HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներկած եղունգներով կոմբայնավարուհին մոռացության մատնեց կարկուտի վնասները

Օգոստոսի կեսերից սկսած՝ Ախալքալաքի շրջանի Ղադոլար գյուղի բնակիչների խոսակցության թեման կոմբայնն էր: Այդ ժամանակահատվածում գյուղացիրների մտահոգությունն այն էր, թե երբ է իրենց գյուղ ի վերջո մտնելու կոմբայնը, որ «ծեծի» ցորենն ու գարին:

Ղադոլարը շրջկենտրոն Ախալքալաքից 22 կմ է հեռու: Քաղաքից գյուղ տանող ճանապարհի կեսը գրունտային է: Մյուս կեսը նախկին նախագահ Մ. Սահակաշվիլու հրահանգով վերանորոգվեց մինչև Արագվա գյուղ, որովհետև այդտեղ բացվեց դահուկային սպորտի բազա: Ճանապարհի պատճառով տաքսիստները դժվարությամբ են համաձայնում մարդկանց Ախալքալաքից փոխադրել Ղադոլար:

Կոմբայն չլինելն առհասարակ այս գյուղում ամեն տարի նույն ժամանակաշրջանում լարված է պահում տեղացիներին: Գյուղացիները սպասում են, թե երբ են հարևան գյուղերի կոմբայնավարներն իրենց գյուղերում ավարտելու աշխատանքները, որ հետո գան Ղադոլարի արտերը հնձեն: Աստված մի արասցե՝ եղանակները խառնվեն, ղադոլարցիների ցորենն ու գարին կմնան արտերում: Գյուղացիներն անհամբեր սպասում են կոմբայնին:

Դժբախտաբար,  այս տարի կարկուտն ավելի շուտ եկավ, քան կոմբայնը: Օգոստոսի 23-ին տեղացած 2-3 սմ տրամագծով կարկուտը ջարդեց գյուղում գրեթե ամեն ինչ: Կարտոֆիլ, ցորեն ու գարի են ցանում Ղադոլարում: Ցորենի ու գարու հասկերը մեծամասամբ գետնին տապալվեցին:  Իսկ կոմբայնը չկար ու չկար: Կարկուտի օրը գյուղում թաղում կար: «Քելեխին» գյուղի համարձակ կանանցից մեկը մեղմ ասած՝ գյուղի տղամարդկանց պորտը տեղը դրեց հենց քելեխի տանը: Նրանց նախատեց ու մեղադրեց անճարակության մեջ, որ չեն կարողացել ցայսօր մի կոմբայն գտնել ու գյուղ բերել, որ կարկուտը վնաս չտար բերքին: Տղամարդիկ էլ շատ չեն, մի ստվար զանգված Ռուսաստանի «խոպաններում» է: Գյուղում մնացածների բախտը չբերեց, համարձակ կինը, տեղացիների բարբառով ասած, «շան լափ լցեց գլխնուն»:

Կարկուտին հաջորդած օրերին գյուղացիների խոսակցության թեման ծավալվեց և հասավ գյուղապետին, ով «պետության մարդկանց չի կանչում» և որևէ քայլ չի ձեռնարկում կարկուտի վնասները հաշվարկելու ուղղությամբ: Աննկատ անցնում էին Վրաստանի իշխանությունների քննադատությանը, որ այսպես թե այնպես որևէ փոխհատուցում գյուղացիներին չեն տալիս: Եվ սա առաջին դեպքը չէ: Այս գյուղում այս տարի արդեն երկրորդ անգամ է՝ կարկուտը «ջարդուխուրդ» է անում գյուղատնտեսությունը:

Վերջապես, կարկուտից երկու օր անց հարևան գյուղից մի կոմբայն մտավ Ղադոլար, որ հնձի ու «ծեծի» կարկուտից փրկված արտերի ցորենն ու գարին: Եվս մեկը եկավ նաև հաջորդ օրը: Սակայն եթե հարևան գյուղերում 1.5-2 լարի էր 0,01 հա-ն, ապա երկրորդ կոմբայնավարը Ղադոլարում 3 լարի պահանջեց (մոտ 700 դրամ): Գյուղացիներից ոմանք ստիպված թույլ տվեցին, որ 3-լարիանոց կոմբայնը մտնի իրենց արտը, այլ ճար չկար, հոմ գետնին չէին մնալու ցորենն ու գարին, մինչև որ չհայտնվեց երրորդ կոմբայնը: Ինչ-ինչ, բայց այս վերջին դեպքը փոքր-ինչ արտառոց էր ղադոլարցիների համար. գյուղում հայտնվել էր վրացի կոմբայնավարուհի:  Վրացական Կոթելիա գյուղի մի ագարակատեր-սեփականատիրոջ «հսկան» կառավարում էր վրացուհի Նանան:  Գյուղում մնացած ահել-ջահելները գնում էին հատուկ կոմբայնավարուհուն տեսնելու: Աննկատ չէր մնացել կոմբայնավարուհու կոկիկ հագուստը և «մանիկյուրած» եղունգները: Նրա մասին պատմում էին, որ կոմբայնավարի դուստր է: Աշխատում էր խիստ գրաֆիկով՝ առավոտյան 9:00-ից մինչև 18:00-ն: Հնձում էր 0,01 հա-ն 2 լարիով: Ստիպված 3 լարի պահանջող կոմբայնավարն էլ սակագինն իջեցրեց 2 լարիի:

Կարկուտի տված վնասի ու փոխհատուցման մասին խոսակցությունները դադարեցին: Կարկուտից փրկված մի քանի պարկ ցորենն ու գարին տուն եկան: Իսկ գյուղացիների խոսակցության թեման վրացի կոմբայնավարուհին է ու նրա ներկած եղունգները: 

Հ.Գ. Վրացի կոմբայանվարուհուն նկարել չհաջողվեց. մինչ ժամանեցինք Ղադոլար, անձրև էր եկել, և Նանան կոմբայնը (լուսանկարում) Ղադոլարում թողել գնացել էր իր տուն: Հաջորդ օրն էլ չեկավ գյուղ, քանի որ գետինը թաց էր, գործ անել չէր լինի, և այդպես էլ չկարողացանք զրուցել նրա հետ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter