HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անկախության օրը Շուշիում (ֆոտոռեպորտաժ)

Շուշիի կաթնագույն, փոշոտ ճանապարհով իջնում ենք: Մեր առջև Ղազանչեցոց եկեղեցին է: Պարաններից կախված լվացքի ստվերն ընկնում է գետնին, շենքի կողքին եռագույնով փուչիկները ձեռքին մի կին է կանգնած` սպիտակ վերնաշապիկով, սև թիթեռնիկով որդու ձեռքն է բռնել: Երկուսով ինչ-որ տեղ են շտապում: Շենքից աջ մոշի թփերն են, այդտեղից մի քանի մետր հետո բաց դարպասներով մի տուն է, բակում գնացք է, մանկական խաղահրապարակ: Մոտենում ենք այդտեղ խաղացող երեխաներին: Մոշոտ ձեռքերով Սերգեյը նստել է իր հոր պատրաստած գնացքի ղեկին: Յոթերորդ դասարանում է սովորում: Ընտանիքում 9 տղա և 1 աղջիկ կա: Նրա երկու եղբայրներն են մոտենում մեզ` սպիտակ վերնաշապիկներով, ասում են` գնում են ծաղիկ դնելու: Հարցնում եմ` ի՞նչ առիթ կա: Հայացքը հանկարծ մթնում է, մի պահ կագնում է, հետո քայլելով պատասխանում է. «Ղարաբաղի անկախության օրն է»: Գնացքին նստածները ժպտում են:

Շուշիի փողոցներում սպիտակ վերնազգեստներով երեխաները աղմկոտ շարժ են սկսում: Բնական կամ արհեստական ծաղիկներով «զինված» պատրաստվում են գնալ Վազգեն Սարգսյանի արձանի մոտ, իսկ մարզադաշտից լսվում է «ռաս, ռաս, ռաս, դվա»: Երրորդդասարանցի Մոնթեն ասում է` կոնցերտ է, Միքայելն ավելացնում է` «էսօր պրազդնիկ ա, մեր անկախության օրն ա»: Նրանց հետ մի քիչ քայլում ենք: Հարցնում եմ` իսկ անկախությունն ի՞նչ է: Միքայելը լռում է, հայացքն ընկնում է շողքին: «Անկախությունը լավ բան ա»,- ասում է ու վազում դեպի մարզադաշտ, որտեղ էլ Շուշիի մանկապատենական համույթներն են ելույթ ունենում:

69-ամյա Արկադի պապը` Արկադի Բաղդասարյանը, անկախության մասին խոսելիս, ձեռնափայտին հենվելով, վեր է կենում, մոտենում մեզ, հետո մի ձեռքով բռնում ձեռնափայտը, մյուսով` տոպրակը` մի քանի ընկույզով ու սալորով: Ասում է` Շուշիում վերջին 23 տարիներին շատ բան է փոխվել, բայց ուզում է, որ Աստված մի 10 տարի էլ կյանք տա իրեն, որ եկող լավ փոփոխություններն էլ տեսնի: «Մունք օզում չընք պատերազմ, բայց մե հատ էլ վըր թորքերը պատերազմ սկսին, մունք քինալու ընք մինչև Բաքու»,- ասում է նա: «Հաղթելո՞ւ ենք»,- հարցնում եմ նրան: Նայում է դեմքիս, ունքերը մի քիչ վեր բարձրացնում ու պատասխանում. «Պա հունց»: Գունաթափ, տեղ-տեղ ժանգոտած կանգառում նրա տարեց ընկերները ծիծաղում են, հետո հաստատում խոսքերը, ապա տեղեկացնում, որ Արկադին եղել է Շուշիի հին «փոտոգրաֆներից»: Արկադի պապի ծիծաղը ժայթքում է, սկսում է հիշել հին օրերը: «Ամենաշատը լյավ մարդկանց ըմ լյա սիրում նկարիլ, բայց հուվ վըր լյավ փող լյա տալիս, շուտ ըմ լյա տալիս: Էն թորքերի նկարները հանում չըմ լյա, թրջած տալիսըմ լյա «Իկարուսների» շոֆերներին, ասում ըմ լյա` նեստա տվեք հիլուն, վըր չորանա, բայց հետո կարում չըն լյա պուք տան (Ամենաշատը լավ մարդկանց եմ սիրում նկարել, բայց ով որ լավ փող էր տալիս, շուտ էի տալիս: Էն թուրքերի նկարները չէի հանում, թրջած տալիս էի «Իկարուսների» վարորդներին, ասում` հայելուն դրեք, որ չորանա, բայց հետո չէին կարողանում պոկել)»,- ծիծաղում է:

Շուշիի կենտրոնական շուկայում առևտրով զբաղվող Ռաիսա Մադաթյանն էլ նախ հետաքրքրվում է մեզնից, թե երեկվա «Կրակե օղակ» օպերան արդյոք նայել ենք: Ասում է` ինքն էլ գնացել էր նայելու, բայց չէր կարողացել, որովհետև «վերխուշկեն» նստած էր, փակել էին ճանապարհը, իսկ կողքից նայել չէր լինում: Նրա խոսքերը հաստատում է կողքին նստած կինը: Ասում են` նախորդ տարի էլ էին գնացել, էլի օպերա էին բեմադրել, լավն էր, որովհետև կարողացել էին նայել, բայց այս անգամ հնարավոր չէր: «Ղարաբաղի անկախությունն ա էսօր: Մեր Ղարաբաղը ոչ մի ժամանակ չենք տալու, ընդհանրապես բացառվում ա, էս Ղարաբաղի հողի համար մենակ 7000 ջահել հայորդիներ են զոհվել, դրա համար մենք ոչ մի ժամանակ չենք տա Ղարաբաղը: Որ դրությունն սկսեց վատանալ, իմ տղան` 16 տարեկան, գնացել ա կամավոր գրվել, որ պաշտպանի հողը»,- ասում է զրուցակիցս:

Այս պատկերն, իհարկե, տարբերվում է Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում տեղի ունեցող միջոցառումներից, որտեղ գալիս են սև, բարձր ու մեծ մեքենաներով` «ոսկե» համարներով: Իսկ այդ մեքենաների խտությունից Շուշիի ու Ստեփանակերտի ճանապարհները թվում են նեղ: Նրանց համար տոնն առիթ է` հերթական կերուխում կազմակերպելու համար: Սա Շուշիի կենտրոնական շուկայում աշխատող կանանցից մեկն այսպես է բացատրում. «Դե, մենք կաթն ենք, իրենք` սերուցքը»:

Ֆոտոռեպորտաժը` Հակոբ Պողոսյանի

[gallery id=171]

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter