HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Շատերը զբաղվում են փող սարքելով` առանց նպատակի»

Բազմաթիվ կոչումների ու պարգեւների արժանացած, մենագրությունների ու գիտական հոդվածների հեղինակ, երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գրիգորի Գաբրիելյանցը Լեռնային Ղարաբաղի հանրապետության պահապաններից է: Նա պահպանում ու ներդրումներ է կատարում ամենազգայուն ու հաճախ երկրորդ պլան մղվող ոլորտում` կրթության մեջ: Վերջին տարիներին ապրելով Շուշիում ու աշխատելով որպես ԼՂՀ նախագահի խորհրդական, նա երկու թանգարանի ստեղծմանն է աջակցել` կերպարվեստի ու երկրաբանության, որոնց ցուցանմուշները կամ իր անձնական հավաքածուից են, կամ էլ իր կապերի շնորհիվ ստացված նվիրատվություններից:

1989-91թթ. Գրիգորի Գաբրիելյանցը ԽՍՀՄ երկրաբանության նախարար է աշխատել (հետագայում  նախարարությունը լուծարվեց) եւ իր ողջ կյանքի ընթացքում եզակի քարերի (նաեւ թանկարժեք ու կիսաթանկարժեք), ապարների եւ հանքանյութերի գունեղ ու օրիգինալ կոլեկցիա է հավաքել:

Երկրագնդի ողջ պատմությունը դրոշմված է քարերի մեջ, պետք է պարզապես կարողանալ լսել այն: Շուշիի նորաբաց երկրաբանության թանգարանում ցուցանմուշների դասավորության շնորհիվ տպավորություն է ստեղծվում, որ մեր մոլորակի փոքրիկ մոդել է ստեղծվել: Այն մոդելը, որի անշտապ ու բնականոն ընթացքին մարդ արարածը դեռ չի հասցրել միջամտել: Եվ շատ շուտով հենց մարդն էլ կկարծրանա փոշու շերտի տակ ու կհամրանա այնպես, ինչպես, օրինակ, թանգարանում ցուցադրված ամենացնցող նմուշներից մեկը` միլիոնավոր տարիներ առաջ քարի մեջ զմռսված ձուկը:

Արցախում տարբեր բարեգործական նախագծեր իրականցնող Գրիգորի Գաբրիելյանցն իր հավաքածուի յուրաքանչյուր քարի մասին խոսում է այնպես, որ զգում ես, քարը կենդանի ու զարգացող էակ է: Երբեմն ավելի կենդանի ու զարգանալու ունակ, քան մարդը:

Շուշիի երկրաբանության թանգարանը շատերիս հիշեցրեց բացահայտման հրաշքի մասին: Ես, օրինակ, հանդիպեցի Մոզամբիկից բերված մի քարի, որը սկսեց զրուցել ինձ հետ: Դա տարօրինա՞կ է:

Ոչ, դա հիանալի է: Այդ քարը հելիոտրոփն է, արեւի քարը:

Ինչպե՞ս ծնվեց թանգարան ստեղծելու միտքը:

Ընդհանրապես ամեն ինչը սկսվում է գաղափարից: Իսկ գաղափարն այն է, որ Ղարաբաղն ինքնին շատ հետաքրքիր հանքանյութերի պաշարներ ունեցող տարածաշրջան է, որտեղ շատ են օգտակար հանածոներն ու միներալները: Լինելով երկրաբան, ես մտածեցի, որ Ղարաբաղի պրոպագանդման լավագույն միջոցներից կլինի թանգարանի ստեղծումը: Չէ՞ որ երբ սկսում ես մի բան քարոզել, հարկավոր է նյութին տիրապետել ավելի լավ, քան մյուսները: Եվ հետո`պրոպագանդման շղթայում հարկավոր է գտնել այնպիսի մի օղակ, որը ոչ թե ֆորմալ ու կարծրացած, այլ բազմակողմանի հետաքրքրություն կառաջացնի:

Այս թանգարանը ստանդարտ չէ, այն շատ հարուստ ու օրիգինալ հավաքածու ունի եւ ազատ է ձանձրալի (բայց պրոֆեսիոնալ) տեղեկություններից:

Ուզում էի, որ ի տարբերություն իմ օգնությամբ բացված Շուշիի կերպրավեստի թանգարանից, որտեղ մարդկային ձեռքերով ու երեւակայությամբ ստեղծված գործեր են, գոյություն ունենա նաեւ թանգարան, որի հեղինակը հենց բնությունն է: Այսինքն, լինի մի վայր, որտեղ ցուցադրվում են անձեռակերտ նմուշները` արարված բնության կամ էլ Աստծո կողմից (ընտրեք ինքներդ):

Դա թերեւս նույնն է:

Ոչ այնքան, բայց գաղափարը նման է:

Իհարկե, թանգարանը նաեւ կրթական մի վայր պիտի դառնա, որտեղ ֆիլմեր են ցուցադրվելու Երկրագնդի, սարերի, գետերի, հրաբխների եւ ընդհանրապես ամեն ինչ ստեղծման ու կառուցվածքի մասին: Իմ երկար, շատ երկար կյանքի ընթացքում հասկացել եմ, որ կրթությունը, լուսավորությունը ամենաթանկ բաներն են: Եվ երեխաները, որոնք գալու են մեր թանգարան, պիտի հեքիաթի աշխարհում հայտնվեն, պիտի այն աստիճանի զարմանք, հիացմունք ու բավարարվածություն զգան, որ բերանները բաց հեռանան: Եվ այդ ժամանակ միայն նրանք կհիշեն իրենց տեսածն ու լսածը, կհասկանան, թե ինչ է գեղեցկությունը: Ոչ միայն կտեսնեն, այլեւ կփորձեն հասկանալ, թե ինչպես են, օրինակ, այս կամ միներալները գոյանում, ինչու են ստանում այս, ոչ թե այն ձեւը, վերածվում բյուրեղների, այլ ոչ թե մեկ ուրիշ մորֆոլոգիական կառուցվածք ձեռք բերում:

Բնությունը մեզ շատ կարեւոր ուղերձ է ուղարկում, դրդում է ճանաչողության: Իսկ ճանաչողությունը, ի վերջո, հենց կյանքի իմաստն է:

Լեռնային Ղարաբաղը դեռեւս չճանաչված պետություն է: Որքանո՞վ է այդ փաստը խոչընդոտում ներդրումներ կատարելուն, քարոզելուն սեփական գործը կամ արձագանք ակնկալելուն: Զգացվում է, որ ներդրումները (հատկապես ֆինանսական) զգուշավոր են կատարվում:

Շատերը զգուշանում են, եւ դա բնական է: Կարծում եմ` դրանք այն մարդիկ են, որոնք վատ են հաշվարկում ռիսկերը: Եթե լուրջ տնտնեսությամբ զբաղվողներ են հայտնվում (այլ ոչ թե միայն գումար վաստակել ցանկացողներ), ապա նրանք անպայման հաշվարկում են նաեւ ռիսկերը: Ընդհանրապես, բնության մեջ չկա ոչ մի երեւույթ, որը զերծ է ռիսկի որոշակի չափաբաժնից: Կարեւոր է հստակ պատկերացնել ռիսկերի աստիճանն ու դրանց հայտնվելու պահը:

Դուք հաշվարկե՞լ եք ռիսկերը:

Դա ինձ բոլորովին չի հետաքրքրում, քանի որ ես բիզնեսով չեմ զբաղվում եւ եկամուտ ստանալու ցանկություն չունեմ: Այն ամենն, ինչ արել եմ Ղարաբաղում, եկամուտ բերելու նպատակ չի ունեցել: Ստեղծել եմ թանգարաններ, աջակցել են դպրոցներին`զինելով դրանք համակարգիչներով ու կառուցելով սպորտային դահլիճներ, նաեւ ճամբար եմ հիմնել, որտեղ ողջ ամռանը երեխաներ են հանգստացել: Իմ արածի մեջ ռիսկ չկա, կա միայն ֆինանսական ներդրումներ անելու ցանկություն, որպեսզի… լավ լինի:

Լավ լինի մի երկրում, որի բնակիչները պատերազմով են անցել ու հաստատ իրավունք ունեն վայելել այն բարիքները, որոնք ունեն Երեւանի, Մոսկվայի, Լոս Անջելեսի, Նյու Յորքի եւ այլ քաղաքների բնակիչները:

Իմ հիմնադրած  «Ապագա սերունդների հիմնադրամն», օրինակ, մի քանի նպատակ ունի: Առաջին նպատակը երիտասարդական շարժում ստեղծելն է, իսկ երկրորդը` հանքանյութերի պաշարների պահպանումը: Մենք ուսումնասիրում ենք, հայտնագործում այդ ռեսուրսներն ու թողնում ապագա սերունդներին: Այդ պաշարները չեն օգտագործվում այսօր, քանի որ սպառվող աղբյուր են (որքան շատ ենք օգտագործում, այնքան քչանում են) եւ հարկավոր է անել այնպես, որ դրանք միանգամից «չուտվեն» ու չվերանան:

Հաճախ եմ ասում` ով ունի փող, պիտի նաեւ խիղճ ունենա:

Դա ամենաբարդն է:

Խիղճ ունենալը բարդ չէ: Փող վաստակելը, մանավանդ ժամանակակից աշխարհում` նույնպես: Բարդը փողը խղճի հետ համադրելն է: Եթե խոսում ենք բիզնեսից, ապա ռիսկերը պիտի հաշվարկվեն, իսկ եթե բարիք ստեղծելու մասին, ապա ռիսկ չկա, կա միայն ունեցվածքով կիսվելու ցանկություն:

Դուք հսկա կայսրության նախարար եք եղել, շատ բան եք տեսել, վերլուծել ու վերաիմաստավորել: Ձեր կարծիքով, ինչո՞ւ մեզ մոտ ոչ մի կերպ չի ստացվում հեռանկարային ապագա տեսնել, ի՞նչն է մեզ անընդհատ խանգարում Հայաստանը բարեկեցիկ պետություն դարձնել:

Նախեւառաջ, ինքնին քաղաքականությունն է սխալ: Վաղուց արդեն հայտնի է, որ եթե ուզում ես որեւէ մեկին օգնել, ապա պետք է նրան ոչ թե ձուկ, այլ կարթ տաս: Մովսեսի այս խոսքերը ճիշտ են բոլոր ժամանակներում:

Հայաստանի անկախության տարիների ընթացքում գրեթե ոչինչ չի արվել արտադրության միջոցները զարգացնելու համար: Իսկ դա հենց կարթն է: Ձուկ (նվերի տեսքով կրճոնների նետում) որքան ուզես կա: Արդյունքում սով չկա, ոչ ոք չի մահանում, բայց բոլորը ապրում են այսօրվա օրով:

Կարծում եմ` շատ բան չի ստացվել նաեւ այն պատճառով, որ «ես»-ը իշխում է «մենք»-ի վրա. բավականին ցածր է հանրային գիտակցության մակարդակը: Եվ ստացվում է, որ ընդհանուր նպատակների ընկալում չկա: Ընդ որում` անձնական նպատակները բոլորը շատ լավ գիտակցում են, բայց հանրային` ոչ: Պիտի լինեն բաներ, որոնք չեն վաճառվում ու չեն գնվում, դա է քաղաքակիրթ մոտեցումը:

Ավելացնեմ նաեւ, որ շատերը բութ համառությամբ (կուզեի հատուկ շեշտել` բութ) շարունակում են մտածել, որ փողը գերագույն նպատակն է ու բոլոր հարցերի լուծումը: Իրականում, փողը ընդամենը միջոց է նպատակին հասնելու համար: Եվ քանի դեռ այդ իմաստը չի գիտակցվել, շատերը զբաղվում են փող սարքելով` առանց նպատակի: Իսկ նպատակ չկա:

Կարո՞ղ եք ասել, թե ինչը կարելի է Հայաստանի ազգային գաղափարը համարել: Հասկանալի է, որ Ղարաբաղում ամենավեհ ազգային գաղափարը անկախության ձգտումն ու պահպանումն է, ինչն էլ Ղարաբաղը հետաքրքիր է դարձնում հայության եւ ողջ աշխարհի համար:

Իսկ ո՞րն է Հայաստանի ազգային գաղափարը, ազգային նպատակը:

Միգուցե (լինելու դեպքում) այն կարելի է այսպես ձեւակերպել` Հայաստանը դարձնել դրախտ, որտեղ ապրելը ներքին կռիվ չի պահանջում:

Հայերն ունեն մի առանձնահատկություն. նրանք շատ են սիրում լեգենդներ: Բացեք ցանկացած հայկական հանրագիտարան ու հիմնականում լեգենդներ կտեսնենք` Նոյի, Հայկի, Անահիտի, Տիգրան Մեծի մասին: «Լեգենդ» բառը անտեսվում է, եւ բոլորը սկսում են հավատալ, որ բոլոր պատմությունները իրական են:

Եվ ձեր նշած դրախտն էլ այդ լեգենդներից է: Այն պարզապես ծիծաղ է առաջացնում:

Դրախտ ասելով` պատկերացնում ենք փոքր ծաղկող գյուղեր, հստակ աշխատող փոքր բիզնես միավորներ, լավ դպրոցներ, խելամիտ շինարարություն… Շարքը կարելի է երկար շարունակել:

Բայց այդ դրախտը երկնքից չի ընկնելու, այն կառուցել է պետք: Եվ նախեւառաջ պիտի գաղափար լինի, որին կհաջորդի երկարատեւ աշխատանքը: Միգուցե նկատի ունե՞ք, որ ինչ-որ մեկը մեզ համար դրախտ կկառուցի, մենք էլ կապրե՞նք: Այդպես չի լինում:

Ես, օրինակ 60 տարի տաժանակիր աշխատել եմ, որպեսզի կյանքիս վերջում ունենամ իմ փոքրիկ անձնական դրախտը` իմ տունը: Եվ կարողացել եմ կառուցել այն իմ միջոցներով եւ իմ ուզած մոդելով: Աշխատելով Ղարաբաղում ես կտրականապես հրաժարվել եմ աշխատավարձից ու ցանկացած պարգեւատրումներից: Ամեն ինչ շատ պարզ է. ես այստեղ ապրելու ու իմ ունեցածով կիսվելու նպատակ ունեի:

Եվ ես երբեք չէի ապրել ո’չ Ղարաբաղում, ո’չ էլ Հայաստանում: Իմ նախնիները Ղարաբաղից հեռացել էին դեռ 17-րդ դարում:

Շատերը հեռանում են Հայաստանից, ինքնադրսեւորման դաշտ չգտնելով: Միգուցե նաեւ չցանկանալով ու չկարողանալով դրախտ կառուցել: Արտագաղթի այս ալիքը կարելի՞ է բնական համարել թե՞ դա լուրջ սպառնալիք է:

Իհարկե, դա սարսափելի է, քանի որ ցանկացած երկրի ամենամեծ հարստությունը բնակչությունն է: Ռուս-ուկրաինական պատերազմի միջոցով, օրինակ, Ռուսաստանը հարստացավ Ուկրաինայի բնակչությամբ:

Բոլորը հիշում են, որ Եղեռնի ժամանակ մեկուկես միլիոն հայ է սպանվել, իսկ ո՞վ կարող է ասել, թե որքան հայ է լքել հայրենիքը: Անհետացել է մոտ 3-4 միլիոն հայ, որոնք ձուլվել են այլ երկրներում, այլ միջավայրում ու մշակույթներում: Արդյոք դա եղեռն չէ՞:

Բնակչության հեռացումը հայրենիքից ամենաանբնական երեւույթն է: Ո՞ւմ է պետք այն հայրենիքը, որտեղ մարդիկ չեն ուզում ապրել: Կարծում եմ` դա սարսափելի է եւ եզրագծին մոտենալ է նշանակում: Ես ոչ մի արդարացում չեմ տեսնում այս երեւույթին: Արտագաղթած մարդկանց համար հայրենիքի գիտակցում է կորչում, այն լեգենդի պես մի բան է դառնում: Այո’, հայրենիք կա, բայց մի հեռավոր ու անորոշ տեղ: Եվ այսպես հայը դառնում է ֆրանսահայ, ամերիկահայ… Իսկ հայրենիքում մնացածներն են հպարտությամբ ծափահարում են այն ֆրանսահային, ով համարձակություն է ունենում հայտարարել իր հայկական արմատների մասին:

Ստացվեց այնպես, որ մեր ամենաանպաշտպան օղակը երեխաներն են: Կրթության մոդելը գնալով ձեւական ու անօգնական է դառնում:

Հարկավոր է գիտակցել, որ հետպատերազմյան սերունդն ամենաթույլն է, քանի որ պատերազմը միշտ էլ ուժեղների կյանքն է խլում: Եվ այսօր, քսան տարի անց հատկապես ուժեղ տղամարդկանց հզոր դեֆիցիտ է նկատվում: Փամփուշտը սովորաբար դիպչուն է նրան, ով «Հանուն հայրենիքի» գոչելով, առաջինն է դուրս գալիս խրամատից: Նրան, ով ամենաուժեղն է ու էներգիայով հարուստը, ով դրոշակակիրն է, ով առաջինն է:

Իսկ երբ չկան առաջինները, երիտասարդ սերունդը սկսում է հասունանալ բոլորովին այլ պայմաններում, այլ մտածելակերպով: Նոր սերունդը հիմա մեծանում է տեղեկատվական տեխնոլոգիաներով շրջապատված, աշխարհը ճանաչելով ինտերնետի միջոցով: Այդ սերունդը շատ հետաքրքիր ու խելացի է, եւ այն աջակցության կարիք ունի:

Ես պարբերաբար հանդիպում են երեխաների հետ, զրուցում: Ամենամեծ հաճույքն ինձ համար նրանց լայն բացված աչքերն են, ոգեւորությունը, որը հայտնվում է թանգարան կամ պատկերասրահ այցելելուց հետո: Նրանք լիցքավորվում են, հագենում գեղեցկությամբ, գիտելիքի ձգտումով: Եվ դա է ամենակարեւորը, իսկ քաղաքականության մասին խոսակցությունները ավելորդ են:

Ես 350 կտավ են բերել Շուշի, միայն պատկերացրեք որքան ուժ ու ժամանակ է խլել դրանց տեղափոխման թույլտվությունները ձեռք բերելը: Ես դա արեցի, քանի որ ուզում էի: Կրկնում եմ` պիտի նպատակ լինի:

Իսկ եթե նպատակ չկա՞:
Ուրեմն երազե’ք: Եվ հետո ընտրեք երազանքներից մեկն ու ձգտեք այն իրականացնել: Հաջողության հասնելու բանաձեւը դա է:

Լեռնային Ղարաբաղում դուք խոշոր ներդրումներ եք անում (գումարից բացի ներդնում եք նաեւ էներգիա, էմոցիա), իսկ Հայաստանում որեւէ նախագիծ անելու նպատակ չունեք: Ինչո՞ւ:

Հայաստանի կյանքի մասնակից դառնալու առաջարկները ես կտրականապես մերժում եմ, քանի որ իմ գործունեության ռեալ ազդեցություն Հայաստանում չեմ տեսնում: Բայց միեւնույն ժամանակ տեսնում եմ, թե ինչպիսի արձագանք ունի իմ գործունեությունը Ղարաբաղում: Ընդ որում` բոլոր ոլորտներում: Հնարավորություն ունեմ իմ կարծիքը հայտնել ոչ միայն մշակութային, հանքանյութային ռեսուրների ուսումնասիրության, այլեւ շատ տարբեր բնագավառներում: Իհարկե, դա չի նշանակում, որ իմ բոլոր դիտարկումները պետք է իրականություն դառնան (ես ընդամենը խորհրդական եմ), բայց զգում եմ, որ իմ առաջարկներից շատերը ռեալ հող են գտնում:

Իհարկե, կարելի է նաեւ հեռավորության վրա գտնվելով` օգնել Ղարաբաղին (ինչը արել եմ տարիներ առաջ), բայց լրիվ ուրիշ զգացողություն է այստեղ ապրելով` փորձել բացահայտել երկիրը եւ պետք լինել մարդկանց: Միասին ապրելով ես ճանաչում երկրի եւ’ ցավոտ կետերը, եւ’ ամենօրյա ուրախությունները:

Համարում եմ, որ իմ տեղն այստեղ է, եւ դեռ շատ բան ունեմ անելու: Միակ բանը, որից վախենում եմ, չհասցնելն է:

Հարցազրույցը` Նունե Հախվերդյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter