HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դպրոց պահող միակ ընտանիքը

Աննա Ավետիսյան

Մեքենան կանգնում է Արեւիսի կենտրոնում, թեպետ առանձնապես ոչ մի բան չի հուշում, որ հենց դա է գյուղամեջը: Մեկհարկանի կիսաքանդ շենքի համեմատաբար բարեկարգ հատվածի պատին ամրացված ցուցանակից եւ «Բարի գալուստ» մաղթող պաստառից պարզ է դառնում, որ այն գյուղի դպրոցն է: Պատկերն ամբողջացնում են մի քանի զարմացած ու հետաքրքրասեր հայացքներ. քիչ անց հասկանում ենք, որ օրերն այստեղ կանխատեսելի եւ կրկնվող են. գյուղ հազվադեպ են անծանոթ մեքենաներ կամ մարդիկ հայտնվում: Պատահական չէ, որ Արեւիս բերող 21 կմ-անոց ճանապարհին ոչ մի մեքենա չնկատեցինք: 

Սեպտեմբերի 1-ն է: Դպրոցի բակում տոնական հագնված, ժպտադեմ տնօրենն է, դասվարը եւ արեւիսցի երկու տատիկ, որոնք եկել են սեպտեմբերմեկյան շնորհավորանքներ ու օրհնանքներ  հնչեցնելու: Օրհնանքների իրական հասցեատերերը, սակայն, չկան: Դպրոցն ընդամենը 3 աշակերտ ունի` երկրորդ դասարանցի Մերիտան, երրորդ դասարանցի Մանուշակը եւ յոթերորդցի Էռնան: Քույրեր են: Օգոստոսի 30-ին ընտանիքով գնացել են Սիսիան` նախասեպտեմբերյան գնումներ կատարելու եւ չեն վերադարձել: Տնօրենը շվարած է. ցույց է տալիս նոր ուսումնական տարվան խնամքով նախապատրաստված երկու դասասենյակները, պատի թերթերը …: «Մի ընտանիքից կախված դպրոց ենք,- ասում է,- վաղը կգան, դասերը կսկսենք»: 


Ծովի մակերեւույթից 1950 մ բարձրության վրա գտնվող լեռնային, սահմանամերձ Արեւիս համայնքում մինչեւ 1990-ականներն անասնապահ ադրբեջանցիներ են ապրել: Նրանց հեռանալուց հետո գյուղը վերաբնակեցվել է հայերով, ովքեր այստեղ էին տեղափոխվել հիմնականում Սիսիանի տարածաշրջանի տարբեր գյուղական համայնքներից: Տեղանքը հարմար է հատկապես անասնապահությամբ եւ մեղվաբուծությամբ զբաղվելու համար: Այդ է պատճառը, որ կարճ ժամանակում բնակիչների թիվը հասավ 150-ի:

Սասուն Սահակյան

«Շատ ընտիր բնություն ունենք. ամեն ինչից կարելի է ապրուստի միջոց ստեղծել: Դաշտավարությունը, այգեգործությունը նույնպես ձեռնտու են: Սակայն ոչ բոլորը կարողացան հարմարվել»,- ասում է համայնքի ղեկավար Սասուն Սահակյանը: 

Հեռավորությունը, ճանապարհների անմխիթար վիճակը, գյուղմթերքի իրացման դժվարությունները, տրանսպորտի եւ աշխատատեղերի բացակայությունը պատճառ դարձան, որ բնակիչներն աստիճանաբար լքեն Արեւիսը: «Դուք էլ տեսաք, թե ինչ ճանապարհ է. մեքենան փոսն է ընկնում, չի երեւում,- ասում է համայնքապետը:- Մարդիկ հույսները կապել էին հանքարդյունաբերության հետ: Մի քանի տարի առաջ «Գլոբալ գոլդ մայնինգ» ընկերությունը երկրաբանահետախուզական աշխատանքներ էր սկսել մեր համայնքի տարածքում, աշխատատեղեր բացվեցին, սակայն հետո անհասկանալի պատճառով աշխատանքները դադարեցվեցին: Դրանից հետո 5-6 երիտասարդ ընտանիքներ հեռացան գյուղից»: 

Հիմա գյուղը 18 տնտեսություն ունի` 54 մշտական բնակչով: Երիտասարդ ընտանիքներ գրեթե չկան: Համայնքապետի խոսքով` 4-5 տարի է, ինչ ծնունդներ չեն գրանցվում: Նախադպրոցական տարիքի ընդամենը 1 երեխա կա, նույն 3 դպրոցականների ընտանիքից: Եթե այս ընտանիքը որոշի հեռանալ գյուղից, դպրոցը կմնա առանց աշակերտի: Այդպիսի մտավախություն գրեթե ամեն ուսումնական տարվա նախաշեմին ունենում է դպրոցի տնօրենը` Ռիտա Գրիգորյանը: Կրթօջախն աշակերտներով ապահովող բազմազավակ ընտանիքին ինքն է 2 տարի առաջ համոզել, որ Սիսիանից գյուղ տեղափոխվեն: Ընտանիքի մորն էլ աշխատանքի է տեղավորել դպրոցում: Գյուղը չի ապրի, եթե դպրոց չունենա` վստահ է: 

Տնօրեն Ռիտա Գրիգորյան Դասվար Գայանե Առաքելյան

Տնտեսագետի մասնագիտություն ունեցող Ռիտա Գրիգորյանը Սիսիանից Արեւիս է տեղափոխվել 1998թ.-ին: Սկզբում աշխատել է որպես ուսուցիչ: Դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 2004թ.-ից: Նրա գյուղում հաստատվելու առաջին տարիներին կրթօջախը 18-22 աշակերտ ուներ, հետեւաբար 2002թ.-ին հնարավորություն է ստանում առանձնանալ հարեւան Թասիկի դպրոցից եւ դառնալ առանձին հիմնական դպրոց: Տնօրենը հիշում է, որ այն տարիներին 6 հազար դրամ աշխատավարձ էր ստանում` ամիսներով ուշացած: Բայց մնացել է գյուղում, սեփական տնտեսությունը հիմնել… Իր 2 զավակներն էլ գյուղի դպրոցում են սովորել, հետո բուհ ընդունվել: Հիմա սիրտը ցավում է: «Պետական հոգածություն չկա,-ասում է,- էսպես որ շարունակվի, կունենանք դատարկված գյուղեր: Բնակիչներն էլ են անտարբեր: Նույնիսկ իրենց տները չեն ուզում կարգի բերել: Հոգեբանությունը մեկն է. բոլորս այստեղ ժամանակավոր ենք»: 

Երբեմն ինքն էլ է մտածում հեռանալու մասին: Նույնիսկ Արեւիսի դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մի քանի անգամ հայտարարված մրցույթներին չի մասնակցել: Հետո հասկացել է, որ ոչ ոք չի ցանկանում հասնել հեռավոր Արեւիս եւ դատարկվող գյուղում դպրոցի տնօրենի պաշտոն զբաղեցնել: Հիշում է, որ անցած տարի պաշտպանության նախարարը մոտակա մարտական դիրքերը բարձրանալիս կանգ է առել գյուղում եւ հետեւյալ հարցն ուղղել. «Գյուղում դպրոց կա՞»: «Ես երբեւէ այդքան լավ չէի զգացել իմ կատարած աշխատանքից. զգացի, որ սահմանապահ այս գյուղն իրոք ունի իմ կարիքը»,- ասում է տնօրենը: 

Դպրոցը 10 աշխատող ունի: Դասավանդող ուսուցիչները երկուսն են, որոնցից մեկը ֆիզարձակուրդում է: Հիմա դասավանդող են դասվարն ու տնօրենը: Երկորդ եւ երրորդ դասարանները կկոմպլեկտավորվեն որպես մեկ տարրական դասարան, 7-րդ դասարանում էլ տնօրենը կդասավանդի: «Էստեղ ուսուցիչը դառնում է ունիվերսալ, հետեւաբար որակն էլ չի կարող այնպիսին լինել, ինչ ակնկալում ենք: Բայց եւ ամեն առարկայի համար ես չեմ կարող մասնագետ հրավիրել: Ենթադրենք ֆիզիկա պետք է պարապեն. շաբաթական նախատեսված է 2 ժամ, բայց քանի որ դասարանում 1 աշակերտ է, մենք վարձատրվում ենք 1/4-ով, այսինքն` ձեւավորվում է 0.25 դասարան, վարձատրությունն էլ ստացվում է շաբաթական 0,5 ժամի դիմաց: Կես ժամի համար էդ ով պետք է ծախս անի, 2500 դրամ տաքսուն վճարի` գա, նույնքան էլ վճարի, որ հետ գնա, այն դեպքում, երբ երթեւեկող ուսուցիչների համար 500 դրամ տրանսպորտի վճար է նախատեսվում»: Ռիտա Գրիգորյանի պատմելով` եղել են ուսանողներ, ովքեր տեղափոխվել են գյուղ, բնակվել իր տանը, բայց երբ ուսումն ավարտել են ուրիշ աշխատանք գտնելով` առանց խղճի խայթի հեռացել են: 


«Մարդիկ գուցե շահագրգռվեն, ցանկանան ապրել այս գյուղում, եթե պետական աջակցություն լինի, արտոնություններ սահմանվեն»,- ասում է համայնքի 12 տարվա ղեկավար Սասուն Սահակյանը, այլապես, ըստ նրա, գյուղը ծերանում է. աշխատող ձեռք էլ չի մնացել: Արեւիսի 115 հա վարելահողերից նախորդ գյուղատնտեսական տարում ընդամենը 30 հա-ն է մշակվել, այն էլ` համայնքապետն է մշակել: Մեծ աշխատանքներ կատարելու հնարավորություն համայնքապետարանը չունի: Բյուջեն այնքան սուղ է` 3,5-4 մլն դրամ, որ հազիվ 4 աշխատողների աշխատավարձին է բավականացնում: Համայնքապետարանը շենք չունի. դպրոցի երկու սենյակում է տեղավորված: Խմելու ջրատարը քայքայված է, եւ գյուղը որակյալ ջուր չի ստանում, թեպետ շուրջբոլորը լեռնային աղբյուրներն են: 

Գյուղի հոգսերի մասին համայնքի ղեկավարը երկար է խոսում … 


Սերգեյ Սահակյան

Ետդարձին իր հնդկահավերին քջուջի հանած 80-ամյա Սերգեյ պապին ենք հանդիպում, ով Արեւիսի վերջին նախագահն է եղել: «Ընտիր գյուղ ա էս գյուղը` հարուստ բնությամբ,- ասում է,- ուղղակի անտեր ա, հոգատարություն չկա»: Հետո հնչեցնում է իր համար փիլիսոփայություն դարձրած միտքը. «Պետությունը մի օրգանիզմ ա, իսկ օրգանիզմը մահանում ա վերջույթներից` ծայրամասերից: Մենակ հո Երեւանը չի … գյուղը պետք է գյուղ լինի, որ պետությունը ամուր լինի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter