնտրել: Հայաստանի ձերբակալված քաղաքացին ներկայումս գտնվում է բժշկական հսկողության ներքո, նրա հետ վարվում են միջազգային իրավունքով սահմանված կանոններին համապատասխան»,-ասված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ: Հաղորդագրության խիստ քաղաքական բովանդակային կողմին կանդրադառնանք ավելի ուշ: 

«Օրեր» լրատվամիջոցը անմիջապես հաղորդեց, թե Նոյեմբերյան քաղաքում Սարգիս Անանյանի հարեւանները հաստատել են, որ ադրբեջանական կողմի հրապարակած լուսանկարում նա է: Նրանք լրատվամիջոցին պատմել են, որ «Սարգիսը այս ամռանը եղել է Ռուսաստանի Դաշնությունում: Բավական ժամանակ է՝ հարեւանները չեն տեսել Սարգիսին, իսկ այսօր (սեպտեմբերի 1-ին՝ հեղ.) կեսօրին քույրն ու քրոջ ամուսինը եկել եւ տան դուռ-լուսամուտները բաց վիճակում են գտել: Անանյանի որդիներից մեկը գտնվում է ՌԴ-ում, մյուսը բնակվում է Երեւանում: Կնոջ մահից հետո նա տեղափոխվել էր հայրական տուն եւ միայնակ էր բնակվում»: Հարեւանները նաեւ հայտնել են, որ Անանյանը առողջական խնդիրներ ունի:  

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ի երեկոյան առաջինը ադրբեջանական ընդդիմադիր musavat.com-ում լուր տրվեց, որ Ղազախի շրջանի Քամառլի գյուղում ազգությամբ հայ տղամարդ է հայտնաբերվել: Այս լուրի հայտնվելուց րոպպեներ անց իշխանամետ haqqin.az-ը փորձեց զարգացնել «հերթական հայ դիվերսանտի» թեման: Սակայն, Բաքվում քիչ անց հարկադրված տեղի տվեցին այդ սյուժեից մի քանի պատճառով:

Նախ՝ Հայաստանի ՊՆ-ը հայտարարեց, թե «բացակայող զինծառայող չունի» եւ հայ դիվերսանտ վնասազերծելու մասին ադրբեջանական ԶԼՄ-ների տարածածը ապատեղեկատվություն է: Ապա՝ «Յենի Մուսավաթը» նույն թեմայով խոստացված երկրորդ լրահոսում բացահայտ դարձրեց, որ սահմանախախտը քաղաքացիական անձ է եւ նա Ադրբեջան է անցել «Հայաստանում կյանքի ծանր պայմանների» հիմնավորումով:

Ինչպիսի նպատակներ էլ որ հետապնդեին Ադրբեջանի ՊՆ-ը ու վերջինիս հետ համագործակցող haqqin.az կայքը, ոչ միայն Հայաստանի ՊՆ-ի արագ հերքումը, այլեւ Քամառլիի գործադիր իշխանության ներկայացուցիչ Ադիգյոզալ Դուրսունովի պատմածը musavat.com-ին սկզբիցեւեթ կանխում էին սահմանախախտ հային «դիվերսանտ» ներկայացնելու Բաքվի փորձերը: Թերեւս բացառել չի կարելի, որ դրա պատճառով էլ այդ երկուսի հանդեպ իշխանությունների համբերության բաժակը լցվեց, ինչպես կնկատենք ստորեւ:

Ադիգյոզալ Դուրսունով, Քամառլիի գործադիր
իշխանության ներկայացուցիչ

Իսկ Դուրսունովը «Յենի Մուսավաթ»-ին պատմել էր, թե հայը գնացել է Քամառլի գյուղի բնակիչներից մեկի տուն, որտեղ էլ նրան զինվորականները ձերբակալել էին, բերել իր սենյակ, այդտեղ էլ 20 րոպե պահվելուց հետո զինվորականները տարել էին: Այսինքն, հայը ինքնակամ, անզեն (նրա զինված լինելու մասին ակնարկ չի էլ եղել լրահոսում) է հանձնվել (իսկ դիվերսանտը ինքնակամ չի մտնում ադրբեջանցու տուն եւ հանձնվում), եւ Քամառլիի բնակիչներին պատմել է իր ծանր կյանքը: Եւ երկրորդը, Դուրսունովը ընդդիմադիր լրատվամիջոցով հանրությանն էր փոխանցել հայի արտահայտությունները, որոնք «շոկի էին մատնել» Քամառլի բնակչությանը՝ «եթե Ադրբեջանը անվտանգության երաշիքներ տա, մենք այստեղ կքոչենք»:

Ադրբեջանի իշխանություններն արագ համակերպվեցին միջադեպի «քաղաքացիական» սյուժեի հետ: Երեկոյան տեղական լրատվամիջոցները, այդ թվում՝ հեռուստաընկերությունները շտապեցին լուրը լայն հասարակությանը հանձնել հենց այդպես՝ Հայաստանում կյանքն այնքան վատ է, որ հայերը ուզում են ապրել Ադրբեջանում: Թերեւս, սա նույնպես ցանկալի էր Ալիեւի վարչախմբի համար, քանի որ օգոստոսյան առաջին օրերին հայկական կողմի պատասխան գործողությունների ժամանակ Քամառլիում ու հարակից ադրբեջանական գյուղերում մեծագույն խուճապ ու վախ էր առաջացել ավելի ուժեղ Հայաստանից:

Ղազախի շրջանում արմատացած վերոնշյալ վախերը, որն անվանել ենք «Քամառլիի սինդրոմ», այժմ այդ միջադեպի շնորհիվ հաղթահարելու պատեհ շանս էր առաջացել Բաքվի համար (որ իբր սահմանամերձ հայկական գյուղերում ավելի ծանր սոցիալ-տնտեսական-հոգեբանական վիճակ է տիրում, քան իրենց մոտ), որին հանգամանորեն անդրադարձել ենք «Քամառլիի սինդրոմն ու «հայ դիվերսանտի» առեղծվածը» վերլուծության մեջ: 

Ի վերջո, այդ օրը Ադրբեջանում մեծ շուքով նշվում էր առաջին տիկին Մեհրիբան Ալիեւայի տարեդարձը, ինչի կապակցությամբ նրան ու Իլհամ Ալիեւին փառաբանող հոդվածներ էին պատվիրվել ոչ միայն տեղական, այլեւ արտասահմանյան (Պակիստան, Իտալիա եւ այլն) ԶԼՄ-ներում: Եթե Իլհամ Ալիեւը դրանցում ներկայացվում էր իբրեւ երկրի բարգավաճման, զարգացման, հզորության ու ուժի սիմվոլ, ապա Մեհրիբանը ներկայացվում էր իբրեւ իշխանության «բարետես դեմքն ու խիղճը», ով իր տարեդարձն անցկացնում է դպրոցականների ու մանկատան սաների հետ: Եւ այսպիսի քարոզչությամբ հագեցած լրահոսում տեղ է գտնում Ադրբեջանի «հզորությունն ու ձգողականությունը» ապացուցող լուր, թե հայերը նույնպես ուզում են ապրել «բարգավաճող Ադրբեջանում» ու այդով ճանաչում են Ալիեւի «հաղթողական» քաղաքականությունը:

Սակայն, սեպտեմբերի 1-ի ու դրան նախորդած իրադարձությունները փաստում են, որ Ադրբեջանում այլ խնդիրներ էլ են ծագել հիշյալ միջադեպի կապակցությամբ:  Բաքուն հայտնվել էր միանգամայն հիմար վիճակում:  

Շփոթ եւ գլուխկոտրուկ Ադրբեջանի ՊՆ-ում. պատժել Դուրսունովին եւ խոսեցնել Երեւանին

Ադրբեջանի ՊՆ-ում միգուցե ցավով համակերպվեին, որ սահմանխախտը դիվերսանտ չէ, որին կարելի կլիներ քարվաճառյան դիվերսանտների հետ փոխանակել, ըստ այդմ էլ՝ բավարարվեին «քաղաքացիական» սյուժեի շրջանակներում ներքին լսարանին հասցեագրված քարոզչական նպատակներով:

Նաեւ՝ Ադրբեջանի ՊՆ-ում չեն մոռացել, թե ինչպես էին հուլիս ամսին Երեւանն ու Ստեփանակերտը իրեն ամեն օր պարտադրում խոսել քարվաճառյան դիվերսանտների մասին, այդ նպատակով փոքր դոզաներով բաց թողնելով տեղեկատվությունը: Բաքվում հավանաբար որոշել էին նաեւ դրա պատասխանը ետ տալ: Սակայն, պատկերացնել չէին կարող, որ Հայաստանը մեկընդմիշտ եւ իսպառ կհերքի, որ երկրից բացակայող քաղաքացի կա:

Դեռեւս օգոստոսի 26-ի երեկոյան Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի գյուղապետերը զգուշավոր ձեւակերպումներով հայտարարեցին, թե «տեղյակ չեն իրենց համայնքներում բացակայող որեւէ մեկի մասին»: Հայաստանում թեման արագ փակվեց ու զարգացում չստացավ: Ադրբեջանական կողմն էլ լռեց… Լռեց նաեւ «Յենի Մուսավաթը», որի միջոցով լուրը հայտնվել էր ինֆորմացիոն տարածության մեջ:  

Բաքվում սպասում էին, որ միգուցե հաջորդ օրերին Հայաստանում կզգան իրենց քաղաքացու բացակայությունը, սակայն, ապարդյուն: Պատկերացնել կարելի է Ադրբեջանի ՊՆ-ի տարակուսանքը, որը Հայաստանից ակնալում էր որեւէ ռեակցա, սակայն օրեր շարունակ նույնիսկ Սարգիս Անանյանի հարազատները ձայն չէին հանում ու ոստիկանություն չէին դիմել նրա անհայտանալու փաստի կապակցությամբ:

Երկու օր անց ադրբեջանական կողմում այս խնդրով զարգացումները կարծես մի փոքր լույս սփռեին կատարվածի վրա: Օգոստոսի 28-ին ադրբեջանական երկու լրատվամիջոց՝ Ազատություն ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը առաջինը հաղորդեցին, որ Քամառլի գյուղի գործադիր իշխանության ներկայացուցիչ Ադիգյոզալ Դուրսունովը եւ նրա եղբայրը ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոնից (եղբոր պաշտոնը չնշվեց):

Տակավին դժվար է ասել, թե արդյո՞ք Բաքուն այդ կերպ պատժում էր Դուրսունովին իրեն վերապահված դերը այս էլ որերորդ անգամ ճիշտ չխաղալու, Ադրբեջանի ՊՆ-ի համար անցանկալի բարձրաձայնումներ անելու կամ ընդդիմադիր լրատվամիջոցի հետ «հերթական դիվերսատի գործը փչացնելու» համար: Թե՞ դա Հայաստանից որեւէ ռեակցիա ստանալու նպատակով թեման «թարմացնելու» հնարք էր, երբ այն վերստին կդառնար ընդդիմադիր ու անկախ լրատվամիջոցների սեփականությունը: Բաքվում էլ լավ գիտեն, որ, ընդդիմադիր, առավել եւս Ազատություն ռադիոկայանի լրահոսում հայտնված այս մի լուրին Երեւանում ավելի արագ պետք է արձագանքեին: Առաջ քաշված բոլոր վարկածներն էլ հավասարապես հնարավոր են: 

Ինչպես նշված լրատվամիջոցներն էին փոխանցել, Ադիգյոզալ Դուրսունովը եւ Քամառլի գյուղի բնակիչները շարունակել էին պնդել, թե տեսել են հայ սահմանախախտին. «Նրան բռնել են մեր զինվորները եւ բերել ներկայացուցչության շենք: Հայը իմ սենյակում նստել է մոտ 20 րոպե, ինչից հետո նրան տարել են անհայտ ուղղությամբ»,-ասել էր Դուրսունովը:

Այդպիսով, ընդհուպ օգոստոսի 28-ին պաշտոնազրկված Դուրսունովը եւ Քամառլիի գյուղացիները իշխանության համար անցանկալի երկու ոչ իշխանական լրատվամիջոցների միջոցով նախ շարունակում են պնդել, թե տեսել են ձերբակալված հային, ապա կրկին փաստում են ադրբեջանցի զինվորականության մասնակցությունը դրան:

Նշվածին էլ հավելենք այն, որ օգոստոսի 26-ին ոչ միայն ադրբեջանական հանրությունը, այլեւ Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսն ու միջազգային կազմակերպությունները (որ բացառված է անտարբեր լինեին նման լուրի հանդեպ) լրատվամիջոցներից լուրը լսել կամ կարդացել են Դուրսոնովի պատմածով. այն է՝ «անտանելի կենսապայմաններից» Ադրբեջան փախած հայը ադրբեջանցի զինվորականների մոտ է: Մինչդեռ ո՛չ օգոստոսի 26-ին, ո՛չ էլ 28-ին Ադրբեջանի ՊՆ-ից չհերքեցին, թե իրենց մոտ ձերբակալված հայ կա կամ որ ինքը կապ չունի դրա հետ:

Ադրբեջանի ՊՆ-ի համար անցանկալի այս բարձրաձայնումներից զատ Ադիգյոզալ Դուրսունովը ընդդիմադիր ու անկախ լրատվամիջոցների հետ միասին արդեն հասցրել էր օգոստոսի սկզբին նախազգուշացում ստանալ իշխանությունների կողմից: Ինչպես արդեն նշել ենք այս թեմայով նախկին վերլուծության մեջ, այդ օրերին Ալիեւի վարչախումբը Ղազախի շրջանի գյուղերում գործադիր իշխանության բոլոր ներկայացուցիչներին հանձնարարել էր թույլ չտալ այդ բնակավայրեր ընդդիմադիր լրագրողների մուտքը եւ բնակիչներին հեռու պահել հարցազրույցներ տալուց:

Մինչդեռ, Դուրսունովը դա չէր արել. այդ օրերին «Յենի Մուսավաթի», «Ազատություն» ռադիոկայանի ու թերթի, Մայդան TV-ի լրագրողները լայնորեն լուսաբանել էին Քամառլիում, Ղազախի շրջանի հարակից այլ գյուղերում կատարվողը, հարցազրույցներ վերցրել գյուղացիներից, ընդհուպ նկարահանել գիշերը հայկական կրակակետերից գյուղի պատասխան գնդակոծությունն ու խուճապը, վիրավորներ տեղափոխող ուղղաթիռների շարժը, տանկերի դիսլոկացիան սահմանի մոտ եւ այլն:

Դուրսունովի համար ոչ պակաս ճակատագրական էր այն, որ նույն օրերի անցուդարձի հետ կապված musavat.com-ի համար հնարավոր էր դարձել իմանալ օգոստոսի 2-ին այդ գյուղից զոհերի իրական թիվը, որը Ադրբեջանի ՊՆ-ը փորձում էր թաքցնել:

Ինչպես կնկատենք հաջորդիվ, Քամառլի գյուղում գործադիր իշխանության ներկայացուցիչին պաշտոնազրկելու պատճառի վրա մեկ օր անց լույս է սփռում հենց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւը, ով ԶԼՄ-ներից բացի իրենց գործառույթները պատշաճ կարգով իրականացնելու անկարողության մեջ մեղադրել էր նաեւ «համապատասխան պետական մարմինների՝ տեղեկատվության տրամադրման համար պատասխանատու կառուցվածքային ստորաբաժանումներին»:

Եւ ահա Դուրսունովը օգոստոսի 26-ին, նաեւ 28-ին հրապարակայնացնում է, թե Ադրբեջանի ՊՆ-ի մոտ գերի կա, ոի մասին նա լռում: Իսկ դա միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է, եւ բացառված է, որ Բաքվում որեւէ միջազգային կազմակերպություն թեկուզ հարցումով «անհանգստացրած չլիներ» վարչակազմին: Սակայն, Դուրսունովը միակը չէր, որ պետք է պատժվեր նաեւ այս մի միջադեպի ժամանակ իր «անարհեստավարժ» գործունեության համար:

Նշվածներից որն էլ որ ամենակարեւորը լինի իբրեւ Դուրսունովին պատժելու առաջնային պատճառ, Ադրբեջանի ՊՆ-ը ակնկալում էր, որ հայկական կողմը գոնե այս ամենից հետո կխոսի: Սակայն, հայկական ԶԼՄ-ները այս մի միջադեպին էլ արձագանքեցին այնպես, թե Ալիեւի վարչախումբը իր հերթական խայտառակությունը ծածկելու համար զոհաբերել է Քամառլիի գործադիր իշխանության ներկայացուցիչին, չնայած որ վերջինս շարունակում է պնդել, թե տեսել է հային: Եւ ոչ ավելին. անհայտացած քաղաքացու մասին կրկին ոչ մի հաստատում հայկական կողմից:

Բնական է, որ Ադրբեջանի ղեկավարության մոտ հարց էր ծագելու. այդ դեպքում ո՞վ է իրենց մոտ գտնվողը եւ ի՞նչ ծուղակ է հյուսել Երեւանն իր դեմ: Իսկ քանի որ Սարգիս Անանյանը առողջական խնդիրներ ու տարօրինակություններ ունի, նրանից ինչ-որ բան պարզելն ու գլուխկոտրուկը հասկանալը ավելի էր բարդանում Բաքվի համար: Չմոռանանք, որ Սարգիսը Քամառլիում նաեւ հայտարարել էր, թե Ադրբեջան անցնելու իր միտքը կիսել են նաեւ 3-4 համագյուղացիներ, ովքեր վերջին պահին փոշմանել են: Տրամաբանական է, որ Բաքվում տարակուսած կլինեին, թե, օրինակ, ինչո՞ւ Սարգիս Անանյանի պլաններից ու քայլերից իրազեկված, սակայն դրան միանալուց հրաժարված այդ 3-4 համագյուղացիները գոնե չեն բարձրաձայնում նրա անհայտացման մասին:

Ադրբեջանի ՊՆ-ը իսկապես հայտնվել էր հիմար վիճակում. Ինչպե՞ս վարվել սահմանը հատած հայի հետ, ինչպե՞ս խոսեցնել հայկական կողմին, որ նա հաստատի, եւ ինչպե՞ս Ադրբեջանի ՊՆ-ին հանել այս անհեթեթ վիճակից, քանի որ օրեր շարունակ լուրը միակ չհերքողը կամ հաստատողը մնացել էր ինքը: Վաղ թե ուշ Հայաստանում հայտնի էր դառնալու Սարգիսի անհայտանալու փաստը: Այդ դեպքում միջազգային կազմակերպություններին ինչպե՞ս էր Բաքուն բացատրելու իր տեւական լռությունը եւ դրանով միջազգային իրավունքի հերթական խախտումը: Ի դեպ, 6 օր շարունակ գաղտնիության պայմաններում Սարգիս Անանյանին (առողջական խնդիրներով, այն էլ՝ Կարեն Պետրոսյանի սպանությունից հետո) իր մոտ պահելով ու անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակին չտեղեկացնելով, Ադրբեջանն արդեն խախտել է  այդ իրավունքը, որի համար էլ Ադրբեջանի ՊՆ-ը շտապում է ապահովագրել, թե Սարգիսի հետ վարվում են «միջազգային իրավունքով սահմանված կանոններին համապատասխան»: Պաշտոնական Երեւանը պետք թույլ չտա շրջանցել այս փաստը:

Նաեւ՝ ինչպե՞ս էր Բաքուն իր լռությունը բացատրելու սեփական հանրությանը, ով առաջին օրվանից գիտի, որ հայ գերին զինվորականների մոտ է: Եւ վերջապես, Բաքուն մտորում էր, թե՞ այս ամենից զատ ինչպե՞ս կարող է օգտագործել «ներգաղթյալ» Անանյանի գործոնը իր արտաքին քաղաքական քարոզչության մեջ: Ուստի ուշագրավ է, թե ի՞նչը Բաքվին ստիպեց վերջապես խոսել եւ ինչո՞ւ այժմ:

(շարունակելի)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter